1. Օնորե դը Բալզակ
Գայլը հասավ տատիկի տնակին եւ թակեց դուռը։ Դուռը պատրաստել էր մի անհայտ վարպետ՝ 17-րդ դարում։ Պատրաստել էր այն ժամանակ նորաոճ՝ կանադական կաղնուց, դասական տեսք էր տվել եւ կախել երկաթյա ծխնիներից, որոնք ժամանակին գուցե լավն էին, բայց հիմա ահավոր ճռռում էին։ Այն չուներ զարդանախշեր. միայն ներքեւի աջ անկյունում մի քերծվածք էր երեւում, որն, ասում էին, սեփական կոշկախթանով թողել է Սելեստեն դը Շավարդը՝ Մարիա Անտուանետայի սիրելին եւ Կարմիր գլխարկի՝ մայրական կողմից տատիկի պապիկի զարմիկը։ Մնացյալ առումներով՝ սովորական դուռ էր, այդ պատճառով չարժե դրա վրա ավելի հանգամանորեն կանգ առնել։
2. Ջեք Լոնդոն
Նա իր ցեղի արժանի դուստրն էր. նրա երակներում հոսում էր Հյուսիսը նվաճած սպիտակների հզոր արյունը։ Այդ պատճառով առանց աչքը թարթելու նետվեց գայլի վրա, ջախջախիչ հարված հասցրեց նրան եւ անհապաղ ամրապնդեց դասական ապերկոտով։ Գայլը սարսափած փախավ։ Նա նայեց գայլի հետեւից՝ իր հմայիչ, կանացի ժպիտով։
3. Էրիխ Մարիա Ռեմարկ
-Արի՛ մոտս,- ասաց Գայլը։
Կարմիր գլխարկը երկու բաժակ կոնյակ լցրեց եւ նստեց նրա մահճակալին։ Նրանք շնչեցին կոնյակի ծանոթ բույրը։ Դրա մեջ կարոտ եւ հոգնածություն կար. հանգչող մթնշաղերի կարոտն ու հոգնածությունը։ Կոնյակը հենց կյանքն էր։
-Իհարկե,- ասաց նա։- Մենք հույս չունենք։ Ես չունեմ ապագա։
Գայլը լուռ էր. համաձայն էր նրա հետ։
4. Վիկտոր Հյուգո
Կարմիր գլխարկը դողաց։ Նա միայնակ էր։ Նա միայնակ էր՝ ինչպես ասեղն անապատում, ինչպես ավազահատիկն աստղերի մեջ, ինչպես գլադիատորը թունավոր օձերի մեջ, ինչպես լուսնոտը վառարանում…
5. Էդգար Պո
Հին, մռայլ, խորհրդավոր կոշտ շղարշով պատված անտառի եզրին, որի վրա կուտակվում էին չարագուշակ գոլորշիների ամպերը, եւ կարծես լսվում էր կապանքների ճակատագրական ձայնը, առեղծվածային սարսափում ապրում էր Կարմիր գլխարկը։
6. Գաբրիել Գարսիա Մարկես
Կանցնեն տարիներ, եւ Գայլը, կանգնած գնդակահարության պատի տակ, կհիշի այն հեռավոր երեկոն, երբ Տատիկը տորթի հետ այնքան մկնդեղ կերավ, որ կհերիքեր լիքը առնետների։ Բայց նա, կարծես բան էլ չէր եղել, տանջեց ռոյալը եւ երգեց մինչեւ կեսգիշեր։ Երկու շաբաթից Գայլը եւ Կարմիր գլխարկը փորձում են պայթեցնել անտանելի պառավի վրանը։ Նրանք, շունչները պահած, նայում են, թե ինչպես է կապույտ կրակը թելով մոտենում պայթուցիչին։ Երկուսն էլ փակում են ականջները, բայց՝ ապարդյուն. թնդյուն չի հնչում։ Երբ Կարմիր գլխարկը համարձակվում է ներս մտնել՝ Տատիկին մեռած գտնելու հույսով, տեսնում է, որ կյանքը նրա մեջ եռում է. պառավը՝ պատառոտված շապիկով եւ խանձված կեղծամով, վազվզում է այս կողմ-այն կողմ՝ ծածկոցով հանգցնելով կրակը։
7. Իլֆ եւ Պետրով
11։30 հյուսիս-արեւմուտքից՝ Չմարովկա գյուղի կողմից Ստարգորոդ ոտք դրեց երիտասարդ աղջիկ՝ մոտ 28 տարեկան։ Նրա հետեւից վազում էր անօթեւան Գորշ գայլը։
-Մորաքու՛յր,- ուրախ բացականչեց նա,- կարկանդա՛կ տուր։
Աղջիկը գրպանից հյութալի խնձոր հանեց եւ մեկնեց նրան, բայց գայլը հետ չէր մնում։ Այդ ժամանակ աղջիկը կանգ առավ, հեգնական նայեց գայլին եւ ասաց.
-Գուցե նաեւ բնակարանի բանալի՞ն տամ քեզ, որտեղ տատիկն է քնած։
Համը հանած գայլը հասկացավ իր պնդումների ողջ անհիմնավորությունը եւ միանգամից ձեռք քաշեց։
8. Հարուկի Մուրակամի
Երբ արթնացա, Կարմիր գլխարկը դեռ քնած էր։ 7 գլանակ ծխեցի եւ գնացի խոհանոց՝ լապշա պատրաստելու։ Լապշան միշտ մանրակրկիտ եմ պատրաստում եւ չեմ սիրում, երբ ինձ ինչ-որ բան շեղում է։ Ռադիոյով Փինք Ֆլոյդն էր։ Երբ լապշան համեմեցի սոուսով, դուռը զանգեցին։ Մոտեցա դռանը՝ ճանապարհին աչք գցելով սենյակ։ Կարմիր գլխարկը դեռ քնած էր։ Ես հիացա նրա ականջներով. մի ականջին առավոտվա արեւի շողն էր։ Կյանքում չէի տեսել այդպիսի ականջներ… Բացելով դուռը՝ տեսա Գայլին։ Միանգամից հիշեցի Ոչխարին…
9. Պատրիկ Զյուսկինդ
Գայլի հոտը նողկալի էր։ Այն հիշեցնում էր կաշեգործի պահարանի գարշահոտությունը, որտեղ դիեր են փտում։ Նրա կեղտոտ, գորշ կաշվից մեռելի անասելի, քաղցրադառը հոտ էր փչում, որը սրտխառնոց եւ նողկանք էր առաջացնում։ Գայլը դա չէր զգում։ Նա ամբողջությամբ կլանված էր Կարմիր գլխարկով։ Վերջինս բուրում էր՝ ինչպես լուսադեմի մանուշակը. աննկարագրելի բույր, որ ծաղիկներն ունենում են լուսաբացից մեկ-երկու րոպե առաջ, երբ կոկոնը դեռ ամբողջությամբ բացված չէ։
Պատրաստեց Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ