Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Նրանից հետո դաժան լռություն տիրեց…»

Դերասան, որին խնկարկում էին համբույրով…

Փետրվարի 15, 2022
Այլք
«Նրանից հետո դաժան լռություն տիրեց…»
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
497
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ճշմարտախոս արտահայտություն կա՝ դերասանություն կարող են անել շատերը, իսկ արտիստ դառնալ միայն կոչվածներին է վերապահված: Վերջինների դասում է մեծանուն դերասան Բաբկեն Ներսիսյանը, ով արդեն այդպիսին էր տասնինը տարեկան հասակում, երբ Թիֆլիսի պատանի հանդիսատեսի թատրոնում խաղաց Համբոյի դերը՝ տարիքով իրենից մեծ Գիքորի դերակատարի խաղընկերությամբ: Սրան գումարվելու էր նաեւ Ֆերդինանդի դերակատարումը «Սեր եւ խարդավանք» ներկայացման մեջ, որից հետո բեմադրիչները ցնծալու էին, որ հրաշքվել է այդպիսի դերասան…

Իսկ որտեղից էին Բաբկեն Ներսիսյանի ակունքները. ծնողները Մուշից էին, Լիս գյուղից, որ յաթաղանից մազապուրծ՝ հասել էին Թիֆլիս, այստեղ հանդիպել իրար, ընտանիք կազմել ու կյանք պարգեւել իրենց չորս զավակներին՝ Շողիկին, Շուշիկին, Մամիկոնին եւ Բաբկենին: Թե հետագայում ինչ ճանապարհ էր անցնելու Բաբկենը, երեւակվեց ժամանակի ընթացքում, իսկ որ խոստումնալից բանաստեղծ էր ու իր գիրն էր թողնելու նրա ավագը՝ Մամիկոն եղբայրը, ցավոք, այդ ընթացքը կանխվում է վաղաժամ մահով:

Բաբկենի ծնողների սրտով չէր, որ իրենց կրտսերը փախչում է դասերից ու շտապում ներկայացումներ դիտելու: Իսկ նա ոչ միայն դիտում էր, այլեւ 15 տարեկանից խաղում  Թիֆլիսի պատանի հանդիսատեսի թատրոնում: Նրան անվանում էին «թատրոնի սիրտ» եւ կանխատեսում փայլուն ապագա: Եվ անսխալական էր նման կանխատեսումը. 27-ամյա տաղանդավոր դերասանը համալրում է վրաց մայրաքաղաքի հայկական դրամատիկական թատրոնի կազմը՝ խաղալով Վահրամ Փափազյանի հետ, կերպավորելով ամենատարբեր դերեր՝ մեկ Պեպո, մեկ Աբիսողոմ աղա, մեկ Արսեն: Հայ եւ վրաց հասարակությունը որպես կուռքի է ընդունում նրան: Այո, նաեւ վրաց, քանզի վրացի դերասանների հետ հայազգի դերասանը նաեւ վրացերենով մարմնավորել էր Պեպոյին եւ գերազանցել բոլորի սպասումները: Բաբկեն Ներսիսյանի հանդեպ թատերասերների տածած սերը պաշտամունքի էր վերածվել: Որքանով կարող է հավաստի չլինել այն իրողությունը, որի մասին վկայել է դերասանի կինը՝ Ժենյա Ներսիսյանը. երբ ամուսնու հետ քայլելիս են լինում փողոցի բարձրաբազրիք մայթով, եւ դերասանը քայլքը համաչափում էր ձեռքի ափը բազրիքի սալերին թփթփացնելով, հետեւից ինչ-որ շշուկախառը ձայներ են լսում: Շրջվում են եւ ինչ՝ երկու օրիորդ հետեւում եւ համբուրում են սիրված դերասանի ձեռնահետքերը…

Դերասանական բարձրագույն կրթություն չստացած արտիստի խաղը չէր վրիպել նաեւ բեմական ռեժիսուրայի կախարդ Վարդան Աճեմյանի զննիչ հայացքից: Եվ երբ նա 1956-ին վերջինիս հրավիրում է Երեւանի մայր թատրոն, թիֆլիսյան թատրոնի գործընկերները, մանավանդ թատրոնի ղեկավար Վաղարշակ Էլիբեկյանը, տագնապի ձայներ են հնչեցնում, ջանում ամեն կերպ իրենց մոտ պահել դրամատիկականին շունչ ու ոգի տվող Բաբկեն Ներսիսյանին: Բայց վիճակն արդեն նետված էր. սունդուկյանական կոլեկտիվը ցնծությամբ է ընդունում արդեն իսկ մեծահամբավ դերասանին: Իսկ այս թատրոնում բեմի տիրակալներ էին մեծամեծերը՝ Վահրամ Փափազյան եւ Հրաչյա Ներսիսյան, Գուրգեն Ջանիբեկյան ու Վաղարշ Վաղարշյան, Ավետ Ավետիսյան եւ էլի շատ տաղանդավոր դերասաններ: Կարող էր թվալ, թե դերասանական շքեղ այս կազմի մեջ ստվերում մնալու վտանգ կառաջանա, սակայն իզուր՝ նա շուտով դառնալու էր այն դերասանը, ով վստահորեն փոխարինելու էր նշյալ կուռքերին, ինչպես եղավ «Իմ սիրտը լեռներում է»  ներկայացման պարագայում, երբ Բաբկեն Ներսիսյանը փոխարինեց Վահրամ Փափազյանին՝ մարմնավորելով Բեն Ալեքսանդրի դերը, իսկ Ջոնի դերով հանդես եկավ նրա որդին՝ 9-ամյա Տիգրանը:

Մայր թատրոնի բեմում դերասանի առաջին ցայտուն անձնավորումը Մաուրիսիոյի դերակատարումն էր «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացման մեջ: Խաղ, որը հասուն վարպետության ապացույց էր: Հաղթարշավը շարունակվելու էր «Դեպի ապագա», «Արա Գեղեցիկ», «Քաջ Նազար», «Էլի մեկ զոհ», «Նույն հարկի տակ», «Վերջին մեխակներ», «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի», «Մեծապատիվ մուրացկաններ» ու դասական այլ գործերի բեմականացումներում: Գլխավոր դերեր ու առանցքային՝ ներսիսյանական հուժկու տաղանդով կնիքված:

Մշեցի ծնողների զավակն իր ծանրակշիռ ավանդն էր բերելու նաեւ հայ կինոարվեստին. հիշենք նրա մարմնավորած Սայաթ-Նովային՝ երբեւէ փայլը չկորցրած նույնանուն ֆիլմում, գնդապետ Սուրմելյանին՝ «Սարոյան եղբայրներում», Աբբաս Միրզային՝ «Հյուսիսային ծիածանում»: Կարող ենք դարձյալ թվարկել, սակայն նշյալ կինոնկարներն էլ լիուլի բավարար են, որպեսզի մեր ֆիլմարվեստում եւս ոսկետառվի Բաբկեն Ներսիսյան ազգանունը, որի վախճանից հետո, Հակոբ Ղազանչյան երախտավորի վկայությամբ, «դաժան լռություն տիրեց»:

Շռայլորեն օժտված ժողովրդական դերասանը, բացի թատրոնից եւ կինոյից, սիրված ու մեծարելի էր նաեւ որպես ասմունքող. Սայաթ-Նովայի, Հովհաննես Թումանյանի, Պարույր Սեւակի, Եղիշե Չարենցի ստեղծագործությունների նրա մատուցումները անհնարին է զուգահեռել հանրահայտ մեր ասմունքողների հետ. նրա առինքնող ձայնը, խոսքի արտահայտչականությունը, մատուցման տեխնիկան անշփոթելի են ու խիստ անհատական: Ասել է թե՝ վարպետ ու վաստակաբեռն իր գործունեության բոլոր բնագավառներում, որից սովորելու, անժամկետ դասեր ունեն առնելու մանավանդ մեր հեղհեղուկ ժամանակների՝ մանավանդ սերիալային հռչակ վայելող հին ու սկսնակ դերասանները…

Խոնարհում Մեծին, որի ծննդյան օրն է այսօր:

Թեգեր: Բաբկեն Ներսիսյանդերասանմշակույթ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist