* «Ով մտադիր է մարդկանց բարեհաճությունը շահել, թող հիշի, որ պետք չէ շիփ-շիտակ մերժել նրանց խնդրանքը: Ավելի լավ է պատասխանել ընդհանուր բնույթի բառերով, քանզի նա, ով խնդրում է, հետագայում հնարավոր է, որ կարիքը չունենա քո ծառայության, իսկ կարող է նաեւ առաջանան խոչընդոտներ, որոնք կարդարացնեն քո անգործունյա վերաբերմունքը: Դրանից բացի, մարդիկ այնքան պարզասիրտ են եւ այնքան դյուրին են թույլ տալիս իրենց քնեցնել բառերով, որ նույնիսկ չանելով այն, ինչը քեզ համար անհարմար է կամ անհնարին, դու հաճախ լոկ հնարամիտ պատասխանով կարող ես լիովին բավարարել նրան, ով ամենայն հավանականությամբ քեզնից դժգոհ էր մնալու, եթե անմիջապես մերժում ստանար» (Ֆրանչեսկո Գվիչարդինի):
* «Կառավարությունը կարող է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնցում մարդիկ կկարողան ապրել երջանիկ եւ հասնել նվաճումների, ինքնարտահայտվել, բայց վերջիվերջո հատկապես այն, թե ինչպես են վարվում մարդիկ սեփական կյանքի հետ, ապահովում է տնտեսության հաջողությունը կամ ձախողումը: Մեր բախտը բերեց, որ ունեինք համարժեք մշակութային հենք, հակվածություն խնայողությանը, համառ աշխատանք, որդիական երախտագիտություն, նվիրվածություն ընտանիքին եւ, ամե¬նից ավելի, հարգանք կրթության եւ կրթվածության հանդեպ» (Լի Կուան Յու):
* «Աշխատանքի պայմաններ» հասկացությունը ներառում է նաեւ այն մթնոլորտը, որում կատարվում է աշխատանքը: Հաճելի միջավայրը գերադասելի է, քան մռայլը, կեղտոտը կամ անհրապույրը, թեպետ, իսկն ասած, աշխատակիցը չունի հաճելի միջավայրի որեւէ հատուկ իրավունք: Բավականին ազատ աշխատատեղ, ոչ թե նեղվածք, նաեւ օդորակիչներ այնտեղ, որտեղ դրանց կարիքը կա՝ ահավասիկ միայն երկու օրինակ աշխատանքի պայմանների բարելավման: Աշխատանքային հագուստի մասին նորմատիվային պահանջների փոփոխություն՝ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել բանվորների եւ կառավարիչների միջեւ տարբերությունները. սա էլ պայմանների փոփոխության մեկ այլ՝ նրբին կողմն է…. Աշխատանքային պայմանների բարելավումը շատ ընկերություններում ներառում է այն ամենի վերացումը, ինչը կարող է ընկալվել որպես նվաստացուցիչ տարբերություն. արդեն չկան, օրինակ, բանվորների եւ կառավարիչների համար առանձին-առանձին հանգստյան սենյակներ, ճաշարաններ եւ վերականգնողական կենտրոններ» (Ռիչարդ դը Ջորջ):
* «Մի տվեք մանվածապատ ակնարկություններ բովանդակող հարցեր կամ էլ այնպիսի հարցեր, որոնք դյուրին կարող են շրջվել ձեր դեմ: Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել ձայնի տոնին եւ բառերի ընտրությանը: Դա կարեւոր է լիակատար պարզության համար, նաեւ կեղծ եզրակացություններից խուսափելու նպատակով: Հարկավոր է հարցեր տալ ոչ թե ընդդիմախոսի հանդեպ հաղթանակ տոնելու, այլ իրավիճակի հստակեցման համար» (Ջերարդ Նիրենբերգ):
* «Մենք կարող ենք նշանակալից երեւալ՝ մեր արժանիքներից ցածր մի պաշտոն գրավելով, բայց ավելի հաճախ չնչին ենք երեւում՝ մեր կարողություններից բարձր մի պաշտոն զբաղեցնելով» (Ֆրանսուա դը Լառոշֆուկո):
* «Հաջողության հասնել կարող է միայն նա, ով ճառագում է դրական հատկություններ ու հույզեր: Այդկերպ նա հենց սկզբից ստեղծում է բարյացակամության մթնոլորտ, որի մեջ դյուրին է վարել բանակցություններ եւ կնքել գործարքներ: Ոգեւորությունը օժտված է ձգողականությամբ, ուշադրություն է գրավում, հրապուրում է հմայիչ ժպիտի կամ հաճելի ձայնի նման, վարակում է շրջապատի մարդկանց: Մարդկանց հետ մտնելով գործարար կամ անձնային փոխհարաբերությունների մեջ՝ ճառագայթեք ոգեւորություն եւ դուք ավելի քիչ ռիսկի կենթարկվեք մերժում ստանալու: Դե, իսկ եթե այդպես էլ լինի, ապա դա ընդունեք որպես յուրատեսակ ազդանշան. կա՛մ դուք բավարար չափով հմուտ չեք, ուստի կատարելագործվելու կարիք ունեք, կա՛մ ձեր դիմացինը երդվյալ հոռետես է, որի հետ, թերեւս, առհասարակ չարժե գործ բռնել» (Նիկոլաուս Էնքելման):
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ