Մեզանից շատերը ներըմբռնողաբար զգում են, որ եթե որեւէ մեկը կամ ինչ-որ մի մեքենա մեզ վերաբերող կարեւոր որոշում է կայացնելու, ապա մենք պետք է որ հնարավորություն ունենանք հարցնելու, թե ինչպես են հանգել տվյալ պատասխանին: Իրավունքի իրացման համակարգերը, որոնք վերագրում են պատասխանատվություն եւ մեղսագրում արարքներ, խարսխվում են այն ըմբռնմանը, թե մենք ընդունակ ենք բացատրելու եւ արդարացնելու այն, ինչ արել ենք եւ ինչու ենք արել: Առանց բացատրության՝ մեզ մնում է կույր վստահությունը միմյանց կամ մեքենաների հանդեպ: Ճակատագրի հեգնանքով՝ մեքենայական որոշման առավել արդյունավետ քայլաշարերը հաճախ ամենից նվազ բացատրելի են: Ընդհակառակը, մարդիկ կրքոտ բացատրող են, թե ինչ են անում եւ ինչու, եւ այդ հատկությունը պայմանավորված է խորհրդածելու, ինքներս մեր մասին մտածելու ունակությամբ՝ ինչպես ենք հիշում, ընկալում, վճիռ կայացնում, մտածում եւ զգում:
Մենք ոչ միայն ընկալում ենք շրջակայքը, այլեւ խորհում մայրամուտի գեղեցկության մասին, մտահոգվում, թե արդյոք ճապաղված չէ՞ մեր տեսողությունը, զգայությունները չե՞ն խաբվում պատրանքներին եւ դյութիչ աճպարարություններին: Ոչ միայն որոշում ենք կայացնում նոր աշխատանքի անցնելու կամ ամուսնանալու մասին, այլեւ մտորում՝ լա՞վ, թե՞ վատ ընտրություն ենք կատարել: Ոչ միայն մտաբերում ենք մեր մանկական հիշողությունները, այլեւ կասկածում, թե հնարավո՞ր է արդյոք դրանք թյուր են….
Ինքնաճանաչումը նաեւ մեզ հնարավորություն է ընձեռում ըմբռնելու, որ մյուս մարդկանց խելքը նման է մերին: Ինքնաճանաչ լինելը թույլ է տալիս ինձ հարցնելու «Ինչպես է սա ինձ թվում», կամ էլ, որ պակաս կարեւոր չէ, «Ինչպես կթվա սա մեկ ուրիշին»: Գրական վեպերը իմաստազուրկ կդառնային, եթե մենք զրկվեինք այլոց մտածելակերպի մասին խորհելու եւ նրանց փորձառությունը մերի հետ համեմատելու կարողությունից: Առանց ինքնաճանաչման չէր լինի կազմակերպված ուսուցում. մենք չէինք կարող իմանալ, թե ովքե՞ր են կարիք զգում սովորելու, կամ մենք ունե՞նք նրանց սովորեցնելու հնարավորություն:
Այսօր կան բազում կայքեր, էջեր, ինքնազարգացման գրքեր, որոնք մեզ խրախուսում եմ «գտնել ինքներս մեզ» եւ դառնալ ավելի ինքնաճանաչ: Լավ է մտածված: Բայց թեպետ մեզ հաճախ են քաջալերում ձգտել ավելի լավ ինքնաճանաչման, քիչ է ուշադրություն դարձվում, թե ինչպես է ինքնաճանաչումը գործում: Ըստ իս, դա տարօրինակ է: Տարօրինակ կլիներ մարդկանց խրախուսել նորոգելու սեփական մեքենան՝ առանց իմանալու, թե ինչպես է աշխատում շարժիչը կամ էլ ուղղորդել մարզասրահ՝ առանց ճշտելու, թե որ մկանները մարզեն….
Մենք շրջապատված ենք «խելացի», բայց անգիտակից սարքերով՝ եղանակ կանխատեսողներից մինչեւ առեւտրային գործակալներ, եւ նմանօրինակ գործիքները պատրաստ են ներխուժելու մեր կյանքի բոլոր ոլորտները: Այս սարքերը բազում դեպքերում մեր կյանքը դարձնում են ավելի դյուրին եւ արգասավոր, եւ դրանք կարող են աջակցել մեզ այնպիսի աննախադեպ հիմնախնդիրներ լուծելիս, ինչպիսին եղանակի կառավարումն է: Բայց վտանգ կա, որ գերխելացի «սեւ արկղներին» դիմելը սահմանափակելու է մարդկանց ինքնուրույնությունը. մենք չենք կարողանա իմանալ, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս է կայացվել այս կամ այն որոշումը եւ հարկադրված ենք լինելու կուրորեն հետեւել սարքերի խորհուրդներին…. Իրականում, քանի որ ինքնաճանաչումը երբեմն թերի է, ապա բազմաթիվ դեպքերում մենք բնավ էլ ավելի լավը չենք, քան «սեւ արկղը»՝ անզոր բացատրելու, թե ինչ ենք արել կամ ինչու….
Անորոշությանը հետամուտ լինելու մեր հատկությունը հիմնարար նշանակություն ունի այն բանի համար, թե ինչպես է մեր ուղեղն ընկալում աշխարհը: Մեր միջավայրի բարդության եւ այն փաստի պատճառով, որ մեր զգայարանները լիակատար հստակությամբ չեն ապահովում մեր շրջապատի պատկերները, մենք հարկադրված ենք լինում ենթադրություններ անելու, թե իրականում ինչ կա դրսում: Այս հակադարձ խնդիրները լուծելու կարողունակ մոտեցումը միավորում է տվյալների աղբյուրները՝ ըստ դրանց հուսալիության կամ անորոշության….
Մենք հանդիպել ենք դեպքերի, երբ սխալների ուղղումը կատարվում է համակարգի մի քանի մակարդակով՝ սկսած ներքին վիճակներում փոփոխությունների հայտնաբերումից եւ շտկումից (հոմեոստազիս) մինչեւ մեր գործողությունների եւ նպատակադրումների համապատասխանության ապահովում: Ինքնավերահսկման այս ձեւերից շատերը լայնորեն տարածված են կենդանական աշխարհում եւ դրսեւորվում են մարդու զարգացման վաղ շրջանում: Մեր ներքին վիճակների եւ գործողությունների վերահսկման եւ անորոշության գնահատման քայլաշարերը բարդ ինքնակարգավորվող համակարգերի, ինչպիսին է, օրինակ, մարդկային ուղեղը, առանձնահատկություններն են: Այս երկու կառույցը կազմում են միջուկն այն բանի, ինչը հոգեբաններն անվանում են «ներակա ինքնաճանաչում»՝ ինքնավերահսկման ձեւ, որը հաճախ կատարվում է ինքնաբերաբար եւ անգիտակցաբար: Ընդհակառակը, բացահայտ ինքնաճանաչումը վերաբերում է ինքնաճանաչման այն կողմերին, որոնց մասին մենք նույնպես գիտակցաբար տեղյակ ենք: Երբ ես համոզվում եմ, որ ահագին բան եմ արել աշխատանքիս մեջ, ուրեմն ես զբաղվում եմ բացահայտ ինքնաճանաչմամբ:
Ինքնաճանաչման ներակա եւ բացահայտ ձեւերի փոխհարաբերությունների համար օգտակար (թեեւ փոքր-ինչ կոպիտ) համաբանություն կարող է լինել ժամանակակից ինքնաթիռում օդաչուների եւ ավտոպիլոտի փոխազդեցությունը: Ինքնաթիռն ունի էլեկտրոնային «ուղեղ»՝ ավտոմատ օդաչուի ձեւով, որն ապահովում է ինքնաթիռի բարձրության, արագության եւ այլ բնութագրերի մանրազնին վերահսկումը: Օդաչուները, իրենց հերթին, ընկալում եւ վերահսկում են ավտոմատ օդաչուի աշխատանքը եւ նման մշտադիտարկումը կառավարվում է իրենց (կենսաբանական) ուղեղի աշխատանքի շնորհիվ: Օդաչուի եւ ավտոմատ օդաչուի փոխազդեցությունը «ինքնաթիռի իրազեկման» տարրական ձեւն է. օդաչուներին հանձնարարված է տեղյակ լինել, թե ինչ է անում ավտոմատ օդաչուն եւ անհրաժեշտության դեպքում միջամտել: Նույնը վերաբերում է ինքնաճանաչման բացահայտ եւ ներակա կողմերին, միայն թե այժմ այդ փոխազդեցությունը տեղի է ունենում մեկ ուղեղի մեջ:
Ընդհանուր առմամբ, հետազոտությունները ցույց են տալիս, որ ինքնաճանաչումը կարեւոր, բայց թերագնահատված բաղադրիչն է այն բանի, թե ինչպես ենք սովորում եւ ուսումնասիրում: Ինչ որ մտածում ենք մեր իմացածի մասին, պայմանավորում է այն, թե մենք այնուհետեւ ինչ ենք ուսումնասիրում, վերջինս էլ ազդում է մեր իմացության վրա եւ այսպես շարունակ՝ արգասավոր (կամ երբեմն արատավոր) շրջանի ձեւով: Ինքնաճանաչման այս ազդեցությունը երբեմն դժվար է ըմբռնել, դյուրին չէ նկատել կամ չափել, ինչպես մաթեմատիկայի, բնական գիտությունների եւ երաժշտության հանդեպ բնատուր ընդունակությունները: Բայց ինքնաճանաչման ազդեցությունը չի դադարում ուսումն ավարտելիս, այլ վճռորոշ դեր է խաղում՝ ուղղորդելով մեր նոր ձեռք բերած գիտելիքի գործադրման կերպը: Ինքնաճանաչման այս քողարկված դերը մեր գործելակերպի կառավարման մեջ կարող է լինել ոչ պակաս կարեւոր, քան բնատուր ինտելեկտի դերը քննությունները կամ թեստերը հաջողությամբ հանձնելու համար….
Հատկապես այլոց ուսուցանելն է մեզ օգնում բացահայտելու, թե ինչ գիտենք եւ ինչը չգիտենք, մղում է վերանայելու մեր անելիքը՝ ավելի հուսալի գիտելիք ձեռք բերելու: Ուրիշների տեսակետին ծանոթանալու տրամադրվածությունը, իրոք, որոշակիորեն նպաստում է մեր ինքնաճանաչմանը…. Մենք պիտի հասկանանք, որ այլոց ուսուցանելը եւ խորհրդատվությունը օգտակար են մեր սեփական ինքնազարգացմանը, քանի որ այդկերպ ազատվում ենք ճանաչողական որոշ պատրանքներից: Երբ հարկադրված ենք ուրիշներին ինչ-որ բան բացատրել, ապա աստիճանաբար նվազում է մեր խոսքի՝ ներքին ազդակներով պայմանավորված այն սահուն ընթացքը, որը ծնում է սեփական իմացության մեջ անհիմն վստահություն: Այդպիսին է «բացատրական խորության պատրանքը», երբ մենք գիտենք, թե ինչն ինչպես է աշխատում՝ պարզ սարքերից մինչեւ պետության քաղաքականություն, բայց ահավասիկ երբ մեզ խնդրում են դա ուրիշներին բացատրել, ապա պարզվում է, որ մենք անկարող ենք անել: Մեր գիտելիքի նմանօրինակ հրապարակայնացումը յուրատեսակ երաշխիքն է այն բանի, որ մեր անհիմն գերվստահությունը բացահայտվելու է:
Նման պատճառներով մեզ համար ավելի դյուրին է լինում բացահայտել մեկ ուրիշի ասած անհեթեթությունը, քան մեր իսկ մեջ տեսնել միեւնույն բանը: Իրոք, երբ տրամաբանական բարդ խնդիրներ լուծելիս մարդկանց առաջարկում են բացատրել եւ հիմնավորել սեփական դատողությունները, ապա նրանք շատ ավելի քննադատաբար են վերաբերվում իրենց գործածած փաստարկներին, երբ կարծում են, որ դրանք ավելի շատ ուրիշինն են, քան իրենցը: Նրանք դառնում են նաեւ ավելի խորաթափանց եւ առավել ճշգրտությամբ են ուղղում իրենց սկզբնական սխալ պատասխանը, երբ վերջինս ներկայացվում է նաեւ որպես մեկ ուրիշի պատասխան:
Ինքնաճանաչողության մասին գիտությունը օգնում է մեզ ըմբռնումով վերաբերվելու ուրիշների ինքնագիտակցության պատահական սխալներին: Ինչպես մեր սեփական, այնպես էլ մեր բարեկամների եւ գործընկերների ինքնաճանաչումը շարունակ փոփոխվում է եւ հավասարակշռվում է մի շարք քողարկված ազդակների շնորհիվ, որոնցով պայմանավորված է, թե իրենք իրենց այս կամ այն հարցում համարում են ճի՞շտ, թե՞ սխալ:
Մարդիկ, որոնց հայացքները որոշ հարցերում, սկսած քաղաքականությունից եւ վերջացրած պատվաստանյութերով, մեր սեփականին հակադիր են, կարող են թվալ ապացույցների հանդեպ «կույր»: Բայց ընդունելով, որ սեփական հայացքների մեջ մեր վստահությունը, որպես դիրքորոշում, հակված է աղավաղման, կարող ենք ձեւավորել առավել հանդուրժողական վերաբերմունք նրանց հանդեպ, ովքեր հնարավոր է, որ մեզ հետ չհամաձայնեն:
Պարզապես ուսումնասիրելով սեփական ինքնաճանաչումը, մենք կարող ենք դրանից ավելին ստանալ: Երկուսուկես հազար տարի անց այն բանից հետո, երբ աթենացիները գրառել են իրենց պատվիրանները Դելփյան տաճարի պատին, մենք այժմ ինքնաճանաչման համար երբեւէ եղած լավագույն վիճակում ենք:
Հատված Սթիվեն Ֆլամինի
«Ծանիր զքեզ» գրքից:
Անգլերենից թարգմանությունը՝ Վ. Միրզոյանի