«Ով գեթ մեկ անգամ շփվել է նրա հետ, չի կարող երբեւէ մոռանալ այն լույսը, որը բխում է այս մարդուց, այն պայծառությունը, որ ճառագում է նրանից եւ մասնահատկությունն է Արվեստագետի, ոչ թե սառն ու անհաղորդ Գիտնականի:
Կարապետ Մելիք-Օհանջանյանը ոչ միայն գիտնական-արվեստագետ, հայագետ եւ արեւելագետ, լեզվաբան եւ թարգմանիչ է, հեղինակ՝ արժեքավոր բանասիրական աշխատանքների, այլեւ Ուսուցիչ, բոլոր ուսուցիչների Ուսուցիչ: Նրա բազմաթիվ եւ իրարից շատ տարբեր աշակերտները գիտեն, որ ուղղակի, հենց այնպես, հնարավոր չէ նրա մոտ սովորել: Նրա մոտ սովորելու համար հարկավոր է ունենալ որդիական հավատարմություն եւ անսահման նվիրում. ուղղակի աշակետ լինելն անիմաստ է, պետք է նրա որդին դառնալ…»:
Պարույր ՍԵՎԱԿ
Ուսուցիչների Ուսուցչին հանճարեղ բանաստեղծը նաեւ չափածո տողեր էր նվիրելու. «Թե իմ դաշտում անունս մնա՝ կուզեմ քեզ մոտ հանգիստ նիրհել…»:
Իսկ մենք փաստագրական նյութերի հենքով՝ գանք հեռվից. Մելիք-Օհանջանյանների գերդաստանը սերում է Տեր-Ղարագյոզ իշխանից, որը Շահ-Աբբաս Երկրորդի օրոք՝ 1642-1666 թթ., Պարսկաստանում հիմնադրել է Մակիդի գյուղը, հետագայում եւս ութ գյուղ՝ ստեղծելով Քեյվանյան մելիքությունը: 1819 թ. շահի հետապնդումների պատճառով Տեր-Ղարագյոզի ժառանգներից Մելիք-Գավրիլն իր երեք զավակների՝ Կարապետի, Գեւորգի եւ Հովհաննեսի հետ (բոլորն էլ՝ բեկեր), հարկադրված տեղափոխվում է Զանգեզուր, նախ՝ Կապանի Շիշկերտ շենում, ապա վերջնականապես բնակություն հաստատում Մեղրու Կալեր գյուղում: Հետագայում անվանի հայագետը հաճախ էր շեշտելու իր բարձրաշխարհիկ, մելիքական-ազնվականական ծագման մասին:
1893 թ. մարտի 4-ին, Աղաբեկ եւ Ալեքսանդրիա Մելիք-Օհանջանյանների՝ ազնվական ծագում ունեցող բազմանդամ ընտանիքում է ծնվել հայագիտության երախտավորը: Ազնվական ծագմամբ ընտանիք, բայց նյութական սուղ պայմաններ, ինչն էլ, թերեւս, պատճառ էր դառնալու, որպեսզի նրա անվանի եւ հարգված իրավաբան հորեղբայր Փարսադան Մելիք-Օհանջանյանը, որ տարիներ շարունակ զբաղեցրել է Էջմիածնի հայ առաքելական Սինոդի դատախազի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել Ելիզավետպոլի (Գանձակի) դատախազը եւ չուներ ժառանգներ, Աղաբեկի հինգ որդիներին՝ Բագրատին, Վահանին, Միքայելին, Արտաշեսին եւ Կարապետին Կալերից տեղափոխեր Գանձակ եւ նախնական ուսման տար տղայոց գիմնազիայում: Կրթության գինն իմացող Փարսադանը նախապայման է ունեցել՝ եղբոր զավակներից ով որ ոսկե մեդալով ավարտեր գիմնազիան՝ ուսումը կշարունակեր Մոսկվայում: 1903 թ. Կարապետն ընդունվում է Մոսկվայի Լազարյան ճեմարան, ավարտում դասարանական բաժինը եւ ուսումը շարունակում մասնագիտական լսարանների արեւելագիտական բաժնում: 1913 թ. հունվարին հայ գրերի գյուտի 1500-ամյա եւ տպագրության 400-ամյա հոբելյանների առթիվ ճեմարանում կազմակերպված գիտական նստաշրջանում հանդես է գալիս ընդարձակ զեկույցով՝ նվիրված հայ տպագրության պատմությանը: Մեկ տարի անց նախաձեռնում է իր անդրանիկ գիտական հետազոտությունը՝ գրելով «Մամիկոնյանների նախարարական տոհմը ըստ Փավստոս Բուզանդի Հայոց պատմության»: Այնուհետեւ կրթօջախի պրոֆեսորական խորհրդի որոշմամբ գործուղվում է Գերմանիա՝ գերմաներենի մեջ հմտանալու, սովորելու սանսկրիտ՝ հին հնդկերենը, դասախոսություններ լսելու իրեն հետաքրքրող մի շարք առարկաներից՝ ավեստա, պարսկերեն, զազա քրդերեն, իրանական էպոս, էգեյան մշակույթ, Հռոմեական կայսրության պատմություն, ասորական գրականություն, հին հունարեն, բյուզանդական հունարեն: Այստեղ նրան բախտ է վիճակվում աշակերտելու աշխարհահռչակ արեւելագետ, հայագետ Յոզեֆ Մակվարտին, մտերմանալու նրա հետ, վերջինիս եւ դոկտոր Յոհաննես Լեփսիուսի օժանդակությամբ ընդունվել Բեռլինի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր, աշակերտել նշանավոր գիտնականների: Բեռլինում ծանոթանում եւ մտերմանում է գերմանացի նշանավոր գրող, բանաստեղծ եւ հրապարակախոս, մեծ հումանիստ ու նվիրյալ հայասեր Արմին Վեգների հետ, ով տեսել էր հայոց եղեռնի դժոխքը սեփական աչքերով, խստորեն դատապարտել թուրք բարբարոսների հայաջինջ քաղաքականությունը, հատուկ նամակով դիմել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին՝ իր իսկ բնօրրանում բնաջնջվող հայությանը բորենու երախից փրկելու հորդորով: Գերմանիայից վերադառնալուց հետո շարունակվելու էր նրանց բարեկամությունը, իսկ հերթական հանդիպումը կայանալու էր Երեւանում՝ 1968 թ.:
1920 թ. Օհանջանյանը վերադառնում է Երեւան, աշխատանքի անցնում արական գիմնազիայում, ապա՝ Հայկական կարմիր բանակի քաղլույսվարչությունում՝ կուլտուրկրթական բաժնի վարիչ եւ «Կարմիր բանակ» թերթի խմբագիր, միաժամանակ հայ գրականություն եւ գերմաներեն է դասավանդում Հայաստանի ժողովրդական համալսարանում, մանկավարժական ինստիտուտում: Ավելի քան մեկ տասնամյակ դասախոսական աշխատանք, այնուհետեւ՝ գիտական քարտուղար գիտության եւ արվեստի ինստիտուտում, հին գրականության եւ ժողովրդական բանահյուսության բաժնի վարիչ: 1935-ին ստանում է պրոֆեսորի գիտական կոչում:
Բայց ժամանակները սոսկումնալի էին. 1937 թ. հուլիսի 25-ին նորընծա գիտնականը ձերբակալվում է «Պրոֆեսորների գործ» հորջորջված անհիմն մեղադրանքով: Երեւանյան բանտերում շուրջ երեք տարվա տառապանքներից հետո աքսորվում է Սոլիկամսկ, բայց հիվանդության պատճառով մնում է Չելյաբինսկի էտապային բանտում, իսկ աքսորն անցկացնում Կրասնոյարսկի բռնադատվածների ճամբարում: Խորհրդային դժոխքից ազատվում է 1942-ի հուլիսին, վերադառնում հայրենիք: Այստեղ էլ նրան արգելում են բնակվել Երեւանում: Գիտնականն հաստատվում է Վանաձորում, այնուհետեւ՝ Քանաքեռում: 1944-ի վերջին ՀԽՍՀ ԳԱ նախագահ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու միջամտության շնորհիվ Օհանջանյանը տեղափոխվում է Երեւան, որտեղից, սակայն, մեկ տարի անց կրկին աքսորում են, եւ միայն Անաստաս Միկոյանին հղած դիմումից հետո եւ վերջինի կարգադրությամբ հարցը վեջնականապես լուծվում է պրոֆեսորի օգտին:
Բազմաբեղուն է 1965-ից հանրապետության ԳԱ իսկական անդամ, ակադեմիկոս Կ. Մելիք-Օհանջանյանի գիտական գործունեությունը՝ բանագիտություն, հայ հին գրականություն, հայոց պատմություն, արեւելագիտություն, համեմատական տեքստաբանություն, գրական, գիտական, բանահյուսական հուշարձանների թարգմանություն: Նրա գրչին են պատկանում «Տիրան Տրդատի վեպը ըստ Փավստոս Բուզանդի», «Ագաթանգեղոսի բանահյուսական աղբյուրների հարցի շուրջ», «Միթրա-Միհրը «Սասնա ծռերի մեջ», այլ աշխատություններ: Մանուկ Աբեղյանի հետ ձեռնարկել եւ իրականացրել է «Սասնա ծռերի» գիտական հրատարակությունը, գրի առել հայ ազգային էպոսի 8 նոր պատում, ռուսերեն թարգմանել էպոսի 10 ընտիր պատում՝ ընդարձակ ուսումնասիրությամբ եւ հարուստ ծանոթագրություններով: Մեծ է նրա վաստակը հայ հին գրականության հետազոտման եւ գրապատմական հուշարձանների գիտական հրատարակության բնագավառում՝ «Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից», «Կորյունը եւ նրա «Վարք Մաշտոցին», «Կիրակոս Գանձակեցի. Պատմություն Հայոց», այլ աշխատություններ: Մեծարժեք է նրա «Ֆիրդուսին եւ Իրանի վիպական մոտիվները «Շահնամեում» եւ հայ մատենագիտության մեջ» ուսումնասիրությունը:
Տեղին է հիշատակել, որ երբ անցյալ դարի 60-ականների կեսերին Զիա Բունիաթով եւ ադրբեջանցի այլ պատմաբան կոչվածներն սկսել էին կեղծել ու մոգոնել իրենց չունեցած պատմությունը հատկապես մեր հաշվին՝ Կարապետ Մելիք-Օհանջանյանը, ի պատասխան այդ ողորմելիների՝ հանդես է եկել «Զիա Բունիաթովի գրական-պատմական հայեցակարգը» հիմնարար հոդվածով՝ բարոյապես ոչնչացնելով զեղծարարներին: Հավելենք նաեւ, որ առաջիկայում այդ հոդված-հրապարակումը մեզ ու օտարներին կհասնի 5 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն: Ճիշտ ժամանակին է այս նախաձեռնությունը, քանի որ իրենց անկիրթ ու բարբարոս նախնիների ստոր արարքները շարունակում են նաեւ այսօրվա ելուզակները՝ ջանալով ջնջել հայկական պատմական հետքը ժամանակավորապես իրենց կճղակների տակ հայտնված մեր հայրենի տարածքներում:
Այսօր այդ բարբարոսությունների դեմ հայ կռվին մասնակից է մելիքական գենի ժառանգորդ, մեծավաստակ Կարապետ Մելիք-Օհանջանյանը, որի ասպիրանտ տաղանդավոր սանը՝ Պարույր Սեւակ անունով, գրելու էր. «Կուզենայի քո աճյունին մոտ լինել, կուզենայի քեզ միշտ ունկնդրել…»:
Այո, Մեծ Ուսուցիչներն ունկնդրելի են բոլորիս համար եւ բոլոր ժամանակներում…