«Նա ամեն բանի մեջ արդարադատ եւ հավասարասեր կշեռք ունենալով՝ ամեն մեկի կյանքը կշռում էր իր մտքի լծակով. չէր նախանձում լավագույններին, չէր արհամարհում նվաստներին, այլ աշխատում էր ընդհանրապես ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը»:
Մովսես Խորենացի
Պատմահայր Մովսես Խորենացու՝ Տիգրան արքային նկարագրող այս խոսքերով Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի խորհրդի հերթական նիստում իր ելույթն սկսեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բ. գ. դ., պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը: Նա այդ խոսքերով բնութագրեց իր ուսանող, բ. գ. դ., պրոֆեսոր Աշոտ Գալստյանին, ով օրակարգում ընդգրկված միակ հարցի՝ բանասիրական ֆակուլտետի դեկանի ընտրությանն առաջադրված միակ թեկնածուն էր…
«Ընտրություն» բառը հայ հասարակության մեջ վերջին շրջանում մշտապես հակասական տրամադրություններ է առաջացնում՝ անհամաձայնություններ, դժգոհություններ, վեճեր, մինչեւ անգամ՝ բողոքի ակցիաներ: Բանասիրական ֆակուլտետի դեկանի ընտրությունն այս առումով կարելի է բացառիկ համարել: Վեցեւկես տարի (որից մեկուկեսը՝ պաշտոնակատարի, հինգը՝ դեկանի կարգավիճակում) ֆակուլտետը ղեկավարող վաստակաշատ մանկավարժի թեկնածությունն առաջադրել էին Արարատ Ղարիբյանի անվան հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի, հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի, Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնները: Նիստը վարող Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գեւորգյանը ներկայացրեց օրակարգը՝ խոսքը փոխանցելով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին, ով ներկայացրեց միակ թեկնածուի գիտական եւ մանկավարժական գործունեության նկարագիրը:
55-ամյա Աշոտ Գալստյանը հարուստ մանկավարժական, գիտական եւ աշխատանքային կենսագրություն ունի. մանկավարժական համալսարանի մայրենի լեզվի եւ գրականության ֆակուլտետի շրջանավարտը 1994-1997 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում՝ 2002 թ. պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն «Երկխոսությունը ժամանակակից հայերենում» խորագրով՝ Ժ. 02.01 «Հայոց լեզու» մասնագիտությամբ: 2021 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Արեւելահայ գեղարվեստական վավերագրության լեզուն (19-րդ դ. 60-ական-21-րդ դ. 10-ական թթ.)» խորագրով: 1991-1997 թթ. եղել է Արագածոտնի մարզի Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչը, 1997-2000 թթ.՝ նույն մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետը: 22 տարի է՝ աշխատում է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում. 2000-ից դասախոսել է մայրենիի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում, 2007-2016 թթ. ղեկավարել է այն: 2016-ից դասախոսում եւ ղեկավարում է բանասիրական ֆակուլտետը: 2003-ից աշխատում է նաեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում՝ որպես հայոց լեզվի դասախոս: Հեղինակ եւ համահեղինակ է տասը ուսումնամեթոդական ձեռնարկների եւ դպրոցական դասագրքերի: Միայն վերջին 5 տարիներին հեղինակել է 120 եւ ավելի գիտական հոդվածներ: «Հայագիտական հանդես» գիտական ամսագրի գլխավոր խմբագիրն է, «Գիտական տեղեկագիր» ամսագրի, «Ջահուկյանական ընթերցումներ», «Պատմություն եւ քաղաքականություն» հանդեսների խմբագրական խորհուրդների, Հայաստանի «Թեքեյան» մշակութային միության անդամ է, «Մանկավարժություն 020» մասնագիտական խորհրդի հրավիրյալ անդամ: Կրթության, գիտության, մանկավարժության ոլորտում ունեցած նշանակալից ավանդի, հայոց լեզվի պահպանման, տարածման ու զարգացման գործում ունեցած մեծ վաստակի, մանկավարժական կադրերի պատրաստման գործում ներդրման համար արժանացել է մի շարք մեդալների, պատվոգրերի եւ մրցանակների… Աշոտ Գալստյանին ճանաչող եւ նրա հետ գեթ երկու բառ փոխանակած յուրաքանչյուր ոք, սակայն, այս բովանդակալից կենսագրականում առանձնացնում է առաջին հերթին նրա «լավ մարդ» տեսակը, բարիությունն ու անսահման համեստությունը: Ապացույցը բանասիրական ֆակուլտետի խորհրդի անդամների, ներկաների բացառապես դրական ելույթներն էին:
Աշոտ Գալստյանը ներկայացրեց առաջիկա 5 տարիների ֆակուլտետի կառավարման ծրագիրը՝ կետ առ կետ նշելով հայոց լեզվի եւ գրականության մասնագետների պատրաստման հիմնական դարբնոցը համարվող կառույցի առջեւ դրված խնդիրների հաղթահարման իր տեսլականը: Պրոֆեսորը հանգամանալից պատասխանեց խորհրդի անդամներին հուզող հարցերին՝ գիտություն-կրթություն կապ, կադրային քաղաքականություն, սփյուռքահայ ուսանողներ, խրախուսման մեխանիզմներ…
Նիստի՝ ելույթներին տրված հատվածը հուզումնառատ էր. Աշոտ Գալստյանի ղեկավարման նախորդ տարիների արդյունավետության եւ բացառիկ անձնավորություն լինելու փաստն արձանագրեցին բանասիրական ֆակուլտետի մեծահամբավ պրոֆեսորները: Աելիտա Դոլուխանյանը, ինչպես նշեցինք, ընդգծեց Աշոտ Գալստյանի արդարադատ, հավասարակշիռ, համեստ բնավորությունը, աշխատասեր լինելը: Վազգեն Համբարձումյանը խոսեց արդի լեզվաբանության մեջ նրա մեծ ավանդի, ինչպես նաեւ Աշոտ Գալստյանի՝ բարեհաճ գիտնական լինելու մասին. «Նա ընդունված, հարգված մարդ է գիտության ասպարեզում»: Սուրեն Դանիելյանը գնահատեց դեկանի կառավարման տարիներին ֆակուլտետի ամբիոնների համախմբվածությունը, որը նպաստում է ուսումնական գործընթացի ճիշտ կազմակերպմանը: Կես դարից ավելի մանկավարժականում աշխատող Էդվարդ Մկրտչյանն էլ բարձրաձայնեց Աշոտ Գալստյանի նրբազգաց լինելու կարողության մասին. «Դժվար է աշխատել տարբեր աշխարհայացք ունեցող, միաժամանակ գիտության մեջ վառ անհատականություններ հանդիսացող այս մեծ կոլեկտիվի հետ՝ համադրելով այդ ամենը ուսանողների հանդեպ հայրական գորովանքի եւ նվիրվածության հետ»: Պրոֆեսորադասախոսական անձնակազմի տեսակետներին համակարծիք էին նաեւ ելույթ ունեցող ուսանողները, որոնց կրթությանը, ուսուցմանն ու դաստիարակությանն է առաջնահերթ միտված ֆակուլտետի, առավել եւս՝ այն ղեկավարող դեկանի գործունեությունը:
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի հերթական նիստը ամփոփվեց բարձր ծափողջույններով: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում դեկանի պաշտոնում միաձայն վերընտրվեց Աշոտ Գալստյանը:
Շնորհավորենք մեր ժամանակների վաստակաշատ մտավորականին այս դժվարին, փոփոխական ժամանակներում հայապահպանության եւ նոր սերնդի կրթության գործում կարեւորագույն տեղ զբաղեցնող պաշտոնում եւս մեկ անգամ ընտրվելու առթիվ, մաղթենք քաջառողջություն, գիտական նոր նվաճումներ, աշխատանքային բեղուն գործունեություն՝ ի նպաստ մեր երկրի, ժողովրդի, հայ մանկավարժության եւ բոլորիս ապագայի:
Հովհաննես ՍԱՐԳՍՅԱՆ
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ հին եւ միջնադարյան գրականության եւ
նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ