«…Ահա իսկապես մի տաղանդ, որ երեք տարի խաղում է, եւ մենք չենք տեսնում, թե հանձին նրա (Վաղարշյանի), ինչպիսի մեծ ուժ ունի մեր Պետթատրոնը: Նկատելի է, որ նա լուրջ զբաղվում է իր արվեստով եւ արդեն իսկ ունի մշակված արվեստագետի տակտ եւ չափի զգացողություն»:
Եղիշե ՉԱՐԵՆՑ
Վաղարշ Վաղարշյան՝ ժամանակին մայր թատրոնի բեմը շքեղացնող դերասանական փաղանգի երեւելի դեմքերից մեկը, որի անունն այսօր գրեթե մոռացվել ու չի էլ հնչում: Մինչդեռ անուրանալի է նրա վաստակը հայ թատերական արվեստում, իսկ ամենահնչեղ ներկայացումներում գլխավոր դերակատարումները՝ նախադեպային ու ընդօրինակելի: Ամեն դեպքում՝ այսպիսին է խորիմաց թատերագետների գնահատանքի խոսքը, ովքեր բախտ են ունեցել դիտելու եւ սքանչանալու մեծ դերասանի խաղով…
Այսօր ժամանակավորապես ավարառու ցեղի տիրապետության տակ հայտնված հայոց բերդաքաղաք Շուշիում է ծնվել Վաղարշակ Տեր-Պետրոսյանը, նույն ինքը՝ ոչ միայն դերասան, այլեւ ռեժիսոր, դրամատուրգ, Հայաստանի եւ նախկին միության ժողովրդական արտիստ, ռեալիստական խաղարվեստի խոշոր ներկայացուցիչ Վաղարշ Վաղարշյանը: Ծննդավայրի թեմական դպրոցն ու Թիֆլիսի առեւտրական ուսումնարանն ավարտելուց հետո նրան բախտ էր վիճակվելու անդամակցել Հովհաննես Թումանյանի հիմնադրած Հայ գրողների կովկասյան ընկերությանը, անելու դերասանական ու գրական իր առաջին փորձերը, մոտիկից շփվելու մշակութային հայտնի գործիչների հետ, ինչը եւ կանխորոշելու էր ծնողներին վաղ կորցրած, անփող, բայց մեծ երազանքներ ունեցող երիտասարդի անցնելիք ուղին: Իսկ մինչ այդ երազանքին հասնելը ծառայելու էր Բաքվի նավթահանքերի գրասենյակում, ընդունվելու նույն քաղաքի դրամատիկ-օպերետային շրջիկ թատերախումբ, խաղալու էր Սեյրանի դերը «Նամուսում», Ֆերդինանդինը՝ «Սեր եւ խարդավանքում», այլ դերեր՝ տարբեր ներկայացումներում: Այնուհետեւ ճակատագիրը նրան հասցնելու էր Կրասնոդար, որտեղ աշխատելու էր որպես կուսակցության Կուբան-Սեւծովյան շրջանի կոմիտեին կից ազգային փոքրամասնությունների ենթաբաժնի կառավարիչ: Այդ աշխատանքը նպաստավոր էր այնքանով, որ հնարավորություն էր տալիս՝ տեղի հայ բնակչության եւ գաղթականների համար ստեղծվեին դպրոցներ, մանկատներ, ժողովրդական համալսարան, հայկական թատերախմբեր: Իսկ հայահոծ Դոնի Ռոստովում հիմնադրելու էր Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը եւ նորաստեղծ խմբի հետ շրջագայելու հայաբնակ վայրերում: Վաղարշյանի այսօրինակ նվիրական գործունեությունը յուրատեսակ առաքելություն է հիշեցնում՝ լուսեղեն նոր գծեր ավելացնելով մոռացվող նրա կերպարին…
1923 թվական. արդեն կայացած, փորձառու դերասանի առջեւ իր վարագույրն է բացում Երեւանի նորաստեղծ Առաջին պետթատրոնը՝ այսօրվա սունդուկյանականը, որի բեմում մարմնավորելու էր քառասունից ավելի դերեր: Այդ ընթացքում ներկայացումից ներկայացում ավելի էին հղկվելու Վաղարշյանի արտիստական բնատուր կարողությունները՝ խոսքի բարձր մշակույթ, շարժման ու ժեստերի նուրբ արտահայտչականություն, ճկուն պլաստիկա, շնորհիվ որոնց նա դառնալու էր թատրոնի առաջատար դերասաններից մեկը: Հետագա տարիները նրա դերասանական վարպետության եւ ռեալիստական խաղարվեստի զարգացման շրջանն էին խորհրդանշելու: Մանավանդ ռուսական խաղացանկի ներկայացումներում նրա մարմնավորած կերպարները համարվելու էին լավագույններից՝ Խլեստակով՝ «Ռեւիզոր», Տիխոն՝ «Ամպրոպ», Դոն Գուան՝ «Քարե հյուր», Եգոր Բուլչով՝ նույնանուն պիեսում: Ի դեպ, վերջինում կերտած կերպարը ընդունված է համարել գլուխգործոցային եւ հայ թատրոնի մեծագույն նվաճումներից՝ ի պատիվ պետական կրկնակի մրցանակների արժանացած դերասանի:
Իսկ հայ դասական խաղացանկի վաղարշյանական լավագույն անձնավորումներից են Սուրենը՝ Շիրվանզադեի «Պատվի համար», Գագիկ թագավորը՝ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի», Աշոտ Երկաթը՝ Մուրացանի «Գեւորգ Մարզպետունի» դասական ստեղծագործությունների բեմադրություններում, Ասլան ամին՝ իր իսկ հեղինակած պիեսում:
Սիրված դերասանը նաեւ ռեժիսոր էր. հարազատ թատրոնի բեմում ներկայացրել է տարբեր դրամաներ, եղել այդ թատրոնի գեղարվեստական ղեկավար, նկարահանվել հայկական կինոնկարներում, դասավանդել թատերական ինստիտուտում, ստեղծագործել դրամատիկական ժանրում՝ «Ղողանջ», «Սուլթան Աբդուլ Համիդ», «Գագիկ Երկրորդ»: Բազմաշնորհ ու բազմատաղանդ մի արվեստագետ՝ արմատները հայրենի Շուշիում, վախճանը՝ ռուսաց մայրաքաղաքում, հավերժական ննջելատեղին՝ Հայոց մեծերի պանթեոն:
Այսօր նրա ծննդյան օրն է. տեսնես ծաղիկներ կդրվե՞ն, ու խունկ կծխվի՞ նրա թանկ շիրմին…