Այս օրը ամեն տարվա նոյեմբերի երրորդ հինգշաբթին է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թ. որոշմամբ: Համահանրային կարգավիճակի արժանացած «օրերի շքերթի» մեջ այդ օրվա ներառումը, անտարակույս, հիմնավոր եւ խորհրդանշական է: Նպատակը փիլիսոփայական ժառանգության գնահատումն է արդիականության դիրքերից, անհատի եւ մարդկության կեցության իմաստավորումը գլոբալացման ընթացքի ընձեռած հնարավորությունների եւ առաջացրած սպառնալիքների լույսի ներքո:
Ես, իհարկե, այն կարծիքին չեմ, թե բոլոր մարդիկ պետք է իրենց բոլոր գործերը մի կողմ դնեն եւ զբաղվեն փիլիսոփայությամբ: Փիլիսոփայությամբ «բոլորի» զբաղվելն ավելի անհնարին է, քան նույն բոլորի միահամուռ ինչ-որ այլ բան անելու հավանականությունը: Եվ մեծագույն բարեբախտություն է, որ դրա հավանականությունն այդքան չնչին է, քանզի բոլորի՝ «փիլիսոփայությամբ զբաղվելն» ամենից առաջ մահացու կլիներ փիլիսոփայության համար՝ որպես մարդկային զբաղմունքի տեսակի: Դա տեսել ենք խորհրդային հասարակարգում, երբ «մարքս-լենինյան փիլիսոփայության» բուհական դասավանդումը մտածող մարդկանց (փիլիսոփայությամբ, իրոք, ներունակ զբաղվելու) մեջ անբուժելի ալերգիա առաջացրեց դեպի «փիլիսոփայությունը»: Հիշում եմ ուսանողական տարիների անեկդոտներից մեկը: «Ինչ է փիլիսոփայությունը» հարցադրմանը տրվում է պատասխան՝ «Ես քեզ բան ասեմ՝ դու չհասկանաս, դու ինձ բան ասես՝ ես չհասկանամ»: Սրա մեջ, ի դեպ, չհասկանալու անմեղ խոստովանություն կա, մինչդեռ այդ առարկայից քննություն տալիս ոչ ոք չէր համարձակվի ցույց տալ, որ չի հասկանում այն, ինչ միմյանց ասում եւ լսում են փիլիսոփայություն դասավանդողը եւ փիլիսոփայություն սովորողները:
Արդ, այս օրը լավ առիթ է հիշելու անցյալի մտածողների խոհերը փիլիսոփայության քաղաքակրթական նշանակության եւ անձնային իմաստի վերաբերյալ, նրանց հիմնավորումները եւ խորհուրդները փիլիսոփայությամբ զբաղվելու անհրաժեշտության մասին:
Լուցիուս Աննեուս Սենեկա (հռոմեացի փիլիսոփա, պետական գործիչ, թատերգակ, մ.թ.ա. 4–մ.թ. 65 թթ.). «Փիլիսոփայությունը կռում-կոփում է հոգիդ, կարգավորում է կյանքդ, կառավարում արարքներդ, սովորեցնում ի՛նչ անել եւ ինչի՛ց խուսափել, ղեկը ձեռքին՝ ճանապարհ է բացում ալիքների հորձանուտի միջով: Առանց փիլիսոփայության հնարավոր չէ կյանքում լինել անվեհեր եւ ինքնավստահ. չէ՞ որ ամեն պահի այնքան բան է կատարվում, որ մենք կարիք ենք զգում խորհրդի, որը կարելի է միայն փիլիսոփայությունից ստանալ»:
Էպիկտետ (հույն փիլիսոփա, 50–138 թթ.). «Ահավասի՛կ փիլիսոփայության սկիզբը. մարդկանց միջեւ հակասությունների գիտակցումը, դրանց արմատի պարզաբանումը, թյուր գիտելիքի հանդեպ թերահավատությունը, թվացողության իրական ճշտության համար որոշակի չափի որոնումը, ինչպես որ ծանրության համար մենք գտել ենք կշեռքը, իսկ ուղիղ եւ ծուռ գծերի համար՝ հյուսնի լարը»:
Դավիթ Անհաղթ (5–6-րդ դարեր). «Ովքեր գեթ մի անգամ փիլիսոփայական խոսք են տենչում եւ պատեհ առիթ են ունենում լոկ մատի ծայրով ճաշակել նրա քաղցրությունը, նրանք բոլոր երկրավոր հոգսերին «մնաք բարյավ» ասելով՝ ողջախոհ մի մոլությամբ անձնատուր են լինում նրան»:
Ֆրենսիս Բեկոն (անգլիացի փիլիսոփա, պետական գործիչ, 1561–1626 թթ.). «Փիլիսոփայությունը իմացություն է, որ ձեռք է բերվում ճիշտ դատողության միջոցով եւ բացատրում է երեւույթներն ու գործողությունները ըստ դրանց՝ մեր ճանաչած պատճառների կամ հիմքերի, ինչպես նաեւ հակառակը՝ մեզ հայտնի գործողություններից՝ դրանց մակաբերող հիմքերը»:
Պիեռ Գասենդի (ֆրանսիացի փիլիսոփա, ֆիզիկոս, աստվածաբան, 1590–1655 թթ.). «Փիլիսոփայությամբ մենք պետք է զբաղվենք լրջորեն, ոչ թե ցուցադրաբար, քանզի մեզ հարկավոր է ոչ թե ցույց տալ՝ իբր առողջ ենք, այլ իրականում լինել առողջ: Եվ հարկավոր է զբաղվել փիլիսոփայությամբ անհապաղ, ոչ թե հետաձգել վաղվա օրվան, քանի որ այսօր եւս կարեւոր է ապրել երջանիկ»:
Բալթազար Գրասիան (իսպանացի արձակագիր, փիլիսոփա, 1601–1658 թթ.). «Փիլիսոփայելը մեր օրերում հարգանք չի վայելում, թեպետ հենց փիլիսոփայությունն է մտածող մարդկանց հիմնական զբաղմունքը»:
Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնից (գերմանացի փիլիսոփա, 1464–1716 թթ.). «Փիլիսոփաները բավական հաճախ տեսնում են ճիշտ նույն բանը, ինչ որ մնացած մարդիկ, բայց այդ ընթացքում նրանք ուշադրություն են դարձնում այն բանի վրա, ինչն ուրիշները կարեւոր չեն համարում»:
Ֆրանսուա-Մարի Վոլտեր (ֆրանսիացի փիլիսոփա, գրող, հրապարակախոս, 1694–1778 թթ.). «Փիլիսոփան երբեք չի ասում, թե ինքը Աստծուց է ներշնչված, քանզի հենց այդ պահից նա կդադարի փիլիսոփա լինելուց եւ կդառնա մարգարե»:
Պոլ Անրի Հոլբախ (ֆրանսիացի փիլիսոփա, 1723–1789 թթ.). «Հայտարարել, թե փիլիսոփայությունն անօգուտ է քաղաքական գործչի համար կամ էլ նույնիսկ խանգարում է նրան վարելու ճիշտ քաղաքականություն, նշանակում է պնդել, թե մտածելը անօգուտ է կամ վտանգավոր, թե անօգուտ է լրջորեն խորհելը ժողովուրդների երջանկության համար ամենից կարեւոր հարցերի շուրջ, եւ թե ժողովուրդներին պետք է կառավարեն միայն խելացնորությունը, հնամոլությունը, անզգուշությունը եւ քմահաճությունը»:
Իմանուիլ Կանտ (գերմանացի փիլիսոփա, 1724–1804 թթ.). «Փիլիսոփան բանականության վարպետը չէ, այլ մարդկային բանականության օրենսդիրը»:
Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել (գերմանացի փիլիսոփա, 1770–1831 թթ.). «Փիլիսոփայությունը հաճախ համարվում է ձեւական, անբովանդակ գիտելիք, քանի որ չկա այն բանի պատշաճ ըմբռնումը, որ այն ամենը, ինչ իմացության որեւէ բնագավառում եւ որեւէ գիտության մեջ ընդունվում է որպես բովանդակալից ճշմարտություն, կարող է այդ անվանն արժանի լինել միայն այնժամ, եթե փիլիսոփայության ծնունդ է, եւ որ մյուս գիտությունները, որքան էլ փորձեն դատողություններ անել առանց փիլիսոփայությանը դիմելու, առանց վերջինիս չեն կարողանալու տիրապետել ո՛չ կյանքին, ո՛չ ոգուն, ո՛չ ճշմարտությանը»:
Լյուդվիգ Ֆոյերբախ (գերմանացի փիլիսոփա, 1804–1872 թթ.). «Փիլիսոփայական համակարգերը բուն իսկ ճշմարտության սահմանումներն են այն տեսքով, որով փիլիսոփայությունը օրինաչափ հաջորդականությամբ մտնում է մարդկության գի-տակցության մեջ, հատկապես այնկերպ, որ ամեն մի համակարգ ճանաչում է ճշմար-տության որեւէ մեկ էական բնութագիրը, բայց այդ մեկի մեջ վերառված են նրա բոլոր բնութագրումները»:
Թեոդոր Դեզամի (ֆրանսիացի փիլիսոփա, 1808–1850 թթ.). «Բարդ ու անհասկանալին ոչ թե փիլիսոփայությունն է, այլ անկերպարան եւ ծիծաղելի այն խոսվածքը, այն սարսափելի բարբաջանքը, որով սոփեստներն ու քաղաքական գործիչներն են այլափոխել փիլիսոփայությունը»:
Ֆրիդրիխ Նիցշե (գերմանացի փիլիսոփա, բանասեր, 1844–1900 թթ.). «Մարդկանց մեծամասնությունը փիլիսոփայությունից ցանկանում է կորզել իրերի մակերեսային, հույժ մակերեսային ըմբռնումը, որպեսզի այնուհետեւ հարմարվի դրան: Նույնիսկ փիլիսոփայության ազնվագույն ներկայացուցիչներն այնքան ջանադրաբար են ընդգծում նրա հանդարտեցնող եւ մխիթարող ներգործությունը, որ հանգստություն որոնողները եւ ծույլերը կարող են երեւակայել, թե իրենք էլ նույնն են փնտրում, ինչ որ փիլիսոփայությունը»:
Վիլհելմ Վիլդենբանդ (գերմանացի փիլիսոփա, 1848–1915 թթ.). «Նա, ով դեռ չի կորցրել պատմության հանդեպ հարգանքը ամենագիտակության ծանծաղ գոռոզամտության հետեւանքով, ով դեռ ունակ է խոնարհվելու փիլիսոփայական մեծ համակարգի առջեւ, պիտի, այնուամենայնիվ, խոստովանի, որ ինքը հարգանքի տուրք է տալիս այդ համակարգերի ոչ թե գիտական նշանակությանը, այլ կա՛մ ազնվախոհ աշխարհայացքի զորությանը, կա՛մ հակասական գաղափարների գեղարվեստական ներդաշնակմանը, կա՛մ համընդգրկուն աշխարհայեցողությանը, կա՛մ, վերջապես, մտքի ստեղծարար հզորությանը»:
Միգել դե Ունամունո (իսպանացի փիլիսոփա, գրող, 1864–1936 թթ.). «Փիլիսոփայությունը բավարարում է մեր պահանջմունքը՝ ձեւավորելու աշխարհի եւ կյանքի մասին միասնական ու ամբողջական մի հայեցակարգ, որի զգացումը մեր մեջ գոյացնում է ներքին հակվածություն, ապա եւ մղում գործողության…. Փիլիսոփան փիլիսոփայում է ոչ միայն հանուն փիլիսոփայելու. ըստ հին լատիներեն ասույթի՝ «Primum vivere, deinde philisophari»: Որպես կանոն, նա փիլիսոփայում է կա՛մ կյանքի հետ հաշտվելու համար, կա՛մ գտնելու համար կյանքում որեւէ իմաստ, կա՛մ շեղվելու եւ իր ձախորդությունները մոռանալու համար, կա՛մ էլ մարզական հետաքր-քրությամբ եւ վասն զվարճության»:
Բենեդետտո Կրոչե (իտալացի փիլիսոփա,1866–1952 թթ.). «Փիլիսոփայությունը ստեղծում է հասկացություններ, որոնցով զինված մարդը առավել պարզությամբ է դատողություններ անում կյանքի մասին եւ առավել վստահությամբ է ըմբռնում իրականությունը…. Շիտակ փիլիսոփաներն են արարիչները հարաճուն մտավոր ժառանգության»:
Բերտրան Ռասել (անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա, 1872–1970 թթ.). «Դարաշրջանը կամ ազգը հասկանալու համար մենք պետք է հասկանանք նրա փիլիսոփայությունը, իսկ դրա համար մենք որոշ չափով ինքներս պետք է փիլիսոփա լինենք: Այստեղ առկա է փոխադարձ պայմանավորվածություն. մարդկանց պայմանների հանգամանքները մեծավ մասամբ պայմանավորում են նրանց փիլիսոփայությունը, բայց եւ հակառակը՝ նրանց փիլիսոփայությունն է մեծավ մասամբ պայմանավորում այդ հանգամանքները»:
Էռնստ Կասիրեր (գերմանացի փիլիսոփա, 1874–1945 թթ.). «Ինքնաճանաչումը փիլիսոփայական հետազոտության բարձրագույն նպատակն է»:
Ալբերտ Շվայցեր (գերմանացի փիլիսոփա, աստվածաբան, 1875–1965 թթ.). «Հանրահայտ փիլիսոփայությունն ինքնին առաջանում է շնորհիվ այն բանի, որ փիլիսոփայությունը սերտորեն զբաղվում է կեցության տարրական հարցերով, հարցեր, որոնց մասին պետք է խորհեն եւ խորհում են ինչպես անհատները, այնպես էլ զանգվածները. հանրահայտ փիլիսոփայությունը, ահավասիկ, խորացնում է այդ հարցերի ըմբռնումը առավել ընդգրկուն եւ կատարյալ մտածողությամբ, ապա այդ տեսքով հանձնում մարդկային հասարակությանը»:
Ալբերտ Այնշտայն (գերմանացի ֆիզիկոս, 1879–1955 թթ.). «Եթե «փիլիսոփայություն» ասելով հասկանանք գիտելիքի որոնումները դրա առավել ընդհանուր եւ առավել լայն իմաստով, ապա, ակնհայտ է, որ փիլիսոփայությունը կարող ենք համարել գիտական բոլոր որոնումների մայրը: Սակայն ճիշտ է նաեւ այն, գիտության տարբեր ճյուղերը, իրենց հերթին, ուժեղ ներգործում են դրանցով զբաղվող գիտնականների վրա, բացի դրանից, ուժգին ազդում են ամեն մի սերնդի փիլիսոփայական մտածելակերպի վրա»:
Օսվալդ Շպենգլեր (գերմանացի փիլիսոփա, 1880–1936 թթ.). «Ամեն մի փիլիսոփայական հարց լոկ քողարկված ցանկություն է՝ ստանալու որոշակի պատասխան, որն արդեն իսկ ամփոփված է հարցի մեջ, իսկ դարաշրջանի մեծ հարցերը բնավ ըմբռնելի չեն վաղանցիկության համատեքստում, եւ որ, հետեւաբար, հարկավոր է ենթադրել պատմականորեն պայմանավորված վճիռների մի խումբ, որոնց դիտահայումն էլ միայն (բացառելով բոլոր սեփական արժեքային չափանիշները) բացահայտում է վերջին գաղտնիքները»:
Ժան Մարիտեն (ֆրանսիացի փիլիսոփա, 1882–1973 թթ.). «Փիլիսոփայությունն ինքնին վեր է օգտապաշտական ոլորտից: Եվ այդ պատճառով էլ փիլիսոփայությունը հույժ անհրաժեշտ է մարդկանց: Նա մարդկանց հիշեցնում է այն առարկաների գերագույն օգուտի մասին, որոնք առնչվում են ոչ թե միջոցներին, այլ նպատակին»:
Խոսե Օրտեգա ի Գասետ (իսպանացի փիլիսոփա, հրապարակախոս, 1883–1955 թթ.). «Կարող ենք ասել, որ գիտություններին տրված է ուսումնասիրության իրենց առարկան, մինչդեռ փիլիսոփայությունը՝ որպես այդպիսին, չունի նախապես տրված առարկա, քանի վերջինս ներառում է աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչը…. Փիլիսոփայությունը հոմանիշն է տեսական վսեմ հերոսության: Ինչպես փիլիսոփայությանը, այնպես էլ նրա առարկային վիճակված է, հավանաբար, մշտապես գտնվելու սեփական բացարձակության եւ համապարփակության որոնումների մեջ: Զուր չէ, որ Արիստոտելը փիլիսոփայությունն անվանում է «ինքն իրեն հարատեւ փնտրող գիտություն»:
Կարլ Յասպերս (գերմանացի փիլիսոփա, 1883–1969 թթ.). «Փիլիսոփայական հավատի, մտածող մարդու հավատի հատկանիշը միշտ այն է, որ այդ հավատը գոյություն ունի միայն գիտելիքի հետ միության ձեւով: Փիլիսոփայական հավատը ուզում է իմանալ այն, ինչը հասու է իմացությանը եւ այդկերպ հասկանալ ինքն իրեն…. Սաղմնային ձեւով փիլիսոփայական մտքերն առկա են ամեն մարդու մեջ, իսկ առավել զուտ ձեւով՝ երբեմն երեխաների մեջ: Բացահայտել նման մտքերի ընթացքը, պարզել եւ բացահայտել, կրկնել դրանք եւ դրանցում իմանալ այն, ինչը հազարամյակներ եղել է որպես մտածմունք, սա արդեն այն փիլիսոփայության խնդիրն է, որը դարձել է մասնագիտական զբաղմունք»:
Լյուդվիգ Վիտգենշթայն (ավստրացի փիլիսոփա,1889–1951 թթ.). «Փիլիսոփայության նպատակը մտքերի տրամաբանական պարզումն է: Փիլիսոփայությունը ուսմունք չէ, այլ գործունեություն: Փիլիսոփայական աշխատանքը, ըստ էության, բաղկացած է բացատրություններից: Փիլիսոփայության արդյունքը ոչ թե «փիլիսոփայական առաջարկությունն» է, այլ առաջարկության առավելագույն հստակությունը: Փիլիսոփայությունը կոչված է պարզ ու հստակ դարձնելու այն մտքերը, որոնք սովորաբար լինում են մշուշապատ եւ հեղհեղուկ»:
Դիտրիխ ֆոն Հիլդեբրանդ (գերմանացի փիլիսոփա, 1889–1977 թթ.). «Փիլիսոփայելիս՝ մենք միանգամայն հատուկ կերպով «արթնանում ենք»: Ձեռնամուխ լինելով աշխարհի փիլիսոփայական ուսումնասիրությանը՝ մենք զարմանքով ենք նայում նրան, փոխանակ ընդունելու աշխարհը որպես ինքնին հասկանալի մի իրողություն…. Փիլիսոփայական ուսումնասիրությունը ընդոծին գործունեությունն է մարդկային արթնացած հոգու»:
Մարտին Հայդեգեր (գերմանացի փիլիսոփա, 1889–1976 թթ.) «Փիլիսոփայությունը կա միայն այն ժամանակ, երբ մենք փիլիսոփայում ենք: Փիլիսոփայությունը փիլիսոփայելն է»:
Հանս-Գեորգ Գադամեր (գերմանացի փիլիսոփա, 1900–2002 թթ.). «Միայն նա է մտածում փիլիսոփայաբար, ով լեզվական արտահայտչամիջոցների հնարավորություններին դեմ-հանդիման զգում է դրանց անբավարարությունը»:
Այն Ռենդ (ամերիկուհի փիլիսոփա, վիպասան, 1905–1982 թթ.). «Փիլիսոփայության խնդիրը պահանջում է այն ամեն լավագույնը, ինչին ընդունակ է մարդկային բանա-կանությունը. համապատասխանաբար մեծ է պատասխանատվությունը: Մարդկանց մեծ մասը ունակ չէ ձեւավորելու աշխարհի ընկալման համընդգրկուն հայացք…. Բայց նման հայացքն ամեն մեկի համար անհրաժեշտություն է, ուստի եւ մարդիկ, գիտակցաբար կամ անգիտակցաբար, ուղղակիորեն կամ միջնորդավորված, ըն-դունում են փիլիսոփայության առաջարկածը»:
Բերոուզ Դանամ (ամերիկացի փիլիսոփա, 1905–1995 թթ.). «Մարդկանց համար միանգամայն բնական երեւույթ է փիլիսոփայելը, եւ նրանք դա անում են շատ ավելի հաճախ, քան իրենք պատկերացնում են: Ավելին, նրանք հաճախ դա շատ ավելի լավ են անում, քան պատկերացնում են, քանի որ միանգամայն բնական ձեւով են փիլիսոփայում: Նրանք պարզապես փորձում են իմաստավորել իրենց կյանքը, մի զբաղմունք, որը նրանք սկսել են դեռեւս օրորոցից»:
Ժան Բոդրիար (ֆրանսիացի փիլիսոփա, 1929–2007 թթ.) «Փիլիսոփայությունը պարտադիր չէ, որ լինի մասնագիտացված, այսինքն՝ շարադրված փիլիսոփայական առանձնահատուկ եզրաբանությամբ, կազմված որպես մի գիրք՝ «փիլիսոփայական տրակտատ» անվանյալ: Փիլիսոփայությունը պարտադիր չէ, որ ընդունած լինի ուսմունքի ձեւ. կարող է լինել պարզապես իրական փիլիսոփայություն, որն առանց այդ անվանմամբ հանդես է գալիս որպես գրողի, նկարչի, գիտնականի եւ ընդհանրապես անհատի գիտակցության եւ մտքի վիճակ: Մասնագիտացված փիլիսոփայությունն իրականում լոկ բացորոշ է դարձնում, յուրահատուկ եզրերով վերահանդերձավորում է այն, ինչը կա մշակույթի ներսում եւ անհատների մեջ՝ անկախ այդ անվանումից եւ չկրելով դա: Այնպես որ հարկ չկա շփոթվելու, երբ փիլիսոփայություն ենք գտնում ամենատարբեր, ամենաանսպասելի տեղերում, այլ ոչ միայն փիլիսոփայական ամբիոններում: Ի դեպ, երբեմն հատկապես փիլիսոփայական ամբիոններում է, որ փիլիսոփայություն չենք գտնում»:
Էրիխ Ֆրոմ (գերմանացի փիլիսոփա, սոցիոլոգ, հոգեվելուծաբան, 1900–1980 թթ.). «Փիլիսոփայի խնդիրներից մեկը եւ նրա գերագույն նվաճումներից մեկն այն է, որ առեղծվածը, հիմնախնդիրը, պարադոքսը տեսնի այնտեղ, որտեղ ոչ ոք ավելի վաղ չի նկատել: Դա նույնիսկ ավելի մեծ նվաճում է, քան առեղծվածի լուծումը: Նոր հիմնախնդիրը նկատող եւ ըմբռնող փիլիսոփան մեզ դուրս է հանում ծուլության եւ բարեհոգության վիճակից»:
Արդ, մենք մի-մի ծաղիկ քաղեցինք փիլիսոփայական մտքի անդաստանից: Թող ինձ ներեն մյուս արժանավորները, որ տեղ չգտան այս ծաղկեփնջում: Հուսով եմ, դա կանի արդեն ընթերցողն ինքը…
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր