Ըստ կաթոլիկ օրացույցի՝ մարտի 19-ը նշվում է որպես Սուրբ Իոսիֆի օր: Իսպանացի ատաղձագործները նրան համարում են իրենց հովանավորը եւ յուրահատուկ նշում տոնը: Բայց այն վայրը, որտեղ անհամբերությամբ են սպասում տոնին եւ առանձնակի պատրաստությամբ մոտենում նրա մեկնարկին, իհարկե, Վալենսիան է: Այստեղ շտապում են մարդիկ Իսպանիայի բոլոր ծայրերից, իսկ վերջին տարիներին ժամանում են նաեւ մեծաթիվ օտարերկրացիներ: Միջոցառումները, ըստ էության, սկսվում են գարնան առաջին օրվանից, եւ սա այն դեպքում, երբ պատրաստություններն ընթանում են ամբողջ տարվա ընթացքում:
Սա 19-րդ դարում ապրող մի անհայտ հյուսնի ոչնչով աչքի չընկնող պատմությունն է, որի բովանդակությունը շատ նման է Պապա Կառլոյի հանրահայտ հեքիաթին, երբ անպիտան մի փայտակտորից ստեղծվեց բոլորի կողմից սիրված Բուրատինոն: Եվ ահա, ինչպես պատմում է տեղի լեգենդը, 12 ամսվա ընթացքում հավաքված փայտի թափոններին նայելիս, ինչն ընդունված էր այրել մարտի 19-ի լույս 20-ի գիշերը, վալենսիական վարպետներից մեկի հայացքը կանգ առավ մի ծղանի վրա, որը նրան ինչ-որ բան հիշեցրեց, եւ հետեւելով սեփական երեւակայության ձայնին, նա դրանից չափազանց զվարճալի կերպար ստացավ ու այնուհետեւ այն իր իսկ բակում ցուցադրեց բոլորին:
Այցելուների եւ պատահական անցորդների շրջանում ստացված կերպարը աներկբա ժպիտ է առաջացրել, որը շատ դեպքերում վերածվել է բարձր քրքիջի: Ատաղձագործները ուրախ մարդիկ են: Նրանցից մեկը գտել է ինչ-որ ցնցոտի, հագցրել իր նինոտին (ըստ վալենսիացիների՝ տիկնիկ) եւ անզուսպ ուրախություն ապրել իր փոքրիկով: Բոլորը, ովքեր կարող էին, մարտի 19-ին հավաքվում էին իրենց համաքաղաքացու բակում, որպեսզի ականատես լինեին, թե ինչպես է կրակին հանձնվում փայտե ծիծաղելի մարդուկը:
Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակներից սկսվեց տարեցտարի շարունակական բնույթ կրող եւ մեր ժամանակներն հասած ավանդույթը՝ Fallas-ը, որը տեղի բնակիչների մեկնությամբ թարգմանվում է որպես ջահ: Ծիծաղելի մարդուկին փոխարինելու եկան փոքր, մեծ եւ պարզապես հսկայական չափերի հասնող կոմպոզիցիաներ, որոնք տոնակատարության ընթացքում առկա են քաղաքի յուրաքանչյուր փողոցում: Այստեղ ցանկացած բնակելի շենք ունի Ֆայայի տունը` իրեն հատուկ ներկայացուցչությամբ, միջոցառման անցկացման պատասխանատուներով եւ կազմակերպիչներով, որոնց թվում նաեւ այն հարեւաններն են, ովքեր տարվա ընթացքում իրենց ուժերի ներածին չափով նյութական օգնություն են ցուցաբերում: Նրանց միասնական ջանքերով 20 օրվա ընթացքում Վալենսիան վերածվում է մի կախարդական վայրի, որտեղ անհայտ է, թե ինչպես եւ որտեղից, կարծես սնկերը անձրեւից հետո, հանկարծ մեկ գիշերվա ընթացքում կառուցվում են ամենատարբեր եւ հնարավոր գույների ու չափերի կառույցներ: Աչք են ծակում մի քանի մետր երկարությամբ հսկայական կերպարները, նրանց կողքին՝ նաեւ այլ, դպրոցական հասակի փայտաշեն մարդուկներ: Նրանց միջեւ՝ հենց փողոցի մեջտեղում, բացվում են վրանները: Պետք է միայն պատկերացնել մոտավոր 250 վրանները` հասկանալու համար, թե ինչպես է քաղաքի 250 մասերում գործնականում կաթվածահար արվում տրանսպորտի երթեւեկությունը: Նմանատիպ իրադրությունում նույնիսկ ամենամոլի ավտոսիրողները կամա թե ակամա ստիպված են օգտվել մետրոյից, որը կայարանից կայարան հասնում է 10-15 րոպեում եւ այդ օրերին լինում է լեփ-լեցուն: Ի դեպ, այս հանգամանքը այդքան էլ չի վախեցնում վալենսիացիներին:
Արդեն ինքնին գիշերային Վալենսիան հազարավոր վառվռուն կրակներով մի հիասքանչ ներկայացում է: Այս ամենին գումարվում են նաեւ հավելյալ քանակությամբ եւ ավելի մեծ հզորությամբ լամպերը, իսկ արդյունքում ստացվում է մի աներեւակայելի շքեղ հրաշք, որը պետք է տեսնել գեթ մեկ անգամ: Եվ ահա հենց այսպիսի լուսավորության պարագայում այդ նույն հեքիաթային-կատակերգական կերպարները, որոնց մասին խոսվեց վերեւում, ներկայանում են միանգամայն այլ ձեւով, քան կլինեին ցերեկային լույսի ներքո: Հենց այդ իսկ պատճառով մարդիկ նախընտրում են նրանց տեսնելու գնալ մթնշաղն իջնելուն պես:
Ո՞ւմ կամ ի՞նչ են պատկերում վարպետները իրենց կոմպոզիցիաներում: Ի դեմս նինոտների՝ իրենց աշխատանքների միջոցով նրանք ջանում են փոխանցել նշանակալի այն իրադարձությունների պատկերները, որոնք տեղի են ունեցել նախորդ տարվա ընթացքում: Եվ դրանք կարող են լինել ինչպես հեքիաթային հերոսները` ժամանակակից մեկնաբանությամբ, այնպես էլ սեփական երեւակայության պտուղները, որոնք ստանում են որոշակի ձեւ եւ կերպար՝ համեմված հումորի անմնացորդ չափաբաժնով: Թեմաները կարող են վերաբերվել ամենին՝ սկսած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից, վերջացրած երկրագնդի տարբեր անկյուններում ընթացող պատերազմներով, տնտեսական ճգնաժամից մինչեւ նորագույն տեխնոլոգիաներ: Այդ իմաստով ամենահայտնի կերպարներից մեկն անցյալում համարվում էր Վալենսիայի քաղաքապետ Ռիտա Բարբերան, ով ողջ Իսպանիայում բացառիկ ռեկորդակիր է՝ 5 անգամ անընդմեջ վերընտրվելով իր պաշտոնին: Այսպես, հերթական ընտրությունից առաջ, նա ինքն էր դուրս եկել հրապարակ եւ առանց ավելորդ բարդույթների ներկաներին բաժանել փոքրիկ թաշկինակներ իր իսկ ծաղրանկարով: Ինքնագովա՞զդ: Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները եւս ձեռքները ծալած չէին նստել. պատրաստել էին բազմաթիվ բուտերբրոդներ, իրենց վրաններ փոխադրել անսահմանափակ քանակի գարեջուր… Զվարճանալ, ուրեմն զվարճանալ…
Այս ամենը պատմելով՝ մենք ոչինչ ասած չէինք լինի, եթե լռեինք գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասին, առանց որոնց Ֆայայի միջոցառումը իմաստ չէր ունենա: Ըստ էության՝ հենց նրանք են համարվում գլխավոր դեմքերը այն ամենի, ինչ կատարվում է շուրջբոլորը մարտյան այս օրերին: Հպարտ գլխով եւ անփոփոխ ժպիտով, ազգային տարազներ հագած՝ գալիս են նրանք՝ Վալենսիայի փողոցներում համապատասխան տպավորություն գործելով մարդկանց վրա: Ի դեպ, այդ հագուստները կրելը թանկ հաճույք է, քանի որ դրանց յուրաքանչյուր դետալ ձեռագործ է: Զգեստը հատուկ փայլ է ստանում ժանյակների, տարբեր գույների եւ երանգների նախշերի, վերից վար գնացող ոսկյա կարերի, կեղծամների եւ կոշիկների շնորհիվ: Իրոք, տեսնելու շատ բան կա: Ինչ-որ մեկը իր կարծիքն է հայտնում տեղի ավանդույթների գիտակներից մեկին՝ ասելով, թե Սան Խոսեի տոնախմբությունը, ինչպես հայտնի է, նշվում է որպես հայրերի օր, սակայն, կարծես թե, գլխավոր դերում, միեւնույն է, դարձյալ կանայք են: «Ինչպե՞ս սա հասկանալ»: «Այդպես մի՛ ասա,-նկատում է զրուցակիցը,- այս դեպքում առաջինը եղել եւ մնում են տղամարդիկ: Մեկ փաստ բերեմ. այս ավանդույթի ստեղծման օրից մինչեւ հիմա չի արձանագրվել գեթ մի դեպք, որ հանձնաժողովի նախագահը կին լինի: Միայն տղամարդիկ»: «Այդ դեպքո՞ւմ…»: «Դժվար հասկանալի ոչինչ չկա. մենք ինքներս ենք հպարտությամբ առաջ մղում մեր կանանց: Նայեք եւ հիացեք, ահա նրանք՝ մեր վալենսիուհիները, մեր գեղեցկուհիները, հրաշքները: Իսկ մենք ծափահարում ենք: Մեզ հետ միասին, տեսնելով այդ վերաբերմունքը, հիանում են նաեւ միանգամայն օտար մարդիկ: Սակայն այդ կանանց թիկունքում մենք ենք, գնում ենք նրանց հետեւից: Եվ մյուսները չպետք է մոռանան այդ մասին»:
Իսկ ահա տպավորություն կա, որ Վալենսիան, ամեն դեպքում, կանանց քաղաք է: Սրա հետ կապված, հիշվող էր մեր առաջին այցը Վալենսիա եւ այդ ժամանակ դեռ փոքրիկ Նարեկի հարցը. «Իսկ Վալենսիայի մազերը երկա՞ր են, թե՞ կարճ»: Քաղաքի անվանումը երեխայի մեջ նույնացվել էր ինչ-որ կնոջ անվան հետ: Երկար են Վալենսիայի մազերը… խնամքով հյուսված:
Եթե բոլոր տարաբնույթ կոմպոզիցիաները ստեղծում են ոսկե քաղաքի տպավորություն, ապա կանայք այդ ֆոնին իսկապես նմանվում են իրական թագուհիների իրենց շքախմբով՝ ընդգծելով ինչ-որ ցնորային աշխարհում գտնվելու զգացողություն: Քանի՞ կին է այստեղ: Ութ հարյո՞ւր: Միանգամայն հավանական է: Կամ մի փոքր ավելի: Նրանց ուղիղ կեսի 14 տարին դեռ չի բոլորել, իսկ մյուսներն արդեն չափահաս տարիքի են: Եվ… ինչպե՞ս թե, արքայադուստրեր առանց արքայազների՞: Այսպես, նրանք նույնպես ներկա են: Մեր օրերում Ֆայերաներին բերում են կենտրոնական հրապարակ շքեղ մեքենաներով, որպեսզի մի քանի րոպե անց նրանք «իրենց ուղեկցող դեմքերի հետ» հայտնվեն քաղաքապետարանի մոտ հավաքված ժողովրդի առջեւ: Պատշգամբում իրական արքան է, վալենսիական համայնքի նախագահը եւ իշխանության այլ ներկայացուցիչներ: Սակայն նրանցից ոչ մեկը, բացի ամենագլխավոր Ֆայերայից, իրավունք չունի կարգադրություններ անել պլանավորված այցերի, ամենօրյա հրավառության եւ մնացած այլ միջոցառումների վերաբերյալ:
2005 թ. տոնի ողջ պատմության մեջ առաջին անգամ ամենագլխավոր Ֆայերա դարձավ ազգությամբ ոչ իսպանացի մի աղջիկ: Դա համընդհանուր ցնծություն էր Իսպանիայում ապրող մեր ազգակիցների համար, երբ պաշտոնապես հայտարարեցին նրա անունը՝ Գեգել (Կեկել) Մազմանյան: Քաղաքում հայտնի բժիշկ-մաշկաբան Անդրանիկ Մազմանյանի աղջիկը, հայուհի, երիտասարդ գեղեցկուհի Կեկելն այդ ժամանակ իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի էր: Մենք հպարտությամբ էինք նայում նրան այդ ժամանակվա արքա Ֆիլիպ Չորրորդի, նախկին վարչապետ Ռախոյայի եւ այլոց կողքին: Նրան տվեցինք Հայաստանին առնչվող հարցեր, եւ նա ասաց, որ դեռ չի հասցրել լինել իր նախնիների հայրենիքում, սակայն պլանավորում է դա անել: Երբ մամուլի միջազգային ակումբը որոշեց հետմահու մրցանակ հանձնել Հրանտ Դինքին, հենց Կ. Մազմանյանին հանձնարարվեց այդ փաստաթուղթը փոխանցել լրագրողի այրի Ռաքել Դինքին: Իսկ մրցանակը հանձնեցին փոխվարչապետ Մարիս Թերեզա դե լա Վեգան եւ բանաստեղծուհի Ալիսա Կիրակոսյանը:
Հետագայում սենսացիա դարձավ վալենսիացիներից մեկի աշխատանքը՝ նինոտ` Կեկելի դեմքով (այդ ժամանակ նա արդեն գլխավոր Ֆայերա չէր), ինչը չէր եղել տոնի ողջ պատմության մեջ: Ի պատասխան հարցին՝ ի՞նչը նրան դրդեց այդ քայլին, նկարիչն ասաց. «Նրա անսովոր ժպիտը»:
Վերադառնալով հրավառություններին՝ պետք է նկատել, որ դրանք իրենց գույներով եւ ձեւերով այնքան անզուգական գեղեցիկ են գիշերային երկնքի տակ, իսկ ահա նրանց գոյությունը ցերեկվա ժամը 2-ին բոլորովին անիմաստ է թվում: Որքան էլ զարմանալի է, ցերեկային հրավառությունը տեղի է ունենում մարտի 1-19-ը ընկած ժամանակահատվածում ամեն օր: Պետք է գոնե մեկ անգամ տեսնել, թե ինչպիսի հուզմունքով, նույնիսկ սրճարաններում նստած՝ այցելուները վազում են փողոց՝ շրջվելով այն ուղղությամբ, որտեղ կատարվում է հրավառությունը: Իսպանացիներին հատուկ հուզականությամբ՝ բոլորը ուժգին ծափահարում են: Կտավի ամբողջականության համար «ա-լյա իսպանյոլա» ոճով չի բավականացնում միայն սովորական «օլեն»: Սրան փոխարինում է այլ ժեստ: Հրապարակում գտնվողները շտապում են անձամբ սեղմել տեխնիկական գծով գլխավոր մասնագետի ձեռքը՝ ի նշան երախտագիտության եւ հավանության: Վերադառնալով մեր հարցին՝ հետաքրքիր է իմանալ՝ ինչ է նրանց տալիս ցերեկային հրավառությունը: Եթե ի մի բերենք վալենսիացիների մեկնաբանությունները, ապա ստացվում է հետեւյալը. նրանց համար ցերեկային հրավառությունը նշանակալի է նախեւառաջ… հոտով, ծխի ամպով, որը պատում է ողջ հրապարակը, եւ այսպիսի աղմուկով: Թվում է՝ ահա-ահա կպայթեն թմբկաթաղանթները: Ժամանակի ընթացքում բնակիչների մի մասը սկսեց բողոքել, սակայն ավանդույթի դեմ չես պայքարի, մանավանդ որ այն բերում է ոչ փոքր շահույթ: Առաջվա պես գետի նման հոսում են գարեջուրն ու գինին: Ուղիղ փողոցի մեջտեղում հսկայական կրակն է, որի վրա պատրաստվում է վալենսիական հանրահայտ պաելյան:
Եվ մինչ պատրաստվում է պաելյան, բոլորը հանդիսավոր եւ դանդաղ ուղղություն են վերցնում դեպի Մայր տաճար: Ինչ-որ աներեւակայելի բան է կատարվում շուրջբոլորը: Աներեւակայելի, քանզի սկզբում մեկի, ապա երկրորդի, երրորդի եւ այսպես մյուսների աչքերին արցունքներ են հայտնվում: Տաճարի բակում յուրաքանչյուր մասնակցի բերած ծաղիկներից հենց հանդիսատեսի աչքի առաջ ծաղկահյուսվում է Սուրբ Աստվածածնի զգեստը:
Վերջնական ակորդը տրվում է մարտի 19-ի կեսգիշերին, երբ կրակի ճիրաններին է հանձնվում այն ամենը, ինչ ստեղծվել էր այդչափ դժվարությամբ, երեւակայությամբ եւ սիրով: Վառվում են բոլոր «մոնումենտները», բացառությամբ այն մեկի, որը լավագույնն է համարվել հանձնաժողովի կողմից: Այն տեղափոխում են մի քանի տարի առաջ կառուցված Ֆայայի թանգարան՝ նախօրոք ենթարկելով ապամոնտաժման, քանի որ կոմպոզիցիաներն ամբողջ հասակով հնարավոր չէ մտցնել թանգարան:
Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ
Վալենսիա, հատուկ «ՀՀ»-ի համար