* «Առաջնորդությունը շատերն ընկալում են ցուցամատի պես մի բան՝ «Սա՛ արա, նա՛ արա»: Իմ պատկերացմամբ՝ թիմի փոխլրացնող անդամները նման են ձեռքի, որի մատները տարբեր երկարություն ունեն եւ տարբեր հնարավորություններ, ընդ որում՝ առաջնորդը բութն է: Ինչո՞ւ: Բութ մատն այնպես է դասավորված, որ կարող է «աշխատել» ամեն մի մատի կամ բոլորի հետ միաժամանակ, ինչն էլ ձեռքին հնարավորություն է տալիս իր գործն անելու: Եթե դուք զրկվեք բութ մատից, ապա վիրաբույժը ձեր առողջ մատներից որեւէ մեկը կվերածի բութի, որպեսզի ձեր ձեռքը վերստին բնականոն կերպով գործառի: Լինել առաջնորդ՝ նշանակում է լինել այն բութ մատը, որի շնորհիվ տարբեր մատները գործում են համատեղ, դառնում ձեռք» (Իցհակ Ադիզես):
* «Ինձ համարյա միշտ վիճակվել է զբաղվել լոկ սեփական գործերով, իսկ եթե երբեմն առիթ է եղել ուրիշի գործեր ստանձնել, ապա դրան համաձայնել եմ պայմանով, որ դրանք կկատարեմ հարմար ժամանակ եւ իմ հայեցողությամբ: Իրականում այդպես էլ եղել է, քանի որ հիշյալ գործերն ինձ հանձնարարել են իմ հանդեպ վստահություն ունեցող, ինձ ճանաչող եւ հետեւիցս չընկնող մարդիկ: Չէ՞ որ ձեռնահաս մարդիկ որեւէ կերպ կօգտվեն անգամ անսաստ ու քմայքոտ ձիուց» (Միշել Մոնտեն):
* «Ճանաչեցե՛ք ձեր աշխատակիցներին: Եթե աշխատակցի մասին ոչինչ հայտնի չէ՝ ո՛չ նրա արարքների շարժառիթները, ո՛չ նրա հաջողությունները կամ ընդունակությունները, ապա նրա վրա անհնարին է ազդելը: Աշխատակցի վրա ամենից մեծ տպավորություն է գործում ձեր ունակությունը՝ անգիր հիշատակելու իր հաջողությունները եւ նվաճումները: Նրա համար դա լավագույն ապացույցն է այն բանի, որ դուք անտարբեր չեք իր աշխատանքի հանդեպ: Ոչ մի աշխատակից չի աշխատի իր ամբողջ ուժով առանց նրա արածի հանդեպ ուշադրության եւ գնահատման» (Հանս Ալթման):
* «Հանրահայտ է, որ լավ կառավարումը հիմնված է ամեն մի իրավիճակ կազմող փաստերի պարզորոշ ըմբռնման վրա: Բայց հաճախ մոռանում են, որ մարդկանց տարատեսակ զգացմունքներն ու հույզերը նույնպես փաստեր են: Գործարար հաղորդակցումը պահանջում է ավելին, քան սառը հաշվարկն է եւ սթափ փաստարկները» (Սիրլ Փակինսըն, Մինոու Ռաստամջի):
* «Մի կորցրեք վճռականությունը: Եթե դուք տեսնում եք ընդհանուր պատկերը, ապա ձեզ անհրաժեշտ է վճռականության մեծ պաշար: Շատ տեղին է «Հռոմը մեկ օրում չի կառուցվել» հին ասացվածքը: Հեշտ ճանապարհներ չկան. ավելին, տրամադրվեք, որ դժվար է լինելու: Իհարկե, շատ ավելի դյուրին է լինում, երբ դուք զբաղվում եք սիրած գործով» (Դոնալդ Թրամպ):
* «Հավասարությանն առնչվող կեղծ հավատը, այսինքն այն պնդումը, թե քաղաքակիրթ մարդը բոլորի հետ շփվում եւ խոսում է միակերպ, անկախ նրանց գրաված դիրքից, իրականում ճակատագրական սխալ է: Ովքեր ձեզանից ցածր կարգավիճակ ունեն, կարող են դա ընկալել որպես զիջողամտություն, եւ ճիշտ կլինեն, իսկ ձեզանից բարձրները կնեղանան, թեպետ, հնարավոր է, դա ձեզ ցույց չտան: Անհրաժեշտ է ամեն մի նոր զրուցակցի հետ փոխել լեզուն եւ ոճը: Դա կեղծիք չէ, այլ նմանակեղծում, իսկ դա արդեն արվեստ է, այլ ոչ Աստծո պարգեւ: Սովորեցեք այդ արվեստը» (Ռո¬բերտ Գրին):
* «Շատ չեն մարդիկ, որոնք կարողանում են գրավել եւ իսկապես խանդավառել շրջապատին: Այդ արվեստին տիրապետողը ընդունակ է շրջապատի մարդկանց դարձնել իր դաշնակիցները: Նա, ով ունակ է մարդկանց սրտերը գրավելու իր հատկություններով, վարվելակերպով, հմայքով, կարիք չունի դիմելու հարկադրանքի եւ ճնշման: Նա ոգեշնչող է, շահամիտող, բայց ոչ երբեք բռնակալ կամ նվաճող» (Նիկոլաուս Էնքելման):
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ