«Լազար Մարկի Սերեբրյակովը չափազանց աչքի ընկնող անձնավորություն էր… Սերեբրյակովը սուր միտք ուներ, ռազմական գործի եւ առեւտրի ասպարեզում տիրապետում էր ասիական շատ խորամանկությունների, եւ ճկուն խիղճ… 1837 թվականին Սերեբրյակովին ուղարկեցին Վելյամինովի մոտ, ով գնահատեց նրա գործունեությունը, ողջամտությունը եւ վարչունակությունը»:
Գ. Ի. Ֆիլիպսոն, ռուս գեներալ
Հայաստանը կորցրեց ծովային մեծ սահմանները, բայց չկորցրեց ծովի հանդեպ սերն ու կարոտը. նրա զավակներն սկսեցին նկարել ծովն ու ծառայել ծովին։ Ծովի նվիրյալներից էր եւ հայազգի ազնվական Լազար Սերեբրյակովը, ով ռուսական նավատորմում ծառայելու համար հայկական անուն-ազգանունը փոխարինեց, ավելի ճիշտ` թարգմանեց ռուսներին հասկանալի եւ ընդունելի տարբերակով. Արծաթագործյանը դարձավ Սերեբրյակով, իսկ Ղազարը` Լազար։ Ղազար Մարկոսի Արծաթագործյանը ծնվել է Ռուսական կայսրության Բելոգորսկ (Կարասուբազար) քաղաքում` 1792 թ. մարտի 3-ին. այս տարի լրանում է նրա ծննդյան 230-ամյակը։
Նա էր, որ 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ իր գումարտակով ճեղքեց Անապայի ամրոցի պաշտպանությունը, գրավեց այն եւ Բուլղարիայում` ռուսական զորքերի գլխավոր ռազմակայան Շումլայում, Նիկոլայ Առաջինին զեկուցեց գրավման մանրամասները` նրան հանձնելով թուրքական 29 գնդերի դրոշներն ու բերդի բանալիները։ Հավատարիմ իր ազնվականական Զինանշանի` «Прямым путем» («Ուղիղ գծով») նշանաբանին, Սերեբրյակովը կամավոր նավաստուց աստիճանաբար հասնում է լեգենդար ծովակալի։ Ավարտելով ծննդավայրի հայկական դպրոցը` նա 1810 թ. կամավորագրվում է ծառայելու Սեւծովյան նավատորմին, 1815-ին ավարտում Նիկոլաեւի ռազմածովային կամավորների դպրոցը` միչմանի կոչումով, իսկ արդեն 1828-ին` որպես կապիտան-լեյտենանտ, նշանակվում Ռազմածովային գլխավոր շտաբում փոխհրամանատար, մասնակցում կովկասյան արշավանքներին, Ղրիմի ազատագրական պատերազմին, երկար տարիներ ղեկավարում սեւծովյան ափամերձ գծի ռազմածովային ուժերը։
Լինելով Ղրիմը թուրքերից ազատագրելու կարեւոր դերակատարներից եւ լայնախոհ ու մասշտաբային մտածող, հմուտ կազմակերպիչ` Սերեբրյակովը հասկանում է, որ ծովային սահմանները պահպանելու համար պատերազմական գործողություններն ու հաղթանակը բավարար չեն. անհրաժեշտ է ամրացնել այդ սահմանները, կառուցել պաշտպանական ամրություններ, նորոգել եղածը։ Նրա նախաձեռնությամբ Կովկասի սեւծովյան ափամերձ շրջաններում կառուցվում են ամրություններ` Նովոռոսիյսկ նավահանգստային քաղաքը, Ադլերը, Անապան, Գոստոգաեւյան ամրությունները եւ շատ ուրիշներ։ Շուրջ 18 տարի նա անձամբ ղեկավարում ու հետեւում է Նովոռոսիյսկ քաղաքի շինարարությանը։ Մ. Լազարեւի, Ն. Ռաեւսկու հետ հիմնադրելով քաղաք` Սերեբրյակովը զբաղվում է նաեւ դրա բնակեցմամբ, առեւտրաշրջանառությամբ ու զարգացման ծրագրեր մշակելով, կառուցում Նովոռոսիյսկը Սեւծովյան նահանգի հետ կապող Կոնստանտինյան ռազմատնտեսական կարեւոր նշանակություն ունեցող ճանապարհը։
Ազատագրելով Ղրիմը, կառուցելով պաշտպանական ամրություններ, հիմնելով սեւծովյան ափամերձ գեղեցիկ քաղաքներ` Սերեբրյակովը ձեռնարկում է ազգապահպանման գործին եւ այստեղ բնակեցնում Չերքեզիայից, Անդրկուբանից եւ Տրապիզոնից գաղթած հայերին։ Սերեբրյակովն այդ գործին ներգրավում է եւ Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն, նրա աջակցությամբ Նովոռոսիյսկում ստեղծում հայկական հոգեւոր կենտրոն, բացում հայկական դպրոցներ, առողջապահական հիմնարկներ։ Երկրամասի վիճակի մասին Սերեբրյակովի զեկուցագրերը ռազմաքաղաքական եւ գիտաճանաչողական նշանակություն ունեն։ «Ճանապարհը Սուխումից մինչեւ Կուբան՝ գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով» զեկուցագրի համար նա ընտրվել է Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ։
1828 թ. սեպտեմբերի 29-ին (հոկտեմբերի 11) թուրքական տիրապետությունից Վառնա քաղաք-ամրոցի ազատագրման ժամանակ դեսանտային զորքերի առաջին շարքերում էր եւ Սերեբրյակովը, բարդ եւ կարեւորագույն օպերացիա, որին անձամբ մասնակցում էր Նիկոլայ Առաջինը։ Այս մարտերի համար Սերեբրյակովը պարգեւատրվում է Սբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի ժապավենային շքանշանով։ Թուրքական տիրապետությունից բուլղարական ամրոց-քաղաքների ազատագրումը շարունակական էր, որոնց էլ շարունակում էր ակտիվորեն մասնակցել Լազար Սերեբրյակովը եւ թուրքերի դեմ գերազանց պայքարում ընդգրկվում Գվարդիական անձնակազմ։ Սերեբրյակովի մարտական ուղին նշանավորվում էր թե՛ զինվորական աստիճանների վերելքով, թե՛ պարգեւատրումների առատությամբ, որոնցից մեկն էլ 1838 թ. ապրիլի 6-ին նրան շնորհված ոսկե կիսասուսերն էր` «Խիզախության համար» գրությամբ։ Եվ, իսկապես, ծովակալ Սերեբրյակովը խիզախ էր ոչ միայն ծովային մարտերում, այլեւ ցամաքային եւ բազում անգամներ աչքի է ընկել կովկասյան լեռնականների դեմ պայքարում` կատարելով ցամաքային սպայի դեր։
Ադմիրալ Սերեբրյակովի պարտականությունները բազմազան էին. որպես ծովային մասով փոխտեղակալ` նա պատասխանատու էր ծովով զորքերի տեղ հասնելուն, վիրավորների տարհանմանը, կարեւորագույն ամրությունների շինարարության համար պարենի ու շինանյութերի մատակարարմանը, ինչպես նաեւ նավերի հետ ցամաքային օպերացիայի հրետանային աջակցությանը։ Ծառայելով Սեւծովյան եւ Բալթյան նավատորմերում, բացի ռազմական գործունեությունից, Սերեբրյակովը նաեւ դիվանագիտական պայքար է մղել Թուրքիայի եւ Անգլիայի ոտնձգությունների դեմ, գործարար կապեր հաստատել լեռնականների հետ, կողմնորոշել դեպի Ռուսաստան։ 1840 թ. Սերեբրյակովը պարգեւատրվում է Սբ Ստանիսլավի 1-ին աստիճանի, 1842-ին` Սբ Աննայի 1-ին աստիճանի շքանշաններով, իսկ 1844-ին` վերջին շքանշանի կապակցությամբ, նրան շնորհվում է կայսերական թագ, թեեւ շքանշանների շքերթը նրա կյանքում շարունակվում է։
Հոր ճանապարհով գնում են եւ Սերեբրյակովի չորս որդին։ Ավագ որդին` Մարկոսը, իր համառ պնդումներով տեղափոխվում է Սեւաստոպոլի գործող ուժեր, նշանակվում ավագ սպա` Կամչատկայի առաջնակարգ դիրքերում, զոհվում 1855 թ. մարտի 22-ի լույս 23-ի գիշերը։ Այդ մասին հոգեցունց նամակով ու խորին խոնարհումով Լազար Սերեբրյակովին տեղեկացնում է ադմիրալ Պ. Ս. Նախիմովը` մասնավորապես նշելով. «Սեւաստոպոլում, որտեղ մահվան մասին լուրն այլեւս տպավորություն չի թողնում, ձեր որդին քչերից մեկն էր, որին բաժին հասավ բոլոր նավաստիների ու նրան ճանաչողների անկեղծ ցավակցությունը»։
Լազար Մարկոսի Սերեբրյակովը վախճանվել է 1862 թ. փետրվարի 28-ին, Կարասուբազարում, հուղարկավորվել ընտանեկան գերեզմանոցում։ Նովոռոսիյսկում նրա անունով կոչել են փողոց, կանգնեցրել քաղաքի հիմնադիրների հուշարձանախումբ` Մ. Պ. Լազարեւի, Ն. Ն. Ռաեւսկու, Լ. Մ. Սերեբրյակովի։
Ժամանակը չէ՞, արդյոք, որ Հայաստանում եւս ճանաչեն ու հավերժացնեն հիշատակները մեծանուն հայորդիների, ովքեր Հայաստանից դուրս ծառայել են ազգային գործին, ազգային արժեքների պահպանմանը, համաշխարհային գիտության ու մշակույթի, տարատեսակ նվաճումների մեջ ամրակայել հայի անունը…