* «Հուսալի կառավարումը ենթադրում է որակի ստանդարտների մշտական վերանայում՝ հաշվի առնելով սպառողների կարծիքները եւ բողոքները, ինչպես նաեւ պատվիրատուների պահանջները: Ըստ էության՝ ստանդարտները բովանդակում են ամրագրված որոշ պահանջներ՝ ուղղված միօրինակության ապահովման նպատակին: Սակայն նման ամրագրումը չպետք է կարծր լինի: Ստանդարտացմանն ավելորդ հակվածությունը կարող է հանգեցնել սպառողների դժգոհությանը: Ես հետեւում եմ այն սկզբունքին, ըստ որի` եթե ստանդարտները վեց ամսվա ընթացքում չեն վերանայվում, ապա դա ապացույցն է այն բանի, որ ոչ ոք դրանց լուրջ չի վերաբերվում» (Քաորու Իշիկավա):
* «Բազում գրքեր են գրված այն մասին, թե ինչպես է հարկավոր առաջնորդել ենթականերին: Իսկ ես խոսում եմ այն մասին, թե ինչպես է հարկավոր առաջնորդել կազմակերպությունը. դա հնարավոր է անել միայն դառնալով կազմակերպությունում բոլոր աշխատողների առաջնորդը: Ինչպե՞ս ամեն մեկին համակել սեփական գաղափարներով, ապահովել նրա աջակցությունը: Ընտրեք հաղորդակցման այնպիսի ոճ, որը հնարավորություն կտա մարդկանց ձեզ հասկանալու առանց դժվարության: Երկարաժամկետ հեռանկարոմ դա շատ ավելի կարեւոր է, քան իմանալ սեփական լիազորությունների սահմանները կազմակերպության աստիճանակարգի որեւէ ներկայացուցչի հետ հարաբերության մեջ: Փորձեք ձեր կազմակերպության ամեն մի անդամի մոտենալ այնպես, որ կարծես նա ձեր պետն է, անգամ եթե իրականում այդպես չէ: Այլ կերպ ասած՝ իշխանություն գործադրելու փոխարեն՝ փորձեք գործադրել ազդեցություն. դա ձեզ կդարձնի առաջնորդ» (Իցհակ Ադիզես):
* «Երբեք քեզ համար օգտակար մի՛ համարիր այն, ինչը երբեւէ հարկադրելու է խոստումնազանց լինել, մոռանալու ամոթը, ատելու ինչ-որ մեկին, կասկածելու, անիծելու, կեղծելու, ցանկանալու այնպիսի բաներ, որոնք պատերի հետեւում եւ ամրոցներում են թաքնված» (Մարկոս Ավրելիոս):
* «Նա, ով անմիջապես ընդունում է ճիշտ որոշում, բայց արագորեն հրաժարվում է դրանից, պարզապես թույլ մարդ է: Իսկ ով չի կարողանում հանգել որեւէ որոշման՝ ուղղակի անպետքություն է: Նա հաճախակի է փոխում որոշումները: Անվճռականությունը եւ դանդաղումը երկվորյակ եղբայրներ են: Այնտեղ, ուր տեղ կա նրանցից մեկի համար, անպայման տեղ կգտնվի եւ մյուսի համար: Սպանեք այդ զույգին, նախքան այն քարշ կտա ձեզ սպանդանոց, ուր ճղփում է ձախողակների արյունը» (Նապոլեոն Հիլլ):
* «Հրաժարվեք ուրիշներին քննադատելու սովորույթից: Դուք եւ միայն դուք եք կրում պատասխանատվություն ձեր ամեն ինչի համար: Եթե կյանքում ինչ-որ բան կա, որից դժգոհ եք կամ ձեր ճաշակով չէ, ապա դա փոխելը միմիայն ձեր խնդիրն է: Դուք եք պատասխանատու ամեն ինչի համար: Ամենամեծ սխալը, որ կարող եք գործել, այն է, որ մտածեք, թե աշխատում եք ուրիշի, եւ ոչ թե ձեզ համար: Դուք եք ձեր սեփական ընկերության նախագահը, որն անկախ ամեն ինչից՝ աշխատում է միմիայն ձեր բարօրության համար: Եթե մտածում եք, որ աշխատում եք միմիայն ձեզ համար, ձեր մեջ զարգանում է գործարարի մտածելակերպը՝ լիովին անկախ, ինքն իր գործելակերպի համար լիովին պատասխանատու եւ նախաձեռնող անհատի մտածելակերպ: Կոնկրետ իրադարձությունների սպասելու փոխարեն դուք խթանում եք դրանց կայացումը» (Բրայան Թրեյսի):
* «Ձեր նոր գաղափարները մատուցեք միայն դրական լույսով: Նոր գաղափար ներկայացնելիս հետեւեցեք, որ դրա վրա իսկույն ստվեր չգցեն ժխտողամոլները եւ հոռետեսները: Դրան դուք կհասնեք, եթե հոգ տանեք այն բանի մասին, որ ձեր հաղորդումից անմիջապես հետո ելույթ ունենան ձեր կարծիքի կողմնակիցները: Այդկերպ դուք կապահովեք քննարկման ձեւը: Դրանից բացի, ձեր հայեցակարգը հիմնավորեք հայտնի հաստատությունների հրապարակած նյութերով կամ մեջբերեք հայտնի գիտնականների ասույթները» (Հանս Ալթման):
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ