«Կացնահար դիակները բերում են Երեւանի բանտերի հորերից: Ահա եւ Համազասպի դիակը կառքի մեջ դրված, երկարաճիտ թաղիքե կոշիկները հագին, թուրք մսագործի կացնի հարվածը գլխին: Հայ բոլշեւիկների շնորհիվ թուրք մսագործը Համազասպից լուծեց իր ցեղի վրեժը…»:
1949 թ. «Յառաջ» թերթի հրապարակումից
«Ինտերնացիոնալ» երգող բոլշեւիկների համար միեւնույն էր միլիոնավոր այլազգիների մորթազերծ անող թուրքի արյունարբու, արնախում, արնապիղծ տեսակի արեւի լույս վայելելու անարգել գոյությունը, իսկ ավելի ստույգ՝ այդ գոյությունը ըստ ամենայնի օգտագործվում էր ըստ պահանջի ու ըստ շահի։ Այդպես էլ նրանք հայ ազգային-ազատագրական պայքարի քաջազուն մարտիկների պայծառ գլուխները կացնի հարվածի տակ դրեցին վարձու մսագործ թուրքի ձեռամբ, ոչ ավելի, ոչ պակաս՝ Երեւանի բերդում՝ արեւածագից առաջ։ Հարյուրավոր զոհերի թվում էին խմբապետ Համազասպ Սրվանձտյանը, Նիկոլայ Ղորղանյանը, Հրանտ Տեր-Մարգարյանը, Երանոս Թարվերդյանը, Լեւոն Ենգիբարյանը… Ի՞նչն էր դրդել բոլշեւիկյան իշխանությանը դիմելու սպանության այդ բարբարոս ձեւին (դեռ մի կողմ թողնենք նրանց սպանության` ոչնչով չարդարացված փաստը). գնդակնե՞րն էին պակասում կամ ափսոսում, արդյոք, սպանությունը գնդակահարությամբ իրականացնելու համար, ձեռքնե՞րը չէին ուզում թաթախել անմեղ արյան մեջ, չէի՞ն գտնում հայ դահիճներ, թե՞ թուրքի արյունախմությանն էին ուզում հագուրդ տալ՝ ի սարսափ ողջերի… Գուցե այդ բոլորը միասի՞ն… Բայց մի բան ավելի քան պարզ էր. բանտի պատերի ներսում իրականացված ոճրի քստմնելիությունը շատ լավ էին գիտակցում այն, աչքից հեռու իրականացնողները՝ չենթադրելով, որ անհնար է թաքցնել նման խորշելի ու ահասարսուռ ոճիրը…
1921 թվականի փետրվարի 18-ի լույսը դեռ չէր բացվել, երբ մսագործ թուրքի կացինը գաղտնորեն ու դավադրաբար իջավ հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալ, զորահրամանատար, գնդապետ, չորս զավակների հայր, 47-ամյա Համազասպ Սրվանձտյանի պարանոցին, մարդու, ում մեղքը թուրք բարբարոսների ձեռքից սեփական ազգին ֆիզիկական բնաջնջումից պաշտպանելն էր։ Համազասպ Սրվանձտյանին հուղարկավորում են փետրվարի 20-ին՝ Մլեր գերեզմանատանը (այժմ՝ Կոմիտասի անվան պանթեոն)։ Համազասպը Գարեգին Սրվանձտյանի եղբոր որդին էր։ Ծնվել է Վանում՝ 1873 թ. հունիսի 5-ին, նախակրթարանն ավարտելուց հետո սովորել ժամագործություն, ոսկերչություն՝ եկամտաբեր, ստեղծագործական աշխատանքի գրավական, ինչը, սակայն, անհնար էր իրականացնել թուրքական իշխանությունների անիրավությունների ու ազգահալած պայմաններում։ Վաղ հասակից հարում է հեղափոխական շարժմանը, անդամակցում Արմենական կուսակցությանը, հետո դառնում ՀՅԴ անդամ։ Ծննդավայրում մնալը դառնում է վտանգավոր, Վանից տեղափոխվում է Երեւան, հետո՝ Շուշի։ 1905-06 թթ. հայ-թաթարական կռիվների ժամանակ Համազասպի արիությունն ու հմուտ մարտավարությունը դրսեւորվում են հատկապես 1905 թ. օգոստոսի 22-ին Ասկերանի կիրճում թուրքական 200 հոգանոց ջոկատի դեմ մղած մարտերի ժամանակ, երբ թուրքերից միայն 6-ին է հաջողվում ճողոպրել։ 1906 թ. թաթարական ջարդարարներից փրկում է Գանձակի հայությանը։ ՀՅԴ գործունեությունը, սակայն, ցարական իշխանությունների սրտով չէր, եւ 1908 թ. մի շարք դաշնակցականների հետ ձերբակալվում եւ մահվան է դատապարտվում նաեւ Սրվանձտյանը, սակայն մահապատիժը փոխարինվում է 15 տարվա սիբիրյան տաժանակրությամբ։ 1913 թ. Համազասպը հաջողությամբ փախչում է բանտից, անցնում Եվրոպա, լինում Հռոմում, Մարսելում, Փարիզում, հետո՝ Պոլսում, 1914-ին բնակություն է հաստատում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, վերադառնում Պոլիս, ամռանը՝ փոխադրվում Թիֆլիս։ 1914 թ. ՀՅԴ կուսակցությունը Կարինում Ընդհանուր ժողով է գումարում, որտեղ քննարկվում է երիտթուրքերի հետ համագործակցության հարցը։ Համազասպը կտրականապես դեմ է արտահայտվում թուրքերի հետ որեւէ գործակցության՝ շատ լավ ճանաչելով ու իմանալով նրանց բնույթը, եւ շատ չանցած, ինչպես պատմությունը ցույց տվեց, կուսակիցները համոզվեցին նրա իրավացիության մեջ։
Առաջին համաշխարհայինի սկզբին, երբ Ռուսաստանը համաներում է հայտարարում դաշնակների համար, Համազասպը վերադառնում է Կովկաս, ստանձնում 3-րդ կամավորական հայկական գնդի հրամանատարությունը, մասնակցում բազում մարտերի, ապահովում Բասենի ու Ալաշկերտի հայ բնակչության անվտանգ գաղթը: 1915 թ. մայիսին մասնակցում է Վանի պաշտպանությանը, կռվում Բիթլիսի ուղղությամբ, հոկտեմբերին հաջողությամբ արշավում դեպի Խիզան, դրսեւորվում որպես հմուտ ստրատեգ։ Այնուհետեւ ընտանիքով տեղափոխվում է Թիֆլիս։ 1917 թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո ձեւավորվում է Հայկական զորամաս, եւ Համազասպը նշանակվում է Ալաշկերտի շրջանի զինվորական ոստիկանության հրամանատար։ 1918 թ. ղեկավարելով 3000-3500 հոգանոց Հայկական բրիգադը, պայքարում է Բաքվի կոմունայի համար, մասնակցում Գանձակի եւ Եվլախի հարձակողական գործողություններին, 4 ամիս շարունակ հետ մղում Բաքու արշավող թուրքական գերակշիռ ուժերը։ Բաքվի կոմունայի անկումից հետո մեկնում է Պարսկաստան, Առաջին համաշխարհայինում Օսմանյան կայսրության պարտությունից հետո վերադառնում Հայաստան, նշանակվում Նոր Բայազետի շրջանի զորամասերի հրամանատար, մասնակցում Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, 1920 թ. Մայիսյան ապստամբության եւ թուրք-թաթարական խռովությունների ճնշմանը։ Խորհրդային Հայաստանի զինկոմ, դաշնակցականների հանդեպ ռեպրեսիվ գործողություններով հայտնի Ավիս Նուրիջանյանի հրավերով, ուրի հետ մտերմացել էր Բաքվում, գալիս է Երեւան՝ նոր իշխանությանն օգտակար լինելու մտադրությամբ, սակայն ձերբակալվում ու նետվում է բանտ՝ դավաճանի պիտակով, պիտակ, որից՝ բումերանգի օրենքով, չի կարողանում խուսափել եւ Նուրիջանյանը. 1938 թ. դատապարտվում է գնդակահարության. դատավճիռն ի կատար է ածվում սեպտեմբերի 16-ին՝ նույնպես բանտում…