Մեջբերենք նաեւ բանաստեղծության Չարենցի թարգմանությունը.
Սեւ ծովի եզերքին կանգնած կան սյուներ:
Սյուները քարից են: Նրանց թիվը ութն է:
Հաճախում են այնտեղ հաճախ գերիներ:
Դագաղներ են բերում պարմանիներ:
Ձմեռները գունատ են:-Եվ աշունը-մութն է:-
Գալիս են մերթ այնտեղ գազաններ քիչ:
Թռչում-հասնում են մերթ-թռչուններ անգամ:
Եվ ձանձրանում են:-Ի՞նչ անեն,-ի՞նչ:-
Թռչկոտում են, գայթում, ընկնում ուժից`
Դադարելով ձգտել:-Դարձած անկամ:-
Սեւ ծովի եզերքին կանգնած կան սյուներ:
Օրերից նախնական,-նախքան մուժը:-
Նրանց թիվն անհաստա՛տ է` բախտի պես սեւ:-
Եվ նրանց իմաստն է-եթե ասեն.-
Ընդմի՛շտ: Անձայնությո՜ւն: Դժկամություն: Ո՜ւշ է:
Նախ նկատենք, որ սկսած վերնագրի թարգմանությունից («Սեւ ծովի եզերքին») հայերենում առկա է երկիմաստություն, որ Չարենցին «ձեռնտու» էր 37-ի մղձավանջային օրերին: Այստեղ խաղարկվում են «սեւ»` որպես ծովի անուն եւ черный-գույն արտահայտությունները: Սակայն հարկ է նշել, որ բնագրում Բալմոնտն այն գործածել է ոչ թե որպես տեղանուն, այլ տեղ, որտեղ սեւ է, այսինքն` որպես ինչ-որ չար բանի խորհրդանիշ, ժողովածուի խորագրի լեզվով ասած` որպես «Злые чары»-ի գույներից մեկը, որտեղ ինչ-որ «մութ», «սեւ» բան է կատարվում: Բալմոնտի համար բնական է, եթե ձեւակերպելու լինենք նրա պոետիկայի հիմնական առանձնահատկությունը, ապա պետք է ասել, որ նա մշտապես անտեսում է ժամանակատարածական պայմանականությունները, քանի որ դրանց կոնկրետացումն ամենեւին չի համապատասխանում բանաստեղծի իրականության պատկերման սիմվոլիստական հայեցակարգին: Եթե վերհիշենք, որ 1906-ին, երբ հրատարակվում էր գիրքը, ինչ էր կատարվում Ռուսաստանում 1905-ի հեղափոխությունից հետո, պարզ կլինի նաեւ բանաստեղծության մյուս առանցքային` «սյուների», այսինքն` կախաղանի եւ մյուս «սեւ» պատկերների իմաստը: Վերոհիշյալ գործերը, որոնք պատճառ դարձան ողջ գրքի արգելմանը, իրենց բովանդակությամբ մատնանշում են միեւնույն իրողությունը` հեղափոխությունից հետո ստեղծված կացության պատկերը, որտեղ Աստծուն ուղղված «անեծքը» համահունչ է սատանայի հետ ունեցած խնջույքին:
Այնպես որ, «սեւ ծովը» ինքնին խորհրդանշական լինելով` պատկերում է նաեւ իրականությունը: Չարենցի` այս գործը թարգմանելու նախաձեռնությունը գրեթե նույնությամբ բացահայտում է սովետների երկրում ծավալված իրադարձությունների բովանդակությունը` համատարած կալանքներն ու գնդակահարությունները, որոնք, ի վերջո, չեն շրջանցում նաեւ բանաստեղծին:
Ինչպես նշեցինք, բանաստեղծությունը Չարենցը թարգմանել է իր կյանքի ամենադաժան օրերին` 1937 թ. փետրվարի 25-ին: Ինքնին այս փաստը կարեւորում ենք երկու պատճառաբանությամբ: Գրեթե նույն օրերին, հինգ օր անց նա թարգմանում է նաեւ Ա. Բլոկի «Ձայն երգչախմբից» բանաստեղծությունը: Երկու գործերն էլ իրենց բովանդակությամբ մռայլ են, բանաստեղծի արտահայտությամբ` «մահահոտ»: Տիրապետող գույնը դարձյալ սեւն է.
Ինչքա՜ն հաճախ ենք հիմա լալիս
Մեր վիճակը սեւ եւ անխնդում:-
Օ, եթե մարդի՛կ, իմանայի՜ք
Ցուրտն ու խավարը գալիքի դո՛ւք:-
…Ստին, կեղծիքին-վերջ չե՛ս գտնի:
Իսկ մահն-հեռու է դեռ:-
Աշխարհն-ավելի՛ պիտի մթնի,
Երկիրն-ավելի՛ սեւ հուն մտնի,
Օ, դեռ դարե՜ր, դարե՜ր…:
Այս գործերի բովանդակությունը համապատասխանում է այդ օրերին բանաստեղծի ապրած կյանքին եւ համահունչ` նույն ժամանակահատվածում գրված սեփական բանաստեղծություններին: Այսինքն` իր ստեղծագործության առաջին շրջանից (սիմվոլիստական) շուրջ 20 տարի անց Չարենցը կատարում է մի լրիվ պտույտ եւ դարձյալ դիմում սիմվոլիզմի, որ այս դեպքում ոչ միայն ուղղակի, այլեւ այլաբանական նշանակություն ունի: Ֆոնային իմացության իմաստով պակաս կարեւոր չէ նաեւ մի այլ կենսագրական հանգամանք. ժամանակին արգելվել էր Բալմոնտի «Злые чары» ժողովածուն, որի մեջ ընդգրկված էր նաեւ թարգմանվող բանաստեղծությունը: 1934-ից արգելքի տակ էր նաեւ Չարենցի «Գիրք ճանապարհին»` բանաստեղծի կենդանության օրոք վերջին հրատարակված երկը: Փակագծերում նշենք, որ 1937-ին թարգմանել Բալմոնտին նույնպես խիզախություն էր, որովհետեւ սկսած 1922-ից, երբ բանաստեղծը մեկնեց արտասահման, նրա ստեղծագործությունները հայտնվեցին արգելված գրականության ցանկում:
Բայց այդ մասին կխոսենք հաջորդ հատվածում։
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ