Յուրի Երզնկյան. հայ արվեստում այս անունն անքակտելիորեն կապված է հեղինակություն, վարպետ, արվեստագետ, մանկավարժ, դաստիարակ հասկացությունների հետ, ինչը նաեւ վառ վկայությունն է Երզնկյանի անհատականության տեսանելի բազմակողմանիության։
…Երզնկյանների ընտանեկան ալբոմում կա խմբակային հին լուսանկար. արժանապատվությամբ լի կենտրոնացած դեմքեր, որոնց շարքում ուշադրություն է գրավում բարի, թափանցող աչքերով, սրածայր մորուքով մի տղամարդու դեմք։ Դա Արամայիս Երզնկյանն է՝ Խորհրդային Հայաստանի ականավոր քաղաքական գործիչը, առաջին ժողկոմներից մեկը։ Երզնկյանների ընտանիքը, որտեղ 1922 թ. ծնվեց Յուրին, մշակութային, հասարակական կյանքի, քաղաքականության, գրականության եւ արվեստի հրատապ հարցերի բովում էր։ Այս ընտանիքում հյուր էին լինում Չարենցն ու Շիրվանզադեն, Թոթովենցն ու Սարյանը, Մռավյանն ու Խանջյանը: Այստեղ տիրող մթնոլորտը կարծես ինքնին լավագույնս նպաստեց ապագա արվեստագետի ձեւավորմանը։ Բազմակողմանի ընդունակությունները եւ հատկապես նկարելու կիրքն աճելու ու զարգանալու բարեբեր հող էին գտնում։ Ապագա տանող ուղին պարզ ու հասարակ էր թվում։ Բայց կյանքն այլ կերպ տնօրինեց՝ պատանուն ենթարկելով լուրջ փորձությունների, որոնցից առաջինը ստալինյան ռեպրեսիաների հետեւանքով հոր կորուստն էր։
Ապա՝ սեփական ուղու դժվարին որոնումներ, որոնք բերեցին թատրոն, որտեղ տասնյոթամյա երիտասարդը ձեւավորեց իր առաջին բեմադրությունները: Հետո սկսվեց պատերազմը: Արվեստի համար ծանր հենց այդ ժամանակ էլ՝ 1942-ին, Երզնկյանը եկավ Երեւանյան կինոստուդիա, որը տեղավորված էր Տերյան փողոցի մի քանի կավաշեն տներում։ Դա «Դավիթ Բեկ» լայնածավալ պատմական կինոնկարի ստեղծան ժամանակահատվածն էր։ Այդ ժամանակ է կայանում նաեւ հանդիպումը նշանավոր ռուս ռեժիսոր Բառնետի հետ, ով աշխատում էր Երեւանում։ Հենց Բառնետի հետ շփումից, համատեղ աշխատանքի արդյունքում երիտասարդ արվեստագետն ստացավ կինո վարպետության առաջին դասերը, ինչն ամրապնդեց կինոարվեստին նվիրվելու ցանկությունը։ Դա էլ հենց Երզնկյանին բերեց Մոսկվա, որտեղ նա, մեծ վարպետներ Ռուբեն Սիմոնովի եւ Միխայիլ Ռոմի մոտ ուսանելիս, անգնահատելի փորձը ձեռք բերեց։
Երզնկյանի արվեստի ակունքները պետք է փնտրել նաեւ 1950-ականներին, երբ խորհրդային կինեմատոգրաֆի ընդերքում հասունանում էին գործընթացներ, որոնք 1950-ականների վերջին ծնեցին այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք էին «Բալլադ զինվորի մասին», «Մարդու ճակատագիրը», «Իվանի մանկությունը» կինոնկարները։ Այդ գործընթացի թանձրույթում էր Յուրի Երզնկյանը։ 1955 թ. նկարահանած նրա առաջին մեծ ֆիլմը՝ «Հասցեատիրոջ որոնումները», արտացոլում էր ժամանակի արգասավոր միտումները՝ ուսումնասիրել կյանքն իր բոլոր՝ թե՛ դրական, թե՛ բացասական դրսեւորումներով, կենսական խնդիրներ առաջ քաշել, անգամ այնպիսի մասնակի խնդիրներ, ինչպիսիք էին մանուկների համար թողարկվող ապրանքների որակը կամ սպասարկման բնագավառում շփման կուլտուրան:
Այդ արգասավոր միտումը զարգանում է Երզնկյանի մյուս՝ «Առաջին սիրո երգը» (բեմադրված Լաերտ Վաղարշյանի հետ), «Իմ ընկերոջ մասին» ֆիլմերում։ Ռեժիսորը կարծես ծավալուն խոսակցություն է սկսում մարդու, կյանքում նրա տեղի, սիրո, բարոյականության եւ բարեկամության մասին, հոգեւոր արժեքների մասին։ Առաջ անցնելով ասենք, որ այս թեման, ըստ էության, Երզնկյան-արվեստագետի գլխավոր թեմաներից մեկն է դառնում նրա հետագա աշխատանքներում։
Ֆիլմերին ուղեկցած արտասովոր ժողովրդականության փաստը վկայում է, որ հեղինակները որսացել են ժամանակի հանդիսատեսի մտայնություններն ու պահանջմունքները։ Նշանակալի է նաեւ, որ «Առաջին սիրո երգը» ֆիլմը երկար ընդմիջումից հետո հայկական կինեմատոգրաֆը բարձրացրեց համամիութենական էկրան՝ Հայաստանը ներկայացնելով Համամիութենական 2-րդ կինոփառատոնում։
Երզնկյանի ստեղծագործական կենսագրության հաջորդ էջերն արտացոլում են ստեղծագործական որոնումների բազմազան եւ բազմաշերտ փուլեր: Հաջորդաբար էկրան են բարձրանում «Թաղամասն սկսվում է անավարտ շենքից» եւ «Փառքի օղակներ» ֆիլմերը: Առաջինը՝ պատանեկան ֆիլմի ժանրին անդրադառնալու հայ կինոյի առաջին փորձերից մեկն էր: Նման փորձ էր նաեւ, բայց արդեն այլ՝ մարզական ֆիլմի ժանրում, «Փառքի օղակներ» ֆիլմը, որը պատմում էր հանրահայտ հայ մարզիկ Ալբերտ Ազարյանի մասին։ Իսկ1965-ին Երզնկյանը նկարահանում է «Գայանե» ֆիլմ-բալետը՝ որպես հիմք վերցնելով Արամ Խաչատրյանի համանուն բալետը։ Սցենարի վրա աշխատելիս Երզնկյանը գրել է. «…Ֆիլմը մենք պատկերացնում ենք չորս մաս-սյուիտներից բաղկացած ինքնատիպ կինո-խորեոգրաֆիական կտավ»։
1966 թ. ռեժիսորը նկարահանում է վավերագրական կինոնկար «Եթե դու գնաս Հաղպատ», որտեղ գեղարվեստական խնդրի շրջանակները չէին սահմանափակվում պատմաճանաչողական դրվագներով։ Հեղինակներն իրենց առջեւ խնդիր էին դրել ստեղծել Հաղպատ գյուղի կերպարը՝ իր ժամանակակից դիմագծերով, պատմական հեռանկարով։ Դրանով Երզնկյանն առաջին անգամ չէ, որ անդրադառնում էր վավերագրական կինոյին։ Կինո տանող իր ինքնուրույն ուղին նա սկսել էր մի քանի վավերագրական ֆիլմերից։
Առաջին ստեղծագործական տարիների ժամանակագրությունը պարզորոշ ցույց է տալիս Երզնկյան-ռեժիսորի ստեղծագործական տարածքը, խոսում է նրա զարմանալի աշխատունակության եւ ստեղծագործական բարի «ագահության» մասին, որն արվեստագետին թույլ չի տալիս կանգ առնել տեղում կամ սպասել, թե երբ կընձեռվի իրեն ցույց տալու նպաստավոր, տանուլ չտալու հնարավորությունը։ Մեկ տասնամյակի ընթացքում Երզնկյանը նկարահանեց մոտ տասը՝ ե՛ւ թեմատիկայով, ե՛ւ կատարմամբ միմյանց չնմանվող կինոնկար։
Երզնկյան-ռեժիսորի հետագա ստեղծագործական ուղու մեջ կարելի է հայտնաբերել եւ՛ սիմոնովյան, եւ՛ ռոմովյան գծեր։ Մի կողմից դա ձգտումն է դեպի տեսարանայնությունը, արտահայտչականության տեսանելի գեղակերպությունը եւ վառ կերպարները։ Վախթանգովյան դպրոցի ավանդույթների անդրադարձման առավել վառ օրինակն էր «Խաթաբալան», որը դրսեւորվեց Սունդուկյանի դասական պիեսի անսովոր գեղակերպությամբ, կինեմատոգրաֆիական լուծման պատկերավորությամբ։ Թե ինչքան մեծ դեր էր հատկացված կերպարվեստային լուծմանը, հաստատում է այն փաստը, որ ֆիլմի վրա աշխատելու համար, որպես նկարիչներ, հրավիրվել էին վրձնի այնպիսի վարպետներ, ինչպիսիք էին Մինաս Ավետիսյանը եւ Ռոբերտ Էլիբեկյանը։
Մյուս կողմից դա մարդկային ոգու հավերժական պրոբլեմների, բարու ու չարի, խղճի ու պատվազրկության, ճշմարտության ու կեղծիքի, սիրո եւ ատելության հակամարտության հանդեպ խոր հետաքրքրությունն էր։ Երզնկյանի ստեղծագործության այդ յուրատեսակ փիլիսոփայական տեսանկյունն ավելի վառ արտահայտվեց վարպետի հետագա բոլոր աշխատանքներում, որոնք հիմականում էկրանավորումներ էին: «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմը նկարահանվել է Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքի հիման վրա, որ էկրանի համար մշակել էր Հրանտ Մաթեւոսյանը, «Սգավոր ձյունը»՝ ֆրանսիացի գրող Անրի Թրուայայի «Սգավոր ձյունը» հայտնի վեպի հիման վրա, «Գոտեմարտը»՝ Զորի Բալայանի հյուսիսային պատմվածքների մոտիվներով։ Ստեղծագործական հասունության շրջանում մարդկային ոգուն անդրադառնալը ձեռք է բերում փիլիսոփայականի, ներհուն խորհրդածության, հետազոտման նրբերանգ։ Անրի Թրուայայի վեպը բնավորությունների այդպիսի խոր ուսումնասիրման, մարդկային հոգու գաղտնիքների մեջ թափանցելու լայն հնարավորություն էր ընձեռում։ Հերոսները բացահայտվում են ծայրահեղ իրավիճակներում, որտեղ վճռորոշ գործոն է ոչ թե ֆիզիկական ուժը, այլ մարդու բարոյական ուժը, մարդու էության եւ մարդկային փոխհարաբերությունների հիմքում ընկած բարության, ճշմարտության, պատվի ուժը։ Այդ թեմայի անմիջական շարունակությունն էր «Գոտեմարտ» հեռուստաֆիլմը, որտեղ նույնպես մեկը մյուսի ու տարերքի հետ բախվում են երկու միանգամայն տարբեր մարդիկ։
Յուրի Երզնկյանի՝ հայ կինոյում ունեցած վաստակի եւ ներդրման մասին վկայում են նաեւ կառավարական բազմաթիվ պարգեւները, մրցանակները, պետական մրցանակի դափնեկրի, հանրապետության ժողովրդական արտիստի կոչումները։ Բայց ահա վաստակաշատ արվեստագետի եւս մի բնորոշ գիծ. վերջին տարիներին Յուրի Երզնկյանին հաճախ կարելի էր տեսնել երիտասարդների շրջանում։ Իհարկե, դա պարզ բացատրություն ուներ. Երզնկյանը Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինո-ֆոտո վարպետության ամբիոնի վարիչն էր, պրոֆեսոր, ռեժիսորական արվեստանոցի ղեկավար։ Եվ, այնուամենայնիվ, պատճառը Երզնկյանի անհատականությունն էր, որ մշտապես որոնման, շարժման մեջ էր։ Հարցազրույցներից մեկում Յուրի Երզնկյանն ասել է, որ երիտասարդության հետ շփումը հենց իրեն է երիտասարդացնում, հարստացնում։ Իր հերթին, Երզնկյանը երիտասարդներին էր հաղորդում իր փորձը, գիտելիքները, այն վեհ ավանդույթները, որոնք սնուցել են նրա արվեստը։ Իսկ երիտասարդներին հաղորդած Յուրի Երզնկյանի գլխավոր պատգամն՝ ընտրած գործին անմնացորդ նվիրվելն ու ծառայելն է։
Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կինոգետ