Անդրանիկ
Անդրանիկ՝ նշանակում է առաջնեկ: Ըստ Աստծո օրենքի` անդրանիկների ծնողները նրանց հանձնում էին Աստծուն: Անդրանիկները պարտավոր էին ծառայել Աստծուն եւ հավատացյալ ժողովրդին: Անդրանիկներին էր հասնում հոր ժառանգության պատվավոր մասը: Բոլոր արարածների անդրանիկը Հիսուս Քրիստոսն է: Ս. Գիրքը վկայում է, թե Հիսուս Քրիստոսին ընդունողները, ովքեր պատվում եւ պահում են Նրա պատվիրանները` ամենքն են վերածնվում անդրանիկների (առաջնեկների), անշուշտ, իրենց հոգեւոր նոր ծննդյամբ, դառնում են Քրիստոսի փոքր եղբայրները: Անդրանիկին ծնողները հանձնեցին ծառայելու մի կենդանի տաճարի, որ անվանվել ու անվանվում է ՀԱՅԱՍՏԱՆ:
«Դատերը անկողմնակա՛լ կերպով նայեցեք»
Աստվածամատյանից գիտենք, որ դատավորներին Աստվա՛ծ էր կարգում` ժողովրդի արժանավորներից. նաեւ գիտենք, որ, ըստ օրենքի, դատավորները նշանակվում են թագավորների կողմից, իսկ թագավորները կարգվում են Աստծո կամքով: Սակայն հայտնի է, որ թագավորները հաճախ են ուրանում իրենց բարձրացնող Աստծուն, նաեւ որ՝ պաշտոնական դատավորները հաճախ ընկնում են կաշառքի ետեւից եւ անարդար դատեր են վարում` բարկացնելով Աստծուն: Դատավորների անօրինությունների դեմ բողոքները այնքան էին շատացել, որ Անդրանիկը Սասունում կազմեց ժողովրդական դատարաններ, որտեղ դատերն ու բողոքները հայդուկներն էին լուծում: «Բոլոր դատերը անկողմնակա՛լ կերպով նայեցեք»,- հրահանգել էր Անդրանիկը եւ ինքն առաջինն էր օրինակ ցույց տալիս:
Կծվակ գյուղում մի պառավ կին դիմել էր Անդրանիկին եւ գանգատվել, որ իր միակ կովը գողացել են, բայց չգիտի, թե ով է հանցագործը: Անդրանիկը գյուղապետին առաջարկում է գյուղի բնակիչներից հավաքել 30 փութ ցորեն եւ իբրեւ կովի գին տալ տուժածին: Գյուղապետը ընդդիմանում է, իբրեւ թե` գյուղացիների շահերից ելնելով: Այդժամ Աստծու հայտնության Հոգով լցված Անդրանիկը հրամայում է միայն գյուղապետի տունը խուզարկել: Հենց այնտեղից էլ գտնում են գողացած կովի կաշին: Ու գյուղապետը արդարացիորեն պատժվում է:
Մաքսիմ Անդրանիկի ՈՍԿԱՆՅԱՆ, «Վարք Զորավար Անդրանիկի» գրքից