Երբ մենք խորհրդածում ենք այն մասին, թե ինչ է մարդուն հարկավոր մտավոր առողջության համար, ապա առաջինը մեր մտքին ինտելեկտն է գալիս: Որքան մենք ավելի խելացի ենք, այնքան ավելի բարդ խնդիրներ կարող ենք լուծել եւ այնքան ավելի արագ: Ինտելեկտն ավանդաբար դիտարկվում է որպես մտածելու եւ սովորելու կարողություն: Այդուհանդերձ, այս փոթորկալից աշխարհում կա իմացական եւս մի հմտություն, որը կարող է ավելի կարեւոր լինել՝ վերամտածելու, վերաիմաստավորելու ունակությունը:
Պատկերացրեք, որ դուք հենց նոր եք ավարտել բազմատարբերակային պատասխաններով մի թեստ եւ սկսել եք կասկածել ձեր պատասխաններից մեկի վրա: Դուք բավական ժամանակ ունեք. արդյոք հավատարի՞մ եք մնալու ձեր նախնական պատասխանին, թե՞ այն փոխելու եք… Մենք չենք վարանում վերանայելու մեր պատասխանները: Մենք խուսափում ենք վերանայման բուն գաղափարից….
Հիմնախնդրի մի մասը ճանաչողական ծուլությունն է: Որոշ հոգեբաններ համարում են, թե մեզ բնորոշ է մտավոր անգործությունը. մենք հաճախ ենք գերադասում հին հայացքներին կառչելու դյուրությունը նորերի վրա գլուխ ջարդելու դժվարությունից: Սակայն վերստին մտածելուն ցույց տրվող մեր դիմադրության հետեւում ավելի խորքային ուժեր կան: Ինքներս մեզ հարց տալով՝ մենք դարձնում ենք աշխարհը մեզ համար ավելի անկանխատեսելի: Դա պահանջում է մեզանից ընդունել, որ փաստերը կարող են փոփոխվել. այն, ինչը երբեւէ ճիշտ է եղել, հնարավոր է այժմ պարզվի, որ սխալ է: Վերանայումն այն բանի, ինչին մենք խորապես հավատում ենք, կարող է սպառնալ մեր ինքնությանը, առաջացնել մի զգացում, թե մենք, կարծես, կորցնում ենք մեր մի մասը:
Վերանայելը մեր կյանքի բոլոր բնագավառներն ընդգրկող պայքար չէ: Երբ բանը մեր ունեցվածքին է վերաբերում, ապա մենք նորացնում ենք եռանդով: Մենք թարմացնում ենք մեր զգեստապահարանը, նորոգում ենք մեր խոհանոցը, երբ նորաձեւությունն է պահանջում: Իսկ երբ դա վերաբերում է մեր գիտելիքին եւ կարծիքին, ապա մենք հակված ենք լինում կառչելու եղածին: Հոգեբանները սա անվանում են «կարծրացում»: Մենք գերադասում ենք համոզվածության հարմարավետությունը կասկածանքի անհարմարավետությանը, եւ այդկերպ մեր համոզմունքը մեր ոսկորներից ավելի կարծր ենք դարձնում: Մենք այն տեսակետներին ենք հարում, որոնք մեզ հնարավորություն են տալիս մեզ լավ զգալու, այն գաղափարների փոխարեն, որոնք մեզ հարկադրում են լրջորեն մտորել:
Ես չեմ կարող պատկերացնել վերանայման համար կենսականորեն ավելի կարեւոր մեկ այլ ժամանակ: Կորոնավարակի համաճարակի ծավալմանը զուգընթաց՝ աշխարհի շատ առաջնորդներ չէին շտապում վերանայելու իրենց ենթադրությունները. նախ՝ որ վարակը կշրջանցի իրենց երկրները, ապա՝ որ դա հարբուխից ավելի մահացու չի լինելու, այնուհետեւ՝ որ դա կարող է փոխանցվել միայն բացահայտ ախտանիշներ ունեցող մարդկանց միջոցով: Մարդկանց կյանքերի արժեքը դեռեւս հաշվարկվում է:
Այդ ժամանակ մենք բոլորս հարկադրված եղանք փորձության ենթարկելու մեր մտավոր ճկունությունը: Մենք ստիպված էինք կասկածի տակ առնելու այն դատողությունները, որոնք երկար ժամանակ համարում էինք ինքնին հասկանալի, այն է՝ թե անվտանգ է հիվանդանոց գնալը, ռեստորանում ճաշելը, ծնողներին կամ տատիկ-պապիկներին գրկելը, թե մարզական միջոցառումները մշտապես լինելու են հեռուստատեսությամբ, թե մեր մեծամասնությանը երբեք հարկ չի լինի հեռավար աշխատելու կամ էլ սեփական երեխաներին տանը ուսուցանելու, թե կարող ենք զուգարանի թուղթ կամ ախտահանիչ ձեռք բերել, երբ մեզ անհրաժեշտ լինի….
Եթե դուք տիրապետեք վերանայման արվեստին, ապա վստահեցնում եմ, ավելի լավ պատրաստված կլինեք թե՛ աշխատանքային հաջողություններին, թե՛ երջանիկ կյանքի համար: Կրկին մտածելը կարող է ձեզ օգնել գտնելու հին խնդիրների նոր լուծումներ, ինչպես նաեւ վերանայել հին լուծումները նոր խնդիրների համար: Սա ձեզ շրջապատող մարդկանցից ավելին սովորելու եւ ավելի քիչ ափսոսանքով ապրելու ճանապարհն է: Իմաստության գլխավոր բնութագիծն այն է, որ իմանաս, թե երբ է ժամանակը հրաժարվելու քո ամենաթանկ դատողություններից եւ ինքնության առավել նվիրական բաղադրիչներից….
Մեզանից շատերը հպարտանում են իրենց գիտելիքով եւ փորձով, նաեւ սեփական համոզմունքներին եւ կարծիքին հավատարմությամբ: Սա իմաստալից է կայուն աշխարհում, որտեղ մենք պարգեւատրվում ենք սեփական գաղափարների մեջ համոզված լինելու համար: Բայց մենք ապրում ենք հարափոփոխ աշխարհում, որտեղ մեզ հարկավոր է վերաիմաստավորմանը հատկացնել նույնքան ժամանակ, որքան խորհրդածությանը:
Իմացածը վերանայելը ոչ միայն հմտությունների հավաքածու է, այլեւ մտածելակերպի տեսակ: Մենք արդեն ունենք մեզ անհրաժեշտ մտավոր շատ գործիքներ: Մենք պարզապես չպետք է մոռանանք դրանք դուրս հանել խորդանոցից եւ մաքրել ժանգից….
Տեղեկատվության աղբյուրների եւ տեխնոլոգիաների մատչելիության ընդլայնմամբ գիտելիքը ոչ թե միայն աճում է, այլեւ աճում է հարաճուն արագությամբ: Փոփոխությունների արագացող ընթացքը նշանակում է, որ մենք պետք է ավելի պատրաստակամորեն, քան երբեւէ նախկինում, կասկածի տակ դնենք մեր համոզմունքները….
Մենք շուտափույթ ըմբռնում ենք, երբ ուրիշ մարդկանց է հարկ լինում մեկ անգամ եւս մտածելու: Երբ բժշկական ախտորոշման առիթով մենք ձգտում ենք մի երկրորդ կարծիք ստանալու, ապա այդկերպ կասկած ենք հայտնում փորձագետի կարծիքի մասին: Ցավոք, երբ բանը հասնում է մեր սեփական գիտելիքին եւ կարծիքին, ապա մենք գերադասում ենք մեզ «զգալ ճիշտ», քան թե «լինել ճիշտ»: Առօրյա կյանքում մենք բազում ախտորոշումներ ենք կատարում, սկսած նրանից, թե ում ենք աշխատանքի ընդունում, վերջացրած նրանով, թե ում հետ ենք ամուսնանում: Մեզ հարկավոր է մշակել սեփական երկրորդ կարծիքն ունենալու սովորությունը….
Եթե զբաղված եք գիտական աշխատանքով, ապա վերաիմաստավորումը հիմնարար մասնագիտական նշանակություն ունի: Ձեզ վճարում են այն բանի համար, որ դուք մշտապես գիտակցեք ձեր ըմբռնման սահմանները: Ձեզանից ակնկալում են, որ դուք կասկածանքով կվերաբերվեք ձեր իմացածին, հետաքրքրություն կդրսեւորեք ձեր չիմացածի հանդեպ եւ կթարմացնենք ձեր հայացքները նոր տվյալների լույսով: Թեկուզ միայն անցյալ դարում գիտական սկզբունքների գործադրումը հանգեցրել է կտրուկ առաջընթացի. կենսաբանները հայտնագործեցին պենիցիլինը, հրթիռագետները մեզ ուղարկել են Լուսին, համակարգչային գիտնականները ստեղծել են համացանցը….
Բայց գիտնականը միայն մասնագիտություն չէ: Դա մտածելակերպ է, խորհրդածության եղանակ, որը տարբերվում է քարոզիչի, հետաքննիչի եւ քաղաքական գործչի մտածելակերպից: Մենք անցնում ենք գիտնականի գործելակերպին, երբ որոնում ենք ճշմարտությունը. գիտափորձեր ենք անում՝ վարկածները ստուգելու եւ նոր գիտելիք ձեռք բերելու համար: Գիտնականների գործիքակազմը արտոնված չէ միայն սպիտակ խալաթով եւ փորձանոթներով զինված մարդկանց համար, դրանք չեն պահանջում մանրադիտակից տարիներ շարունակ կառչած աշխատանք: Վարկածները մեր կյանքում նույնքան տեղ են գրավում, որքան լաբորատորիաներում, փորձարկումները կարող են ազդել մեր առօրյա որոշումների վրա….
Ճիշտ այնպես, ինչպես պարտադիր չէ, որ դուք լինեք արհեստավարժ գիտնական, որպեսզի դատեք գիտնականի պես, չկա երաշխիք, որ գիտնականը չի օգտագործի այլ գործիքներ: Գիտնականը վերածվում է քարոզիչի, երբ իր սիրելի տեսությունները մատուցում է որպես Ավետարան, իսկ խոհուն քննադատությանը վերաբերվում է որպես սրբապղծության: Նա հակվում է դեպի քաղաքական տարածք, երբ ավելի է կարեւորում սեփական հայացքների հանրահայտ լինելը, քան դրանց ճշգրտությունը: Գիտնականը մտնում է դատախազի դերի մեջ, երբ տրամադրված է լինում ոչ թե բացահայտելու, այլ պսակազերծելու եւ վարկաբեկելու….
Ուսումնասիրելով վերաիմաստավորման ընթացքը, ես հայտնաբերեցի, որ հաճախ այն տեղի է ունենում պարբերաշրջանի ներսում: Ամեն ինչ սկսվում է մտավոր համեստությունից՝ իմացությունից, թե որքան բան չգիտենք: Մենք բոլորս պետք է ի վիճակի լինենք կազմելու մի մեծ ցուցակ այն ասպարեզների, որոնցում մենք անգետ ենք: Սեփական թերությունների ճանաչումը կասկածների ճանապարհն է բացում: Երբ մենք կասկածի ենք ենթարկում մեր ընթացիկ ըմբռնումը, ապա մեր մեջ հետաքրքրություն է առաջանում, թե մեզ ի՞նչ տեղեկություն է պակասում: Որոնումը մեզ հանգեցում է նոր բացահայտումների, որոնք, իրենց հերթին, խորացնում են մեր համեստությունը՝ շեշտադրելով այն, թե որքան շատ բան դեռ պետք է սովորենք: Եթե գիտելիքը ուժ է, ապա գիտելիքն այն բանի մասին, ինչը չգիտենք, իմաստություն է….
Գիտական մտածելակերպը գերադասում է համեստությունը հպարտությանը, կասկածը՝ վստահությանը, հետաքրքրասիրությունը՝ անտարբերությանը: Երբ դուրս ենք գալիս այդ մտածելակերպի շրջանակից, ապա վերաիմաստավորման պարբերաշրջանն ընդհատվում է՝ տեղը զիջելով գերվստահության պարբերաշրջանին: Երբ մենք քարոզում ենք, չենք կարող տեսնել մեր գիտելիքների բացերը, քանի որ հավատում ենք, թե արդեն գտել ենք ճշմարտությունը: Հպարտությունն ավելի շատ համոզվածություն է ծնում, քան կասկած, ինչը մեզ դարձնում է մեղադրող հետաքննիչ. մենք ունակ ենք լազերի պես կենտրոնանալու այլոց մտքերը փոխելու վրա, այնինչ մեր մտքերն ասես քարին են փորագրված: Դա մեզ դրդում է կողմնակալության թե՛ պնդումների, թե՛ ցանկությունների մեջ:
Մենք վերածվում ենք քաղաքական գործչի, երբ անտեսում կամ վերացնում ենք այն ամենը, ինչը չի վայելում մեր ընտրողների՝ մեր ծնողների, մեր ղեկավարների, ավագ դպրոցի մեր դասընկերների բարեհաճ վերաբերմունքը, որոնց վրա ցանկանում ենք տպավորություն գործել: Մենք այնքան ենք տարվում ցուցադրականությամբ, որ ճշմարտությունը մղվում է հետնաբեմ, իսկ ձեռք բերված ճանաչումը կարող է մեզ դարձնել գոռոզամիտ: Մենք զոհն ենք դառնում «չաղլիկ կատվի համախտանիշի» (fat-cat syndrome)՝ հանգչում ենք մեր դափնիների վրա, փոխանակ վերանայելու մեր համոզմունքները առկա ճնշման տակ….
Մեր համոզմունքները կարող են մեզ փակել մեր իսկ ստեղծած բանտում: Լուծումը ոչ թե մեր մտածելակերպի դանդաղեցումն է, այլ վերաիմաստավորման արագացումը:
Հատված Ադամ Գրանտի
«Վերստին մտածել» գրքից:
Անգլերենից թարգմանությունը՝ Վ. Միրզոյանի