«Եղբայրնե՛ր, մերոնց սովամահ են անում, մերոնք տանջվում են եւ մեռնում Բայազետում։ Գնանք նրանց հետ մեռնելու»։
Արշակ Տեր-Ղուկասով
Այո, նա գնում էր մեռնելու պատրաստակամությամբ, բայց ոչ հանուն մեռնելու. ռուսական բանակի հայազգի զորավարը բազմաթիվ դժվարին ու անհավատալի մարտեր էր շահել մինչեւ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Բայազետի ազատագրումը, այնպես որ՝ «Գնանք նրանց հետ մեռնելու» արտահայտությունը առավել պայքարի վճռականություն ու հավատ էր ներշնչում, քան մեռնելով ինքնահաստատվելու կամք։ Դեռ 1859 թ. օգոստոսին Տեր-Ղուկասովի գլխավորած 1-ին եւ 4-րդ գումարտակներն արյունահեղ մարտերից հետո գրավում են կովկասյան իմամ Շամիլի ապաստան Գունիբ ավանը, որի համար հենց մարտի դաշտում իշխան Բարյատինսկին նրան պարգեւատրում է ս. Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով։ Այդ մասին է վկայում գրավոր փաստը. «Ղեկավարելով Գունիբի հարավային կողմի զորքերը՝ նա գրավեց թշնամու դիրքի կարեւորագույն կետը եւ դարձավ հաղթանակի գլխավոր մեղավորը, որի արդյունքը Շամիլի գերեվարումն էր։ Նույն թվականի հոկտեմբերի 20-ին նա պարգեւատրվեց դրագունական ոսկե թրով՝ «Արիության համար» մակագրությամբ»։
Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ-լեյտենանտ Տեր-Ղուկասովը մնում է Կովկասյան գործող բանակային կորպուսում եւ ղեկավարում Երեւանի զորաջոկատը ու այդ ջոկատով էլ 1877 թ. ապրիլի 18-ին մտնում է թուրքական զորքերից դատարկված Բայազետ։ Փոքրաքանակ պահակազոր թողնելով բերդում՝ շարժվում է Էրզրումի ուղղությամբ, գրավում Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտը, Զեդկանը, իսկ հունիսի 4-ին՝ Դրամդաղի եւ 9-ին՝ Դհարի ճակատամարտերում ջախջախում Մուխտար փաշայի մեծաքանակ ուժերին։ Հունիսի 15-ին Կովկասյան բանակային կորպուսի հրամանատար Միքայել Լորիս-Մելիքովի հրամանով բարեհաջող կազմակերպում է իր զորաջոկատի 8-օրյա նահանջը (շուրջ 200 վերստ) եւ մոտ 20.000 հայ բնակիչների գաղթը Իգդիր, որի համար պարգեւատրվում է Սպիտակ արծիվ շքանշանով։ Գերմանացի ռազմագետները այդ նահանջը համեմատել են Քսենոփոնի վկայած՝ Կյուրոս Կրտսերի պարտությունից հետո նրա՝ 10 հազար հույն վարձկանների Հայաստանով դեպի Սեւ ծով նահանջելու հետ։ Շուտով Տեր-Ղուկասովը Սամսոն Տեր-Պողոսյանից, ով Րաֆֆու Խենթի նախատիպն է, լուր ստացավ Իսմայիլ փաշայի 25-հազարանոց ուժերի կողմից Բայազետի բերդի պաշարման մասին. զորահրամանատարը շտապեց բերդի կայազորին (մոտ՝ 1600 հոգի, բերդի պարետ՝ կապիտան Ֆ. Շտոկվիչ) օգնության։
Հունիսի 28-ին վերացավ Բայազետի 27 օրվա պաշարումը։ Հոկտեմբերի 23-28-ը Տեր-Ղուկասովը եւ Վասիլի Հեյմանը Դեւեբոյնի ճակատամարտում վերջնականապես ջախջախեցին Մուխտար փաշայի թվական առավելություն ունեցող կենտրոնացած ողջ ուժերին։ Բայազետի պաշարումը ճեղքելու համար 1878 թ. հուլիսի 22-ին հայազգի տաղանդավոր գեներալը պարգեւատրվում է սբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշանով։ Նրան հրաշալի բնութագրում է զինվորական արեւելագետ, պատմաբան, գեներալ-լեյտենանտ Մ. Ա. Տերենտեւը. «Տեր-Ղուկասովը հայտնի էր Կովկասում իր անբասիր ազնվությամբ եւ նրան կարելի է հավատալ։ Ծառայությունն սկսելով որպես հաղորդակցության ճանապարհային ինժեներ՝ նա հասկացավ, որ այդտեղ հեշտ է դառնալ խաբեբա, եւ փոխադրվեց շարային զորամաս։ Հասնելով բարձր դիրքի, նա երբեք չզբաղվեց տնտեսական գործարքներով, ինչպիսիք են ուրիշի անունով պայմանագրերը՝ իրեն ենթակա զորքերի ստորաբաժանումներին պաշարների եւ անասնակերի մատակարարման համար, ինչպես դա անում էին Կովկասում մյուս հրամանատարները…»:
Արշակ Տեր-Ղուկասովը ծնվել է Թիֆլիսում՝ 1819 թ., հայ առաքելական եկեղեցու ավագերեց Տեր-Ղուկասյանցի ընտանիքում, ութ որդիներից վեցերորդը։ Նրա կյանքում կարեւոր դեր է խաղացել ավագ եղբայրը՝ Սողոմոնը, ով Ներսես արքեպիսկոպոսի (հետագայում՝ Ամենայն հայոց կաթողիկոս) հովանավորությամբ ավարտելով բժշկական գիտությունների դասընթացները, բժշկության դոկտորի կոչում է ստացել։ Հենց Սողոմոնն էլ իր չորս եղբայրներին՝ այդ թվում եւ Արշակին, տեղավորել է Հայկական հոգեւոր ուսումնարանում, որ 1824 թ. բացել էր Ներսես արքեպիսկոպոսը։ Այնուհետեւ եղբայրներն ուսումը շարունակում են Ռուսաստանում։ Արշակն ընդունվում է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինստիտուտ։ 1842-50 թթ., որպես ճարտարագետ, աշխատում է Կովկասում՝ ռազմավարական ճանապարհների շինարարությունում, նշանակվում Կովկասի հաղորդակցության վարչության 2-րդ վարչության կառավարիչ, իսկ 1850-ից սկսվում է զինվորական ծառայությունը, ինչն էլ նրա համար դառնում է կյանքի գործ։
Արշակ Տեր-Ղուկասովը հաղթեց իր բոլոր ճակատամարտերը՝ անգամ նահանջելով, եւ չմեռավ որեւէ մարտում, թեեւ պատրաստ էր դրան. նա վախճանվեց հիվանդությունից, 62 տարեկանում՝ 1881 թ. հունվարի 20-ին, Կովկասյան 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում։ Տեր-Ղուկասովի հուղարկավորությունը տեղի ունեցավ Թիֆլիսի հայկական Սբ Գեւորգ եկեղեցու բակում։ Հանճարեղ զորավարի դագաղը տանողների թվում էր եւ Կովկասի փոխարքա, ցարի եղբայր, մեծ իշխան Միխայիլ Նիկոլաեւիչը։ Գերեզմանին դրված երկու պսակների վրա մակագրված էին՝ «Թիֆլիս քաղաքի կողմից» եւ «Ալաշկերտի հայ գաղթականների կողմից»։