Խաչատուր Աբովյանը քանիցս պարզաբանել է, թե ինչո՞ւ, հատկապես ի՞նչ նկատառումներով է ինքը որոշել գրաբարից անցնելու աշխարհաբարով գրելուն: Անտարակույս, գրաբարն անգին գանձ է, չկա այդքան ճոխ ու հարուստ մեկ այլ լեզու: Սակայն հասարակ ժողովուրդն այդ լեզուն չգիտի, հազարից մեկն է այն հասկանում: Էլ ինչո՞ւ ենք դժգոհում, թե հայերս գիրք չենք կարդում, ուսում չենք սիրում: Արդ, եթե իսկապես ուզում ենք կրթել մեր ազգը, ապա նախ եւ առաջ պետք է գրենք հասկանալի լեզվով:
Այս հիմնավորումը աբովյանագիտության մեջ հանրահայտ ճշմարտություն է: Գրեթե ուշադրության չի արժանացել մեկ այլ հանգամանք. Խաչատուր Աբովյանին անհանգստացրել է այն, որ խոսակցական լեզուն՝ արտամղված գրականությունից, աջակցություն չգտնելով գրաբարից, սկսել է աղտոտվել օտարալեզու խաղուզրույցով, երգուտաղով, առակներով ու առածասացվածքներով, ինչն անխուսափելիորեն խաթարում է ազգային հոգեբանությունը: Մինչդեռ առօրյա կենդանի լեզուն, իր ողջ գունապատկերով, ժողովրդական առածանու համուհոտով, խրատների եւ առակների անվերջանալի բազմազանությամբ, կարեւորագույն դեր ունի ազգային դիմագծի պահպանման, ազգամշակութային ինքնության ամրապնդման եւ զարգացման մեջ:
Խաչատուր Աբովյանն ինքն է դա սպառիչ բացատրում «Պարապ վախտի խաղալիք»ի առաջաբանում, թե «չունքի մեջլիսում, հայի վրա թուրքեվար են էսպես բաներ ասում. լավ հայը հայեվար ասի, որ քիչ քիչ լեզուն քաղցրանա, չունքի ոչինչ լեզուն էնքան չի քաղցրացնիլ, որքան խաղն ու տաղը: Հույս ունիմ, որ ուրիշ մարդիք դհա լավը շինեն»:
Վերջին միտքը մի ամբողջ ծրագիր է ամփոփում, եւ «ուրիշ մարդիկը» իսկապես նպաստեցին դրա հետագա իրականացմանը՝ Կոմիտասը՝ երաժշտության, Միքայել Նալբանդյանը, Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Լեւոն Շանթը, Ավետիք Իսահակյանը, Վահան Տերյանը՝ գրականության մեջ:
Այնուամենայնիվ, մեր օրերում էլ դա պիտի արվի: Ծովածավալ տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցների խոսքում գրեթե իսպառ վերացել են հայկական առածներն ու ասացվածքները (միակ բացառությունը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Առձեռն առածանի» հոդվածաշարն է): Նույնը կարելի է ասել եթերի եւ Ազգային Ժողովի ելույթների լեզվի մասին: Ինչ վերաբերում է առօրյա խոսքին, ապա դրանում նույնպես (գրականության, մամուլի, եթերի չորուցամաք լեզվի ազդեցությամբ) հայոց առածասացվածքները դարձյալ ետին պլան են մղված, այն աստիճանի, որ հայ մարդը երբեմն ռուսերեն կամ անգլերեն (ինչպես որ նախկինում՝ թուրքերեն) առած կամ ասացվածք է գործածում (իսկ երբեմն դրանց անհաջող պատճենները, ինչն առավել վնասակար է հայերեն լեզվամտածողության համար)՝ անտեսելով նույն խորհուրդն արտահայտող հայերեն համարժեքները:
Ահավասիկ, ժողովրդին իր սեփական իմաստությունը վերադարձնելու գործում կարող ենք հենվել Խաչատուր Աբովյանի վրա, գործածել նրա երկերում շռայլորեն սփռված ասացվածքները, առածները, բառախաղերը: Չէ՞ որ համարձակորեն անցնելով աշխարհաբարին եւ արտացոլելով գրեթե անմշակ խոսակցական լեզուն, Աբովյանն ընդգրկել է բանահյուսության մի վիթխարի շերտ: Բացի դրանից, «Նախաշավիղ կրթութեան» երկում ոչ միայն խրատական պատմություններ է կառուցել զանազան առածասացվածքների հենքով, այլեւ հատուկ բաժին է հատկացրել՝ «Կարճառոտ առածք եւ առակք զվարճալիք» (որը զարմանալիորեն հարուցել է Թիֆլիսի գիմնազիայի մանկավարժական խորհրդի դժգոհությունը):
Համապատասխանաբար, Խաչատուր Աբովյանի երկերում եղած առածասացվածքները երկու կարգի են՝ մի մասը նա պատրաստի է գործածում, մյուսը լրացնում է, մանավանդ՝ չափածո ձեւի մեջ. իր ձեւակերպմամբ՝ «ասացվածք բնահայտք, ինքնահարմար հորինված»:
Արդ, անդրադառնանք Աբովյանի առածանուն՝ նվազագույն (անհրաժեշտ) մեկնաբանությամբ:
«Ամենի խոսքին ականջ դնողը
Գլուխը կկորցնի, յա էլած ղուղը»:
Այդպես է: Խորհուրդ տալուց հեշտ գործ չկա. բոլորս անվերջ միմյանց խորհուրդ ենք տալիս (տեղի կամ անտեղի): Նաեւ հաճելի գործ է, քանի որ խորհուրդ տվողը մի տեսակ գերադասություն է ստանում մեր հանդեպ, թեպետ փաստորեն որեւէ պատասխանատվություն չի էլ ստանձնում: Այդ մենք պիտի հնարավորինս շրջահայաց լինենք, որ անխոհեմ կերպով ամեն մի խորհուրդ գործի չդնենք:
«Խոսողին էլ՝ միշտ հասկացող պտի,
Թե չէ փուչ քամին կառնի, կտանի»:
Սա միջանձնային հաղորդակցման հավիտենական կնճիռներից է. ամենքս խոսում ենք, սակայն քչերս ենք ունակ նաեւ լսելու դիմացինի խոսքը: Թե չլսենք՝ «քամին կտանի», իսկ եթե լսենք՝ առնվազն հույս կա «հասկացող» լինելու:
«Մարդ որ մեկ բան արած չի ըլնում,
Ամեն բան աչքին խաղ է երեւում»:
Կարծես մեր օրերի համար է ասված: Արդեն ընտելացել ենք, որ ամեն ոք պատրաստ է ամեն տեսակի պաշտոն ստանձնելու. կրթություն, փորձառություն, պատշաճություն՝ անտեսված բաներ են: Այ, հենց այն պատճառով է, որ ժամանակակից «Անգետիկի» համար ամեն գործ խաղուպար է, այնինչ փորձառու մասնագետը զգուշավոր է, քանզի տեղյակ է դժվարություններին, ունի պատասխանատվության եւ արժանապատվության զգացում:
«Մարդն իր չափը որ միշտ լավ ճանաչի
Չի՛ հանդիպիլ ո՛չ վնասի, ո՛չ փորձանքի»:
Համապիտանի մի վարքականոն է. մարդ իր կյանքի բոլոր ասպարեզներում, մանավանդ միջանձնային փոխհարաբերությունների կարգավորման մեջ «ոսկի միջինին» կարող է կողմնորոշվել՝ միայն ճանաչելով սեփական չափը եւ դրան պատշաճեցնելով վարվելակերպը:
«Էշն ինչ գիտի վարդն ի՞նչ զատ ա,
Նրանը փալանն ու թավալ տալն ա»:
Սթափեցնող զգուշացում այն իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու համար, երբ մենք դիմացինին, ինչինչ հանգամանքների ազդեցությամբ, ակամա վերագրում ենք իրականում չեղած բարեմասնություններ:
«Ով իշին կուզի նոր մարիֆաթ տալ,
Աստված գիտենա, ի՛նքն ա էշն հալալ»:
Իսկապես, պիտի քաջ գիտենանք, թե մեր ջանքն ու եռանդը ինչի՞ն ենք ուղղում, ո՞ւմ ենք ուզում նոր շնորհք սովորեցնել. եթե ակնհայտորեն անարժան, անպիտան, անընդունակ մեկին, ուրեմն մենք, թերեւս, ինքներս ենք արժանի ասացվածքի երկրորդ տողին:
«Աղուհացն օձին բնիցը կըհանի,
Աղուհացն երեսն թրին էլ դեմ կանի»:
Հայոց մեջ ավանդաբար տարածված եւ, բարեբախտաբար, դեռեւս պահպանված հյուրասիրությունը (մեր օրերում «մի կտոր հաց ուտելու» անվամբ անգամ) այդպես բացառիկ կենսական արժեք ունի. ասացվածքը հիշեցնում է դա եւ պարտադրում հարգել, ենթարկվել ավանդույթին:
«Խաթրապահ հիմարն թշնամուց վատ է,
Փորձանքի կտա, հառաջ, հետո թե»:
Զգուշավորության այս հորդորը միանգամայն տեղին է: Սովորաբար մենք հանդուրժում ենք մեր հանդեպ բարեհաճ մարդկանց հիմարությունը (եւ այլ թերություններ): Այնինչ, բարեհաճ հիմարն իսկապես ավելի վտանգավոր է, քանի որ, ի տարբերություն թշնամու, նրանից փորձանք չենք սպասում եւ կորցնում ենք զգոնությունը:
«Մարդի առաջին քանի որ կուչ գաս,
Գըլխիդ կընստի, թե լավ իմանաս»:
Արժանապատվության պահպանում եւ դիմացինից պահանջում. միայն այդպես կարող ենք մարդկանց հարաբերություններում փոխադարձություն ապահովել, մեր վարքուբարքի համարժեքությունն ապահովել: Անգամ լավագույն մղումներով, սակայն անհարկի զիջողականությունը բնավ փոխադարձ հարգանք ապահովելու միջոցը չէ, այլ փաստորեն մեր այդ վերաբերմունքը ըմբռնելու եւ գնահատելու անընդունակ անարժանին իրոք մեր «գլխին նստեցնելու» մերժելի ուղի:
«Ճամփեդ բռնի՛, գնա՛, ամեն ծափ տվողի
Առջեւն մի՛ պար գալ, ոտդ կդիպչի քարի»:
Ինքնավստահություն, սեփական նպատակի եւ անելիքի հստակ իմացություն, ուստի եւ անհարկի աջակիցների, կողքից անկոչ խորհրդատուների հնարավորինս բացառում:
«Պոչիկ գդալն չհարցրած
Մեջ ա ընկնում՝ գլուխը ցցած»:
«Անպոչ գդալի» մասին հայտնի խոսքն ավելացել է շատ տպավորիչ մանրամասնությամբ՝ «գլուխը ցցած», ասել է թե՝ շրջապատողների կարծիքն ու վերաբերմունքն անտեսած:
«Ուրաքն իր կողմ ա տաշում,
Ճրագն իր տակին լիս չանում»:
Այստեղ Խաչատուր Աբովյանը հնարամտորեն համատեղել է երկու առած, այդ երկու խորհրդանիշի միջոցով տպավորիչ կերպով հակադրել եսական (էգոիստական) եւ այլասիրական (ալտրուիստական) վարվելակերպերը:
«Լավ հարեւանը վատ բարեկամից
Բյուր անգամ լավ ա, լսել եմ խալխից»:
Դարձյալ՝ հայտնի մտքի նրբահնար հաստատում եւ տպավորության սաստկացում. չէ՞ որ դա մարդիկ իրենք են, իրենց սեփական փորձով, բյուրավոր անգամ խոստովանել:
Հավարտ՝ մենք էլ խոստովանենք, որ գիտականակերպ խրթնաբանությանը ընտելացած ժամանակակից ընթերցողը, որպես կանոն, դժվարությամբ է ընկալում եւ գնահատում ժողովրդական առածասացվածքը, ունակ չէ ինքնուրույն զգալու եւ ըմբռնելու այս կամ այն խորհրդի ողջ խորությունը, հոգեբանական ընդգրկումը, բարոյական արժեքը, վարքակարգավորիչ ներուժը: Ոչ ոք չի մերժում գիտության դերը, սակայն վստահ լինենք, որ ժողովրդական խոսքն ավելի հասկանալի է, տպավորիչ, հեշտ հիշվող, քան հաստափոր գրքերն ու ծավալուն ատենախոսությունները: Ժամանակին սա լավ է հասկացել Խաչատուր Աբովյանը: Նրա գործը հարկավոր է շարունակել:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր