Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պարտված հերոսի անմահությունը

Նոյեմբերի 26, 2022
Այլք
Պարտված հերոսի անմահությունը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
97
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ ազատագրական պայքարի վառ ներկայացուցիչներից է ազգությամբ ուդի Սարգիս Կուկունյանը, ով հանուն սովորելու ստիպված էր Ավետիսյան ազգանունը փոխարինել Կուկունյանով։

Դա պատահեց 1883 թ.: Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի 6-րդ դասարանի սան Սարգիս Ավետիսյանն աշակերտական խռովությունների պատճառով 80 աշակերտների հետ միասին հեռացվեց ճեմարանից։ Այդ ժամանակ նա 20 տարեկան էր։ Այնուհետեւ նրան չի հաջողվում ուսումը շարունակել ո՛չ Երեւանի Ուսուցչական սեմինարիայում, ո՛չ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում. արտաքսվածների մասին տեղեկությունները տարածվել էին ամենուր։ Ներսիսյան դպրոց ընդունվելու համար Սարգիսն ստիպված էր փոխել ազգանունը. դարձավ Կուկունյան։ Դպրոցն ավարտելով` կարճ ժամանակ դասեր տվեց Բաքվում, այնուհետեւ մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ ուսումը համալսարանում շարունակելու, որտեղ էլ՝ հայ ուսանողության շրջանում, գտավ համախոհների, զբաղվեց զինավարժությամբ, տարվեց Արեւմտյան Հայաստանն ազատագրելու գաղափարով։ Այնուհետեւ ոչ ոք չէր կարող կանգնեցնել նրան՝ ո՛չ ընկերները, ո՛չ համախոհները, ո՛չ էլ գաղափարին հակառակվողները։ Արեւմտահայությանը օգնելու, նրան նեցուկ լինելու, թուրքական իշխանությունների վայրագություններից փրկելու միտքը սեւեռուն կերպով հետապնդում էր՝ առանց հաշվի առնելու հնարավորությունները՝ թե՛ զենքի պակասը, թե՛ մարտական ուժը եւ թե՛ այն, որ մի կողմից ռուսական բանակն էր խոչընդոտ, մյուս կողմից՝ մինչեւ ատամները զինված թուրք հրոսակներն ու քրդերը…

Կուկունյանին հաջողվում է շատ արագ ռազմական պատրաստություն տեսնել. արշավանքի մասնակից Արամայիս Ազնավուրյանը գրում է. «Երկու ամսուան ընթացքին կրցան խումբը զինել բերդանի, պիբոլի, վինչեսթր եւ սնեյդըր ձեւի արագաձիգ հրացաններով։ Հրացանները, փամփուշտները եւ այլ ռազմական առարկաներ կրցած էին սեփական միջոցներով ապահովել, մասամբ ուրիշներէն նուէր ստացած դրամներով գնել։ Փամփուշտները կը գտնուէին Կարսի շրջանը, Սողանլուղի գաւառի Սարըղամիշ եւ Ալեքսանդրապոլ քաղաքը»։ Համակիրներից ոմանք, ինչպես մշեցի Հակոբ գալֆա Սարկավագը (Հակոբ Տեր-Ղեւոնդյան), հորդորում էին հետաձգել արշավանքը, մինչեւ լիակատար կազմուպատրաստ լինելը, եւ Օսմանյան կայսրության սահմանն անցնել փոքր, աննկատելի խմբերով։ Գրիգոր Արծրունին՝ հակառակը, շտապեցնում էր՝ պահը հարմար համարելով։ Կուկունյանը նահանջելու միտք չուներ. ընտրեց Արծրունու առաջարկած տարբերակը, թեեւ հստակ գիտակցում էր, որ գնում է ստույգ մահվան ու այդպես էլ հայտարարեց զինակիցներին. «Մենք շուտով կը մտնենք Թուրքաց Հայաստան. լաւ մտածեցէք. այնտեղէն վերադարձ չկայ։ Մենք կերթանք մեռնելու, որպեսզի ճանապարհ հարթենք գալիք կռուող շարքերուն համար։ Թո՛ղ ոչ ոք ձեզմէ յոյս ունենայ, թէ կարող է ողջ մնալ։ Ով որ ատկէ կը վհատի, թող այժմէն վերադառնայ…»:

Խումբը, սակայն, վարակված էր առաջնորդի ոգեւորությամբ, եւ 1890 թ. սեպտեմբերի 22-ին 110 հոգուց բաղկացած արշավախումբը, որ մեծ մասամբ 25 տարեկան երիտասարդներ էին, որոնցից շատերն էլ առաջին անգամ էին զենք վերցնում, անցան մարտական գործողությունների։ Կուկունյանը առաջնորդող հեծյալ խմբում էր։ Մի կողմից՝ թուրքերն էին, մի կողմից՝ քրդերը, մյուս կողմից էլ՝ ռուս սահմանապահները։ Արշավախմբին չի հաջողվում ճեղքել ռուս սահմանապահների շղթան, 60-70 մարտիկներ կարողանում են փախչել, մնացածները բռնվում են, այդ թվում եւ Կուկունյանը, ով չի օգտվում փախչելու հնարավորությունից երկու պատճառով՝ նախ, կարծում է, թե ռուսներն իրենց շուտով բաց կթողնեն, քանի որ արշավը նրանց դեմ չէր ուղղված, այլ թուրքերի, մյուս պատճառն էլ այն էր, որ դատավարության ժամանակ հնարավորություն կունենա պաշտպանել Հայոց դատը։

Կուկունյանի հույսերը, սակայն, չարդարացան. ձերբակալվածներից 26-ը դատապարտվում են տարբեր տարիների տաժանակիր աշխատանքի եւ 1895 թ. մարտի 1-ին շղթայակապ աքսորվում Սիբիր։ Թեեւ Կուկունյանի արշավանքը տխուր վախճան ունեցավ, բայց արեւելահայերի շրջանում աշխուժացավ «Դեպի Երկիր» գաղափարախոսությունը։ 1904-05 թթ. բանտարկյալ Սարգիս Կուկունյանը կամավոր մասնակցում է ռուս-ճապոնական պատերազմին, ինչն էլ դառնում է բանտից ազատվելու առիթ։ Սակայն դրանով չավարտվեց Կուկունյանի բանտային կենսագրությունը. 1906 թ. հոկտեմբերի 30-ին վերադառնալով ծննդավայր՝ Նիժ գյուղ, միանում է սոցիալական պայքարին, անդամակցում «Գյուղացիական միություն» ընդհատակյա կազմակերպությանը, այնուհետեւ՝ բանտից բանտ, փախուստ, տաժանակրություն եւ, ի վերջո, Օրյոլ քաղաքի բանտախուց, որտեղ էլ վախճանվում է 1913 թ. նոյեմբերի 26-ին, 50 տարեկանում։

Չնայած ձախողումներին ու դրանց հետեւանքով կրած պատիժներին, Սարգիս Կուկունյանն՝ իր տեսակով, վառ հետք է թողել հայ ազգային-ազատագրական եւ սոցիալական արդարության համար պայքարի պատմության մեջ։

Թեգեր: հերոսՍարգիս Կուկունյան
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ընկան տղերքը, որ հողը մնա-3

Ընկան տղերքը, որ հողը մնա-3

Գունագեղ Լոռին միշտ ուղեկցել է նրան

Գունագեղ Լոռին միշտ ուղեկցել է նրան

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist