Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Խորհրդանշում է Հայաստան աշխարհը

Մարտի 18, 2022
Այլք
Խորհրդանշում է Հայաստան աշխարհը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
356
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ Արարատի մարզի Շաղափ գյուղի վարչական տարածքում արդեն 12 տարի է, ինչ գործում է «Փառքի տարածք» հասարակական կազմակերպությունը, որն ունի նաեւ մոտ 50 հուշակոթողներով, Սուրբ Ամենափրկիչ-Հայրենիքի նվիրյալ զինվորին եկեղեցիով, աղբյուրներով, տաղավարներով հուշահամալիր։

Այժմ ՀՀ եւ Արցախի շատ բնակավայրերում կան Արցախյան պատերազմներին նվիրված փառքի հուշահամալիրներ, սակայն իր գործունեությամբ Շաղափիին առանձնահատուկ է։ Գտնվելով Վեդի-Զանգակատուն ճանապարհի աջակողմյան ծառաշատ հատվածում՝ «Փառքի տարածքը» դարձել է յուրահատուկ ուխտավայր ու սրբավայր, այցելավայր այստեղով անցնողների համար։ Վերջերս այցելեցի Արարատի մարզի՝ Խոսրովի արգելոցի հարակից այս հատված, որտեղ կան նաեւ պատմական բազում հուշարձաններ։ Տափի ամրոց եւ Սուրբ Կարապետ վանք ուխտագնացությունից հետո ընկերոջս՝ Արարատի մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Սուրեն Շահինյանի, տարածքի ավագ զինղեկ Ռոբերտ Հարությունյանի հետ այցելեցինք նաեւ «Փառքի տարածք»։ ՀԿ եւ հուշահամալիրի հիմնադիր, ազատամարտիկ, Արցախյան 3 պատերազմների մասնակից, ՀՀ  հատուկ գնդի մարտիկ, Արարատի ջոկի հրամանատար, պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ Էդվարդ Լեւոնի Միրզոյանը (ծնվ.՝  28. 11. 1963 թ.) ներկայացրեց հուշահամալիրի ստեղծման պատմությունը, նպատակները եւ ներկա գործունեությունը։ Որդիների՝ Էդգարի, Արսենի եւ մարտական ընկերների հետ հիմնադրել են իրեն պատկանող սեփականաշնորհված հողատարածքի վրա 2010 թ. մայիսի 6-ին։ 1992 թ. մայիսի 6-ին ծանր վիրավորվել է Էդվարդը եւ պատահական չէ, որ ընտրել է այս օրը։ Ապաքինվելուց հետո նորից վերադարձել է մարտական շարք եւ ծառայության մեջ մնացել մինչեւ 2010 թ.։ Մինչ պատերազմը պարուսույց է եղել, ղեկավարել Շաղափի ազգագրական խումբը։ Երբ հայրենիքը վտանգի մեջ էր, արդեն զինվոր էր։

Արցախյան առաջին պատերազմում շատ հերոսներ նահատակվեցին, անհետ կորան, եւ հուշահամալիրի հիմնման նպատակն այս անմահ հերոսների հիշատակը հավերժացնելն է։ Առաջին հուշակոթողը կոչվում է «Զոհված ազատամարտիկների հիշատակի խաչքար»։ Հովանավորը տարածքի հիմնադիրն է, վարպետը՝ Թաթուլ Ասատրյանը՝ Արալեզ գյուղից։ Է. Միրզոյանը տեղեկացրեց, որ առաջին հուշակոթողը խորհրդանշում է ՀՀ բոլոր մարզերը եւ Երեւանը: 2 կտորից հուշակոթողի ձախ կողմում սուր է քանդակված, մեջտեղում Երեւանը խորհրդանշող խաչն է, աջ կողմում՝ վահան՝ հավերժության նշանով։ «Սուրը մեր ձեռքից չգցենք. պատերազմը դեռ ավարտված չէ, իսկ վահան-հավերժության նշանով` պահպանենք մեր երկիրը, երեխաներին»,- ասում է տարածքի հիմնադիրը։ Հուշակոթողի վերեւում ծածանվում են ՀՀ եւ Արցախի պետական դրոշները: Այս հուշակոթողի աջ կողմում Արցախին, իսկ ձախ կողմում անմեղ զոհերին նվիրված խաչքարերն են։ «Ազատամարտիկը, զինվորը գիտակցաբար են գնում զոհվելու, նրանք անմեղ չեն, անմեղ են աղետների, վթարների, պատերազմի ընթացքում ռմբակոծություններից եւ այլ պատճառներով զոհված անձինք։ Նրանց էլ նույնպես պետք է հիշենք»,- շարունակում է խոսքը Էդ. Միրզոյանը։ Կապույտ բազալտից է Արցախին նվիրված հուշակոթողը՝ «Արցախի զոհված ազատամարտիկներին» արձանագրությամբ: Կոթողի վերին մասում թեւավոր խաչ է քանդակված, ներքեւում՝ «Մենք ենք մեր սարերը-Տատն ու Պապը» հուշարձանի մանրակերտը:

2017 թ. տեղադրված` Սյունիքի մարզին նվիրված հուշակոթողը կարմիր տուֆից է՝ «Փառք Սյունիքի ազատամարտիկներին» արձանագրությամբ։ Հիմնական խորհրդանիշը զանգն է՝ Զանգեզուր։ Վայոց ձորի մարզի անմահ հերոսներին նվիրված, դարձյալ կարմիր տուֆից կերտած հուշակոթողը տեղադրվել է 2016-ին։ Այն ունի յուրահատուկ խորհրդանիշ՝ վերին մասում սուրն է։ Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված հուշաքարը բնական ժայռաբեկոր է, որում ագուցված է հուշատախտակ՝ «Ես այս պատերազմում տվել եմ ինչ որ կարող էի, ձեռք բերել հպարտություն։ Վազգեն» արձանագրությամբ։ Էդ. Միրզոյանը նշեց, որ այժմ տարածքում կանգուն են Արարատի տարածաշրջանի ընդհանուր համայնքների 70 տոկոսի անմահ հերոսներին նվիրված հուշակոթողներ։ Անցած տարի տեղադրվել է Երեւանի անմահ հերոսներին նվիրված հուշակոթողը՝ կարմիր տուֆից։ ՀՀ հյուսիսային մարզերը նույնպես ներկայացված են խաչքարերով, հուշաքարերով։ Կարեւորեց, որ բարերարների կամ հեղինակների անուններ չեն հիշատակվում հուշակոթողների վրա։ «Եթե նման առիթով է արված, թող Աստված միայն իմանա,- ասաց Էդ. Միրզոյանը եւ շարունակեց,- այն մարդիկ, որ մասնակցել են պատերազմին եւ զոհվել, նրանց համարում եմ սրբերի դասին։ Յուրաքանչյուր համայնք ինքն է ստեղծում իր տարածքի նահատակ զավակների հուշակոթողը։ Ճշմարիտ հայրենասերին, անվեհեր զինվորին եւ հրամանատարին մեծարելը մնալու է բոլոր սերունդների սրբազան պարտքը: Այստեղ ոչ թե քարը պետք է պաշտեն, այլ նահատակներին հիշեն՝ հարգանքի տուրք տալով։ Այս սուրբ գործից ոչ ոք չի ուշացել, ովքեր ցանկանում են մասնակից լինել, կարող են դիմել, մեր դռները բաց են բոլորի համար»։

Ինչ խոսք, շատ է կարեւորում իրեն օգնող մարտական ընկերների դերը, որպեսզի տարածքը լինի իսկական ուխտավայր։ Պատահական չէ ընտրված նաեւ տարածքը։ ՀՀ հարավային կողմի՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն Արարատին կապող երկրորդ կարեւոր ճանապարհի վրա է։ Այստեղով հիմնականում զինվորական մեքենաներ են անցնում՝ նշված մարզերի նորակոչիկների ծնող-բարեկամների ուղեկցությամբ` դեպի կենտրոնական հավաքակայան գնալու համար։ Կանգ են առնում, հանգստանում, հաց կիսում։ Այստեղ են ծնողները հրաժեշտ տալիս իրենց արդեն զինվոր զավակներին եւ վերադառնում տուն, իսկ տղերքը գնում են՝ պաշտպանելու հող հայրենին։ Գնում են պաշտպանելու՝ արդեն մի տեսակ մկրտություն ստանալով հուշահամալիրում, մոմ վառելով Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, որի կառուցումն սկսվել է 2012 թ. մայիսի 28-ից, օծումը եւ բացումը կայացել 2016 թ. օգոստոսի 2-ին։ Տարածքում շատ են կատարվում նաեւ զինվորների երդման արարողություններ, արիության դասեր դպրոցների աշակերտների համար։ Անցկացվում են ռազմամարզական խաղեր, այլ մրցույթներ, փառատոներ, համերգներ, տարբեր միջոցառումներ։ «Փառքի տարածք» ՀԿ գրասենյակում պահպանվում են արխիվային ալբոմներ, որոնցում արդեն հիշատակված են կոթողների մեկենասները, ճարտարապետ-քանդակագործ-վարպետները, հիմնադրման ժամանակը եւ այլ փաստեր։ Հուշամատյանում այցելուների կարծիքներն են գրված։ Բոլորն էլ շնորհակալություն են հայտնել։ Սրանք պատմության համար են։ Մի անկյունում հիմնադիր-ՀԿ նախագահի զինվորական համազգեստն է՝ մարտական գործողությունների մասին փաստող մեդալներով զարդարված։ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից 2017 թ. Էդ. Միրզոյանին հանձնվել է շնորհակալագիր «Ազգ-Բանակ 2017»-ին ակտիվ մասնակցելու համար։

Մեր՝ այնտեղ եղած ժամանակ մի քանի ընտանիք էին ժամանակ անցկացնում՝ անվճար օգտվելով տարածքի հարմարավետ պայմաններից։

Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Հիացումս հայտնեք Շահինին…»

«Հիացումս հայտնեք Շահինին…»

«Ավերակների ու հուշարձանների հոյակապ երգիչը»

«Ավերակների ու հուշարձանների հոյակապ երգիչը»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist