Վերջին ժամանակներս Ադրբեջանում սկսեցին հայերեն դասավանդել, այլ կերպ` սովորել հարեւանների լեզուն, սակայն ամենեւին էլ ոչ հայոց հնամյա մշակույթի հետ շփվելու բարի նպատակներով, այլ այդ լեզվի տակ ծպտվելու, «մերոնքական» ձեւանալու թշնամական նենգ մտադրությամբ` հարեւաններին սպանելու, ոչնչացնելու մաղձով լցված…
Հայտնի բան է` լեզվին տիրապետելու, այն էլ` բանավոր ազատ հաղորդակցվելու համար որոշակի ժամանակ է պետք, ժամանակ, որ նախապատրաստվում էր Արցախի ու Հայաստանի վրա լայնածավալ պատերազմ սկսելու մտադրությամբ, իսկ դիմացինի լեզվին տիրապետելը ռազմական մարտավարություններից մեկն էր, եթե չասենք` կարեւորներից մեկը` դեմ առ դեմ առճակատվելիս, քանզի հեշտ է յուրային ձեւանալով գերեվարել կամ սպանել քեզ վստահողին, ինչն հաջողությամբ իրականացրին թուրք-ադրբեջանական միավորումները՝ սանձազերծած արցախյան 44-օրյա պատերազմում, որը ոչ միայն սովորական խորամանկություն էր, այլեւ իսկական բարբարոսություն, քանզի քաղաքակիրթ մարդը երբ սովորում է մեկի լեզուն, հաղորդակցվում նրա մշակույթին, ակամա նրա հանդեպ բարեկամական զգացում է տածում, համենայն դեպս` ոչ այնպիսի թշնամական, ում սպանելու ցանկությունը մշտապես չի լքում միտքը ու զրկում քունուդադարից, իսկ ադրբեջանական իշխանությունները` լեզու սովորեցնելու հետ մեկտեղ, ուսումնական գործընթացը ծառայեցնում էին հարեւան ժողովրդի հանդեպ ատելություն սերմանելուն` անգամ դպրոցականների շրջանում, արհամարհելով մանկավարժության հումանիստական բնույթն ու էթիկան…
Մի բան է` թմրանյութի պես կրթություն ներարկելը, այլ բան` գենետիկորեն այն ժառանգելն ու էությամբ սնված լինելը։ Շատ արհավիրքներ է տեսել հայ ժողովուրդը, բազմաթիվ թշնամիներ ունեցել, շատերն են փորձել ընկճել նրան, յուրացնել ստեղծածը` ոչ միայն նյութական, այլեւ հոգեւոր-մշակութային, սակայն ամենաբարբարոսները թուրքերն են եղել ու մնում։ Այսօրվա թուրքերը չեն տարբերվում միջնադարյան ցեղակիցներից ո՛չ իրենց մտածողությամբ, ո՛չ նպատակներով, ո՛չ էլ այդ նպատակներին հասնելու ոճրագործությունների «այբուբենով»։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ու այդուհետ թուրք-ադրբեջանական «բարեկամությունն» սկսեց ու շարունակում է անխնա ոչնչացնել ու պղծել հայկական մշակութային օջախները, այդ թվում եւ դպրոցները։ Բանն հասավ այնտեղ, որ Բաքվի իշխանական վերնախավն ադրբեջանցիներին հռչակեց քրիստոնյաներ ու քրիստոնեական մշակույթի ժառանգներ` պատկերացում անգամ չունենալով քրիստոնեական վարքուբարքի մասին, մինչդեռ հայերը, Բաքվում բնակվելով հնագույն ժամանակներից, ինչպես ամենուր, ուր ոտք են դրել, այնպես էլ այստեղ զբաղվել են խաղաղ, ստեղծագործ աշխատանքով։ Դեռ 500 թ. Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է հայկական առաջին եկեղեցին, իսկ 19-րդ դարում Բաքվի բնակչության մեկ քառորդը հայ էր, ովքեր մասնակցում էին քաղաքի տնտեսական, հասարակական, մշակութային կյանքին։ Բաքվում գործել են ոչ միայն հայկական եկեղեցիներ, գրական-թատերական հաստատություններ, տպարաններ, այլեւ դպրոցներ։ Մինչեւ ԽՍՀՄ կազմավորումը Բաքվում գործել են տասնյոթ անուն զանազան հայկական դպրոցներ, որոնց թվում` արական ու իգական սեռերի, ծխական ու միջնակարգ, թաղային, հոգեւոր, հայ բողոքական, հայ-լյութերական, ձայնագրության, աղքատանոցների եւ այլն։
Ապրելով Բաքվում եւ շատ լավ իմանալով ադրբեջաներեն` ո՛չ հայերը, ո՛չ ռուսները, ո՛չ հրեաները, ո՛չ էլ այլ ազգությունների ներկայացուցիչներ երբեւէ ոտնձգություն չեն արել ո՛չ ադրբեջանցիների, ո՛չ էլ նրանց ունեցվածքի հանդեպ, ինչն անհնար է ասել վերջիններիս մասին։ Երբ հետեւում ենք Բաքվի ժողովրդագրությանը, պարզվում է, որ 1939 թ. ավելի քիչ ադրբեջանցի է ապրել Բաքվում, քան ռուսներ. ադրբեջանցիները կազմել են 215 482, իսկ ռուսները` 343 064, քիչ չեն եղել եւ հայերը` 118 650 հոգի, իսկ հրեաները` 31 050։ 1959 թ. հարաբերակցությունը փոխվել է հետեւյալ կերպ` ադրբեջանցիների քանակը նվազել եւ կազմել է 211 372, ռուսներինը կտրուկ իջել է` հասնելով 223 242-ի, հրեաները նույնպես պակասել են, նրանց թիվը կազմել է 24 057, իսկ հայերի թվաքանակն աճել է` հասնելով 137 111-ի։ 1970-ը նպաստավոր է եղել բոլոր ազգությունների համար` ադրբեջանցիներն աճել են կրկնակիից ավելի` կազմելով 586 052, ռուսները` 351 090, հայերը` 207 464, հրեաները` 29 716։ 1979 թ. կրկին նկատվում է բնակչության ընդհանուր նվազում. ադրբեջանցիները` 530 536, ռուսները` 229 873, հայերը` 167 226, հրեաները` 22 916։ Պատկերն առավել ուշագրավ է դառնում 1999 թ., երբ ադրբեջանցիների թիվն ավելանում է եռակի` հասնելով 1 574 252-ի, ռուսներնը զգալիորեն պակասում է`դառնալով 119 371, հրեաները նույնպես ակնառու նվազում են` 5 164, հայերն արդեն կազմում են չնչին քանակ` 378, մինչդեռ 1980-ական թթ. վերջերին Բաքվում բնակվել է շուրջ 300 հազար հայ։ Դժվար չէ կռահել, որ հիշյալ պատկերը պայմանավորված էր 1990 թ. Ադրբեջանում կազմակերպված հայերի ջարդի ու հայահալած քաղաքականությամբ, ինչն իր բացասական ազդեցությունը թողեց ոչ միայն հայերի, այլեւ ռուսների ու հրեաների վրա, որոնցից շատերն այդ ժամանակ լքեցին քաղաքն ու իրենց տները, իսկ հայերն այնտեղ թողեցին ոչ միայն իրենց տները, այլեւ ողջ ունեցվածքը։
Հարկ է նշել, որ հակառակ ադրբեջանցիների հայահալած քաղականության ու բարբարոս գործողությունների, հայերը Բաքվում ապրելու ողջ ժամանակաընթացքում զբաղվել են այն տնտեսապես ու մշակութապես զարգացնելու գործընթացով։ Դեռեւս 1860 թ. Բաքվում բացվել է առաջին հայկական դպրոցը, դարավերջին դրանց քանակը հասել է 12-ի, իսկ 1930-50-ական թթ. այստեղ գործել են 80 հայկական միջնակարգ դպրոցներ, մանկավարժական տեխնիկում, Բաքվի համալսարանում ու մանկավարժական ինստիտուտում` հայկական ֆակուլտետներ։ Վերջին հայկական ուսումնական հաստատությունը` դպրոցը, այստեղ փակվել է 1983 թ.։ Ադրբեջանի իշխանությունները` նույնիսկ ԽՍՀՄ-ի օրոք, աստիճանաբար սկսել էին հայերին դուրս մղել իրենց տարածքից, երբ դեռեւս ուղղակի առճակատում չէր նկատվում հայերի ու ադրբեջանցիների միջեւ, երբ հայերն այնտեղ զբաղվում էին զուտ խաղաղ աշխատանքով, քանզի կրթված էին ու դաստիարակված մարդասիրական ոգով։ Հայկական կրթօջախներից Բաքվում հատկապես կարեւոր դերակատարություն են ունեցել Գրիգոր Լուսավորչի անվան դպրոցը, իսկ 1864 թվականից նաեւ Լուսավորչի անվան ուսումնարանը։ 1912 թ. քահանա Ղազարոս Հովսեփյանը դիմել է կաթողիկոսին` այստեղ հայկական ձայնագրության եւ հոգեւոր երաժշտության դպրոց բացելու նպատակով, որն էլ հաջողությամբ իրականացվել է։ 1877 թ. կաթողիկոսի հատուկ կոնդակով բացվել է հայկական միջնակարգ հոգեւոր դպրոցը, որի առաջին տնօրենն էր անվանի մանկավարժ Խորեն Ստեփանեն։
Դպրոցների բացման գործում նշանակալի դեր են ունեցել նաեւ ունեւոր անհատները, ովքեր հոգացել են դպրոցների կարիքները, ինչպես որ 1869 թ. Մեսրոպյան ծխական երկդասյան դպրոցի հոգաբարձության անդամ Ջ. Մելիքյանը հինգսենյականոց սեփական տունը երկու տարով անվճար տրամադրել է դպրոցին, որտեղ դասավանդվել են կրոնագիտություն, հայոց եւ ռուսաց լեզուներ, վայելչագրություն, ազգային պատմություն, թվաբանություն։ ԽՍՀՄ շրջանում Բաքվում գործել է նաեւ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Բաքվի տնտեսական, մշակութային, հոգեւոր կյանքում իրենց նշանակալի ներդրումն են ունեցել նավթարդյունաբերողներ Ալեքսանդր Մանթաշյանը, Ստեփան Լիանոզովը, Պավել (Պողոս) Ղուկասովը, Եսայի Փիթոեւը, ճարտարապետներ Գաբրիել Տեր-Միքելյանը, Վարդան Սարգսյանը, Հ. Տեր-Հովհաննիսյանը, թատերական գործիչներ Հովհաննես Աբելյանը, Հովհաննես Զարիֆյանը, Հովսեփ Ոսկանյանը, Լեւոն Երամյանը, Ժասմենը, Արշակ Հարությունյանը, գրողներ Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, կոմպոզիտորներ Քրիստափոր Կարա-Մուրզան, Մակար Եկմալյանը, Կոմիտասը, Անտոն Մայիլյանը եւ շատ ու շատ ուրիշներ։ Հայերն իրենց անուրանալի հետքն են թողել Ադրբեջանի ներկայիս մայրաքաղաքում՝ ակտիվորեն մասնակցելով այն մշակութային քաղաք դարձնելու գործընթացին` անհրաժեշտ ներդրումներ անելով կյանքի բոլոր բնագավառներում. անգամ եղել են Բաքվում առաջին բանկերի հիմնադիրները։
Բաքուն ու Բաքվի հայկական կյանքը շատ կողմերով կարող է թափանցիկ դառնալ, եթե ընթերցողը չանտեսի այդ քաղաքի մասին պատմող` Վահան Թոթովենցի «Բաքու» եռահատոր գրական ստեղծագործությունը, իսկ արդեն իսկ հայերեն սովորած ադրբեջանցիների համար էլ կարող է օգտակար լինել այն քաղաքի պատմությունը, որտեղ հիմա ապրում են եւ որը հռչակել են իրենց մայրաքաղաք…