Օրդ սկսիր նոր տողի նման՝
Մեծատառերով եւ նաեւ խորքից,
Թե մաքուր էջ ես ուզում լրացնել,
Ապա՝ նոր տողից:
«Ջավախք աշխարհի ծնունդ եմ: Ծնվածս օրը` փետրվարի 1-ին, սաստիկ բուք էր, որն ուղեկցեց ինձ վաղ մանկությանս բոլոր տարիներին: Այո, Ջավախքը բքառատ երկիր է, մասնավորապես` Ալաստան գյուղը: Չգիտեմ` բնությո՞ւնն է ընդօրինակել ջավախեցու խստաբարո էությունը, թե՞ հակառակը, համենայնդեպս, մանկությանս օրրանն իմ միս ու արյունն է մինչ օրս…»:
Վերում Աբուլն է ձյունահեր, / Փեշին` Ջավախքը, / Երդիկի ծուխն է դարիվեր / Պատել աշխարքը: / Հին հեքիաթը շրթունքներին` / Երգ է անտառը, / Լուռ պատմում է նա դարերին / Իր կանաչ ցավը… («Ջավախքը»)
«Հայրս պատշար էր, գյուղում եւ շրջակայքում հարգված մարդ ու վարպետ: Մայրս` գյուղական միամիտ ու հոգսաշատ տնտեսուհի, ինը երեխայի (2 տղա եւ 7 աղջիկ) մայր: Մեծ եղբայրս մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին եւ չի վերադարձել…»:
Հա՛յր, ներիր դու ինձ. / Այդպես էլ կյանքում քեզ չհարցրի, / Թե ծուռ պատերով քո հին խրճիթում / Որտեղի՞ց այդքան շիտակությունը, / Որ այդքան առատ, այդքան հայրաբար / Դու կտակեցիր քո զավակներին: / Մեկ անգամ ինքդ էլ գոնե չասացիր` / Ժառանգությո՞ւն էր այն քո հայրական, / Թե՞ տարիների արդար վաստակդ, / Որ կիտել էիր ծուռ խոփիդ հերկով / Քարոտ արտի մեջ / Շիտակ շաղ տված քո մի բուռ սերմով… («Ուշացած խոստովանություն»)
«Ավարտել եմ Ախալցիխեի համար 3 հայկական միջնակարգ դպրոցը: Իմ հիշողության մեջ Ախալցիխեն մնացել է որպես մի լուսավոր կետ` իր մարդկանցով, նիստուկացով եւ շատ սիրելի դպրոցով: Ուսումս շարունակել եմ Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում եւ ստացել էլեկտրական մեքենաների գծով ճարտարագետի մասնագիտություն: Աշխատանքի եմ անցել Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում` նախագծող ճարտարագետ: Այստեղ աշխատել եմ 15 տարի, հետո եւս 5 տարի` օպտիկա-ֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտի Երեւանի մասնաճյուղում` ավագ ճարտարագետ…»:
Ահա իմ ոտնահետքը կյանքի, / Նայում եմ, խորհում եմ երկար. / Արդյո՞ք այն ճամփով քայլեցի, / Որով որ եկա այս աշխարհ: / Փնտրեցի իմ ուղին լեռներում, / Եվ փոշոտ մայթերին քաղաքի: / Ի՞մն էր այն, ի՞նչ գտա կյանքում, / Թե՞ կյանքս անարդյունք վատնեցի… («Մտորում»)
«Սկսվեց Ղարաբաղյան շարժումը` բուռն գործողություններ, ցույցեր… Ես այնտեղ էի, որտեղ իմ կարիքը կար, որտեղ ուժերիս չափով եւ նույնիսկ ուժերից վեր գործունեություն կարող էի ծավալել: Երբ սկսվեց մեր հայրենակիցների բռնագաղթը, Մաշտոցի շրջխորհրդի պատգամավոր էի եւ հրավիրվեցի աշխատելու շրջկոմում` փախստականների հարցերով մասնագետ: Տեր Աստված, միթե այդպիսի մասնագիտություն-աշխատանք կարելի էր երբեւէ պատկերացնել: Ինչեւէ: Ես եւ մեր փախստական հայրենակիցները սիրեցինք միմյանց: Ինչ հարցով ասես, որ չէին դիմում, անում էի` ինչ կարող էի, երբեմն էլ անզորությունից լաց էի լինում, երբ փախստական որեւէ ընտանիքի վտարում էին ժամանակավոր ապաստարան դարձած դատարկ բնակարաններից: Ինչ արած, երբեմն պատի էի դեմ առնում…»:
Ես քեզ համար աղոթում եմ, իմ երկիր, / Եվ թվում է, / Թե աղոթքս արձագանքվում է ժայռեղեն հեռուներում / Ու ճակատագիր դարձած` / Սփռվում է ծաղկաշատ դաշտերիդ վրա: / Ես հավատում եմ, / Որ իմ աղոթքով են ծաղկում ծառերդ / Գարնան զարթոնքին, / Որ ջրերդ հորդում են իմ աղոթքով, / Իմ աղոթքն են կրկնում խաչքարերդ, / Եվ վանքերդ իմ աղոթքով են սրբանում… («Քեզ համար, երկի՛ր»)
«… Ութ թոռնիկների տատիկ եմ, նրանցից Անդրանիկը 2020 թ. 44-օրյա պատերազմի մասնակից է…»:
Ես գարուններ եմ երազում, տղե՛րք, / Ձեր հոգիներին թող խորթ չթվա, / Ես գարուններ եմ երազում, քաջե՛ր, / Որ ձեր սուրբ գործը կիսատ չմնա: / Ես գարուններ եմ ուզում, արծիվնե՛ր, / Որ վերում ճախրող ձեր հոգին ժպտա, / Ձեր թափած արյան ամեն մի կաթիլ / Ձեր հարկերի տակ մի նոր կյանք դառնա: / Ես գովերգում եմ գարունները այն, / Որ պիտի բացվեն ձեր սիրո կանչով, / Եվ օրհնյալ հողում մեր հավերժանան / Ձեզ հետ, ձեզանով: («Մեր գարունները»)
«Գրել սկսել եմ դեռեւս Մերգելյան ինստիտուտում աշխատելու տարիներին. ունեինք գրական խմբակ, հանդես էինք գալիս ինստիտուտում, հեռուստատեսությամբ, ռադիոյով: Փորձել եմ տպագրվել, բայց կես քայլից հրաժարվել եմ…»:
Իմ երգերի մեջ բանաստեղծ չկա, / Չկա ոչ նոր խոսք, ոչ գեթ տող անմահ, / Իմ տողերի մեջ ես եմ, իմ հոգին` / Հենված հին սարի լուսե լանջերին:
«Ասում են` միտքը հրաշքներ գործելու հատկություն ունի: Տա Աստված, որ դա այդպես լինի, դա ինձ ապրեցնո՛ւմ է…»:
Չեք տեսնում, / Մոլորակը մոլորվել է, / Մոլորակը շեղվել է ուղուց, / Խենթ, անհանգրվան սլանում է, / Խռովք է ներսը անթաքույց: / Մոլորակն ինչ, / Երբ մարդը խենթացել է, / Երբ մարդը ատում է մարդուն, / Արարման, սիրո պահն անցել է, / Ու խիղճը մնացել է անտուն… («Արթնացեք»)