«Աշխարհի ազգերը իրենց սրախոսությունները, անեկդոտները, ասացվածքները վերագրում են մեկ մարդու եւ անմահացնում նրան: Էդպես է եղել Մուկուչը մեր ժողովրդի համար: Տարբերությունն էն է, որ ուրիշներինը միֆ է, իրական մարդ չի եղել, գերեզմանի տեղն էլ հայտնի չէ, իսկ Պոլոզ Մուկուչը իրական մարդ է եղել, եւ գերեզմանը կա…»:
Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ
Արհեստավորների եւ արվեստագետների ոստան Գյումրիի խճանկարում թեկուզեւ համեստ, բայց մշտապես հիշվող իր տեղն ունի հնօրյա մեր այս քաղաքի ամենահայտնի զվարճախոս ու կատակաբան Պոլոզ Մուկուչը՝ Մկրտիչ Ղազարոսի Մելքոնյանը՝ ծնված 1881-ի հունվարի 7-ին, ճանաչված արհեստավորի ընտանիքում: Թե ինչու չի գնացել ոսկեձեռիկ հոր հետքերով ու չի տիրապետել ինչ-որ արհեստի՝ մեր իմանալու բանը չէ բնավ: Ոչ էլ ուսման է եղել ծարավի. ստացել է ընդամենը տարրական կրթություն եւ եղել դասընկերը Ավետիք Իսահակյանի: «Պոլոզ» մականունն էլ բարձրահասակ լինելով է պայմանավորված:
Ամեն դեպքում, նրա անվան հետ են կապվել հայկական միջավայրում ստեղծված բազմաթիվ առակներ ու սրախոսություններ, որոնք մինչ այդ վերագրվում էին օտար առակախոսների: Այս առումով անուսում զվարճախոսն ինչ-որ չափով իր նպաստն է բերել հայ բանավոր երգիծանքի ազգայնացմանը: Իսկ ինչով է զբաղվել սիրված կատակաբանը. հիմնականում կատարել է առեւտրական միջնորդի դեր, նաեւ շուկայում վաճառել ձմերուկ ու սեխ: Ժամանակակիցների պատմելով՝ ուրախ-զվարթ բնավորություն ունեցող այս մարդն աշխատանքի ժամին ուշքումիտքը սեւեռում էր ապրանքների իրացման գործին, գնորդներին գոհ սրտով բավարարելուն ու ճանապարհելուն: Լինելով չափազանց սրամիտ, կատակներ անելիս բնավ չէր ծիծաղում, իսկ լսողները ծիծաղից ուշաթափվում էին:
Նման գունագեղ անձնավորությունը հարկ է որ գրավեր նաեւ մշակութային գործիչների ուշադրությունը: Այսպես՝ երբ հիսունը նոր բոլորած Պոլոզ Մուկուչը հրաժեշտ է տալիս երկրային կյանքին, նրա հուղարկավորությանը մասնակցում է գրեթե ողջ Լենինականը: Ավետիք Իսահակյանը նրա շիրմին մահարձան է կանգնեցնում, իսկ Խաչիկ Դաշտենցն այդ առիթով գրում է.
Վախճանվեց նաեւ Պոլոզ Մուկուչը,
Եվ Բոշի թաղը սգաց մեծ ցավով,
Այդ հին գյումրեցու շիրիմի վրա
Եկավ քար քաշեց բանաստեղծ Ավոն…
Հիրավի, ժողովրդականություն վայելող անձնավորություն է եղել սիրված զվարճախոսը: Պատմում են, որ հիվանդ Մուկուչին այցելած ընկերներն ուզել են լավատեսություն ներշնչել, սիրտ տալ նրան՝ ասելով.
-Մի՛ վախենա, Մուկուչ ջան, քեզի հեչ բանըմ էլ չի էղնի:
-Ես իմ դարդը չեմ,- արձագանքել է Մուկուչը,- կվախենամ մեռնիմ՝ Գյումրվա համն ու լազաթն էրթա…
Ասում են, որ կատակախոս ու զվարթ այս մարդը սովորություն է ունեցել «մատը տնկած խնդալ» մարդկանց ու աշխարհի վրա: Հենց այդպիսի կերպարով էլ ճիշտ մեկ տասնամյակ առաջ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում կանգնեցվեց նրա մարդաբոյ հուշարձանը՝ հեղինակությամբ քանդակագործ Նարեկ Սամվելյանի: Շնորհակալ գործ, որ վերստին վկայում է գյումրեցիական շնորհքի ու թասիբի մասին: Չէ որ Գյումրին նաեւ իր Պոլոզ Մուկուչով է հայտնի…