Արցախյան հողի՝ իր մարշալներով, գեներալներով ու հերոսներով աշխարհին հայտնի Չարդախլու (Խաչիսար) գյուղը, որտեղ մեկուկես հազար տարի անընդմեջ ապրում էին հողապաշտ ու հզոր մարդիկ, աշխատում, արարում, զավակներ ունենում, որոնցից շատերի անունները պատմության էջերում անմահանալու էին փառքի դափնեպսակով զարդարված, այսօր օտարի տիրապետության տակ է: Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան… Թշնամին պղծել-ավերել է ծննդավայրում հառնեցրած նրանց հուշարձանները: Նախանձից, նենգությունից, չարությունից: Որովհետեւ խաշնարած անասնագողի գենն անունակ է գեներալներ ու մարշալներ լույս աշխարհ բերելու…
Համազասպը չարդախլվեցի Խաչատուր Բաբաջանյանի ընտանիքի երրորդ արու զավակն էր: Ինը տարեկան էր, երբ տեղափոխվում են Թբիլիսի: Ապագա մարշալը ընդունվում է հայկական դպրոց, որը, սակայն, չի ավարտում. վերադառնում են գյուղ, սկսում է զբաղվել հողագործությամբ: 1925-ին տասնինը բոլորած երիտասարդը թողնում է հողագործի բահն ու գերանդին եւ առաջին անգամ հագնում զինվորականի համազգեստ: Սկզբում սովորում է Երեւանի Ալ. Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցում, ապա Թիֆլիսի Անդրկովկասյան հետեւակային ուսումնարանում: Ավարտելուց հետո նշանակվում է Կովկասյան չորրորդ հետեւակային գնդի դասակի հրամանատար: Կարճ ժամանակ անց՝ վաշտապետ, ապա՝ գումարտակի հրամանատար: Ակադեմիական կրթություն ստանալուց հետո չարդախլվեցի զինվորականը նշանակվում է Անդրկովկասյան զինվորական օկրուգի կորպուսի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ: 1938-ին Բաբաջանյանն արդեն Լենինգրադում էր՝ գնդի հրամանատարի տեղակալի կարգավիճակով: Այստեղից էլ նա մասնակցում է ֆիննական պատերազմին, որին հաջորդելու էր մեծ Հայրենականը…
1941 թ. 19-րդ բանակը, որի շտաբի պետի տեղակալն էր, փոխադրվում է ԽՍՀՄ արեւմտյան սահման, որտեղ էլ բանակը դիմավորում է թշնամուն: Նույն տարվա աշնանը, ֆիննական պատերազմում խրախուսանքների արժանացած զինվորականին վստահվում է 395-րդ հետեւակային գնդի հրամանատարությունը: Բաբաջանյանի գունդը Վիտեբսկի, Սմոլենսկի, Ելնյայի ռազմական գործողություններին մասնակցելուց հետո մարտնչում է Դոնի Ռոստովի մատույցներում, այնուհետեւ Արեւմտյան ռազմաճակատում: 1942-ի գարնանը վերադաս հրամանատարությունը նրան նշանակում է 3-րդ մեքենայացված բրիգադի հրամանատար:
1944 թվական. Արեւմտյան Ուկրաինայում գերմանացիների պարտությունից, Պերեմիշլի եւ Լվովի ազատագրումից հետո բացվում է ճանապարհը դեպի Վիսլա: Ճանապարհ, որն ուղիղ դեպի Գերմանիա էր տանում: Դնեստրի բարեհաջող անցման, հրամանատարական փայլուն գործողությունների եւ գրոհի անթերի կազմակերպման համար գվարդիայի փոխգնդապետ՝ հայազգի հրամանատարն արժանանում է Սովետական Միության հերոսի կոչման եւ տանկային կորպուսի հրամանատարի պաշտոնի:
Երբ պատերազմի ելքն արդեն վճռված էր, 1945 թ. մարտի 5-ին Գեորգի Ժուկովը խորհրդակցություն է հրավիրում եւ հրահանգում, որ Բեռլինի վրա հարձակումը պետք է սկսել առանց հապաղումի: Շտապողականության պատճառը հասկանալի էր՝ դաշնակից պետությունները ջանում էին խորհրդային զորքերից առաջ մտնել արդեն իսկ գրեթե գլխովին ջախջախված Երրորդ ռեյխի մայրաքաղաք: Ուստի առաջնային կարեւորության խնդիր էր նախորդելը դաշնակից համարվող զորքերին:
Գերմանացիների դիմադրությունը որքան էլ կատաղի, հարձակումն անկասելի էր. Համազասպ Բաբաջանյանի տանկային կորպուսը առաջիններից էր, որ մտավ Բեռլինի արվարձաններ: Նրա կորպուսի տանկերն ուղղակիորեն հարվածում էին Ռեյխստագը: Ապրիլի 30-ին ֆաշիստական գլխավոր որջի տանիքին բարձրացվեց հաղթանակի դրոշը…
Պատերազմի ավարտից հետո՝ 1948-ին Բաբաջանյանն ավարտում է ռազմական ակադեմիան, ծառայում Գերմանիայում որպես բանակի շտաբի պետ, բանակի հրամանատար եւ Մերձկարպատյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, նշանակվում Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, Ռ. Մանիլովսկու անվան զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ: Ի դեպ, հետպատերազմյան խաղաղ ժամանակներում տեղի ունեցած իրական կամ լեգենդանման մի դեպք է հիշատակվում մարշալի կյանքից՝ մտքին եկել է մի քիչ թռչել… կործանիչով: Թռչել Թուրքիա… Թռչում է, եւ ականջակալները պայթում են զգուշացումներից. «Ընկեր հրամանատար, Դուք թռաք պետական սահմանի վրայով…»: Բաբաջանյանը թռչում է Թուրքիայի տարածքի վրայով ու վերադառնում: Հետեւանքը թուրքական կողմի բողոքն էր եւ մարշալի համար 18 օրվա տնային կալանքը… Ինչեւէ, պատերազմի ավարտից ուղիղ 30 տարի անց միայն հայազգի զորահրամանատարին, որ տարբեր ճակատներում մարտնչելիս «Սեւ հովազ» մականունն էր վաստակել, շնորհվում է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում:
Մարշալ Բաբաջանյանի մասին խոսելիս անհնարին է չհիշատակել նախկին հասարակարգի խարան 1956 թվականը, երբ բուդապեշտյան ապստամբությունը ճնշելու համար խորհրդային կայսրությունն այս երկիր էր ուղարկվել մեծաքանակ զորքեր եւ զրահատեխնիկա: Հերոսը, որ անցել էր արհավիրքների միջով եւ ահ չուներ մահվանից՝ այս անգամ հրաշքով է փրկվում. ճնշման գործողությունների ժամանակ արկի բեկորը պատուհասում է նրա շնչափողը: Ծանր վիրահատության գնով է միայն հաջողվում փրկել ապագա մարշալի կյանքը…
Ամփոփենք՝ նորից անդրադառնալով Չարդախլու հերոսածին գյուղին. դժվար թե գտնվի մեկ այլ գյուղ կամ քաղաք, որ հայրենիքին նվիրաբերած լինի զույգ մարշալներ, 12 գեներալ, Խորհրդային Միության 7 հերոս, հարյուրավոր բարձրակարգ սպաներ: Եվ նման քաջազունների բնօրրանն է այսօր օտարի ձեռքին… Հավատանք՝ հայոց պատմության անիվը դեռ հետ է պտտվելու: Կգան այդ ժամանակները: Հավատանք մեր ներուժին…