Արագածոտնի բոլոր նորանշանակ մարզպետները, Աշտարակի բոլոր նորընտիր քաղաքապետները նշանակման եւ ընտրվելու առաջին օրերին խոստացել են Աշտարակը դարձնել բարետես, ակնահաճո, գեղեցիկ քաղաք, թեեւ բնությունն այդ բոլոր հատկանիշներով օժտել է քաղաքը: Բայց մարդկային անտարբերությունից, ժամանակի ավերիչ ձեռքով կամաց-կամաց խամրում է այդ յուրատեսակ գեղեցկությունը:
Մի խոսքով՝ շռայլորեն տրված այդ խոստումները մնացել են թղթերի վրա կամ հօդս են ցնդել այնքան, մինչեւ համայնքի ղեկավարման պարտականությունը ժողովրդի կամքով դրվեց Թովմաս Շահվերդյանի վրա: Այստեղ հետաքրքիր մի դիտարկում պետք է անեմ: Երբ քաղաքապետները չեն աշխատում, եւ քաղաքը հայտնվում է աղբի ու անտարբերության մեջ, երբ խնդիրները, դարսվելով իրար վրա, դառնում են անլուծելի, թե՛ ղեկավարներն են դառնում անտարբեր, թե՛ այդ ղեկավարներին ընտրած ժողովուրդը, ու թվում է, թե ղեկավար գոյություն չունի: Ու երբ այդ իրավիճակը դառնում է տեւական, կարծես դառնում է նաեւ սահմանադրորեն ամրագրված օրինաչափություն՝ իսկ ո՞վ է ասել, թե քաղաքապետը պիտի աղբահանությամբ զբաղվի, իսկ ո՞վ է ասել, թե քաղաքապետը պետք է սոցիալապես անապահով ընտանիքների մասին մտածի, իսկ ո՞վ է ասել, թե քաղաքապետը պիտի քաղաքի բարեկարգման խնդիրներով զբաղվի: Դրան զուգահեռ՝ մեր գիտակցություն է սողոսկել ու դուրս չի գալիս մի նողկալի զավեշտություն՝ դե որ քաղաքապետ է, պիտի գողանա, ո՞վ չի գողանում, գոնե սա կշտացել է, բա որ սովածը գա՞: Հաջորդը՝ երբ քաղաքապետը ծրագրված լուծում է բազմաթիվ խնդիրներ, երբ դրանք լուծելուց հետո բնավ գովազդներով չի զբաղվում, կատարածի մասին չի աղմկում, էլի թվում է, թե այդ քաղաքը ղեկավար չունի, որովհետեւ այնքան են մեր ականջները խցկել ու խցանել գովազդներով, որ իրականությանն արդեն չենք հավատում: Բայց ինչպես ասում են, ժողովուրդն իմաստուն է, աչքը՝ ամենատես, հատուցման ժամին՝ ճիշտ գնահատական նշանակող:
Երբ ՏԻՄ ընտրություններին ավագանու բազմաթիվ թեկնածուներ, նախկին ու ներկա քաղաքապետների թեկնածուներ կարող էին անգամ լուսին թռչել՝ ժողովրդին ոսկե սարեր բերելու, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, իր բնավորության համաձայն, լուռ ու մունջ իր գործն էր անում, խոստացածն էլ իրատեսական էր՝ ելնելով տվյալ համայնքի առանձնահատկություններից: Եվ համապատասխան ընտրողը գնահատեց տվյալ թեկնածուին, եւ նա արժանապատվորեն ընդունեց տարածաշրջանի համայնքների ղեկավարման դժվարին աշխատանքը:
Չեմ ցանկանում անդրադառնալ հանրապետության մյուս խոշորացված համայնքների ընտրություններին, բոլորս ենք տեսել, առնչվել եւ այլն: Համոզված ենք, որ Աշտարակ խոշորացված համայնքը մոտ ապագայում օրինակ կծառայի, համայնքներում կլուծվեն խնդիրներ, որոնք չեն լուծվել ԽՍՀՄ տարիներին, Անկախության տարիներին: Համոզվելու համար ծանոթացեք Աշտարակ քաղաքի վերջին տարիների պատմությանը:
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ