Ճարտարապետ, գրականության սիրահար, Շեքսպիրի գիտակ, գունաշխարհի վրձնին տիրապետող` Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու հանդեպ հիացմունքն անսպառ է, ինչպես անսպառ է նրա ազգային մտածողության, ազգանվեր գործունեության, հայրենասիրության ու հայրենաշինության, հայոց լեզվի հանդեպ անձնվիրումը։ Նրա բազում շնորհներից առանձնանում ու շեշտադրվում է հատկապես քաղաքական, իսկ անունը կապվում վարչապետական գործունեության հետ, քանզի հայ ժողովրդի բախտախնդիր շրջանում հայրենիքի ու պետության պաշտպանության խնդիրը շեքսպիրյան լինել-չլինելու հարցադրման տիրույթում էր։
Քաջազնունու նախնիները 19-րդ դարի սկզբին Էրզրումից տեղափոխվել են Ջավախք. այստեղ էլ` Ախալցխա քաղաքում, 1868 թ. փետրվարի 1-ին ծնվել է Հովհաննեսը։ Գերդաստանին հաճո չէր «Իգիթխանյան» պապենական ազգանունը, ուստի Հովհաննեսի պապի հայրը` Տեր Հովհաննեսը, Ամենայն հայոց կաթողիկոսի թույլտվությամբ, այն փոխարինում է Տեր-Հովհաննիսյան ազգանունով, սակայն Հովհաննեսն այնքան էլ չէր ուզում հեռանալ արմատներից ու նրա պատմությունից. ձեւի ու բովանդակության փնտրտուքներում Իգիթխանյանը դառնում է Քաջազնունի եւ ներդաշնակում այն կերպարին, որով սնվել էր գերդաստանի ոգին, ու որն էլ` մինչեւ կյանքի վերջը, որդեգրեց Հովհաննեսն ու հավատարիմ մնաց դրան։
Ճարտարապետի մասնագիտությունը, որն ստացել էր Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում 1887-1893 թթ., ավարտել գերազանցությամբ եւ անունն անմահացրել համալսարանի «Փառքի սրահում», մտքի կառուցման տեսանկյունից ողջ կյանքում դարձավ ձեւի ու բովանդակության միասնության ուղենիշ։ Ներկա լինելով խնդրի վերաբերյալ Տերյան-Թումանյան բանավեճին, երբ Տերյանը կրքոտությամբ պաշտպանում էր բանաստեղծական ձեւի կարեւորությունը, իսկ Թումանյանը` շեշտադրում բովանդակությունը, Քաջազնունին իրարամերժ տեսակետները հաշտեցնում է դրանց անխուսափելի միասնության անհրաժեշտությամբ. «Երբ վիճողները հոգնեցին, փորձեցի իմ կողմից մի քանի խոսք ասել այն իմաստով, թե գեղարվեստական երկի եւ մասնավորապես լիրիկական բանաստեղծության մեջ անկարելի է բաժանել «ձեւն» ու «բովանդակությունը», թե սրանք միաձույլ էություն են կազմում եւ ոչ մի «ձեւ» չի կարող փրկել անբովանդակ երկը, ինչպես եւ ոչ մի «բովանդակություն», եթե չի գտել համապատասխան «ձեւը», չի կարող առաջ բերել այն ուրույն կարգի հուզմունքը, որ էսթետիկական ենք անվանում…»: Ի դեպ, ձեւի առավելության կողմնակից էր եւ Սեւակը, որին մի ամբողջ կրքոտ հոդված է նվիրել, սակայն, դատելով նրա ընթերցողների շրջանակից, անվերապահորեն հաղթում է Քաջազնունու տեսակետը, քանզի ժողովրդի համակրանքը անհնար է շահել առանց նրա հույզերը շարժող բովանդակության, եւ ի վերջո` ձեւն ու բովանդակությունը բխում են մեկը մյուսից. երբեմն ձեւն է թելադրում բովանդակություն, երբեմն` բովանդակությունը` ձեւ, ու եթե դրանք չեն ներդաշնակում, անհնար է խոսել որեւէ կատարելության մասին։
Այդպես եւ Քաջազնունին ընտրում էր բազմաժանր ու բազմաբովանդակ տաղանդներից՝ ժամանակի համար կարեւորագույնը, ու որքան էլ մշակութային անձնավորություն էր, հայրենիքի փրկությանը ծառայելու անհրաժեշտությամբ, նվիրվում է քաղաքական գործունեությանը եւ հենց ուսանողական շրջանում դառնում ՀՅԴ անդամ, ակտիվորեն մասնակցում ազգային-ազատագրական պայքարի համար կարեւորագույն միջոցառումների, որպես դաշնակցական ենթարկվում հետապնդումների եւ կուսակցության դեմ վկայություն չտալու համար մեկնում Ֆրանսիա, Բելգիա, Վան։ Կուսակցության պայքարը, այնուամենայնիվ, պսակվեց հաջողությամբ. Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում` 1918 թ. մայիսի 28-ին ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը. առաջին հանրապետության վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին, ով ամենայն լրջությամբ էր ընկալում անփորձ կառավարության պատասխանատվության բեռը նորաստեղծ հանրապետության համար` անթաքույց հայտնելով իր մտահոգությունը. «Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը… Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում, նա չի հաջորդում նախկին կառավարությանը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը»։ Եվ, իսկապես, Հայաստանի նորաստեղծ անկախ հանրապետությունը ո՛չ անցյալ ուներ, ո՛չ էլ, ցավոք, ապագա ունեցավ։ Համառուսական բոլշեւիկյան հեղափոխության ալիքը հասավ նաեւ Հայաստան, եւ 1920 թ. կազմավորվեց ՀՍՍՀ-ն` վերջ դնելով առաջին հանրապետության կարճատեւ կյանքին։ Արդեն ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնած Քաջազնունուն բոլշեւիկները ձերբակալում են, եւ նա ստիպված է լինում մեկուկես ամիս անցկացնել բանտում։ Փետրվարյան ապստամբության ձախողումից հետո Քաջազնունին հասկացավ, որ Հայաստանի խորհրդայնացումն անկասելի եւ անվերադարձ է, իսկ ՀՅԴ կուսակցությունը, ըստ էության, կորցնում է բովանդակությունը եւ դառնում ձեւական կառույց։ Հավատարիմ ձեւի ու բովանդակության միասնության անհրաժեշտության մասին սկզբունքին, Քաջազնունին արդեն անիմաստ է համարում կուսակցական գործունեությունը եւ 1923 թ. գրելով «Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս» աշխատությունը` լքում է կուսակցության շարքերն ու կրկին անցնում խաղաղ, ստեղծագործական աշխատանքի։ Նրա նախագծերով ինչպես 1890-ականներին, այնպես էլ այնուհետ բազմաթիվ կառույցներ են բարձրացել Բաքվում, Թիֆլիսում, Բաթումում, Երեւանում, Գյումրիում, Վանում, Հայաստանի այլեւայլ շրջաններում։
1926 թ. Գյումրիի ահավոր երկրաշարժից հետո Քաջազնունին մշտապես եղել է աղետի գոտում, ուսումնասիրել փլուզված տների բնույթը, առաջարկել շենքերի կառուցման պրոֆեսիոնալ ուղիներ, իսկ նրա ճարտարապետական բարձր պրոֆեսիոնալիզմի մասին վկայում է Լենինականի` նախկին Բուլվարնայա եւ 27-րդ փողոցների խաչմերուկում 1935 թ. Քաջազնունու կառուցած բնակելի շենքը, որը մինչեւ օրս կանգուն է եւ դիմակայել է 1988 թ. կործանարար երկրաշարժին։ Քաջազնունուն վիճակված չէր, սակայն, իր բազում տաղանդները նվիրաբերել հայրենիքի կառուցման ու զարգացման գործին եւ վայելել ստեղծագործական աշխատանքի բաղձալի պտուղները։ 1937 թ. «մսաղացի» ցանցով անցնելուց չկարողացավ խուսափել նաեւ Հովհաննես Քաջազնունին, ում` բանտարկելով Չեկայի նկուղներում, թիվ 17 խցում, մեղադրելով «լրտեսության» մեջ, թե, իբր, «գողացել եւ օտար պետության է տրամադրել ինչ-որ գծագրեր», ենթարկելով անմարդկային կտտանքների, կուրացնելով 3500 մոմանոց էլեկտրական լամպերի լույսով, ստիպեցին զղջանքի խոստովանություն անել։ Սրանից էլ դաժան` Քաջազնունու կրտսեր որդու` հորը մատնելու եւ դրա հիման վրա Քաջազնունու դատավճիռը սարքելու գործն է, մատնություն, որը չի տեղավորվում բանական մտածողության շրջանակներում, քանզի Քաջազնունու վեց զավակներից երեք ավագ որդիները մասնակցել են ազգային-ազատագրական պայքարին, որոնցից երկուսը զոհվել են մարտի ժամանակ, դուստրը` Մարգարիտը, մինչեւ վերջ պաշտպանել է հոր անմեղությունը, եւ միայն պատկերացնել կարելի է, թե ինչ կտտանքների են ենթարկվել հայրն ու կրտսեր որդին` Կարենը, որ հայրն ստիպված է եղել զղջալ «օտար գաղափարախոսություն» արտահայտելու համար, իսկ որդին՝ մատնել հորը։ Չդիմանալով վարկաբեկությանն ու կեղեքումներին, Հովհաննես Քաջազնունին վախճանվում է բանտային հիվանդանոցում` 1938 թ. հունվարի 15-ին։
Միայն ԽՍՀՄ փլուզումից եւ Հայաստանի անկախության հռչակումից հետո Հայաստանի դատախազությունը, ուսումնասիրելով Հ. Քաջազնունու քր. գործը, 1992 թ. դեկտեմբերի 12-ին «Որոշեց Հովհ. Քաջազնունու նկատմամբ քր. գործը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառով, նրան համարել արդարացված եւ ռեաբիլիտացված»։ Մահից հետո անգամ «Կոզեր» կոչվող գերեզմանատանն ամփոփված հայրենանվեր գործչի աճյունը հանգիստ չի առել շիրմում. ամենահաղթ ժամանակի հեգնանքով գերեզմանատունը հավասարեցվում է հողին, եւ բազում աճյունների վրա բազմում է ժամանակի մեխանիկական խորհրդանիշը` Ժամացույցի գործարանը։ Այնուամենայնիվ, որքան էլ Ժամանակն աշխատի սեփական հեւքով, մարդն էլ ի՛ր հեւքով է աշխատեցնում այն` ապավինելով հիշողությանը. այդպես էլ Մարգարիտա Քաջազնունին «Թոխմախյան լճի» գերեզմանատանը հոր անունով հիշատակաքար է կանգնեցնում, հիշատակի խորհրդանիշ, հիշատակ, որն հավերժանում է ապրողների սրտերում…