1993 թ. մայիսի 8-ին Լաչին-Բերձորում էի. հերթափոխից իջել էի քաղաքից հարավ ընկած «Կոբրա» կոչվող դիրքերից։ Այդ ժամանակ Լաչինից հարավ գտնվող Հարար-Ծաղկաբերդ-Վանոցա գծով թշնամին դեռ դիրքավորված էր։ Մեր խրամատները Մեղվաձոր-Մելիքահող գյուղերի մոտակայքում էին։
Բերձորում զենքը հանձնեցի հրամանատարին. ցանկանում էի Շուշի գնալ՝ մասնակցելու բերդաքաղաքի ազատագրման առաջին տարվա տոնախմբությանը։ Այդ ժամանակ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը գործում էր, եւ բացի զինվորական մեքենաներից, նաեւ քաղաքացիականներն էին անցնում։ Սպասում էի մեքենայի։ Քիչ հեռու մեր զինվորների մի խումբ էր կանգնած. դիրքեր պետք է բարձրանային տղերքը։ Զինվորներից մեկը մոտեցավ՝ տեսնելով ձեռքիս լուսանկարչական խցիկը։ Խնդրեց՝ լուսանկարեմ։ Բնական է՝ սիրով համաձայնեցի։ «Արծիվ 19» ջոկատի տղաներն էին՝ հրամանատար Գառնիկ Գառնիկյանի հետ։ Պարեն ու զինամթերք էին ստացել եւ առաջնագիծ պետք է բարձրանային։ Ծանոթացանք։ Իմանալով՝ նաեւ լրագրող եմ, հրամանատարն առաջարկեց իրենց հետ դիրքեր բարձրանալ եւ ռեպորտաժ պատրաստել իր ջոկատի մասին։ Չնայած նոր էի իջել նույն տարածքից, ցանկանում էի Շուշի գնալ, բայց այս առաջարկը չընդունել չէր կարելի։ Օրը երեկոյանում էր, եւ զինվորական մեքենան բռնեց դիրքեր տանող ճանապարհը։ Մեքենայի թափքում զրուցում եմ տղերքի հետ։ Հոկտեմբերյանի (Արմավիր) եւ Էջմիածնի շրջանների տարբեր բնակավայրերից էին 1989 թ. կազմավորված եւ 1992-ի ամռանն «Արծիվ-19» կոչված ջոկատի մարտիկները։ Մարտական տարբեր գործողությունների էին մասնակցել։
Կրասնոսելսկի (Ճամբարակ) շրջանի Վահան գյուղի պաշտպանության ժամանակ «Արծիվ-19»-ից զոհվել է Արամը, եւ այս տղաների ջոկատը կոչվում է անմահ հերոսի անունով։ Նույն ջոկատից 1993 թ. Մարտակերտում զոհվել են Տիգրանն ու Գուրգենը։ Մութն արդեն թանձրանում էր, երբ հասանք ջոկատի հենակայան։ Դիրքերը վերեւում են։ Մի քանի օր անձրեւ էր եկել եւ շարունակվում էր։ Դժվարությամբ ենք բարձրանում կավահող-ցեխապատ ճանապարհով։ Խրամատներից առաջ հերթապահող տղերքը հարցնում են նշանաբառը, եւ մոտենում, մտնում ենք խրամուղի, որը լի էր ցեխաջրով։ Հրամանատարը ներկայացնում է տեղանքը, չնայած արդեն ծանոթ էի։ Դիմացը Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի լույսերն էին առկայծում։ Մտնում ենք գետնափոր կացարան, որը բնական քարանձավ էր եղել, եւ տղերքը հարմարեցրել են բնակվելու համար։ Խոնավություն է ներսում, գաղջ օդ. վառարան էր վառվում։ Իրենց հերթափոխին սպասող զինվորների հետ վառարանի մոտ մի կերպ տեղավորվում ենք, թեյ խմում եւ զրուցում։ Տղերքն սկսում են երգել, կարծես իրենք չեն թշնամու դեմ կանգնած։ Զինվորներից Մանուկ Գրիգորյանն ու Մամիկոն Հակոբյանը սրախոսում, կատակներ են անում՝ կարճելու ծանր ժամանակը։ «Քաջ տղաներ են,- ասում է տարեց տղերքից 45-ամյա Գեղամ Սահակյանը՝ Քեռին,- նաեւ սրախոսում եւ մեզ ուրախացնում են»։ Այստեղ՝ ջոկատում ամենատարեցը 56-ամյա Ղեւոնդն է, ամենակրտսերները՝ 16-ամյա Ղուկասն ու ազգությամբ եզդի Ալիխան Ալոյանը։ Գովեստով է խոսում իր զինվորների մասին Գառնիկը։ Ալիխանն այդ օրը հիվանդ էր ունեցել է ջերմություն, եւ մի կերպ համոզելով՝ իջեցրել են բուժմաս։ 18-ամյա Գուրգեն Ստեփանյանն արդեն փորձառու զինվոր էր. 2 տարի է, ինչ ջոկատի կազմում մասնակցել է տարբեր մարտական գործողությունների։
Ջոկատի կազմում էին նաեւ այսպես կոչված «դասալիքներ»՝ զինվորական տարիքի տղաներ, ովքեր փախել են զորամասերից, միացել Գառնիկի ջոկատին, որ մասնակցեն մարտական գործողությունների՝ կռվեն, ինչպես իրենք էին ասում։ Գոհ է նաեւ այդ տղաներից հրամանատարը, ցանկանում է՝ մեր ժողովուրդը բոլորի անուններն իմանա, որ նրանք դասալիք չեն, այլ՝ հայրենիքի պաշտպաններ։ Շնորհակալություն է հայտնում հրամանատարն այդ տղաների ծնողներին եւ նշում Էջմիածին քաղաքից Ռուբիկ Ղազարյանի եւ Ակնալիճ գյուղից Հարություն Բալիկյանի անունները, ովքեր դիմել են իրենց զորամասի հրամանատարությանը՝ խնդրելով, որ ուղարկեն առաջնագիծ։ Մերժվել են եւ ինքնակամ լքել զորամասը, միացել մարտնչող տղաների ջոկատին։ Զրույցը կարճացրեց գիշերը, դիրքապահ տղերքը հերթով ներս ու դուրս էին անում։ Թշնամին անընդհատ կրակում էր։ Լույսը բացվեց թշնամու տանկի արձակած արկի պայթյունով։ Ցնցվեց մեր գետնափոր տնակը, խոնավ առաստաղից հողը թափվեց գլխներիս։ Դուրս եկանք. մառախլապատ ու անձրեւոտ առավոտ էր։ Պատերազմի դաշտում իր դերն ունի մառախուղը, եւ տղերքն ավելի աչալուրջ էին։ Ցերեկվա լույսով արդեն երեւաց, թե ինչքան ահռելի հողային աշխատանք են կատարել տղերքը՝ խրամատ ու ամուր կացարան, դիտակետ կառուցելով։ Իսկ այժմ մինչեւ ծնկները ցեխաջրի մեջ աչալուրջ հսկում են։ Կային նաեւ հիվանդներ, բայց դիրքը չեն լքում։ Սակայն ավելի տխուր էր, որ լավ լուսանկար չէր ստացվի։ Տղերքին պետք է լուսանկարեի։ Սպասում ենք. թշնամին սկսում է կրակել, մոտակայքում ականներ են պայթում։ Կեսօրին քաշվեց մառախուղը, բացվեց տարածքը։ Մայիսյան դաշտերը կանաչ են ու գեղեցիկ ծաղիկներով զարդարված։ Իսկ այդ հատվածում գրեթե ալպիական գոտի էր։ Խրամատներից առաջ գնալ չէր կարելի՝ ականապատ է։
Նույն 93-ի վերջին, երբ ազատագրվեց Հակարի գետի ողջ ավազանը, եւ ստեղծվեց Քաշաթաղի շրջանը, ու 96 թվականին բնակություն հաստատեցի Բերձորում, արդեն շատ էի լինում նաեւ այս հատվածում։ Զգուշացնում էի տարածքի բնակիչներին ականների մասին։ Ցավոք, այս հատվածում եղան դժբախտ պատահարներ արդեն վերաբնակեցման տարիներին, չնայած սակրավորական տարբեր խմբեր մաքրում էին տարածքը։ Վերջապես հաջողվեց լուսանկարել տղերքին։ Կաղալով մեզ է մոտենում զինվոր Սամվել Գրիգորյանը՝ գյումրեցի Աշոտ Մանուկյանի ուղեկցությամբ։ Ողջունում ենք միմյանց, ծանոթանում։ «Սամվելը վերջերս վիրավորվել էր, սակայն դիրքերից չի իջնում, չնայած վերքը դեռ չի լավացել»,- ասում է հրամանատարը։ Տխրությամբ են պատմում գյումրեցի Աշոտի մասին. 88-ի երկրաշարժի ժամանակ քանդվել է նրա տունը, զոհվել են կինն ու աղջիկը, ունի նահատակ հարազատներ, բայց եկել է հայրենիքը պաշտպանելու։ Դժգոհում են Աշոտի մարտական ընկերները, որ նա դեռ տուն չունի։ Երեկոյան հրամանատարի ու հիվանդ տղաների հետ իջանք դիրքերից Մեղրահողում գտնվող հենակայան։ Զրուցում եմ Գառնիկի հետ. Էջմիածնի Տարոնիկ գյուղում է ծնվել 8 քույրերի միակ եղբայրը։ Տեղեկացրեց, որ հաճախ է հետախուզության գնում։ Առանց դրա պատերազմում դժվար կլինի հաղթել։ Զենք չի վերցնում այդ ընթացքում եւ քաղաքացիական հագուստ է կրում։ Մելիքահող-Մելիքպեյա գյուղում գիշերեցինք դարձյալ քարանձավային կացարանում։ Գառնիկը պատմեց իրենց ջոկատի տղաների, նրանց անցած ուղու մասին։ Առավոտյան գյուղում հանդիպեցի անծանոթ զինվորականի, ով, տեսնելով ինձ լուսանկարչական խցիկով զինված, զարմացավ ու հետաքրքրվեց՝ ով եմ։ Իմանալով, որ Գառնիկի «հյուրն եմ», առաջարկեց ծանոթանալ նաեւ իրենց հրամանատարի հետ։ Պարզվեց՝ այս հատվածում էր տեղակայված նաեւ ՀՀ ՆԳՆ ռազմական մի գումարտակ՝ ոստիկանության փոխգնդապետ Ռոբերտ Գեւորգյանի հրամանատարությամբ։ Ինձ հանդիպողը գումարտակի շտաբի պետ Ներսես Անտոնյանն էր: Ծանոթացա հրամանատարի հետ, եւ միասին բարձրացանք առաջնագիծ։ Մեր տանկը թմբի հետեւում էր, խրամատներում ոստիկանության տղերքն էին։
«Հակառակորդը տեխնիկայի ու կենդանի ուժի տեղաշարժ է կատարում մեր դիրքերի դիմաց,- ասաց Ռ. Գեւորգյանը,- անընդմեջ համալրում է ստանում: Միաժամանակ մշտապես ռմբակոծում ու գնդակոծում են դիրքերը»: Իրենց հենակայանն էլ շատ հեռու չէ, Սաֆյան կոչվող գյուղում է: Սաֆյանը Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման ժամանակ անվանակոչվեց Խաչգետիկ, պատմական Հարարից 5 կմ արեւմուտք՝ Հակարի գետի ձախակողմյան բարձրադիր վայրում է: Մինչ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը, այստեղ էր գործում Աղավնատուն գյուղական համայնքի միջնակարգ դպրոցը: Խրամատներն այստեղ ավելի բարեկարգ էին, խորը: Կարեւորում է հրամանատարը խրամատների հատկապես խոր լինելը: «Հարմար են նաեւ ռմբակոծությունից պաշտպանվելու համար,- ասում է Ռ. Գեւորգյանը,- կարեւոր են նաեւ ամուր կացարանները»: Դիրքերում բարձր էր տղերքի տրամադրությունը, կտրվել էր անձրեւը, արեւն սկսել էր ջերմացնել ու չորացնել: Տղերքը ցեխաջրից մաքրում էին խրամատները: Կացարանում երկար հնարավոր չէր մնալ: Խոնավությունից օդը գազ էր դարձել, հատակը ցեխապատ էր: 3-4 կմ տարածք էին պաշտպանում ՆԳ գումարտակի տղաները. աջում Հակարի գետն էր՝ այսպես կոչված Ստրոյկա նորաշեն ու երբեք չավարտված բնակավայրով: Դիմացը՝ գետի աջ ափից քիչ հեռու Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղն էր՝ հարավային մասում, եւ ներքեւում՝ արդեն թուրքաբնակ Ջիջիմլիներն էին՝ պատմական Վերին եւ Ներքին Վանոցա գյուղերը, որոնք վերջին պատերազմից հետո նույնպես հանձնվեցին թշնամուն: Դիրքերից մեկում ծածանվում էր հայոց Եռագույնը, իսկ նույն հենակետի կացարանից ռազմահայրենասիրական երգ էր հնչում: «Վեցերորդ դիրքն է,- ասում է շտաբի պետ Ն. Անտոնյանը,- նաեւ հրշեջ-փրկարարների դասակն է այստեղ»:
Տղերքին հյուր էին եկել Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի վաշտերից մեկի զինվորները, ովքեր Մոնթեի հրամանով եկել էին Լաչինի միջանցքը պաշտպանելու: Մոտեցանք երգող հենակետին: Պատասխանատուն զեկուցեց իրավիճակի մասին: Զրուցում ենք: Սակայն քիչ տեւեց խաղաղ պահը, թշնամին սկսեց կրակել: Մի քանի ակնթարթ, ու տղերքը դիրքավորվեցին: Իր դիրքը մտավ նաեւ Բիջո շունը՝ տղերքի հավատարիմ «տեղեկատուն»: «Նաեւ գիշերներն է դիրքերը հսկում,-ասացին դիրքի տղաները,- ոչ մի օտար շարժում չի վրիպում նրա աչքից, անմիջապես տեղյակ է պահում»: Շուտով սկսեցին «խոսել» նաեւ մեր տղերքի ինքնաձիգները, գնդացիրը: Երկար չտեւեց երկխոսությունը: «Թշնամին մեր զգոնությունն էր ստուգում,- ասաց հրամանատարը,- առնելով պատասխան՝ սսկվեց»: «ՀՀ տարբեր շրջանների ՆԳ բաժինների ծառայողներ են ընդգրկված գումարտակում,- շարունակեց խոսքը Ռ. Գեւորգյանը:- Սահմանամերձ շրջանների ոստիկանության աշխատակիցները տեղերում են մասնակցում երկրի պաշտպանությանը, մնացած ծառայողները պարտավոր են առնվազն 1 անգամ՝ 30 օր լինել առաջնագծում: Երկրորդ եւ մնացած անգամներ առաջնագծում ծառայելը կամավոր է: Սակայն քիչ չեն այն տղաները, ովքեր 3-րդ, 4-րդ անգամ են արդեն դիրքերում»: Երեկոյան իջանք դիրքերից:
Հենակայանում հերթափոխից վերադարձած ռազմիկներն արդեն հանգստացել էին, չորացել արեւի տակ, ու տրամադրություններն արդեն բարձր էին: Մարզումներ էին անում, ճաշ պատրաստում: Գումարտակի բժիշկ Ալբերտ Սուքիասյանը զննում էր տղերքին, հրահանգներ ու խորհուրդներ տալիս, անհրաժեշտության դեպքում դեղ հատկացնում, բժշկական միջամտություն ցուցաբերում: «Եղած դեղորայքը քիչ է, բայց, Աստված տա, վիրավորներ չունենանք, կբավարարի»,- ասաց բժիշկը:
Հաջորդ օրը Գառնիկի եւ մի քանի մարտիկների հետ վերադարձա դիրքերից, մի գիշեր էլ մնացինք Զաբուղ-Աղավնոյում՝ ԱԻՄ-ի հենակայանում: Այս գյուղում արդեն բնակություն էին հաստատել Շահումյանից ու Մարաղայից բռնագաղթած մեր հայրենակիցները: Հաջորդ օրը զինվորական մեքենայով Երեւան եկա: Ընթացքում հանդիպեցի Գառնիկին, Ռ. Գեւորգյանին, այլ մարտիկների, լուսանկարները տվեցի: Նույն 93-ի ամռանն Ակնալիճ գյուղում սկսեց գործել պայմանագրային վաշտ՝ Գ. Գառնիկյանի հրամանատարությամբ: Հետագայում իմացա, որ 1994 թ. մարտի 10-ին Հորադիզում հերոսաբար նահատակվել էր ՀՀ ՆԳ ներքին զորքերի վարչության հրամանատար, գնդապետ Ռոբերտ Հայկարամի Գեւորգյանը՝ ծնված 01. 01. 1958 թ. Կոտայքի մարզի Քասախ գյուղում: 1977-1979 թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում։ 1980 թ. ավարտել է Վրացական ԽՍՀ Սոֆինոյի ենթասպայական դպրոցը, 1983-ին՝ Լենինգրադի բարձրագույն ռազմաքաղաքական հրամանատարական ուսումնարանը։ 1989-1994 թթ. մոտոհրաձգային գնդի կազմում որպես, հրամանատար, մասնակցել է Սյունիքի Շուռնուխ, Կոռնիձոր, Կապան, Մեղրի բնակավայրերի, Արցախի Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանների, հատկապես Լաչինի՝ «Կյանքի ճանապարհի», Ֆիզուլիի եւ այլ տարածքների ազատագրական ու պաշտպանական մարտերին: Հետմահու արժանացել է ՀՀ ներքին ծառայության գնդապետի կոչման, պարգեւատրվել ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Նրա անունով է կոչվում Քասախի միջնակարգ դպրոցը։ Թաղված է Եռաբլուրում։ Պատահաբար տեղեկացա, որ 1993 թ. օգոստոսի 23-ին նույն Ֆիզուլիի շրջանում նահատակվել էր Գառնիկ Գառնիկյանը՝ փորձելով փրկել մարտական ընկերոջ կյանքը: Ծնվել է 22. 03. 1962 թ. ՀԽՍՀ Էջմիածնի շրջանի Տարոնիկ գյուղում: Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ ՀՀ «Արիություն» մեդալով: Հուղարկավորվել է հայրենի գյուղի հանգստարանում: Նրա անունով է կոչվում Տարոնիկի միջնակարգ դպրոցը: Ցավ է նաեւ, որ այսօր կրկին թշնամին է տիրում Քարվաճառին ու Քաշաթաղին, Վարանդային, Շուռնուխի ու Կոռնիձորի մերձակա տարածքներին: