Պերճ Պռոշյանի ամբողջ ստեղծագործությունը առածների ու ասացվածքների անսպառելի մի շտեմարան է՝ լեցուն խորազգաց հեղինակի դիտարկումներով: Երախտապարտ ընթերցողներիս համար սա ազգային ինքնաճանաչման մի դասագիրք է, անհորիզոն մի տեսարան հայոց ազգային առանձնահատկությունների՝ կենցաղի, մտածելակերպի, առօրյա խոսելակերպի եւ գործելակերպի, ավանդույթների ու սովորույթների, նպատակների ու ձգտումների, բարոյական պատկերացումների ու վարվելակերպի նորմերի:
Ըստ Արամ Ղանալանյանի հաշվարկների՝ միայն «Հացի խնդիր» եւ «Սոս եւ Վարդիթեր» վեպերում գործածվում են 150-ական առած-ասացվածքներ, իսկ ընդհանուր առմամբ Պերճ Պռոշյանի բոլոր մեծ ու փոքր վեպերում, մանր պատմվածքների եւ զրույցների մեջ գործածված են շուրջ վեց հարյուր առած եւ ասացվածք: Հավելենք «Առածանու» խորագիտակ հեղինակի մի դիտարկումը «Պռոշյանը եւ ժողովրդական բանահյուսությունը» գրքից. «Իր վեպերի առանձին գլուխների ու հատվածների մի զգալի մասը նա վերնագրել է առածներով ու ասաց-վածքներով, որոնց մեջ խտացած ձեւով արտահայտել է տվյալ գլխի կամ հատվածի հիմնական գաղափարը»:
Այդպես է, իրոք. նման խոսուն վերնագրերից հիշենք մի քանիսը՝ «Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում», «Ձվածեղի խաթեր թավի կոթը կպաչեն», «Պստիկ ա ու ճստիկ ա», «Երկաթը տաք-տաք կծեծեն», «Խոփը քարին առավ», «Հարսենիքն ու մահենիքն ախպեր են», «Քարն էլ ա իրանց ձեռին, պոպոքն էլ», «Կաշառքը մութ տեղը լույս կտա», «Շան հետ ախպերացի, փետը ձեռիցդ մի՛ վեր քցիլ», «Համբերությունը կյանք է», «Էսօր փաշա, էգուց բոշա»:
Հաճախականության առումով առած-ասացվածքների գործածությունը բխում է, բնականաբար, իրավիճակի հեղինակային ընկալումից. հիմնականում մեկ միայն անգամ հանդիպողների կողքին կան մի քանի անգամ գործածվածներ: Օրինակ` «Կաշառքը մութը տեղը լիս կը տա» արձանագրումն արվում է «Սոս եւ Վարդիթեր», «Կռվածաղիկ», «Հունո» եւ «Շահեն» վեպերում: Նույն կերպ՝ «Շունը կը հաչի, քար-վանը կը քոչի» առածը գործածված է «Հացի խնդիր», «Սոս եւ Վարդիթեր», «Կռվա-ծաղիկ» եւ «Ցեցեր» վեպերում: Ասելիքի կարեւորությունը երբեմն հիմք է տալիս միեւնույն վեպում տվյալ առած-ասացվածքը մեկից ավելի անգամ գործածելու. «Հա-ցը հացարարին տուր, մինն էլ ավելի» ասացվածքը երկու անգամ է հանդիպում «Սոս եւ Վարդիթեր» վեպում, երեք անգամ՝ «Կռվածաղիկ» վեպում:
Բովանդակային առումով, ինչպես արդեն գիտենք, ամեն մի առածի կամ ասաց-վածքի գործածական իմաստը պայմանավորված է գործածողի մտադրությամբ, խոսքի հասցեատերերի ընկալման առանձնահատկություններով, զրույցի բնույթով եւ այլ հանգամանքներով: Սա հրաշալի հասկացել է Պերճ Պռոշյանը, քանի որ ինքն էլ հենց առիթ ունեցել է տեղին արձանագրելու առած-ասացվածքների իրավիճակային գործադրման հակասականությունը: Նրա միտքն այն է, թե որեւէ առած կամ ասացվածք իմաստ է ձեռք բերում միանգամայն որոշակի պայմաններում. այդ իմաստը, վերջին հաշվով, արտահայտում է խոսողի մտադրությունը, որը, իր հերթին, պայմանավորված է հասցեատիրոջ վարքի վրա ակնկալիք ազդեցության նպատակով. «Մերձավորների ու բարեկամների հարաբերությանց վերա խոսելով՝ մենք չպետք է խլենք գյուղացուց յուր նմաններին ցույց տված համակրական զգացմունքը. մի տեղ նա ասում է. մոտիկ հարեւանը լավ է հեռու բարեկամից, մյուս տեղ՝ առաջ մերը, հետո մերոնցը: Այս երկու առածը միմյանց չեն վնասում. սրանցով գյուղացին թե՛ հարեւանին է սիրում եւ թե՛ ազգականին, մանավանդ, եթե նրա բարեկամությունը նոր է, նոր խնամություն են կապել յուրյանց մեջ»:
Իհարկե, «միմյանց չեն վնասում», բայց նաեւ ինքնին հասկանալի է, որ առե-րեւույթ միմյանց հակադիր իմաստով առած-ասացվածքները մենք, որպես կանոն, չենք գործածում միեւնույն հաղորդակցական իրավիճակում (եթե, իհարկե, չենք ու-զում ստեղծել նրբաբանության ոճական հնարք): Սակայն նույնիմաստ առած-ասաց-վածքները նույնպես ցանկալի չէ կուտակելը: Այս տեսակետից Պռոշյանը երբեմն ոճական սխալ է թույլ տալիս: Ահավասիկ միկիտան Սաքոյի խոսքը, երբ իր իսկ նենգ քայլով բանտարկված եղբայրներին, որպես սրտացավ բարեկամ, հորդորում է գա-վառապետին կաշառք տալ (որի մի մասն ինքն էլ յուրացնելու էր). «Էհ, ի՞նչ ենք ջուրը լցրել սանդը ու ծեծում, ասում ա՝ օձի սեւին էլ նալաթ, սիպտակին էլ. էս շունն էլ էն շանիցն, երկուսն էլ մի տանիցը»:
Ամեն մի առած կամ ասացվածք, որպես ժողովրդական մտքի գոհար, պիտի պատշաճորեն մատուցվի հեղինակի մեկնաբանական խոսքով, համարենք՝ շրջա-պատված լինի կիսաթանկարժեք քարերով, այլ կերպ ասած՝ ամեն մի առած-ասաց-վածք պիտի ունենա ինքնուրույն փայլելու որոշակի տիրույթ: Մինչդեռ շարանի ձեւով մատուցված՝ ամենաիմաստուն մտքերն իսկ միմյանց խանգարում են, մասամբ կորց-նում իրենց վարքակարգավորիչ ներուժը. ի դեպ, վերոբերյալ օրինակում եղբայր-ներն արդեն համաձայնել էին կաշառք տալու, այնպես որ առածանու նման հզոր «համազարկի» կարիք առհասարակ չկար:
Եվս մի դիտարկում: Պռոշյանի զրուցակիցները, որպես կանոն, միմյանց հիշեց-նում են, թե իրենք ժողովրդի իմաստությունն են մեջբերում որպես անվիճարկելի փաստարկ (քանզի «առակն անխոտելի է»), օրինակ՝ «ասում ա՝ դարդակ խոսքը քա-մին կտանի», «ասում ա՝ երեւել արեգակ՝ կորնչեն աստեղք», «ասում ա՝ օձի գլուխը որ կցավի, կերթա ճամփի մեջտեղը վեր կընկնի», «ասած է՝ էգուցվան բանին ձյուն է եկել», «ասում ա՝ մի առվով որ մի ժամանակ ջուր ա գնացել, էլի կերթա», «ասած է՝ շիտակ խոսքը հանաքով կասեն», «ասում է՝ ծովն ընկնողը ձեռները կածի», «ասում ա՝ պղինձը վեր ընկավ, չկոտրվեց, բայց ձենը վեր էլավ», «ընտուր են ասել՝ Աստված սարը կտեսնի՝ ձյունը կդնի»:
Գնահատենք նաեւ այն, որ Պռոշյանն ինքը փորձում է առավելագույնս հասանե-լի դարձնել ընթերցողին գործածված առած-ասացվածքի միտքը, ուստի օտար կամ բարբառային բառի գործածության պարագայում միշտ փակագծերում տալիս է գրա-կան համարժեքը, օրինակ՝ «ինչպես առածն ասում է, եկել է մեր մեշեն (անտառ), կսո-վորի մեր փեշեն (արհեստ)»:
Կաշառք տալու-ստանալու թեման, ինչպես արդեն վերը տեսանք, չէր կարող դուրս մնալ հայ մարդկանց առտնին զրույցների ուղեծրից: Արդ, Պռոշյանի միջոցով ծանոթանում ենք թե՛ կաշառքի հանրային դերակատարման մասին մեր ոչ հեռավոր նախնիների պատկերացումներին, թե՛ իրենց իսկ՝ կաշառքը արվեստի մակարդակի բարձրացրած կաշառատու-կաշառակերների հավատո հանգանակին, այդ թվում ի-րենց հարմար թվացող առած-ասացվածքների գործածությանը. «Լավ տեղը կաշառք տուր՝ ներս գցի, փիս տեղը կաշառք տուր՝ դուս քցի», «Սրբի դուռն էլ առանց խաչ-համբուրի չեն գնում», «Ասում ա՝ էշը մատաղ չի ըլնիլ, իշագինը մատաղ կըլնի», «Առ ու տուրն ախպեր են. ընչանք տաս ոչ, առնիլ էլ չես», «Չեմ ուզում՝ ջեբս քցի», «Մեղր ծախողը մատը կլպստի», «Թուղթը շուռ տուր, աբասին կուլ տուր»:
Ի դեպ, «Հացի խնդիր» վեպից պարզվում է, որ կաշառք ուզողների վարվե-լակերպի մասին էլ մեր լեզվում հատուկ արտահայտություն կա՝ «կաշառահաչ տալ». Էդ. Աղայանի բացատրական բառարանում համարժեք գրական բառը «կաշառակոր-զությունն» է՝ կաշառք շորթելու իմաստով, բայց որքան ավելի տպավորիչ-սպանիչ է «կաշառահաչը» Պռոշյանի բացատրությամբ՝ «կաշառքի համար զանազան պատր-վակներ ի գործ դնել»:
Պռոշյանի կերպարներից մեկը (յասաուլ Մարգարը), որ խարդախությամբ հարստանալու եւ այդկերպ հանրության մեջ երեւելի դիրք գրավելու հեռանկարը համեմատում է իր ոչ նախանձելի անցյալի հետ, հիմնավորում-արդարացնում է սեփական վարքագիծը բախտի փոփոխություններն արձանագրող ասացվածքով. «Ընտուր են ասել՝ աշխարհքս մի նարդիվան ա, մինը նի ա ըլնում, մինը վեր գալիս»: Իրականում, կրկնում եմ, այս ինքնին չեզոք, նկարագրական բնույթի ասացվածքի միտքը այստեղ աղավաղվել է՝ ենթարկվել անբարո մարդու մտադրությանը:
«Ցեցապետի» (Բալասան աղայի) հայտնությունը, որ գյուղացիների վրա չար կախարդի քարացնող ազդեցության պես է գործում, բայց նաեւ նրանց մեջ արդա-րացի բողոքի տրամադրություն է առաջացնում. միմյանց հորդորում են միավորվելու (բնավ չհավատալով հաջողությանը). «դրան մի՛ լսեք, գեղ կանգնի, գերան կկոտրի. գեղովի խոսքը մի՛ն արեք, սեւ քշեցե՛ք, ձեր կուռն ո՞վ ա բռնում»: Իսկ «Հացի խնդիր» վեպում նույն միտքը փոքր-ինչ այլ գործածություն է ստացել, երբ մանր իշխանա-վորին զրուցակիցը միամտորեն օրինականությամբ գործելու հորդոր է անում. «Լավ չեք անում, տանուտե՛ր, ասում ա՝ «գեղ կաննի, գերան կկոտրի», էգուց-էլօր դանակն ոսկորին կհասցնեք, դատավորը կիմանա, ու էն ժամանակը ձեզ հոգվով-մարմնով պրծում չկա»:
Եվ հենց այս նույն տանուտերն էլ իր հավատամքն է քարոզում, զրուցակցին ամեն կերպ համոզում է ենթարկվելու, կատարելու իշխանավորի՝ թեկուզ անպարկեշտ եւ անընդունելի ցանկությունը. քանի որ «բզի գլխին բռնցքով տալ չի ըլնիլ»: Իշխանավորի ձեռքին է դատ ու դատաստանը՝ «սանդն էլ ա իր ձեռին, պոպոքն էլ», «քարն էլ ա իրանց ձեռին, պոպոքն էլ»: Եվ նույնիսկ գյուղական պաշտոնյաների ընտրության ժամանակ, որպես կանոն, հաղթանակն է տանում իշխանավորների հանցապարտ միասնությունը. «Կճուճը գլորվեց, խուփը գտավ»:
Աշխատավոր ժողովրդի անլուր շահագործման, հարկային ծանր ճնշման, գյու-ղացիների տառապանքների մասին է քահանայի պատկերավոր խոսքը. «Ինքդ չես տեսնո՞ւմ, որ խալխումն էլ հալ չմնաց, եզը վեր են կացնում, տակիցը հորթ են ու-զում»: Իսկ գույքային ծայրահեղ անհավասարության պատճառով մեծահարուստ «ցեցի»՝ խորամանկ վաշխառուի ոստայն ընկած (եւ, փաստորեն, նրանց հարստության աճն ապահովող) գյուղացիներից մեկը յուրովի հաստատում է իր անօգնական վիճակը. «Կատվին խաղ ա, մկանը մահ ա»: Այդ վիճակից էլ օգտվում են մանր-մունր աստիճանավորները (որպես «դարմանի տակի ջուր»), իբր կոչված արդարադատություն իրականացնելու. «Աատկած իշան եք գտել նալները քաշել եք, խեղճ գեղըցոց արյունն են ծծել»: «Կողքից» հեղինակային խոսքն էլ է դա հաստատում. ««Ուր գեշն իցե, անդր ժողովեսցին արծվիք»,– պտտում է ժողովրդի բերանում այս գրաբար առածը, իսկ յուրյանից՝ այդ ռամիկ ու տգետ ժողովրդից ավելի յուղալի գեշ, կամ լաշ ո՞րտեղ կլինի»:
Արդ, առածանու անբավ հարստությունից օգտվում են բոլորը՝ թե՛ հարուստները, թե՛ չքավորները: Տարբերությունը հետեւյալն է: Պռոշյանի նկարագրած «ցեցերը» հմտորեն գործածում են հայոց իմաստուն մտքերը, ճարպկորեն հարմարեցնում խոսքային հաղորդակցման իրավիճակային նպատակին: Երբ հարկ է լինում, այդպիսիները գիտեն իրենց բարեգործ ձեւացնել, երբ հարկ կա, նեղացվածություն կեղծել, հանդիմանել իրենց «երախտամոռ» պարտապաններին. «հա՞, երես տվի, աստառ է՞լ ուզեցիր», «այ տղա, ուրեմն աշխարհքս առ ու կուլ է՞», «ամենքդ էլ մի սանտրի կտավ եք»: Իրենց հասցեին նույնիսկ թեթեւակի կշտամբանքին ի պատասխան չեն վարանում դա զավեշտի վերածել՝ «ո՞ւմ գլխին ես գայլի ավետարան կարդում», եւ չեն էլ քողարկում իրենց գլխավոր վարքականոնը՝ «իմ բանն աջ է, թող ով կուզի՝ հաչե», «շունը կհաչի, քարվանը կքոչի», «թույլը զորեղի համար է ստեղծված»:
Իսկ աշխատավոր մարդիկ ապավինում են իրենց ներքին բարոյականությանը («Բանն ով անի, ես ու դուն, հացն ով ուտի, ես ու դուն», «Աղ ու հաց՝ սիրտը բաց», «Արյունն արնով չեն լվանալ», «Գեղը որ կա, մի մենծ տուն ա», «Շատ դատես՝ շատ ուտես», «Մեջք մեջքի տաք՝ սարեր շուռ կտաք») եւ վստահում Աստծո ամենագիտու-թյանը եւ արդարամիտ վերաբերմունքին. «Լավություն արա՝ քցիր ջուրը, ձուկը որ չի-մանա, Աստված հո կիմանա՞»:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
փ.գ.դ., պրոֆեսոր