Զարմանալի չէ, որ թուրքերը մի հայ հոշոտելու համար պատրաստ են ամեն ինչի, անգամ ամենաաբսուրդ թվացող քայլի. զարմանալին թուրքերին սիրաշահելու այլոց քաղաքականությունն է, ընդհուպ` յուրայինների…
Փանոս Թերլեմեզյանի բանտային ոդիսականն սկսվեց Թուրքիայում, երբ 1889 թվականին միացավ թուրքական կառավարության դեմ պայքարող երիտասարդներին. հետապնդումները 1890-ին ավարտվեցին ձերբակալությամբ, սակայն նրան դատապարտելու ապացույցներ չկային, եւ վեց ամիս հետո Թերլեմեզյանն ազատ արձակվեց: Այնուամենայնիվ, խնդիրը դրանով չավարտվեց. շատ չանցած` 1891 թվականին, Թերլեմեզյանին դատապարտում են մահվան, բայց երկու տարի անց նրան հաջողվում է փախչել բանտից: Գալիս է Իրան, այնուհետեւ մեկնում Թիֆլիս… Ապրելու համար անհրաժեշտ էր աշխատել. պատրաստ էր կատարել ամենատարբեր աշխատանքներ` փայտահատի, գրաշարի, ցրիչի… Նկարչությունը, սակայն, չէր լքում միտքը. դեռ տարրական դպրոցից էր դարձել կենսական։ 1895 թվականին մեկնում է Սանկտ Պետերբուրգ, ընդունվում գեղարվեստի դպրոց, այնուհետեւ սովորում ակադեմիկոս Լեւ Դմիտրի-Կավկազսկու արվեստանոցում։ Արվեստասեր ուսանողին թոշակ է նշանակում Խրիմյան Հայրիկը։ Ուսանողական բուռն կյանքով հրապուրված երիտասարդն ընկերների հետ 1897 թվականին մեկնում է Էստոնիա` ստեղծագործելու։ Թվում է` սուլթանական Թուրքիան, որպես մռայլ տեսիլք, մնացել էր հիշողության խոր հատակում, սակայն թուրքական դիվահար կառավարությունը չէր մոռացել նրան. աշխարհի որ ծագում էլ լիներ ու ինչով էլ զբաղվեր, կարեւոր չէր, պիտի հայտնաբերվեր ու պատժվեր. թուրքերից պրծում չկար… Հենց Էստոնիայում էլ Թերլեմեզյանին ձերբակալում են թուրքերի պահանջով, այնուհետեւ հերթով տեղափոխում Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Ռոստովի, Թիֆլիսի, Դիլիջանի ու Երեւանի բանտեր։ Ակամա մտածելու տեղիք է տալիս` մի՞թե հնարավոր է թուրքից էլ թուրք լինել ու վարվել մի ուսանողի հետ այնպես, որպես թուրքն է պահանջում, երբ նա ոչ մարդ է սպանել թուրքի պես, ոչ որեւէ մեկի ճակատագիրն է խեղել, ոչ էլ զբաղվում է արգելված գործով։
Բանտային այս շրջագայության մեջ, թերեւս, ամենաարտառոցը Դիլիջանն ու Երեւանն են. որքան էլ` ռուսահպատակ, հարցեր կան, որ չպետք է թույլատրել ոչ թշնամուն, ոչ էլ բարեկամին, իսկ գուցե Ռուսական կայսրությունը Թերլեմեզյանին հանձնել էր հայերին` նրա անվտանգությունն ապահովելու համա՞ր. ամեն դեպքում՝ անհրաժեշտ էր լրջորեն ընդդիմանալ թուրքերի պահանջով երիտասարդի ձերբակալմանը։ Համենայնդեպս, ինչ-որ ելք գտնվում է, եւ 1898 թվականին Թերլեմեզյանին գաղտնի աքսորում են Իրան. ապագա նկարիչը կրկին բռնում է փախուստի ճամփան` սկզբում Բաթում, այնուհետեւ Փարիզ` արվեստների քաղաք։ Վերջապես գտնվում է մի տեղ, որտեղ կարելի էր զբաղվել սիրած գործով։ Նախ՝ պետք էր կատարելագործել կրթությունը. ընդունվեց Փարիզի Ժյուլիան ակադեմիա: Բենժամեն Կոնստան, Ժան-Պոլ Լորանսը եղան ուսուցիչները։ Փանոս Թերլեմեզյանն այստեղ մասնակցում է տարբեր ցուցահանդեսների. «Մերկ տղամարդու ֆիգուր» գծանկարի համար արժանանում ուսանողական առաջին մրցանակի։ Ուսանողական տարիներին Խրիմյան Հայրիկի հետ կապը, սակայն, չի ընդհատվում. 1901 թվականին Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով ժամանում է Էջմիածին, զբաղվում բնանկարչությամբ, ապա վերադառնում Փարիզ, իսկ 1904 թվականին, ավարտելով ակադեմիան, կրկին գալիս է Հայաստան։ Օտարությունն ու բազմաթիվ ճամփորդությունները զանազան երկրներում Փանոս Թերլեմեզյանին մոռացնել չտվեցին ոչ հայ լինելը, ոչ էլ հայության ճակատագրական խնդիրները։ 1915 թվականին նա մասնակցում է ծննդավայրի` Վանի ինքնապաշտպանությանը, այնուհետեւ գաղթականների հետ գալիս Էջմիածին, հետո գնում Թիֆլիս։ Փանոս Թերլեմեզյանը ուր էլ գնաց, ինչ էլ սովորեց, մնաց իր ժողովրդի կյանքն ու պատմությունն արտացոլող զավակը, իսկ ժամանակը, որ ապրեց նա, գույների խոստումներ չէր տալիս մտահոգ նկարչին, եւ նա ընտրեց առավել տոնայնությունը, քան գույնը, քանզի տոնայնությունն էր հարազատ թե ժողովրդին բաժին ընկած ճակատագրի դրամատիզմն ու ողբերգականությունը արտահայտելուն, թե նրա հետ համահունչ բնության զարկերին, սակայն Թերլեմեզյանի միատոն նկարներում կյանքը մեռյալ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից հայկական նկարչության վառ գույներին սովոր աչքին. համատարած միատոնության մեջ մի փոքրիկ գույն, մի կանաչ տերեւ, կապույտի կամ վարդագույնի սպրդում վկայում են ապրումի, հույսի, պայքարի, վերածննդի, կյանքի մասին, ինչպես ամբողջովին աղյուսագույն բնակավայրում, թեկուզ սեւեր հագած, բայց ճերմակ գլխաշորով` կյանքի կենսականությունը խորհրդանշող աղբյուրի մոտ նստած ու աշխատանքից հանգստացող կինը («Աշխատավորուհին աղբյուրի մոտ», Բրետան, 1900)։ Առաջին պահին թվում է` ոչ ոք չկա, ոչ մի շունչ, սեւեր հագած կնոջից բացի, որ ասես պատահաբար է հայտնվել մեռյալ բնակավայրում, սակայն անամպ երկինքն ու աղյուսագույնի վրա ընկած արեւի լույսը հուշում են շոգ կեսօրի մասին, որից էլ, հնարավոր է, իրենց տներում թաքնվել են բնակիչները, ու նաեւ աղբյուրի մոտ` աշխատանքային սայլակով ու ճերմակ գլխաշորով սեւազգեստ կինն է հուշում կենդանության մասին։ Գուցե եւ այլ խորհուրդ կա նկարում, որ հուշում է կնոջ զգեստի գույնը. հնարավոր է, որ նա միակն է գերդաստանից կամ բնակավայրից, որ ողջ է մնացել, սակայն կամքի ուժով ապավինել է կյանքին, որ վկայում է ճերմակ գլխաշորը, ինչը սգից հրաժարվելու նշան է. չէ՞ որ երկինքը դեռ կապույտ է, իսկ արեւը` հավերժական. ոչ ոք իրավունք չունի կասկածել կյանքի հավիտենությանը, եւ ոչ ոք իրավունք չունի խլելու որեւէ մեկի կյանքը, անգամ` ինքդ քո, անգամ ամենավշտալի ու անդառնալի կորուստներից հետո, քանզի մարդու պարտականությունը կյանքին եւ ոչ թե մահվանը հնազանդվելն է, իսկ կյանքին հնազանդվելու առաջին նշանը աշխատանքն է, որն էլ տեսնում ենք նկարում…
Նույնպիսի հետաքրքրությամբ է դիտվում «Լոռեցի հովիվ» (1905) կտավը. նկարը չափազանց ռեալիստական է, բայց ոչ երբեք լուսանկարչական. զգացվում է անգամ վերնազգեստի բացվածքից երեւացող վերնաշապիկի թրթիռը, որը պատանու սրտի զարկերի արձագանքն է հաղորդում դիտողին. գոտուց բռնած ջլուտ ձեռքի ամրությունն ու ուժը վկայում են վճռականության մասին. տղայի հայացքը թվում է հեզ ու խոնարհ, բայց գոտուց, ասես, անփութորեն կախված սուրը ինքնավստահության նշան է. խաղաղ գործով զբաղված հովիվը միշտ պատրաստ է ամենաանակնկալ պահին իսկույն սուրը դուրս հանել պատյանից. պաստելային աղյուսագույն ծածկոցը, որի վրա հենված է պատանու թեւը, խոնարհված ցլի գլուխ է հիշեցնում, ինչը հուշում է անհավասար մարտահրավերն ընդունելու պատրաստակամության մասին. պատանին պատրաստ է միայնակ կռվել ցանկացած արհավիրքի դեմ… Առաջին հայացքից խոնարհ, պարզ ու միամիտ թվացող պատանին նաեւ նվիրական գաղտնիքը կիսելու մտադրություն չունի, որի նշանը մի թեւը թիկունքի ետեւը խնամքով թաքցնելն է։ Կտավը ոչ միայն պատանու, այլեւ ազգային բնավորության բազմաթիվ գծեր է բացում, ինչպես պատանու հագուկապը, նստելու կերպը, ինտերիերը, հայացքը, խառնվածքը, ճակատագիրը…
Շատ բան է ասում նաեւ «Սանահինի վանքի գավիթը» (1904) կտավը, որտեղ միատոնությունը տրոհվում է աչք ծակող` ոտքից գլուխ ճերմակով պարուրված, առաջին պլանի աղավնակերպ, ատամների պես իրար կողքի շարված երեք կերպարների ներկայությունից, որ ամենեւին էլ խաղաղություն չեն հուշում, թեեւ մի պահ կարող է այդպես թվալ… Եթե ուշադիր լինենք, կհասկանանք, որ նրանք կապ չունեն եկեղեցու հետ, քանզի հայկական եկեղեցում արտառոց է ճերմակ պարեգոտով հայտնվելը. նրանց մասին տեղյակ չեն եկեղեցում աղոթքով զբաղվածները. նրանք հայտնվել են գաղտնորեն եւ դիտորդի դերում են, պատրաստ են բռնվելիս ամեն վայրկյան հեռանալ ու նաեւ նկարը դիտողին են կանգնած թիկունքով, եւ դժվար է ասել` կի՞ն են, թե՞ տղամարդ եւ ի՞նչ չարագուշակ միտք են թաքցնում. ճերմակ պարեգոտի տակից երեւում են սեւ հագուստի փեշերը… Եկեղեցու գավիթի կիսաբաց դռնից, որպես արեւ, երեւում է ջահի լույսը. այնտեղ հավատով աղոթում են, եկեղեցու պատերին ձուլված հազիվ նշմարվող կերպարը համբուրում է դուռը, իսկ մեկն էլ դռան առջեւ ծնկաչոք է. այս ամենին հակադրված են աղոթողներին անհարիր, դավադրորեն հայկական եկեղեցում հայտնված, աչք ծակող` թե աղոթողներին, թե դիտողին անհայտ կերպարները, որոնք ծպտված թշնամու՝ թուրքերի են հիշեցնում… Փաստորեն, 1904 թվականին արված կտավով նկարիչը զգուշացնում է Հայ եկեղեցուն ու հայ մարդուն սպառնացող մեծ ու թաքուն վտանգի մասին։ Միամիտ թվացող կտավների մեջ, իր տոնայնությանը հարազատ, նկարիչը փորձել է ինֆորմացիա հաղորդել թե եղածի, թե լինելիքի մասին, եւ զուր չէ, որ նա մտերիմ էր Խրիմյան Հայրիկի հետ եւ նրանից ոչ միայն թոշակ, այլեւ հանձնարարություններ էր ստանում, եւ մի՞թե 1901 թվականին Փարիզից կարճ ժամանակով Էջմիածին ժամանած ու բնանկարներ արած նկարիչը կրկին Փարիզ է վերադառնում առանց ասելիքի…
Փանոս Թերլեմեզյանին երբեւէ բանտարկած Երեւանը այնուհետեւ հպարտանալու էր նրանով եւ գեղարվեստի ուսումնարանը կոչեր ի պատիվ նրա։ Վանում ծնված հայ նկարիչն իր կյանքն ավարտել է Երեւանում` 1941 թվականի ապրիլի 30-ին։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը հուղարկավորվել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։