Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Մենք ժողովրդի ճաշակը պիտի բարձրացնենք, ոչ թե իջեցնենք…»

Արվեստագետի նաեւ… գեղեցկության ծարավը

Մարտի 30, 2022
Մշակույթ
«Մենք ժողովրդի ճաշակը պիտի բարձրացնենք, ոչ թե իջեցնենք…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
228
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Նրա քայլվածքն առանձնահատուկ էր՝ թափով, շտապ: Թվում էր՝ գնում է մեկին օգնելու, մի կարեւոր գործի հասնելու, եւ միշտ լայն շարժումներով, առյուծի բաշը թափ տալով: Բայցեւայնպես առաջին տպավորությունը, որ ստանում էինք Ռոմանոսից՝ այն էր, որ մարդն արտիստ է, բառիս ամենալավ եւ ամենալայն մտքով: Այո, նա արտիստ էր ոչ միայն իր արվեստի մեջ, այլեւ ընկերական կյանքում, կենցաղում, իր տակտով, վերաբերմունքով: Մյուս տպավորությունը, որ ստանում էինք Ռոմանոսից, այն էր, որ նա իր գործի, իր արվեստի էնտուզիաստն է, եւ ամեն բանում, ոչ միայն իր արվեստում, այլեւ շրջապատում փնտրում էր ներդաշնակություն՝ հարմոնիա…»:

Ստեփան ԶՈՐՅԱՆ

Յուրաքանչյուր արվեստագետ գալիս եւ իր ազնիվ սերմն է ցանում ի վերուստ իրեն վերապահված անդաստանում: Հետո այդ սերմը ծիլեր է տալիս, պտղակալում: Իսկ հետո գալիս է հունձքի ժամանակը, որ շռայլորեն բաշխվի հարազատ ժողովրդին: Երանելի են նման սերմնացանները, որոնց թվում է հայ դասական ռոմանսի հիմնադիրներից մեկը՝ երգահան, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ Ռոմանոս Մելիքյանը:

Ծնվել է Դաղստանի Ղզլար քաղաքում, այգեգործի ընտանիքում, նախնական կրթություն ստացել տեղի ծխական դպրոցում, միջնակարգը՝ Նոր Նախիջեւանում, որտեղ նրա երաժշտության առաջին ուսուցիչը Գեւորգ Չորեքչյանն էր՝ հետագայում Գեւորգ Զ Ամենայն հայոց կաթողիկոսը: 17-ամյա պատանի էր, երբ նրան է վստահվում Նոր Նախիջեւանի Սուրբ Գեւորգ եկեղեցու երգչախմբի ղեկավարի պաշտոնը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Ռոստովի երաժշտական ուսումնարան, ուսմանը զուգահեռ ժողովրդական երգեր ու շարականներ մշակում երգչախմբի համար:

1905 թ. մեկնում է Մոսկվա, մեկ տարի մասնավոր դասեր ստանալուց հետո ընդունվում ժողովրդական կոնսերվատորիա, միաժամանակ ղեկավարում Լազարյան ճեմարանի երգչախումբը, որի համար մշակում է մի շարք ժողովրդական երգեր՝ «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն», այլ երգեր: Սակայն վատառողջությունը մի կողմից, նյութական ծանր վիճակը՝ մյուս, եռանդով լցված ուսանող-արվեստագետին ստիպում են անավարտ թողնել ուսումը եւ վերադառնալ Նոր Նախիջեւան, ապա՝ Թիֆլիս, որպես երաժշտության ուսուցիչ աշխատել Հովնանյան դպրոցում: Կարճ ժամանակ անց իր շուրջն է հավաքում երիտասարդ երաժիշտների՝ կյանքի կոչելով «Երաժշտական լիգա» ընկերությունը: 1912-ին Ազատ Մանուկյանը նրա աջակցությամբ հրատարակում է «Փնջիկ» մանկական երգերի ժողովածուն, «Երաժշտական այբբենարանի» առաջին մասը: Ուսանողության համար գրում է «Աշուն» եւ «Վարդը» երգ-ռոմանսները, «Ուռենի» զուգերգը, սիրված այլ գործեր:

Այդուհանդերձ, անավարտ ուսումնառությունը հանգիստ չի տալիս. սովորում է նաեւ Պետերբուրգի կոնսերվատորիայում, ստեղծում նոր ռոմանսներ, որոնց թվում՝ «Աշնան տողեր» շարքը, «Բալլադը», «Մուրիկի վիշտը» երգը, մշակում հայկական ժողովրդական բազմաթիվ երգեր:

1920 թվական. վրաց մայրաքաղաքում կայանում է սիրված երգահանի անդրանիկ համերգը, որն իրադարձություն էր երաժշտասեր հասարակության, մանավանդ հայության կյանքում: Մեկ տարի անց Հայաստանի կառավարությունն արդեն մեծ ճանաչում ձեռք բերած արվեստագետին հրավիրում է հայրենիք՝ մայրաքաղաքում երաժշտական ստուդիա հիմնելու նպատակով: Այդ օրերի մասին է Ստեփան Զորյանի հուշապատումի այս պատառիկը. «1922 թվականին հիմնվեց երաժշտական ստուդիան, որը հետո դարձավ կոնսերվատորիա: Ռոմանոսը, լինելով նրա դիրեկտորը, ահագին ջանք ու եռանդ գործադրեց այդ ստուդիան կազմակերպելու եւ բարեկարգ վիճակում դնելու համար: Նա այդ գործով խանդավառ էր այն աստիճան, որ բեռնակիր մշակների հետ անձամբ ոչ միայն իրեր, այլեւ դաշնամուր, սեղաններ ու աթոռներ էր տեղափոխում իր դպրոցը… Եվ կարճ ժամանակում իր ստուդիան դարձրեց ամենաօրինակելի հաստատությունը Երեւանում՝ իր կահավորումով, մաքրությամբ, կարգապահությամբ: Մյուս կողմից՝ նա շարունակ ինտելիգենցիայի շրջանում պրոպագանդա էր անում իր ստուդիայի կարեւորությունն ու անհրաժեշտությունը, հաճախ ստուդիայի շենքում կազմակերպում էր երաժշտական երեկոներ՝ հրավիրելով պատասխանատու աշխատողների եւ ինտելիգենցիային՝ իր աշակերտների առաջադիմությունը տեսնելու… Սակայն կային մարդիկ, որ Ռոմանոսի այդ եռանդուն, խանդավառ գործունեությունը համարում էին սնափառություն.

-Դե, ուզում է ուշադրություն գրավել, աչքի ընկնել, կարիերա անել,- ասում էին նրանք…»:

Խորշելի վերաբերմունք, որը բնորոշ է թույլ ու նախանձասիրտ մարդկանց, որը, սակայն, չէր խանգարելու նրա սկզբունքներին. «Մենք իրավունք չունենք ժողովրդին անորակ գործեր տալու: Մենք ժողովրդի ճաշակը պիտի բարձրացնենք եւ ոչ թե իջեցնենք: Վայ նրան, ով թույլ դիմադրության գծով է գնում: Այդպիսիների դատաստանը ժողովուրդը մի օր կտեսնի…»:

Ռոմանոս Մելիքյանի ստեղծած ստուդիան նաեւ նրա անմնացորդ ջանքերի շնորհիվ 1923 թ. դառնում է կոնսերվատորիա: Մեկ տարի անց մեկնում է Ստեփանակերտ եւ այնտեղ հիմնում երաժշտական ուսումնարան, ապա՝ Թիֆլիս, որտեղ երկու տարի գլխավորում է «Հայաստան» երաժշտական սեկցիայի եւ երաժշտական ստուդիայի աշխատանքները, որից հետո՝ կրկին Երեւան, որտեղ եւ բարեկամական սերտ կապեր են հաստատվում իր եւ Ալեքսանդր Սպենդիարյանի միջեւ: Մասնակցում է մեծանուն կոմպոզիտորի «Ալմաստ» օպերայի բեմադրության աշխատանքներին, օպերային թատրոնի հիմնադրմանը:

1928 թ. հղկում եւ հրատարակության է հանձնում «Զմրուխտի» երգաշարը, ավարտում «Զառ-վառ» երգաշարը, լույս ընծայում երկու ժողովածու՝ «Մանկական երգեր» եւ «Պիոներական երգեր»:

Հետաքրքիր մի իրողությամբ ամփոփենք մեր խոսքը վաստակաշատ արվեստագետի մասին, նրա, որ ապրեց ընդամենը 52 տարի՝ սերունդներին թողնելով անկորնչելի ժառանգություն: Նրա, որ ուներ նաեւ այլ նախասիրություններ…

Ռոմանոս Մելիքյանը եղել է որսորդության սիրահար, աշնան եւ ամռան ամիսներին շաբաթը մի քանի անգամ շտապել է որսի: Նեմրութ անունով շան հետ գնացել է Գառնի կամ իջել Արարատյան դաշտ՝ թռչուններ կամ մանր գազաններ որսալու: Մի անգամ, երբ թռչուն է խփել, ընկերներից մեկը թե՝ ինչո՞ւ ես խփել այդքան գեղեցիկ թեւավորին, երգահանը պատասխանել է.

-Պատկերացրու, հենց գեղեցկության համար խփեցի, որ բերեմ, խրտվիլակ սարքեմ ու միշտ պահեմ աչքիս առաջ… Երբ թռչուն եմ տեսնում, հրացանս դողում է…

Այդուհանդեձ, թեեւ որսորդությունը նրա համար դաժանություն էր, բայց, ինչ արած, հասկանալի է նաեւ գեղեցկությունը մշտապես աչքի առաջ ունենալու ծարավը:

Թեգեր: երաժշտությունմշակույթՌոմանոս ՄելիքյանՍտեփան Զորյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Նուրբ հզորության ելեւէջները

Նուրբ հզորության ելեւէջները

Մարտի 28, 2023
Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Մարտի 24, 2023

Հպարտ ենք ձեզնով

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

Հաջորդ Հոդվածը
«Մենք ժողովրդի ճաշակը պիտի բարձրացնենք, ոչ թե իջեցնենք…»

Իսկ երգել կարելի էր եւ ռազմաճակատում…

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist