Ռոկոկո ոճը երաժշտության մեջ դրսեւորվել է ֆրանսիացի մեծ կլավեսինահարներ Ֆրանսուա Կուպերենի եւ Ժան Ֆիլիպ Ռամոյի ստեղծագործություններում։ Այդ ոճով են աշխատել նաեւ նրանց պակաս հայտնի ժամանակակիցներ Լուի Կլոդ Դակենը, Անտուան Ֆորկրեն, Անդրե Կամպրան, Մարին Մարեն եւ այլք։ Նրանք իրենց համարում էին նշանավոր Ժան Բատիստ Լյուլլիի հետեւորդները։ Երաժշտության մեջ ռոկոկո ոճին բնորոշ են այն նույն հատկությունները, որոնք բնորոշ են գեղանկարչությանն ու ճարտարապետությանը՝ ձայնային փոքր զարդարանքներ ու խճճվածքներ (այսպես կոչված՝ մելիզմներ), փոքր եւ կամերային ձեւեր, դրամատիկական վառ ձեւերի բացակայություն, Բուշեի նկարներից հայտնի կերպարներ։ Բացի այդ՝ կլավեսինը, որ իր ծաղկման ժամանակաշրջանն էր ապրում, այդ նույն ոճի դրսեւորումն էր՝ ոչ բարձր ձայնով ոչ մեծ չափի գործիք։
Նույնիսկ մեծածավալ ստեղծագործություններում՝ օպերա, բալետ, կանտատ, ռոկոկոյին բնորոշ գծերը արտահայտված են լիովին։ Այսպես, Ռամոյի եւ Կամպրայի օպերաները կազմված են ոչ մեծ համարներից, որոնք իրար կապված են սյուիտի սկզբունքով, իսկ երբեմն էլ գրեթե չեն կապվում ընդհանուր սյուժեով։ Այս տեսակի առավել հայտնի գործերից են Ռամոյի «Նրբակիրթ Հնդկաստանը», Կամպրայի «Նրբակիրթ Եվրոպան»։ Դիցաբանական հերոսները ներկայանում էին որպես բարեկիրթ երիտասարդներ եւ տիկնայք, որոնք հագնված էին դիմակահանդեսի սկզբունքով։
Հայտնի էր նաեւ հովվերգական ժանրը՝ նույնպիսի բարեկիրթ հովիվներով, հովվուհիներով, որոնք, բնականաբար, կապ չունեին գյուղական իրական կերպարների հետ։ Գործիքային երաժշտության մեջ եւս իշխում էին համանման հովվերգական թեմաները։ Տարածված էր սյուիտը, որի մասերը աստիճանաբար շատանում էին եւ հարստանում բազմաթիվ մանրամասնություններով։ Քանի որ երաժշտությունը հնչում էր ազնվականների ընդունելության եւ ճաշի ժամանակ, կիրառվում էին արիստոկրատ ունկնդիրներին զվարճացնող տարբեր միջոցներ։ Սալոններում հաճախ կատարվում էին սիրային երգեր, Ռամոյի, Կամպրայի եւ Լյուլլիի օպերաների հանրաճանաչ մեներգեր։