Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Կովսական ու Քաշունիք գավառների ամրոցները

Մարտի 23, 2022
Այլք
Կովսական ու Քաշունիք գավառների ամրոցները
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
836
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան վերջին՝ 44-օրյա կոչվող պատերազմից հետո հայերս նորից կորցրինք մեր հայրենիքի մի հատվածը, որտեղ հազարամյակներ շարունակ մեր պապերն էին բնակվել, արարել, պայքարել, ամրոց ու բերդեր կառուցել եւ տեր մնացել հայրենի հողին։

Մեծ Հայքի բոլոր նահանգներն են ունեցել իրենց ամրոցները, զորքն ու բանակը։ Հետ չեն մնացել նաեւ Սյունիքն ու Արցախը։ Արդեն կորցրած Քաշաթաղի շրջանը, որը կազմավորվեց Արցախյան առաջին գոյամարտի հաղթական շրջանում՝ 1993 թ. դեկտեմբերին եւ վերահայացավ 1994-ի գարնանից սկսած, ներառել էր պատմական Մեծ Հայքի Սյունիք եւ Արցախ աշխարհների մի քանի գավառներ, որոնք 18-19-րդ, որոշ մասը նաեւ 20-րդ դարերում հայաթափվել էին եւ մնացել գերության մեջ, խորհրդային տարիներին «նվիրվել» Ադրբեջանին։ Վերահայացման տարիներին հնարավորություն ստեղծվեց զբաղվել նաեւ տարածքի պատմական հուշարձանների ուսումնասիրությամբ։ Բացի հայտնիներից, որոնց մասին հիշատակություններ կան միջնադարյան եւ 19-20-րդ դարերի մատենագիրների, ճանապարհորդների, ուսումնասիրողների գործերում, գտնվեցին նաեւ շատ անհայտ հուշարձաններ՝ ամրոցներ, վանք-եկեղեցիներ, կամուրջներ, ջրաղացների ավերակներ, գերեզմանոցներ՝ խաչքարերով ու տապանաքարերով, առանձին խաչքար-կոթողներ, խաչաքանդակներ ձորերի ժայռերին, ճանապարհների եզրերին, բնակատեղիներ, դամբարաններ, մահմեդական մի քանի դամբարան եւ այլն։ Վերջին 10 տարիները հատկապես կարեւորվեցին ամրոցների հայտնաբերմամբ։ Հնագետ Գագիկ Սարգսյանի եւ այլոց հետ Քաշաթաղի տարածքում հայտնաբերեցինք մոտ 50 ամրոցատեղի, ամրոցների ավերակներ։ Այսօր խոսենք Որոտան ու Ողջի գետերի ավազաններում միջնադարում եւ դրանից դարեր առաջ գործած, Հայոց պատմության մեջ մեծ դեր ունեցած ամրոցներից Գրհամի բերդի, Պահու բերդի, Երկաթավորքի բերդերի մասին։ 

Գրհամի ամրոց

Կովսականը պատմական Սյունիքի գավառներից էր: Կոչվել է նաեւ Կուսական, Կոսական եւ Գրհամ: Ստ. Օրբելյանը այն նշում է որպես Սյունիքի 8-րդ նահանգ, որն այժմ Գրհամ են կոչում, իսկ ըստ «Աշխարհացույցի»` Կովսականը Սյունիքի 12-րդ գավառն էր, ուներ 625 կմ տարածություն։ Ըստ հայր Ղեւոնդ Ալիշանի` գավառը հիմնականում զբաղեցրել է Բասուտ (Ծավ) գետի հովիտը եւ Ողջի գետի աջակողմյան մի շարք վտակների ավազանները: Գավառի արեւմտյան սահմանն անցել է Խուստուփ լեռան հյուսիսային լեռնաճյուղով եւ Բասուտի արեւմտյան ջրբաժանով, հարավարեւլյանը` Արաքսով, հյուսիսարեւելյանը` Ողջի գետով, որը ստորին հոսանքով անցել է գետի ձախ ափը եւ հասել Հակարի գետին: Ողջի գետն սկիզբ է առնում Սյունյաց լեռներից, անցնելով Կապան քաղաքով` հոսում է դեպի արեւելք եւ միանում մայր Արաքսին։ Կովսականը միջնադարում առավել հայտնի է եղել Գրհամ անվամբ՝ կապված մինչեւ 13-րդ դարը մեծ նշանակություն ունեցած Գրհամ ամրոցի հետ։

2014 թ. նոյեմբերի 15-16-ը մեր որոնող արշավախումբը՝ հնագետ Գագիկ Սարգսյան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյան, հուշարձանագետ Սլավա Սարգսյան եւ ես, եղանք Որոտան, Ողջի եւ Ծավ գետերի ավազանում։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ այս տարածքները հնուց ի վեր մտել են Մեծ Հայքի Սյունիք աշխարհի մեջ եւ համապատասխանում են Կովսական, Բաղք, Քաշունիք գավառներին։ Սյունյաց աշխարհի սահմանների վկայման («Ցուցմունք սահմանաց աշխարհիս Սիւնեաց..») գլխում (Գ) Օրբելյանը գրում է. «…Յոթերորդը՝ Բաղք գավառը, որ այժմ կոչվում է Աճեն, դա Բաղակի անունից այդպես անվանվեց։ Ութերորդը՝ Կովսական գավառը, որն այժմ Գրհամ են կոչում..»։ Նույն մասում հիշատակում է տարածքի անառիկ ամրոցների մասին, որոնցից են Բաղաբերդը, Երնջակը (եղել է նահանգի գանձերի եւ հարկերի տունը)։ Կարեւորում է նաեւ մոտ 2 տասնյակ այլ ամրոցներ, այդ թվում՝ Գրհամը, Անդոկաբերդը եւ այլն։ Հիշատակված ամրոցների մի մասի տեղերն այժմ անհայտ են։

Մեր նպատակն էր հասնել Գրհամ ամրոց, որի տեղը մոտավոր գիտեինք, իսկ խիտ անտառներով պատված զառիթափ ժայռեղեն լանջերին գրեթե անհնար է գտնել հուշարձանը։ Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղական համայնքի ղեկավար Վրեժ Հարությունյանը մեզ ծանոթացրեց Կապանի տարածաշրջանի Ագարակ գյուղի 73-ամյա որսորդ, Արցախյան գոյամարտի տարիներին գյուղի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար, այնուհետեւ՝ գյուղապետ Ռազմիկ Մարտիրոսյանի հետ, ով այդ հարցում իր ծառայությունը մատուցեց։ Կապանի տարածաշրջանի Ագարակ գյուղը սահմանակից է Քաշաթաղի շրջանին։ Այժմ կրկին դարձել է առաջնագծային բնակավայր, իսկ մոտակա Տանձատափ եւ այլ բնակավայրեր, Տանձատափի եկեղեցին դարձյալ գերության մեջ են։ Ռազմիկի ուղեկցությամբ ենք ուղեւորվում Գրհամի բերդ։ Մոտ 5 կմ ճանապարհն անցնում ենք մեքենայով, այնուհետեւ «Նիվան» անզոր է մագլցել անտառապատ զառիթափ լանջը։ Խիտ անտառով բարձրանում ենք վեր ու վեր։ Ժայռը, որի վրա է Գրհամի ամրոցը, կոչվում է Սուսաննասար։ Ռազմիկը պատմում է ժողովրդական մի զրույց. դարեր առաջ թշնամին պաշարում է ամրոցը, եւ բերդի զինվորներին ժայռի կողմից օրեր շարունակ ջուր է հասցնում Սուսաննա անունով մի հայ աղջիկ։ Սակայն մի օր էլ ընկնում է թշնամու ծուղակը։ Ժայռից ցած է ընկնում ու նահատակվում։ Ժայռի ստորոտում կա հանքային ջրի աղբյուր, որը նույնպես Սուսաննայի անունով է։ Ըստ նույն լեգենդի՝ Սուսաննան հանքային աղբյուրի ջուրն էր հասցնում պաշարվածներին, ովքեր բուժիչ ջրով իրենց վերքերն էին բուժում։

Մեր նախնիներն ստիպված են եղել այսքան վերեւ բարձրանալ, բերդ ու բնակատեղի հիմնել անառիկ վայրում, որպեսզի կարողանան գոյատեւել։ Վերջապես երեւում են առաջին ձեռակերտ պատերը։ Ամրոց բարձրացող երբեմնի ճանապարհի այս հատվածում դիտակետ են դրել։ Շարունակում ենք վերելքը, եւ մոտ 3 մ բարձրությամբ որմնաշարը փակում է ուղին. հասնում ենք ամրոցի հազարամյա պարիսպներին։ Մի հատված քանդվել է, կիսամշակված քարերը թափվել են ցած։ Քանդված մասով բարձրանում ենք վեր. դեպի ձախ դարձյալ որմնաշար կա՝ երկրորդ շերտն է։ Մոտ 50-60 մետր դեպի ձախ հսկայական քարանձավներ են՝ շրջապատված պարիսպներով։ Ցավոք, որոշ հատվածներ քանդված են, սակայն պահպանվել է մուտքի անկյունը։ Պարզվում է՝ քարանձավները եղել են ամրոցի միջնաբերդ-դղյակ-ապարանքը։ 20 մետրից ավելի հաստություն ունեցող ժայռի մեջ մտած քարանձավները մշակվել են մարդու կողմից, դարձել միջանցիկ ու բնակելի։ Ծովի մակերեւույթից մոտ 1250 մ բարձրության վրա է Գրհամի ամրոցը, հարավարեւմտյան կողմում գրեթե ուղղաձիգ ժայռն է, որ Ողջիի ձախ կողմում է եւ ափից բարձր է մոտ 700 մ։ Քարանձավներն այս կողմից ունեն 5 մուտք՝ ընդհանուր մոտ 60 մ երկարությամբ, պարսպի կողմից կա 4 մուտք, որից մեկը ծառայում է 2 խորշերի համար։ Միջնամասում գտնվող անձավն ունի խորություն, հավանաբար, նկուղային հարկ է ունեցել (միգուցե այդտեղից գաղտնուղի՞ է իջել դեպի գետ)։ Ժամանակին այն աղյուսակերտ պատով բաժանված է եղել մասերի։ Հետագայում պատը քանդվել է. երեւում են մոտ 20 սմ կողմերով եւ 4-5 սմ հաստությամբ աղյուսները։

Ժայռից ցած կա բնակատեղի, որտեղ Օհանաեղցու ավերակն է։ Հնարավոր է՝ ժամանակին ամրոցն ու բնակատեղին կապ են ունեցել միմյանց հետ։ Ժայռի հարավային մասում պահպանվել է երբեմնի աշտարակը, որտեղ մշտարթուն հսկել են զինվորները։ Աշտարակի մոտից պատ է շարված մինչեւ ժայռի գագաթը՝ քարանձավների վրա։ Բարձրանում ենք վեր. տանիքը հարթեցրել են, որպեսզի շարժվելը դյուրին լինի։ 3-4 մ լայնությամբ տարածք է՝ ձգվելով մոտ 60 մ։ Միջնամասում երդիկ է եղել, որը փակված է հողով։ Վերեւից հիանում ենք համապատկերով. Ողջին հոսում է դեպի Մայր Արաքս ու պատմում դարերի մասին։ Աջ ափին Կերեն եւ Գրհամ գյուղերն են, որ ազատագրվել եւ հայացել էին, սակայն… Արեւմուտքում Խուստուփն է՝ ձյունապատ, վեհ ու հաստատ։ Դղյակ-ապարանքի հյուսիսային կողմում պատերի հետքեր են պահպանվել։ Ավարտելով չափագրումները, լուսանկարումը՝ արդեն մթնշաղին ցած ենք իջնում։ Քիչ ներքեւում երեւում են պատմական ճանապարհի հետքերը, սակայն տարիներ առաջ անտառահատներն այստեղ ճանապարհ են բացել եւ խեղաթյուրել ամրոց տանող ճանապարհը։ Հենց անտառահատների բացած ճանապարհով, որն ամբողջովին պատված է մոշի թփերով, Ռազմիկի ուղեկցությամբ իջնում ենք։

Ստ. Օրբելյանն իր գրքի «Կապանի ավերման ու բերդերի գրավման պատճառը, Բաղաց թագավորության իսպառ վերացումը եւ Սիսական տոհմի վերջը» (ԿԱ) գլխում, վկայակոչելով Սյունյաց եպիսկոպոս Տեր-Ստեփանոսի թղթերը, որոնք գրվել են հոյակապ Անի քաղաքում՝ Մխիթար քահանայի՝ քաղաքի ավագ երեցի (խոսքը Մխիթար Անեցու մասին է) եւ Սուրբ Կաթողիկեի փակակալի խնդրանքով, նկարագրում է Սիսական եւ Բաղաց աշխարհների հայոց թագավոր Սենեքերիմի եւ նրա թագավորության վերացման պատճառի մասին, որը կատարվել է Հայոց 552 թ. (1103 թ.)։ Պատմիչը գրում է. «…Բոլորովին ավերվեց Բաղաց երկիրը։ Սաստիկ սգի մեջ ընկան Հայաստանի բոլոր եկեղեցիներն ու քրիստոնյաները։ Բայց Բաղաբերդը, Գեղին, Կաքավաբերդը, Շլորուտը, Կարճեւանը, Մեղրին, Գրհամը մնացին Աշոտի թոռների՝ Գրիգոր թագավորի ու Սմբատի իրավունքին»։ Սենեքերիմից հետո Բաղքում գահակալած Գրիգորն ու նրա եղբայր Սմբատը վախճանվել են նույն տարում՝ 1166 թ.։ Գրիգորի մահից հետո իշխանությունն անցնում է նրա փեսային՝ Հասան Խաչենցուն, ով թուրք-սելջուկների կողմից Բաղաբերդը գրավվելուց առաջ՝ 1170 թ., կնոջ հետ փախել էր Խաչեն։ Հավանաբար, այս անցքերից հետո ամայացել է նաեւ Գրհամի ամրոցը։                                 

Թեգեր: ԱրցախԿովսականպատերազմՔաշունք
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Մահ աղքատության մեջ եւ փառահեղ թաղում»

«Մահ աղքատության մեջ եւ փառահեղ թաղում»

«Այս խաչը մեզ հետ է երկու հազարամյակ, նրա ճամփան շա՜տ երկար է…»

«Այս խաչը մեզ հետ է երկու հազարամյակ, նրա ճամփան շա՜տ երկար է…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist