70 տարի առաջ` 1952 թ. փետրվարի 4-ին, վախճանվեց հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր (1938), պրոֆեսոր (1925), ԽՍՀՄ ԳԱ (1939) եւ ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935) Հակոբ Համազասպի Մանանդյանը։
Այն ժամանակ Խորհրդային Հայաստանի կառավարության որոշումով նա հուղարկավորվեց Երեւանի պետական համալսարանի շենքի բակում` ի հարգանս եւ ի տրիտուր նրա գիտական մեծարժեք ժառանգության, ժառանգություն, որ նույնքան բարձր է գնահատել ակադամիկոս Մանանդյանի հետ բարեկամական ու գիտական սերտ կապեր ունեցող խորհրդային անվանի պատմաբան, ակադամիկոս Բորիս Գրեկովը՝ նշելով, որ Հակոբ Մանանդյանը «իր հայրենի երկրի պատմության համար արել է ավելին, քան նրա շատ նախորդները»: Գրեկովը պատահական մարդ չէր եւ քաջատեղյակ էր հայոց պատմությանը, ով վստահաբար ապացուցում էր, որ ինչպես սլավոնները, այնպես էլ հայերը չեն ունեցել ստրկատիրական համակարգ, այլ նախնադարյանից անցել են ֆեոդալականին։ Բնական է, որ հայոց պատմությամբ հետաքրքրված ու նրանով զբաղված օտարազգի պատմաբանը պետք է հենվեր նաեւ հայոց պատմությամբ զբաղված հայ գործիչների աշխատությունների վրա, իսկ Հակոբ Մանանդյանի աշխատությունները նա այնքան լավ էր ուսումնասիրել, որ «Выдающийся советский историк Я. А. Манандян» գրքում հոդվածներ, հիշողություններ, ակնարկներ է նվիրել նրան։
Մանանդյանի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում ու ԽՍՀՄ-ում, այլեւ եվրոպական երկրներում. նա այն հազվագյուտ գիտնականներից էր, որ խորապես ու լրջորեն զբաղվել է բազմաթիվ ու տարատեսակ խնդիրներով` յուրաքանչյուր ոլորտում թողնելով սեփական ձեռագիրը, ինչը, անշուշտ, արդյունք էր ստացած բազմակողմանի ու հիմնավոր կրթության։ Մանանդյանը նախ սովորել էր Ախալցխա քաղաքում, ուր ծնվել էր 1873 թ.` անտառապետի ընտանիքում, որտեղ գնահատում էին ուսումնառությունն ու հետամուտ լինում որդու կրթությանը, այնպես որ Մանանդյանն այնուհետեւ կրթությունը շարունակում է Թիֆլիսի առաջին գիմնազիայում, ապա մեկնում Գերմանիա, ընդունվում Ենայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ, սովորում մի քանի համալսարաններում, ուսումնասիրում համեմատական լեզվաբանություն, բանասիրություն, պատմություն, տնտեսության պատմություն, ինչպես նաեւ Լայպցիգի ու Ստրասբուրգի համալսարաններում ունկնդրում տնտեսության պատմության, հասարակական գիտությունների վերաբերյալ դասընթացներ:
1897 թ.` ավարտելով Ենայի համալսարանը, Մանանդյանը պաշտպանում է Մովսես Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկին նվիրված պատմաբանասիրական ատենախոսությունը, ստանում փիլիսոփայության դոկտորի աստիճան: 1898 թ. էքստեռն կարգով ավարտում է նաեւ Պետերբուրգի կայսերական համալսարանի արեւելագիտական ֆակուլտետը` պարսից լեզվի, պատմության ու բանասիրության մասնագիտությամբ, ստանում առաջին աստիճանի դիպլոմ: Մանանդյանը տիրապետում էր ոչ միայն հայերեն աշխարհաբարին ու գրաբարին, այլեւ հիանալի գիտեր ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, հին հունարեն, լատիներեն, պարսկերեն, սանսկրիտ։ Սակայն, երբ նա 1899 թ.` գիտությամբ լեցուն ու ոգեւորված, գալիս է Հայաստան, գիտական ու ստեղծագործական կյանքը ամենեւին էլ չի ժպտում նրան, ինչպես որ Հ. Աճառյանին, Ստ. Մալխասյանցին, Մ. Աբեղյանին եւ շատ այլ հայագետների, գրողների, ովքեր ստիպված են եղել ուսուցչություն անել կամ օրն անցկացնել խմբագրատներում, ինչը չէր կարող նյութապես ապահովել նրան այն աստիճան, որ կարողանար, ի վերջո, անցնել գիտական գործունեության, եւ Մանանդյանը ստիպված եղավ պատմաբանասիրական գործը ընդմիջել իրավաբանական գործունեությամբ, ինչի համար էքստեռն քննություններ հանձնեց Յուրեւի (Դորպատ-Տարտու) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որը հաջողությամբ ավատելուց հետո գործի անցավ Բաքվի շրջանային դատարանում` 1909-1919 թթ.։
Եվ միայն Խորհրդային Հայաստանում Մանանդյանի համար բացվեցին գիտության դռները։ 1921 թ. հունվարի 7-ին նա նշանակվեց նորաբաց համալսարանի ռեկտոր, հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ ու դասախոս, այնուհետեւ` արեւելագիտական-պատմագրական ֆակուլտետի դեկան։ Պատմագրական ֆակուլտետում հայ ժողովրդի հին եւ միջնադարյան պատմության դասախոսություններով Մանանդյանը դառնում է առարկայի համալսարանական գիտական դասընթացի հիմնադիր, ինչպես նաեւ մի քանի ասպիրանտների գիտական ղեկավար: Մանանդյանի զբաղեցրած պաշտոններն անգամ եւ զբաղվածության աստիճանն են զարմանք հարուցում, ուր մնաց, դրա հետ մեկտեղ, նրա գիտական ուսումնասիրությունների ու աշխատությունների զուտ ցանկը, որ ասես չի տեղավորվում մարդկային կյանքի սահմանափակ ժամանակի շրջանակներում. չէ որ այդ պատրաստի աշխատությունները, որոնց սահմանն անցնում է 150-ից, դրան ավելացրած նաեւ թարգմանություններն ու զուգահեռ այլ մենագրություններ, ահռելի նախապատրաստական ժամանակ ու ջանք են խլել, ժամանակ, որ շատ շատերի համար անցնում է անիմաստ վատնությամբ, գիտնականի համար փոխհատուցվում է այն ողջ անցյալի, ներկայի ու գալիքի` մարդկային պատմության ապրվածի ու ապրելիքի ժամանակային անսահմանափակության լիարյուն բովանդակության հետ կենսալի շփումով։
1920 թ., Հրաչյա Աճառյանի աշխատակցությամբ, Մանանդյանն հրատարակել է 12-19-րդ դարերի հայկական վկայաբանական գրականության հայտնի բոլոր բնագրերը (հ. 1-ին, 2-րդ), գիտական հրատարակության է պատրաստել հին հունական իմաստասերների (Նոնոս, Էլիաս, Զենոն Ստոիկ, Արիստոտել եւ այլք) երկերի հայերեն թարգմանությունների բնագրերը։ Մանանդյանի բանասիրական արժեքավոր աշխատություններից է 1928 թ. լույս տեսած «Հունաբան դպրոցը եւ նրա զարգացման շրջանները» մենագրությունը, որով չի սահմանափակվում նրա ուսումնասիրությունները խնդրո առարկայի վերաբերյալ. այնուհետեւ լույս են տեսնում եւս երկու արժեքավոր աշխատություններ։ Նրա բազմաբնույթ հետաքրքրությունների, ուսումնասիրությունների, աշխատությունների շրջանակը համալրված է թուրք-թաթարական արշավանքների շրջանում Հայաստանի դրության վերաբերյալ քննությամբ, հին եւ միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի հետազոտություններով, հին Հայաստանում գործած կշիռների ու չափերի վերաբերյալ պարզաբանումներով, իսկ «О торговле и городах Армении в связи с мировой торговлей древних времен (V в. до н.э.—XIV в .н .э.)» մենագրության մեջ, որը Հայաստանի քաղաքների մասին առաջին ուսումնասիրությունն է, հենվելով հայկական, հունական, հռոմեական, արաբական, պարսկական եւ այլ փաստական աղբյուրների վրա, ներկայացնում է տարբեր դարաշրջաններում Հայաստանի քաղաքների, առեւտրի ու արհեստների զարգացումը, Հայաստանի ճանապարհներով միջազգային տարանցիկ առեւտուրը, միջնադարյան քաղաքների ներքին կառուցվածքը եւ այլն: «Ֆեոդալիզմը հին Հայաստանում» աշխատության մեջ Մանանդյանը մանրամասն վերլուծում, պարզաբանում է Հայաստանում նախարարական` ֆեոդալական կարգի էությունն ու առանձնահատկությունները: Ռազմական ճանապարհների վերաբերյալ 1936 թ. լույս է տեսնում գիտնականի` «Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները ըստ Պեւտինգերյան քարտեզի» արժեքավոր մենագրությունը, որի շնորհիվ բազմաթիվ տեղանուններ հավաստի տեղորոշված են Հայաստանի քարտեզի վրա։
Կյանքի վերջին տարիներին ձեռնարկել է «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատությունը` միտք ունենալով ներկայացնել հայ ժողովրդի ծագումը մինչեւ Բագրատունյաց թագավորության շրջանը, սակայն վերջին մասը անավարտ մնաց գիտնականի մահվան պատճառով, թեեւ նյութերը հիմնականում պատրաստ էին։ Հակոբ Մանանդյանի պատմագիտական արժեքավոր գործերից է «Տիգրան Բ եւ Հռոմ» մենագրությունը, որտեղ, համադրելով պատմական տարաբնույթ աղբյուրներ, վերլուծությունների միջոցով առաջնությունը տալիս է այս կամ այն աղբյուրի հավաստիությանը եւ ըստ այդմ հանգում համապատասխան եզրակացությունների։
Այն ամեն արժեքավորը` մեր մեծերի թողած մտավոր ժառանգությունը ոչ միայն մեր պահոցների պարծանքը պիտի լինի, այլեւ մեր առօրյա կյանքի ուղեկիցը, քանզի միայն նրանց մտքի հետ հաղորդակցվելով կարող ենք հասկանալ ու ճանաչել ինքներս մեզ, բացահայտել մեր զորությունը, ապավինել մեր կամքին ու պաշտպանել այն, ինչ տրված է մեզ արժանապատիվ ապրելու համար…