Ա. Մեր մեջ կասկած կա կյանքի՝ ամենուր տարածվածության մասին:
Իհարկե, մեր համակարգի մոլորակներում հնարավոր է, եթե ոչ կյանքի բացակայություն, այլ կյանքի պարզունակ, թույլ, միգուցե այլանդակ ձեւերի գոյություն, բոլոր դեպքերում հետ մնացած Երկրի կյանքից` որպես ջերմության եւ նյութի առումով առավել բարենպաստ պայմաններում գտնվող վայրի: Սակայն պարուրաձեւ միգամածություններից ամեն մեկն ունի միլիարդավոր աստղեր: Իսկ դրանց խմբերում արդեն կան միլիոնավոր միլիարդ լուսատուներ: Դրանցից ամեն մեկն ունի բազմաթիվ մոլորակներ, եւ վերջիններիցս գոնե մեկը գտնվում է բարենպաստ պայմաններում:
Նշանակում է, առնվազն մեկ միլիոն միլիարդ մոլորակում առկա է կյանք ու բա-նականություն՝ ոչ պակաս կատարյալ, որքան մեր մոլորակում է: Մենք բավարարվե-ցինք պարուրաձեւ միգամածությունների խմբով, այսինքն՝ մեզ հասանելի Տիեզեր-քով: Իսկ չէ՞ որ նա անսահման է: Ուրեմն, ինչպե՞ս ենք հերքում այդ անսահ-մանության մեջ կյանքի գոյությունը: Ի՞նչ իմաստ կունենար Տիեզերքը, եթե լեցուն չլիներ օրգանական, բանական, զգայող աշխարհով: Հանուն ինչի՞ պիտի լինեին անհամար հրավառ արեւները: Ինչի՞ համար է նրանց էներգիան: Ինչո՞ւ է դա զուր կորչում: Մի՞թե աստղերը փայլում են երկնակամարը զարդարելու համար, մարդկանց հաճույք պատճառելու համար, ինչպես որ մտածում էին Միջին դարերում, ինկվիզիցիայի եւ կրոնական խելահեղության ժամանակներում:
Բ. Մենք հակված ենք նաեւ կարծելու, թե կյանքի առավել զարգացած տեսակը Երկրագնդումն է:
Բայց կենդանիները եւ մարդը համեմատաբար վերջերս են ծագել եւ այժմ գտնվում են իրենց զարգացման փուլում: Արեգակը, որպես կյանքի աղբյուր, դեռ գոյատեւելու է միլիարդավոր տարիներ, եւ մարդկությանը վիճակված է այդ անե-րեւակայելի ժամանակահատվածում առաջ գնալ ու զարգանալ՝ մարմնի, խելքի, իմացության եւ տեխնիկական հզորության առումով: Մարդկության առջեւում աներեւակայելի, փայլուն ապագան է: Հազարավոր միլիոն տարիներ հետո Երկրագնդի վրա չի մնալու անկատար եւ ոչ մի բան՝ ներկայիս բույսերի, կենդանիների եւ մարդու նման: Կմնա միայն ու միայն լավը, ինչին անխուսափելիորեն հանգեցնելու է մեզ բանականության ուժը: Բայց, արդյոք, Տիեզերքի բոլո՞ր մոլորակներն են Երկրի պես երիտասարդ տարիքի: Բոլո՞րն են, արդյոք, գտնվում զարգացման, անկատարության փուլում: Աստղագիտությունից մենք գիտենք, որ արեգակների տարիքը շատ բազմազան է՝ հենց նոր ծնված նոսր գիգանտ լուսատուներից մինչեւ հանգած սեւ թզուկներ: Ծերուկները միլիարդավոր տարիք ունեն, ջահել արեգակները դեռ չեն էլ ծնել իրենց մոլորակները:
Ո՞րն է եզրակացությունը: Պարզվում է, որ պետք է լինեն բոլոր տարիքի մոլո-րակներ՝ սկսած արեւի պես վառման մոլորակներից մինչեւ մահացած՝ իրենց արեւների հանգչելու հետեւանքով: Արդ, մոլորակների մի մասը դեռ չի սառել, մյուս-ներում պարզունակ կյանք կա, երրորդները հասել են ցածրակարգ կենդանիների զարգացման մակարդակին, չորրորդներում առկա է արդեն բանականություն՝ նման մարդկայինին, հինգերորդները ավելի առաջ են անցել եւ այլն: Այստեղից ակնհայտ է, որ մենք պետք է հրաժարվենք այն կարծիքից, թե իբր առավել կատարյալ կյանքը պատկանում է մեր մոլորակին: Այդուհանդերձ, մենք հանգում ենք ոչ այնքան մխիթա-րական մի եզրակացության. Տիեզերքում անկատար, անբանական եւ տանջալից կյանքը տարածված է նույնքան, որքան եւ բարձրագույն, բանական զորեղ եւ սքանչելի կյանքը:
Գ. Բայց ճի՞շտ է, արդյոք, այդ եզրակացությունը:
Ո՛չ, ճիշտ չէ, եւ մենք դա հիմա կպարզենք: Մենք տեսանք, որ մոլորակներն ամենատարբեր տարիքի են: Այստեղից հետեւում է, որ կան մոլորակներ, որոնք բանականության եւ հզորության զարգացմամբ հասել են բարձրագույն մակարդակին եւ առաջ են անցել բոլոր մոլորակներից: Էվոլյուցիայի բոլոր տառապանքներն ապրելով, իմանալով իրենց տխուր անցյալը, իրենց երբեմնի անկատարությունը, այդ մոլորակները ցանկացել են ազատել մյուս մոլորակներին զարգացման տանջանքից:
Եթե մենք` երկրագնդի բնակիչներս, արդեն իսկ երազում ենք միջմոլորակային ճանապարհորդությունների մասին, ապա այդ առումով ինչերի˜ հասած կլինեն այն մոլորակները, որոնք միլիարդ տարով մեծ են մեզանից: Նման ճանապարհորդու-թյունը նրանց համար նույնքան պարզ ու դյուրին է, ինչպես մեզ համար երկաթգծով մի քաղաքից մյուսը մեկնելը:
Այդ առաջավոր, հասուն մոլորակներում բազմացումն ընթանում է միլիոն ան-գամ ավելի արագ, քան Երկրագնդում է: Ասենք, դա կարգավորվում է. հարկավո՞ր է կատարյալ բնակչություն՝ ծնում են արագ եւ որքան ցանկալի է քանակությամբ:
Այցելելով իրենց շրջապատող անհասուն, պարզունակ կենդանական կյանքով մոլորակները՝ նրանք ոչնչացնում են նման կյանքը եւ փոխարինում այն իրենց կա-տարյալ տեսակով: Բայց մի՞թե լավ է դա, դաժան չէ ՞ արդյոք: Եթե չլիներ նրանց միջամտությունը, այդ մոլորակներում կենդանիների տանջալից ինքնաոչնչացումը կշարունակվեր միլիոնավոր տարիներ, ինչպես որ դա այժմ էլ շարունակվում է Երկրի վրա: Իսկ նրանց միջամտությունը մի քանի տարում, նույնիսկ օրում վերջ է տալիս բոլոր տառապանքներին եւ դրանց փոխարեն հիմք է դնում բանական, հզոր ու երջա-նիկ կյանքի: Պարզ է, որ վերջինս միլիոն անգամ լավն է առաջինից:
Ի՞նչ է սրանից բխում: Այն, որ Տիեզերքում չկա անկատար եւ տառապալից կյանք. առաջավոր մոլորակների բանականությունը եւ հզորությունը վերացնում են նման կյանքը: Իսկ եթե վերջինս կա էլ, ապա սակավ մոլորակներում: Տիեզերքի ընդ-հանուր ներդաշնակության մեջ դա աննկատ է, ինչպես աննկատ է փոշեհատիկը ձյու-նասպիտակ դաշտի վրա:
Բայց ինչպե՞ս հասկանանք տառապանքների առկայությունը Երկրի վրա: Բարձ-րագույն մոլորակները ինչո՞ւ չեն վերացնում մեր դժբախտ կյանքը, չեն դադարեցնում այն եւ ինչո՞ւ չեն փոխարինում իրենց սքանչելի կյանքով: Երկրի նման այլ մոլորակներ էլ կան: Ինչո՞ւ են նրանք տառապում: Կատարյալ աշխարհում, բացի գերակշռող առաջընթացից, կա նաեւ հետընթաց, ընկրկող շարժում:
Բացի դրանից, կյանքի ծաղիկներն այնքան հիասքանչ են, այնքան բազմագույն, որ դրանցից լավագույնները հարկավոր է մշակել, սպասել սերմերին ու պտուղներին: Թեպետ առաջավոր մոլորակներն առաջ են անցել մյուսներից, բայց դա, հնարավոր է, բացատրվում է իրենց մեծ տարիքով: Կարող են լինել ուշացած մոլորակներ՝ լավագույն պտուղներով: Հարկավոր է շտկել Տիեզերքի հետընթացը նրա այդ ուշացած պտուղներով: Ահա թե ինչու առանց միջամտության են թողնվել փոքրաթիվ մոլորակներ, որոնք խոստանում են արտակարգ արդյունքներ:
Դրանց շարքում է նաեւ Երկիրը: Նա տառապում է, բայց ոչ իզուր: Նրա ար-դյունքները պիտի որ ավելի բարձր լինեն, եթե նրան ընձեռել են ինքնուրույն զար-գացում եւ անխուսափելի չարչարանք: Պիտի կրկնեմ, որ այդ տառապանքների գու-մարը աննկատ մի բան է ամբողջ Տիեզերքի երջանկության օվկիանոսի մեջ:
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ