1988-ի փետրվարի 20-ին պատմական նստաշրջանի հայտնի որոշումից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքների ու հաշվեհարդարների թիրախում էին հայտնվել արցախյան շարժման առաջնորդները, եւ մարզում ավելի էր սրվել իրադրությունը, ԽՍՀՄ ղեկավարությունը շարունակ փնտրտուքների մեջ էր: Բաքվի ու Ստեփանակերտի միջեւ առճակատումը մեղմելու եւ լարվածությունն աստիճանաբար թուլացնելու նպատակով 1989 թ. հունվարի 12-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում կայացրեց կոմկուսի Կենտկոմի անդամ, Կենտկոմի բաժնի վարիչ եւ Գերագույն խորհրդի պատգամավոր Արկադի Վոլսկու գլխավորությամբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հատուկ կառավարման կոմիտե ստեղծելու մասին:
Կոմիտեի գործունեության վերաբերյալ մամուլում կցկտուր տեղեկություններ են հրապարակվել, եւ ընթերցողներից շատ քչերը կարող են լիարժեք պատկերացում ունենալ կառավարման ժամանակաշրջանի, Ա. Վոլսկու առաքելության մասին, որ բավական շահեկան էր Արցախի համար: Հաշվի առնելով երկրում ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակը, հատուկ կոմիտեի անդամ, մարզխորհրդի գործկոմի նախկին նախագահ Սեմյոն Բաբայանի համոզմամբ, ղեկավարման նման մարմնի ստեղծումը արցախահայությանը հնարավորություն ընձեռեց անվտանգության երաշխիքներ ունենալ, զարգացնել տնտեսությունը եւ գրեթե բոլոր ոլորտներում անկաշկանդ համագործակցել Հայաստանի համանուն կառույցների հետ: Անդրադառնալով շահեկան դիտարկվող որոշ հանգամանքների, Ս. Բաբայանը գտնում է, որ «վերակազմավորված մարմնի բավականին բարձր կարգավիճակը զարգացման լայն հնարավորություն էր ստեղծում Արցախի համար, մանավանդ որ «կառավարման կոմիտեն անմիջականորեն ենթարկվում էր ԽՍՀՄ պետական իշխանության եւ կառավարման բարձրագույն մարմիններին եւ օժտված էր բացառիկ լիազորություններով»:
Հատուկ կոմիտեն Լեռնային Ղարաբաղում իր գործունեությունը սկսեց 1989 թ. հունվարի 20-ին: «Այդ օրը միանգամից անցկացվեցին կոմիտեի նախագահ Ա. Վոլսկու հանդիպումները Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի, «Ղարմետաքսկոմբինատի» եւ կոնդենսատորների գործարանի կոլեկտիվների հետ: Ավելի ուշ, փետրվարի սկզբին հանդիպում կազմակերպվեց կոշիկի ֆաբրիկայում եւ մի շարք այլ ձեռնարկություններում,- հիշում է զրուցակիցս:- Սովորաբար ժողովներին ներկա էին լինում Հ. Ա. Պողոսյանը՝ որպես կուսակցության մարզկոմի առաջին քարտուղար, եւ կոմիտեի անդամները: Հանդիպումները հիմնականում անցնում էին աշխույժ, կոլեկտիվների անդամների ակտիվ մասնակցությամբ, որոնց, սոցիալ-տնտեսական բնույթի հարցերից զատ, առաջին հերթին հետաքրքրում էր ԼՂ հակամարտության կարգավորմանն ու Հայաստանի հետ մարզի միավորմանն ուղղված կոմիտեի գործունեությունը: Ի պատասխան մարդկանց հարցումների, Ա. Վոլսկին ժպիտով պատասխանում էր, թե միացում չի խոստանում, բայց ահա անջատում կազմակերպելու հարցում պատրաստ է օգնել»:
Ս. Բաբայանի խոսքով, իրեն պարզապես զարմացնում էր լսարանի հետ արագ կապ հաստատելու, կառավարելու, շրջանցելով սուր կողմերը՝ այս կամ այն հարցի քննարկման ընթացքն անհրաժեշտ հուն ուղղելու՝ հռետորի ունակությունը. «Ունենալով նուրբ հումորի զգացում, նա հմտորեն օգտագործում էր դա անհրաժեշտության դեպքում՝ թուլացնելով իրավիճակի լարվածությունը: Ա. Վոլսկու այս որակները նրա բնական տաղանդի ու ղեկավար պաշտոններում կուսակցական աշխատանքի, այդ թվում՝ «ԶԻԼ» մեքենաշինական գործարանի կուսկազմակերպչի պաշտոնում ունեցած մեծ փորձի արդյունք էին»:
Ստեփանակերտ քաղաքի ձեռնարկությունների կոլեկտիվների հետ ծանոթանալուց հետո Ա. Վոլսկին հունվարի 26-ին ժամանեց Բաքու, որտեղ պաշտոնական հանդիպում ունեցավ Ադրբեջանի ղեկավար Ա. Վեզիրովի հետ, իսկ հունվարի 28-ին Երեւանում հանդիպեց Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի հետ: Այցերի ընթացքում տեղի էին ունենում անհատական զրույցներ՝ երկու հանրապետությունների կուսակցական ղեկավարների հետ, որոնց բովանդակության շուրջ Ա. Վոլսկին լռություն էր պահպանում այցի արդյունքները քննարկելիս: «Դրանից հետո հատուկ կառավարման կոմիտեի նախագահը հանրապետությունների առաջին դեմքերի հետ նման հանդիպումներ չունեցավ եւ կոմիտեի աշխատանքը ղեկավարում էր՝ սկզբունքային հարցերը համաձայնեցնելով միայն իշխանության կենտրոնական մարմինների հետ»,- հիշում է Ս. Բաբայանը:
Իր գործունեության հենց սկզբից կոմիտեն հատուկ ուշադրություն էր դարձնում մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին, որտեղ առաջին հերթին անհրաժեշտ էր թարմացնել գյուղատնտեսության ու արդյունաբերության նյութատեխնիկական բազան: «Սարքավորումների (հիմնականում` ավտոտրանսպորտի եւ շինարարական տեխնիկայի) նախնական հայտն իրացնելու համար գործուղվեցի Մոսկվա: Կառավարությունում ինձ անմիջապես ընդունեց Նիկոլայ Ռիժկովը: Հայտը բավարարվեց, եւ կարճ ժամանակում տեխնիկան մարզ հասավ: Իմ Մոսկվա մեկնելուց առաջ Ա. Վոլսկին, որին համոզելու համար երկար ժամանակ չպահանջվեց, հայտից բացի առանձին նամակ գրեց կառավարությանը, որով հիմնավորվում էր թթի օղու` որպես ավանդական ազգային խմիչքի արտադրության վերսկսման անհրաժեշտությունը, ինչի վերաբերյալ Ն. Ռիժկովը համապատասխան հանձնարարական տվեց»,- պատմում է Սեմյոն Բաբայանը:
Միջոցներ ձեռնարկվեցին մարզի արդյունաբերական արտադրության կատարելագործման ու առանձին ձեռնարկությունների ենթակայության հարցում փոփոխություններ մտցնելու ուղղությամբ: Արկադի Վոլսկին ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարին համոզեց Ստեփանակերտի գործարանը հանձնել Երեւանի «Լույս» արտադրական միավորման ենթակայությանը: Կոմիտեի միջնորդությամբ «Սելխոզմաշ» գործարանը, որը ԽՍՀՄ տրակտորային եւ գյուղատնտեսական մեքենաշինության նախարարության ենթակայության տակ էր, մտցվեց նույն նախարարության «Հայգյուղտեխնիկա» գիտարտադրական միավորման կազմ: Ստեփանակերտի արտադրական ավտոտրանսպորտային միավորումը ներառվեց Հայկական ԽՍՀ ավտոմոբիլային նախարարության մեջ, իսկ կոշիկի ֆաբրիկայի արտադրության հնացած հոսքագծերը փոխարինվեցին արտասահմանյանով: Կահույքի ֆաբրիկան արտադրական կապեր հաստատեց Ռոստովի կահույքի արտադրական միավորման հետ: Իրականացվեցին միջոցառումներ՝ «Ղարմետաքսկոմբինատը» նույնպես Ադրբեջանի ենթակայությունից հանելու ուղղությամբ:
Արագացվեցին մարզի շրջանների գազիֆիկացման տեմպերը: Ապրիլի 19-ին մարզ ժամանեց «Հայտրանսգազ» տրեստի ղեկավար Գեորգի Թաթարյանը՝ մասնագետ, ով զգալի ներդրում ունեցավ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գազաֆիկացման աշխատանքներում: Ա. Վոլսկու միջնորդությամբ մարզի գազաֆիկացման աշխատանքների իրագործումը Ադրբեջանից փոխանցվեց «Հայտրանսգազ» տրեստին, մարզի գազաֆիկացումը շարունակվեց արագացված տեմպերով:
Սեմյոն Բաբայանի խոսքով՝ Ա. Վոլսկու կատարածը ոչ բոլորն են լիարժեք հասկացել: Նա ԼՂԻՄ-ի էկոնոմիկան 100 տոկոսով դուրս էր բերել Ադրբեջանի ենթակայությունից, եւ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն անմիջականորեն Հայաստանի կառավարման ներքո էին: Հայաստանին էին ենթարկվում կրթության, առողջապահության համակարգերը, մշակույթը, իսկ Արցախի գրողների միությունը սկսեց գործել ԽՍՀՄ ԳՄ ենթակայության ներքո:
«Անջատումը» շարունակվում էր թափ առնել եւ ընդլայնել շրջանակները, սակայն Ադրբեջանի իշխանությունների հայատյացությունն իր գագաթնակետին հասավ, եւ Բաքուն Մոսկվային մեղադրելով «հայ ազգայնամոլներին հովանավորելու համար», Մ. Գորբաչովից պահանջեց լուծարել հատուկ կոմիտեն, ինչը շատ չուշացավ: Կառավարման լիազորություններն ամբողջովին անցան ադրբեջանական էմիսարներին, որոնց պարագլուխն էր Վ. Պոլյանիչկոն: Նրա անմիջական հրամանով բռնությունների եւ խոշտանգումների ենթարկվեցին արցախյան շարժման 200-ից ավելի ակտիվիստներ, առաջնորդներից շատերը հայտնվեցին Բաքվի բանտերում: Ամիսներ անց Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ: Իսկ թե այն ինչով ավարտվեց, բոլորին է հայտնի…