Մեր երկրում խնդիրները շատ են։ Ու բոլոր ոլորտներում։ Այդ խնդիրները հաճախ այնքան լրջագույն են, որ լուծման կարոտ շատ այլ հարցեր անպատասխան են մնում։ Դրանցով զբաղվելու ժամանակ պարզապես չի մնում։ Մեծագույն ցանկության պարագայում անգամ։
Երեւի հերթական խնդրին չանդրադառնայի, եթե պարտեզ հաճախող տղաս ինձ չմեղադրեր, իր խոսքերով, «տեսնելու ու չտեսնելու» մեջ։ Նախորդ տարի սեպտեմբերին ներկայացրել էինք Երեւանի Ավան վարչական շրջանի մայթերից մեկը՝ թիվ 52 մանկապարտեզի գլխավոր մուտքի դարպասներին հարող քայլուղին։ Երբ նորմալ ասֆալտը քանդել էին ու տեղը սալահատակ շպրտել։ Լուսանկարներում հստակ երեւում էր, թե ինչ վիճակում են սալահատակի քարերը, թեքահարթակները, մայթի եզրաքարերը։ Ինչպես եւ ասել էինք՝ այդ քայլուղին առաջին անձրեւներից հետո շարքից դուրս եկավ։
Մեր հրապարակումից հետո որոշ շտկումներ արվեցին. օրինակ՝ եզրաքարերն ամրացվեցին… Բայց այս տարի եկավ այլ «շտկումների» ժամանակը։
Այս քայլուղին մի կողմից երկու թեքահարթակ ուներ. մեկը՝ թիվ 171 դպրոցից դեպի պարտեզ հատվածով, մյուսը՝ փողոցի անցումի ուղղությամբ։ Հիմա դպրոցից դեպի պարտեզ հատվածի՝ քայլուղու սկզբնամասի թեքահարթակն անցնում ես, ու դիմացդ հայտնվում է հսկայական մի սյուն։ Հավանաբար լուսակիր. վերեւի հատվածը դեռ չկա։ Իսկը խորհրդային շինարարական անեկդոտների օրինակ։ Հիմա պատկերացրեք՝ ինչպես է, ասենք, մայրը մանկահասակ երեխայի հետ սայլակով անցնելու։ Ի դեպ, թեքահարթակի կեսն էլ արդեն չկա, սալաքարերն էլ մի կողմ շպրտած են։
Կարող ենք, իհարկե, հարցեր հնչեցնել. եթե գիտեին, որ այդտեղ սյուն է տնկվելու, ինչո՞ւ էին թեքահարթակ կառուցում։ Կամ՝ նախորդ տարվա ամռանից քանդած այդ քայլուղին կառուցելու համար այդքան դժվար շինարարական լուծումնե՞ր էին պահանջվում, որ ցայսօր ի մի չի բերվում։ Բայց «կխնայենք» կառուցողին, հեղինակին՝ նման «դժվարագույն» հարցերի պատասխանները տալու տվայտանքից զերծ պահելով։ Այլապես վաղն էլ կորոշեն մեկ այլ «շտկում» անել, որի պատճառով պարտեզ մտնելու համար ստիպված կլինենք փողոցից անմիջապես ցատկ կատարել դեպի պարտեզի մուտք։
Այնպես որ, լավ է եթե այսպես էլ մնա։ Այլապես նոր «շտկումները» նոր գլխացավի պատճառ են դառնալու…