-211 թ. փետրվարի 4-ին մահացել է Սեպտիմիոս Սեւերոսը՝ հռոմեացի կայսր:
-1674 թ. փետրվարի 4-ին մահացել է Ոսկան Երեւանցին՝ հայ նշանավոր մշակութային գործիչ, տպագրիչ, լեզվաբան։ Իր ինքնակենսագրությունը՝ «Պատմութիւն Վարդապետին Ոսկանայ Երեւանցւոյ եւ կենցաղավարութիւն նորին» վերնագրով, ժամանակին հրատարակել է իր ձեռքով Առաքել Դավրիժեցու «Գիրք Պատմութեան» (Ամստերդամ, 1669) աշխատության վերջում, որպէս գրքի ԾԷ գլուխ։ 1666-1668 թթ. Ամստերդամում տպագրել է հայերեն Աստվածաշունչ մատյանը, որը համարվում է հայ հին տպագրության լավագույն նմուշներից մեկը։ Մինչեւ 1669 թ. լույս է ընծայում Մովսես Խորենացու «Աշխարհացույցը», Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանը», Վարդան Այգեկցու առակները եւ այլն։ Տպագրական գործունեություն է ծավալել նաեւ Լիվոռնոյում եւ Մարսելում (ծնվ.՝ 1614 թ.):
-1878 թ. փետրվարի 4-ին ծնվել է Զապել Եսայանը՝ հայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ։ Ըստ Արշակ Չոպանյանի՝ հայոց մեծագույն գրագիտուհի, ազգային-հասարակական անվանի գործիչ (վախճ.՝ 1943 թ.):
-1923 թ. փետրվարի 4-ին ծնվել է Արշալույս Սարոյանը՝ բանաստեղծ, մշակութային գործիչ (վախճ.՝ 1974 թ.)։
-1933 թ. փետրվարի 4-ին մահացել է Արչիբալդ Հենրի Սեյսը՝ անգլիացի արեւելագետ:
-1952 թ. փետրվարի 4-ին մահացել է Հակոբ Մանանդյանը՝ հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր (1938), պրոֆեսոր (1925), ԽՍՀՄ ԳԱ (1939) եւ ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)։