Տարիներ շարունակ մեր երկրում կարեւորվում էր քարանձավային տուրիզմի զարգացումը։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այդ խնդրին։ Եվ, վերջապես, այս տարվա ապրիլի 15-ին իր գործունեությունն սկսեց «Մագելան» էքսկուրսիոն քարանձավը՝ դրանով իսկ իրականություն դարձնելով հայ անձավագետների վաղեմի երազանքը։ Այս իրադարձությունը Հայաստանի տուրիստական քարտեզի վրա ավելացրեց եւս մեկ ինքնատիպ տեսարժան վայր։
Հայաստանի տարածքում գտնվող բազմաթիվ բարձրարժեք քարանձավները չեն շահագործվում զբոսաշրջության նպատակներով, մինչդեռ դրանց օգտագործումը թույլ կտա ոչ միայն երկարացնել տուրիստական սեզոնի տեւողությունը, բազմազանեցնել զբոսաշրջության արդյունքը, այլեւ լուծել դրանց պահպանության խնդիրը։ Իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ քարանձավները կարեւոր զբոսաշրջային օբյեկտներ են, եւ դրանց օգտագործումը զբոսաշրջության ոլորտում կարող է նպաստել ինչպես համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը եւ համաչափ տնտեսական զարգացմանը, այնպես էլ դրանց պահպանմանը։ Այս առումով Մագելանի քարանձավի օգտագործումը, որպես էքսկուրսիոն օբյեկտ, թույլ կտա միջոցառումներ ձեռնարկել նման պոտենցիալ ունեցող այլ անձավներ տուրիստական ոլորտում ներգրավելու համար։
Էքսկուրսիոն քարանձավները (show caves) լայն տարածում ունեն ողջ աշխարհում։ Ներկայումս մոտ 150 երկրներում ավելի քան 1400 էքսկուրսիոն քարանձավներ տարեկան ընդունում են շուրջ 120 մլն այցելուների։ Սովորաբար էքսկուրսիոն քարանձավների ստեղծման համար հիմք են ծառայում կարստային անձավները, որոնք բարեկարգվում եւ սարքավորվում են համապատասխան ենթակառուցվածքներով (լուսավորված արահետ, աստիճաններ եւ այլն)։ Դրանք նախատեսված են տարիքային բոլոր խմբերի այցելուների համար, հատուկ հանդերձանք չի պահանջվում, իսկ էքսկուրսիաներն իրականացվում են միայն գիդերի ուղեկցությամբ։
Մագելանի (Մագիլի) քարանձավը պետական խճուղի #2-Նորավանքի վանական համալիր տանող ճանապարհի ձախ կողմում է, Նորավանքից 7.5 կմ հյուսիս, Գնիշիկի կիրճի արեւելյան` ուղղաձիգ քարափի ստորին մասում: Մագելանի քարանձավի գտնվելու վայրը Էդվարդ Սարգսյանի կողմից ղեկավարվող ալպինիստների խմբին 1980 թ. ցույց է տվել Արենի գյուղի բնակիչ Առաքելյան Մագելանը (գյուղում նրան անվանել են նաեւ Մագիլ. այստեղից էլ առաջացել է քարանձավի մյուս` Մագիլի անունը): Մագելանի քարանձավն ընդգրկված է Վայոց ձորի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի մեջ:
Հետաքրքիր է Մագելանի քարանձավը՝ էքսկուրսիոն քարանձավի վերածելու պատմությունը։ Դեռեւս 1981 թ. հոկտեմբերի 6-ին Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդն ընդունեց «Հայկական ԽՍՀ Եղեգնաձորի շրջանի կարստային քարանձավների ուսումնասիրության եւ օգտագործման միջոցառումների մասին» #620 որոշումը, համաձայն որի՝ այդ տարիներին հայտնաբերված Արջերի, Մոզրովի եւ Մագելանի քարնձավները պետք է բարեկարգվեին եւ վերածվեին էքսկուրսիոն օբյեկտների։ Այդ նպատակով 1983-1988 թթ. կատարված հետազոտական հսկայածավալ աշխատանքներին (խոշորամասշտաբ տեղագրական հանույթ, երկրաբանական ուսումնասիրություններ, օդերեւութաբանական դիտարկումներ եւ այլն) մասնակցեցին ինչպես մեր, այնպես էլ Ուկրաինայից եւ Վրաստանից հրավիրված մասնագետները։ Հատկապես անուրանալի էին ԵՊՀ գեոմորֆոլոգիայի եւ քարտեզագրության ամբիոնի վարիչ պրոֆ. Սողոման Բալյանի (1917-2002), Հայկական աշխարհագրական ընկերության գիտական քարտուղար Ռաֆայել Վանյանի (1932-1989), Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանման եւ օգտագործման գլխավոր վարչության նախագծային գրասենյակի քարանձավագիտական ջոկատի ղեկավար Սամվել Խաչատրյանի (1951-2009) ներդրած ջանքերը։ Չնայած ուսումնասիրություններն իրականացվում էին երեք քարանձավներում էլ միաժամանակ, որոշվեց, որ առաջնահերթ պետք է էքսկուրսիոն քարանձավի վերածվի Մագելանի քարանձավը։ Սակայն ֆինանսական միջոցների սղությունը եւ հետագայում ԽՍՀՄ փլուզումը անավարտ թողեցին Մագելանի քարանձավի բարեկարգման աշխատանքները։
Անկախություն ձեռք բերած ՀՀ-ում նոր հնարավորություններ ստեղծվեցին սկսած գործն ավարտին հասցնելու համար։ Սակայն երկար ժամանակ (2002-2015 թթ.) նախաձեռնողին՝ «Ինկար» ՍՊԸ-ին պետական մարմինները հնարավորություն չէին տալիս իրականացնելու այդ ծրագիրը. անհեթեթ մեկնաբանություններով մերժվում էր քարանձավի բարեկարգման եւ տուրիստական օգտագործման ցանկացած նախագիծ։ Եվ միայն Անձավագիտական կենտրոն Հ/Կ (նախագահ՝ Սամվել Շահինյան) համառ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կոտրել պետական մարմինների կողմից ստեղծված պատնեշը, եւ ՀՀ կառավարությունը 2015 թ. դեկտեմբերի 10-ի նիստում ընդունեց «Զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» #54-30 որոշումը։ Խոսքը ՀՀ մի շարք քարանձավների տուրիստական օգտագորման մասին էր, որոնցով առաջինը նախատեսվում էր Մագելանի քարանձավի բարեկարգումը։ Սակայն բյուրոկրատիան քնած չէր. Մագելանի քարանձավի մրցութային փաթեթում այնպիսի պայմաններ էին ընդգրկվել, որ ոչ մի կազմակերպություն չդիմեց այն վարձակալելու համար։ Երկար բանակցություններից հետո Անձավագիտական կենտրոն Հ/Կ-ն առաջարկեց իր մոտեցումները մրցութային փաթեթում ներառման ենթակա չափորոշիչների վերաբերյալ։ Որոշակի քննարկումների արդյունքում սահմանվեցին կոնկրետ չափորոշիչներ, եւ 2017 թ. կայացավ քարանձավների վարձակալության մրցույթը։ Մագելանի քարանձավը վարձակալության հանձնվեց «Ինկար» ՍՊԸ-ին։ 2018-2019 թթ. ընթացքում ՍՊԸ-ի պատվերով կազմվեց նախագիծ, որն անցավ դրական փորձաքննություն, եւ որոշվեց սկսել բարեկարգման աշխատանքներ։ 2020-2021 թթ. կորոնավիրուսի համավարակը եւ ապա արցախյան 44-օրյա պատերազմը թույլ չտվեցին իրականացնել նախատեսված աշխատանքները։ Եվ միայն 2022 թ. սկսվեցին քարանձավի բարեկարգման եւ ինժեներային սարքավորման աշխատանքները, որոնք ավարտվեցին մեկ տարի անց։ Դրանց արդյունքում 2023 թ. ապրիլի 15-ից Մագելանի քարանձավը հասանելի դարձավ խորհրդավոր եւ անկրկնելի գեղեցկություն ունեցող ստորգետնյա աշխարհով հետաքրքրվող բոլոր այցելուների համար։
Մագելանի քարանձավը ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավն է, որը բարեկարգվել, սարքավորվել, կահավորվել է եւ ներկայումս օգտագործվում է Անձավագետների միջազգային միության (International Union of Speleology) եւ Էքսկուրսիոն քարանձավների միջազգային միության (International show caves association) կողմից ընդունված փաստաթղթերի պահանջներին համապատասխան։ Քարանձավը բարեկարգելու ժամանակ օգտագործվել են այն նյութերը, որոնք համատեղելի են քարանձավի միջավայրի հետ։ Արահետը կառուցվել է բետոնից, աստիճանները՝ քարից եւ պողպատից, փայտ ընդհանրապես չի օգտագործվել։ Լուսավորության համակարգը բաղկացած է լուսադիոդային լամպերից։ Դրանք ջերմություն չեն արտադրում. եւ, հետեւաբար, քարանձավին ջերմային աղտոտում չի սպառնում։ Բացի այդ, լուսադիոդային լամպերի հարեւանությամբ չի ձեւավորվում այսպես կոչված «քարանձավային ֆլորա», որը յուրահատուկ է այն քարանձավներին, որտեղ լուսավորության նպատակով օգտագործվում են սովորական լամպեր։
Քարանձավն արդեն ընդունել է իր առաջին այցելուներին։ Աշխատակիցները սահմանամերձ Արենի համայնքից են։ Էքսկուրսիաները ճանաչողական բնույթ ունեն։ Էքսկուրսավարներ Վիկտորյան (ով քարանձավը հայտնաբերող Մագելան Առաքելյանի եղբոր թոռնուհին է), եւ Լաուրան այցելուներին հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով ներկայացնում են քարանձավի հայտնաբերման եւ ուսումնասիրության, նրա առաջացման եւ ձեւավորման պատմությունը, երկրաբանական առանձնահատկությունները, կենդանական աշխարհը եւ տարածված լեգենդները: Իսկ 44-օրյա պատերազմի մասնակից, հսկիչ-հրահանգիչ Արթուրը հետեւում է տուրիստների կողմից անվտանգության կանոնների պահպանությանը։ Հաջորդ տարի աշխատակիցների թիվը կավելանա, երբ շահագործման հանձնվեն սպելեոէնոտեկան (Գինու համտեսի սրահը) եւ «Սիրո եւ հավատարմության կամուրջը»։
Քարանձավի ողջ տարածքով սփռված արտեֆակտները վկայում են նաեւ դրա հնագիտական մեծ պոտենցիալի մասին։ Իսկ տարիներ առաջ հայտնաբերված աղեղի մի կտորը ներկայումս պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում։ Այս առումով կարեւորվում է պեղումների իրականացումը, որը թույլ կտա ճշգրտորեն բացահայտելու քարանձավի՝ մարդկանց կողմից բնակեցնելու եւ օգտագործելու ամբողջական պատմությունը։ Բացի այդ, քարանձավի տարբեր մասերում պահպանված են հնագույն ժամանակներում (տասնյակ եւ հարյուր միլիոնավոր տարիներ առաջ) ապրած սպունգների եւ ամոնիտների բրածոներ։ Ցուցադրման համար բավարար հնագիտական, հնէաբանական եւ այլ նյութերի առկայության դեպքում նախատեսվում է նաեւ Մագելանի քարանձավի թանգարանի ստեղծում։
Քարանձավը նաեւ կրթական ռեսուրս կարող է դառնալ տարբեր մասնագիտություններով հետաքրքրվող աշակերտների համար. այս ստորգետնյա «լաբորատորիայում» նրանք երկրաչափությանը, քիմիային, ֆիզիկային, աշխարհագրությանը, երկրաբանությանը, կենդանաբանությանը, պատմությանը, հնագիտությանը, հնէաբանությանը վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխաններ կարող են գտնել։
Հաշվի առնելով արկածային եւ էքստրեմալ տուրիզմի երկրպագուների մեծ թվաքանակը՝ կազմակերպությունը մշակել է երթուղի, որն անցնում է քարանձավի դժվարանցանելի հատվածներով։ Դրանցում առկա են նեղ եւ ցածր անցումներ, որոնք հաղթահարելու համար պահանջվում է ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածության բարձր մակարդակ։ Հաճախ անտեսելով անհայտի նկատմամբ ունեցած վախը՝ մարդն ինքնավստահություն է ձեռք բերում, երբ հաղթահարում է այնպիսի խոչընդոտներ, որ առօրյա պայմաններում թվում են անիրականանալի։ Իսկ «մաշկահան» հատվածներով (որտեղ անցումների լայնությունը եւ առաստաղի բարձրությունը չեն գերազանցում 0.4 մ-ը) տեղաշարժերը դաստիարակում են սառնասրտություն, տոկունություն, տեղում արագ ու ճիշտ կողմնորոշվելու ունակություն եւ բնավորության այնպիսի գծեր, որոնք բարձրացնում են սեփական ինքնագնահատականը։ Այդ իսկ պատճառով անձավային տուրիզմը լավագույն միջոցներից մեկն է սեփական ուժերի նկատմամբ հավատը բարձրացնելու համար։ Այս երթուղին նախատեսվում է իրականացնել հուլիսից՝ անձավային տուրիզմի ոլորտում մասնագիտացված գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ։
Մագելանի քարանձավն ունի հրաշալի «տուրիստական տեղադիրք», քանի որ միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոց հուշարձան` Նորավանք տանող ճանապարհի վրա է: Քարանձավի մուտքի հարեւանությամբ գտնվող ավտոկայանատեղիում կարող է միաժամանակ հանգրվանել 15 տրանսպորտային միջոց (նաեւ` տուրիստական մեծ ավտոբուսներ)։ Նախնական հաշվումներով` սկզբնական ժամանակաշրջանում տարեկան քարանձավ կարող են այցելել մոտ 8-10 հազար այցելուներ, իսկ հետագայում` համապատասխան գովազդային աշխատանք տանելու դեպքում այն կարող է հասնել մինչեւ 20000-ի:
Մագելանի քարանձավը դարձել է Հայաստանում զբոսաշրջության նոր տեսակի` էքսկուրսիոն անձավային տուրիզմի առաջնեկը, եւ չնայած այն հանգամանքին, որ գործում է ընդամենը մեկուկես ամիս, արդեն մեծ պահանջարկ է վայելում տուրիստների շրջանում։ Այցելուները, չթաքցնելով իրենց հիացմունքը տեսածից եւ լսածից, հաճելիորեն զարմացած են մեր երկրում նման հրաշալիքի առկայության փաստից։
Սմբատ ԴԱՎԹՅԱՆ
«Անձավագիտական կենտրոն» ՀԿ անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու