Փիլիսոփայական համակարգերի մեծամասնության մտահայեցության հիմքում ընկած է երկու համոզմունք՝ միմյանց առնչվող եւ մեկը մյուսին լրացնող: Նախ, որ բնությունը միասնական է, երկրորդ՝ որ մարդկային ինտելեկտը կոչված է ամբողջովին ընկալելու բնությունը: Քանի որ ենթադրվում է, թե իմացական ընդունակությունը համարժեք է փորձի ամբողջությանը, ապա հարց իսկ չի կարող լինել այդ ընդունակության ծագման մասին: Ինտելեկտն ընդունում են որպես առ-կայություն եւ գործադրում են, ինչպես որ տեսողությունն են գործադրում հորիզոնն աչքի անցկացնելու համար: Ճիշտ է, գոյություն ունի տարաձայնություն արդյունքի արժեքի շուրջ. ոմանք կարծում են, թե ինտելեկտի ընդգրկածը հենց իսկական իրականությունն է, մյուսների համար դա ընդամենը պատրանք է: Բայց, պատրանք լինի թե իրականություն, համարվում է, որ այն, ինչին հասնում է ինտելեկտը, ներառում է այն ամենը, ինչին որ հնարավոր է հասնել:
Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ փիլիսոփայությունը չափից դուրս է վստահություն տածում անհատական ոգու ուժերի հանդեպ: Կլինի վերջինս դոգմատիկակա՞ն, թե՞ քննադատական, կբավարարվի՞ արդյոք մեր իմացության հարաբերականությամբ, թե՞ կձգտի հասնել բացարձակին, այդ փիլիսոփայությունը սովորաբար մեկ փիլիսոփայի ստեղծածն է՝ ամբողջի միասնական եւ համընդգրկուն դիտարկմամբ: Այդ փիլիսոփայությունը կարելի է ընդունել կամ մերժել:
Ավելի համեստ է մեր առաջարկած փիլիսոփայությունը, որը նաեւ միակն է, որ թույլատրում է լրացումներ եւ կատարելագործում: Մարդկային ինտելեկտը, ինչպես որ մենք ենք պատկերացնում, բնավ էլ այն ինտելեկտը չէ, որ մեզ ցուցադրել է Պլատոնը իր այլաբանական քարայրում: Ինտելեկտը չպետք է ո՛չ դիտի անցնող պատրանքային ստվերները, ո՛չ էլ, հետ շրջվելով, հայի կուրացուցիչ լուսատուն: Ինտելեկտի գործն ուրիշ է: Հողագործի եզների պես ծանր գործին լծված՝ մենք զգում ենք մեր մկանների ու հոդերի խաղը, գութանի ծանրությունը եւ հողի դիմադրությունը. գործել եւ որպես գործող գիտակցել ինքն իրեն, շփման մեջ մտնել իրական կյանքի հետ եւ նույնիսկ ապրել դրանում, բայց միայն այն չափով, որ չափով իրականությունն առնչվում է գործողությանը եւ հերկվող ակոսին՝ ահավասի՛կ մարդկային ինտելեկտի գործառույթը: Բայց մեզ ողողում է բարերար խոնավությունը, որից մենք ուժեր ենք առնում աշխատելու եւ ապրելու համար: Մենք անդադար ինչ-որ բան ենք ներքաշում կյանքի օվկիանոսից, որի մեջ ընկղմված ենք եւ զգում ենք, որ մեր էությունը կամ, համենայն դեպս, նրան ղեկավարող ինտելեկտը ձեւավորվել է այդ օվկիանոսում՝ կարծես որոշակի տեղում պնդանալով: Փի-լիսոփայությունը կարող է լինել միայն ջանք՝ հանուն ամբողջի մեջ վերստին լուծվելու: Ինտելեկտը, որ կլանվում է սեփական նախասկզբի կողմից, հետընթաց կարգով վերապրում է սեփական գոյացումը: Բայց նման աշխատանքը չի կարող կատարվել անմիջաբար, այլ անհրաժեշտաբար լինելու է կոլեկտիվ եւ աստիճանական. փոխանակվելու են տպավորությունները, որոնք միմյանց շտկելով եւ միմյանց ագուցվելով, կհանգեցնեն այն բանին, որ մեր մարդկային բնույթը կծա-վալվի եւ կգերազանցի ինքն իրեն:
Այս մեթոդը հանդիպում է մտածելակերպի ամենաքարացած սովորույթների դիմադրությանը. իսկույն գոյանում է արատավոր օղակի մասին պատկերացում: Զուր եք, ասում են մեզ, դուք պնդում, թե ինտելեկտից հեռուն եք գնալու. ինչպե՞ս կարող եք դա անել առանց բուն ինտելեկտի: Ձեր գիտակցության մեջ եղած ամենայն հեղինակավորը հենց միայն ինտելեկտն է: Դուք գտնվում եք ձեր մտքի մեջ եւ դրանից չեք կարող դուրս գալ: Ասացեք, թե կհաճեք, որ ինտելեկտն ունակ է առաջադիմության, որ ինտելեկտն ավելի ու ավելի հստակ է տեսնելու առավել մեծաքանակ իրերը: Բայց մի ասեք, թե կարող եք ցույց տալ ինտելեկտի ծնունդը. քանի որ դուք դա պիտի անեք նույն ինտելեկտի օգնությամբ….
Արդ, արատավոր օղակը սոսկ թվացյալ է: Բայց մենք կարծում ենք, որ փիլիսոփայական ամեն մի այլ մեթոդ դա կարող է իրական դարձնել: Դա էլ մենք ցանկանում էինք հակիրճ ցուցադրել, թեկուզ միայն ապացուցելու այն, որ փիլիսոփայությունը չի կարող, պարտավոր չէ ընդունելու այն հարաբերակցությունը, որ զուտ ինտելեկտուալիզմը հաստատագրել է իմացության տեսության եւ իմացյալի տեսության միջեւ, մետաֆիզիկայի եւ գիտության միջեւ:
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ