Հայրական սրտացավությամբ միշտ մտահոգված էր իմ ամուսնության «հիմնախնդրով» (արդեն «կարմիր գիծը»՝ երեսունն անցել էի…)։ Ամեն հանդիպման հորդորում էր կատարել «մարդուս կյանքի կարեւոր գործը»։
-Տղա ջան,¬ ասաց մի անգամ,¬ աշխարհում ամենամեծ խնդիրը, առհասարակ, ընտրությունն է, ավելի ճիշտ՝ ընտրության պատասխանատվությունը։ Մեր շրջապատում լավ աղջիկներ կան, որ կուզեի հետդ ծանոթացնել։ Գեղեցկուհիներից մեկը բարի¬բարյացակամ, գրագետ, խոստումնալից ապագայով դաշնակահարուհի է։ Նա քո առանձնատանը, գիտեմ, գործ անողը չէ, անգամ վարդերն ու ծաղիկները չի ջրելու, ասելու է՝ օյ, մատներիս մկանները ձգվեցին, վաղը ինչպե՞ս նվագեմ… Ծանոթ լինելով քո ներաշխարհին, նախասիրություններին՝ առայժմ դժվարանում եմ մեկն ու մեկի հետ ծանոթացնել։ Չեմ ուզում, է՛, կինդ այնպիսինը լինի, որ, օրինակ, մտովի պատկերացնենք այսպիսի շատ հնարավոր մի իրադրություն. պատշգամբում բազմոցին նստած՝ հմայվում ես ոսկեվորած աշնան կախարդական գույներով, էությունդ դառնում է երազուն, լցվում բնության քնարաշունչ ղողանջներով։ Քամի է սկսվում ու ոսկե խաշամը օդում պտտում, պտտում, բերում, լցնում է ոտքերիդ տակ։ «Էս ի՞նչ հրաշք է, ջան է՛, ջա՛ն, իսկը ոսկե աշուն»,¬ շշնջում է սիրտդ։ Հոգեսլացման այդ վեհ պահին հանկարծ բացվում է պատշգամբի դուռը եւ… ավելով «զինված» կինդ հոխորտում է. «Վաա՜հ, զզվեցինք էլի էս անտեր տերեւներից…»: Եվ հոգումդ մի ամբողջ գեղեցիկ աշխարհ ավերվեց, չէ՞…
…Եղավ, որ հենց ինքը՝ Վախթանգ Անանյանն ինձ «ամուսնացրեց»… հետմահու… Զարմացաք, անշուշտ, ինչպես թե՝ հետմահու… Այո, իրականում նրա շնորհիվ էր, որ ճակատագրորեն կարեւոր մի պատեհություն ինձ ընձեռվեց՝ դիպվածի պատճառահետեւանքային իմաստով…
…1981 թ. մարտին՝ սիրելի գրողի մահվան տարելիցին, որպես սրտի ցանկություն եւ հոգուս պարտք, հոդվածաշար էի տպագրում «Աշտարակ» շրջանային թերթում։ Մեր քաղաքի գլխավոր ճարտարապետի դուստրը, որին հեռվից ճանաչում էի որպես շրջանային եւ հանրապետական օլիմպիադաների հաղթող, եւ որի մասին լուրեր ու լուսանկարներ էինք տպագրել, եկավ իմ աշխատասենյակ։ Ասաց, որ բժշկական ինստիտուտի իրենց դասախոսը՝ Լեւոն Վախթանգովիչը, տեղյակ է իր հայրիկի մասին Ձեր հրապարակումներից եւ խնդրում է թերթերի բոլոր համարները։ Օրիորդը նաեւ նշեց, որ ինքը օրերս ընթերցել է ամբողջ հոդվածաշարը, սակայն տատը իր հավաքած թերթերից երկուսը որպես թուղթ է օգտագործել…
Ես թերթերը ի մի բերելով՝ ընկերոջս՝ Լեւոնի որպիսությունից հարցրի եւ խնդրեցի փոխանցել նաեւ իմ ջերմ, կարոտալի ողջույնները։ Հրաժեշտից առաջ նա լրագրողի իմ ինքնասիրությունը շոյող մի նախադասություն ասաց.
-Ի դեպ, գրելով Անանյանի հետ հանդիպումների մասին՝ միաժամանակ ընթերցողի համար նաեւ Ձեր հոգեկան աշխարհն եք շատ կողմերով անուղղակիորեն բացահայտում…
Ես նրան խնդրեցի նստել եւ ասել՝ մասնավորապես ի՞նչը, ո՞րը։ Նա չմերժեց՝ նստեց։ Այդ նստելն էր… Մեր զրույցը ծավալվե՜ց, գնա՜ց… «Խոսիր, որ քեզ ճանաչեմ»,¬ նորածանոթին հորդորել է անտիկ ժամանակների փիլիսոփան։
Աղջիկն ինձ դուր եկավ։ Մենք ժամադրվեցինք, հետո… ամուսնացանք։ Նա իմ կինն է արդեն քառասուն տարուց ավելի։ Ծայրահեղ, հիվանդագին աստիճանի մաքրասեր է, սակայն, բարեբախտաբար, տերեւներից այնքան էլ չի դժգոհում ու տրտնջում…
* * *
Վ. Անանյանը «Քրիստոսի զավակը» քննիչի մոտ» (Հուշեր բանտից) գրվածքում բավականին հանգամանորեն է նկարագրում 1930¬ականների կեսին իր հանիրավի կալանավորման մասին։ Հայաստանի ղեկավար Աղասի Խանջյանին Թբիլիսիում չարանենգորեն սպանելուց եւ ինքնասպանություն արձանագրելուց հետո նրան նաեւ պիտակավորեցին որպես իմպերիալիզմի գործակալ։ Շուտով սկսեցին պատժել եւ հաշվեհարդար տեսնել բոլոր այն պաշտոնյաների հետ, ում համարեցին «Խանջյանի մարդ…»։ Մատնիչներն առավել ակտիվացան… Վ. Անանյանին, ում Խանջյանը ըստ արժանվույն գնահատել եւ նշանակել էր «Մաճկալ», «Սոցիալիստական գյուղատնտեսություն» թերթերի գլխավոր խմբագիր, միաժամանակ նաեւ «Ավանգարդի» պատասխանատու աշխատակից, համարեցին «իմպերիալիզմի ագենտի» համախոհ, 1936¬ին նրան անմիջապես հեռացրին կուսակցությունից եւ աշխատանքից։
Ահավոր վատ ժամանակներ էին։ Վ. Անանյանի ընկերներից ապերախտ մեկը՝ Արմենակ Ղուկասյանը, որն ընդամենը նարդիով պարտվել էր Վ. Անանյանին, ոխ է պահում եւ զրպարտագրերով թիրախավորում է արդեն գործազուրկ գրողին։ Նրա «մատերիալների» հիման վրա Վ. Անանյանին ձերբակալում եւ նետում են Երեւանի բանտը։ Այստեղ անմարդկային պայմաններ էին, բանտարկյալները ցեմենտե սառը հատակի վրա անգամ պառկելու տեղ չունեին, որտեղ, ինչպես բանտարկյալ գրողն է դիպուկ գրել, «ծանր հոտ ու անտանելի գոլորշի էր բարձրանում թշվառ էակներով լեցուն այդ մարդկային փարախից…»։
Թե ինչպես է ազատվել բանտից, այդ մասին նա պատմել է մերձավորներին ու նաեւ ինձ։ Ըստ երեւույթին՝ նա երկար ապրեց ստալինյան բռնատիրության շորշոփները, ուստի անընդհատ հետաձգում էր գրել եւ հրապարակել բանտից ազատվելու, իր կարծիքով, ամենահավանական տարբերակի մասին։ Հեռացավ այս աշխարհից՝ այդ մասին այդպես էլ չգրելով։
Դուստրը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Նելլի Անանյանը ինձ մի օր ասաց, որ «դա շատ սայթաքուն թեմա է», բայց ինքը պիտի շուտով գրի եւ հրապարակի։ Սակայն Նելլին, ավա~ղ, հանկարծամահ եղավ, չհասցրեց…
Ես նախապաշարումներից զերծ մարդ եմ ինձ համարում, ուստի ահավասիկ ինքս եմ գրում այդ կարեւոր փաստի մասին… քանի դեռ կամ… (Իրենք՝ հայր ու աղջիկ, ինչ խոսք, ավելի հավաստին կգրեին.)։
…Վախթանգ Անանյանի բանտարկությանը նախորդել էր հիշատակման արժանի բախտորոշ խոշոր մի իրադարձություն։ ԽՍՀՄ մայրաքաղաքում հայ մշակույթի եւ գրականության մի խումբ անվանի գործիչների Կրեմլում ընդունել է ինքը՝ «Ժողովուրդների հայր» Իոսիֆ Ստալինը։ Սոցիալիստական արվեստին եւ գրականությանը մատուցած ակնառու ծառայությունների համար մի քանիսին պարգեւատրել են։
…Հերթը հասնում է Վախթանգ Անանյանին՝ պատվիրակության ամենակրտսեր անդամին, առողջ, թիկնեղ, մարզական կեցվածքով երիտասարդին։ Զեկուցողը ներկայացնելով նրան՝ նշում է, որ նախկինում եղել է գյուղական տավարած պատանի, թղթակցել է պարբերական մամուլին, եւ նկատելով գրելու նրա շնորհն ու ձիրքը՝ առաջ են քաշել, եւ ներկայում հանրապետական երկու գյուղատնտեսական թերթերի գլխավոր խմբագիրն է։
Ստալինի դեմքին գոհունակության ժպիտ է խաղում, եւ նա հավելում է. «Դա, իհարկե, սովետական կարգերի շնորհիվ»։ Եվ հանձնարարում է խորհրդային կարգերին հատուկ այս վառ օրինակի մասին գրել Խորհրդային Միության ամենապաշտոնական լրագրում՝ «Պրավդայում»։ Անանյանի «վառ, տիպական օրինակը» այնքան է դուր գալիս երկրի ղեկավարին, որ անձամբ ինքն է երիտասարդի կրծքին ամրացնում «Պատվո նշան» շքանշանը։
…Իսկ հիմա …«Վառ օրինակ» Անանյանը բանտում է…
Բանտից մանրակրկիտ ստուգում եւ թույլատրում են բանտարկյալների հագուստը տուն տանել, լվանալ։ Անանյանը քիմիական մատիտ է ճարում եւ շապիկի օձիքի ներսում կնոջը հանձնարարություն է գրում։ Տիկին Զարիկը լվացքի ամանում հենց նկատում է մատիտի կապույտը, իսկույն հանում, սրբիչով չորացնում է։ Գրված է եղել.
(Ծրարի վրա գրիր). Մոսկվա, ընկեր Ստալինին։ Եթե Ձեզ համար թանկ է Լենինի դամբարանը, նամակս Դուք կարդացեք։
(Ծրարի ներսում գրիր). Ընկեր Ստալին, ես Վախթանգ Անանյանն եմ, այն երիտասարդը, որի կրծքին ինքներդ փակցրիք շքանշանը… Գրեցի Երեւանի բանտից։
Տիկին Զարիկը խնամքով կատարում է հանձնարարությունը։
Չնայած այդ տարիներին ահռելի քանակությամբ նամակների հոսք կար դեպի Մոսկվա՝ Ստալինին, սակայն Անանյանը հուսով է, որ իր նամակը աշխատակիցների ուշադրությունը կգրավի, եւ կզեկուցեն գերագույնին։
Նամակի առաքումից երեք շաբաթ անց Անանյանին երկու սվինավոր չեկիստ բանտախցից դուրս են կանչում։ Այս անգամ նրանք ոչ թե քննիչի մոտ են տանում, այլ՝ բանտապետի։ Վերջինս մի թուղթ է ձեռքն առնում եւ բարձրաձայնում.
– Վախթանգ Անանյան, դուք ազատ եք, տուն գնացեք։
…Մինչեւ կյանքի վերջին օրն էլ Անանյանը համոզված էր, որ, ամենայն հավանականությամբ, բանտից այդպես է ազատվել…
Սերժ ՄԱՆՈՒԿՅԱՆ