Ժամացույց՝ սարք օրվա ընթացիկ ժամանակը որոշելու եւ մեկ օրվա ժամանակամիջոցի տեւողությունը միավորներով չափելու համար։
Ժամացույց անվանումն առաջացել է կելտական clagan եւ clocca բառերից, որոնք նշանակում են զանգ։ Ժամացույցը համարվում է մարդկության հնագույն գյուտերից մեկը, որը բավարարում է ժամանակի ավելի կարճ միավորների չափման պահանջը, քան բնական օր, լուսնային ամիս, ամիս եւ տարի միավորներն են։ Մի քանի ֆիզիկական գործընթացներից բաղկացած սարքերն օգտագործվել են հազարամյակներ շարունակ։
Արեւի ժամացույց։ Այս ժամացույցները հիմնված են այն բանի վրա, որ արեւը ստվեր է նետում իրերի վրա, եւ նրա ուղին երկնքում նույնն է տարբեր տարիների նույն օրերին։ Ժամանակը որոշվում է թվատախտակի վրա ձողի ստվերով եւ հորիզոնական գծով կազմած անկյունով։ Ձողն անշարժ է եւ ուղղված երկրագնդի առանցքին զուգահեռ։ Արեգակնային ժամացույցները, կախված ձողի դիրքից, կարող են լինել հորիզոնական, ուղղահայաց կամ այլ կողմնորոշման։ Արեգակնային ժամացույցները օգտագործվում են հնագույն ժամանակներից։
Բնական ժամացույցներ։ Վաղ շրջանում մարդը տնտեսության մեջ եւ առօրյա իր հոգսերի համար մշտապես ձգտել է իմանալ օրվա ժամը։ Տարբեր միջոցների է դիմել ժամանակը որոշելու համար. օգտագործել է լուսինը, արեւը, ստվերը, երկինքը, աստղերը եւ այլն։ Հետաքրքիր են ծաղկե ժամացույցները։ Դրանցից կարելի է օգտվել զբոսանքի ժամանակ, եթե ստույգ իմանանք՝ որ ծաղիկը առավոտյան որ ժամին է բացվում եւ երեկոյան կողմ փակվում։ Ծաղիկների պսակները բացվում եւ փակվում են որոշակի ժամերի, մոտավոր ճշտությամբ նրանց միջոցով կարելի է որոշել ժամանակը։ «Ծաղկե ժամացույցների» ցուցակն առաջին անգամ կազմել է 18-րդ դարի շվեդ գիտնական Կառլ Լիննեյը։ Այսպես՝ մասուրի ծաղիկները առավոտյան ժամը 4-5-ին են բացվում, փակվում՝ երեկոյան 7-8-ին, կակաչը բացվում է ժամը 5-ին, փակվում՝ ցերեկվա 3-ին, խատուտիկը բացվում է 5-6-ին, փակվում՝ ցերեկվա 2-3-ին, մանուշակը՝ առավոտյան 7-8-ին, փակվում՝ ցերեկվա 5-6-ին, սպիտակ ջրաշուշանը փակվում է երեկոյան 7-8-ին։