* «Ձեր ապրանքը կամ ծառայությունը գովազդելիս պահպանեք չափի զգացումը: Խոսեք ապրանքի կամ ծառայության միայն այն հատկությունների մասին, որոնք կարող են հետաքրքրել գնորդին: Փաստարկեք ձեր առաջարկները: Ձեր ապրանքի բնութագծերը պիտի ներկայացվեն քանակական ցուցիչներով: Եթե այդպես չէ, ապա ձեր խոսքը ոչինչ չարժե: Չի կարելի պնդել՝ «Մերը բոլորից լավն է»: Դուք պետք է կարողանաք ձեր ասածը հիմնավորել թվերով» (Վիկտոր Շեյնով):
* «Որքան շատ եմ ուսումնասիրում հաջողության հասած մարդկանց, այնքան ավելի եմ համոզվում, որ նրանց զարմանալիորեն մեծ մասը բարգավաճել է շնորհիվ իրենց գործունեության սկզբում եղած խոչընդոտների: Հատկապես խոչընդոտներն են մղել նրանց հսկայական ջանքեր գործադրելու եւ դրանց շնորհիվ մեծ նվաճումների հասնելու» (Դեյլ Քառնեգի):
* «Ես ոչ այնքան հոգում եմ այն մասին, թե ինչպիսին եմ ես ուրիշի աչքում, որքան այն մասին, թե ինչպիսին եմ ես ինքնին: Ես ուզում եմ հարուստ լինել սեփական, այլ ոչ՝ փոխառյալ հարստությամբ» (Միշել Մոնտեն):
* «Դրամի խիստ կարիք ունեցող մարդիկ սովորաբար հեշտությամբ են կառչում ուրիշների մտքերից: Նրանք թերթերին եւ բամբասող հարեւաններին թույլ են տալիս մտածելու իրենց փոխարեն: Կարծիքը ամենաէժան ապրանքն է աշխարհում: Հարցրեք ում կամենաք, եւ նա կնվիրի ձեզ կարծիքների մի ամբողջ փունջ: Սակայն եթե դուք որոշում ընդունելիս պետք է հիմնվեք ուրիշի կարծիքի վրա, ապա ոչ մի բանում չեք առաջադիմի եւ հատկապես կձախողվեք ցանկությունը դրամի վերածելիս» (Նապոլեոն Հիլլ):
* «Ստամոքսը չի կարող կլանել աշխարհի բոլոր անուշեղենները, քանի որ հնարավոր չէ ոչ մի վիթխարի գումարով գնել լավ մարսողություն եւ կարգին ստամոքս: Եթե չես ցանկանում ծաղրի առարկա դառնալ, ապա քեզ եւ ընտանիքիդ համար ծախսիր լոկ բավական սահմանափակ գումարներ: Նույնը կարելի է ասել հարմարավետության մասին, որով հարուստը կարող է իրեն շրջապատել տնային պայմաններում. այստեղ նույնպես դրա սահմանները զգալիորեն նեղ են, ուստի հարմարավետությունը մատչելի է նաեւ պակաս ապահովվածների համար: Բավական է միայն մոռանալ թույլատրելիի այդ սահմանների մասին, բավական է միայն դրանք անցնել, իսկույն դառնում ես քո ունեցվածքի ոչ թե տերը, այլ նրա ստրուկը՝ քեզ ավելի շատ հոգս ես պատճառում, քան հաճույք ստանում» (Ջոն Դեւիսոն Ռոքֆելլեր):
* «Որքա՞ն ժամանակ է հարկավոր մարդու մասին առաջին տպավորություն կազմելու համար: Հետազոտությունները ցույց են տալիս, թե չորս րոպեից ոչ ավելի…. Թերեւս այնքան էլ ճիշտ չէ այն պնդումը, թե «չի լինում երկրորդ հնարավորություն առաջին տպավորություն գործելու համար», սակայն կասկածից վեր է այն փաստը, որ անբարենպաստ առաջին տպավորությունը շատ դժվար է հաղթահարելը: Որոշակի կարծիք կազմելով՝ մարդիկ սովորաբար դժկամությամբ են դա փոխում, նախընտրում են անտեսել ամեն մի նոր տեղեկություն, որը հակասում է սկզբնական եզրակացություններին» (Դեվիդ Լյուիս):
* «Ամեն մի ընկերությունում ֆինանսական կորուստների ասպարեզներից մեկը տաղանդի ոչ խելամիտ գործադրումն է: Հազարավոր կառավարիչներ աչքի են ընկնում արհեստավարժությամբ, խանդավառությամբ, խելքով եւ ձգտումով: Լիովին չօգտագործել նրանց հատկությունները նույնն է, թե փողը քամուն տաք: Շատ ընկերություններում կորուստների դժվար հաշվառվող, բայց թանկ նստող պատճառներից է «զսպվածությունը», այսինքն՝ աշխատողների զգուշավորությունը դրսեւորելու նախաձեռնություն, ինչը հանգեցնում է ընկերության համար նոր հեռանկարներ բացող կառուցողական գաղափարի պարտակման» (Սիրլ Փակինսըն, Մինոու Ռաստամջի):
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ