Վանա Ծիծանց գյուղի շինական Մամիկոնի ձայնով «Սասունցի Դավթից» մինչեւ մեր ժողովրդի ժառանգած 200 (գուցեեւ՝ ավելի) երգերի կատարում ու բազում աշխատություններ՝ Հայրիկ Մուրադյանի կյանքի ամբողջական նվիրվածության հրաշալի պատմությունն են իր ազգին։ Եվ հենց ա՛յդ ու շատ այլ պատճառներով նա նույնպիսի գուրգուրանքով է վերաբերվել յուրաքանչյուր հնչյունի եւ ձայնի, ինչպես, ասենք, որեւէ հնագետ իր կողմից պեղված ամեն կոճակի կամ կուժի համար է դողում։
Նա մասնագիտությամբ, իրոք, պատմաբան էր, հետեւաբար՝ նաեւ հնագետ։ Կոչված էր իբրեւ ազգագրագետ, ինչը նշանակում է՝ երգիչ, երգահան, մանկավարժ, մշակութային գործիչ։ Կանգնած էր իր ամբողջ հասակով մեկ որպես այնպիսի ներկայություն, որի հետ ոչ թե խոսելու, այլ որին լսելու համար ես մոտենում։ Քայլող ու բոլորի մասին վկայող Հայկական լեռնաշխարհն է։ Չգիտեմ, ինչո՞ւ էր այդպես, բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, թե հենց սկզբից Ձենով Օհանն էր լուր տվել շրջակայքին Հայրիկի հայտնության մասին։ Զարմանալին հետո էր, երբ կարդացի, որ 1905 թ. մայիսի 3-ի անձրեւային օրը, որին արագ եկավ փոխարինելու կարկուտը, Հայրիկի մայրը լույս աշխարհ բերեց նրան Առնոս լեռան (որտեղ կինը գնացել էր կանաչի հավաքելու) քարանձավներից մեկում։ Ծանոթանալով հետագայում այս դրվագին, տղան հետեւյալ տողերն էր նվիրելու մորը.
Խավարծիլ գափը ինձ եղավ ներքնակ,
Հայրենի լեռը՝ ինձ գթության քույր,
Ինձ որոնեցին որոտն ու կայծակ
Եվ ես զգացի հողմերի համբույր…
Ասացինք արդեն, որ պատմաբան էր, երգիչ, երգահան, ազգագրագետ, ուսուցիչ։ Նշենք, որ բանաստեղծ էր նաեւ։ Թե ինչ իմացավ այնուհետեւ՝ մեզ էլ հաղորդեց։ Հայկ Նահապետի հաղթանակից եկավ մինչեւ իր մանկությունը, մի կարճ դադար տվեց, որ հանգստանանք, գաղթի ճանապարհի միջով անցկացրեց, ստալինյան ճամբարներով տարավ, երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմադաշտերից հանեց՝ խաղաղ օրերի, շարժման Զարթոնքի, հաղթական ազատամարտի տեսարանները շարեց մեր առջեւ։ Ի՞նչ ենք ստանում։ Թվարկեցինք, թե ով էր նա։ Գումարում ենք՝ մատենագիրն էր։ Մեր իմացածը չէ, որ օրագրություններ է անում։ Իրադարձությունների, կենցաղի, անանց հոգեւոր արժեքների, հազար ու մի ինչերի մատենագիրը։ Այդ մատենագրությունն էլ երազ իր երկրով երգեց։ Մի՞թե հնարավոր է այդպես։ Ամեն անգամ, երբ նման հարց եմ ստանում, Համո Սահյանի հետ մեր զրույցի հետեւյալ հատվածն եմ հիշում։ «Ի վերջո, ի՞նչ է պոեզիան,- հարցրեց ու անցավ ինքն իր հարցին պատասխանելուն.- Իր բոլոր դրսեւորումներով հանդերձ՝ երգ է»։ Ոչ միայն պոեզիան։ Մի առիթով փակագծեր բացած Հայրիկ Մուրադյանը նշում է հատկապես, թե՝ «Երգը մեր պատմությունն է։ Հիշողություն է երգը։ Երգերը դաստիարակության հզոր միջոց են»։
Հետաքրքրվում ենք Հայրիկի կերպարով։ Վերը նշվածին գումարենք նաեւ լայն դաստիարակչական գործունեություն ծավալած Ուսուցչին։ «Ակունք» ազգագրականից մինչեւ նոր համույթներ՝ որքան ուզեք օրինակներ եւ դրական արդյունքներ։ Հայրիկի կերպարը ժամանակն ինքն է։ Նա, հետեւաբար՝ եկող ժամանակների համար է։ Հայրիկի ներկայությունը մեր ինքնության ճանաչման անփոփոխ պարտավորության հուշումներից մեկն էր եւ շարունակական բնույթ կրեց մի շրջանում, երբ նման դրսեւորումների գոյության դեմ մի ամբողջ համակարգ էր պայքարում։ Ցանկացած երգ նրա կատարմամբ՝ մեր ձայնն ու մեր կերպն է։ Ավելի պատկերավոր այս կապակցությամբ Տիգրան Մանսուրյանն է ասել. «Հայրիկը աղբյուրի մաքուր ու պարզ ջուրը բերեց իր կենդանի հնչողությամբ, եւ կասկած չունենաք, որ այդ երգը ամենապահանջված երգն է»։ Ի՞նչ հավելել Մաեստրոյի ասածին…
Օրհնյալ էր Հ. Մուրադյանի ծնունդը իր ժամանակակիցների, համայն ազգի եւ եկող սերունդների համար։ Եվ որպեսզի միտքս ավելի հասկանալի լինի եւ փակագծեր չմնան, ասեմ, որ սփյուռքում այսօր բավական թվով հայեր են ապրում, ովքեր վաղուց կազմավորված համայնքների երրորդ թե չորրորդ սերնդին են պատկանում, ցանկացած լեզվով են խոսում՝ հայերենից բացի, ուզած մշակույթի կրողներ են, բացի այն միակ մեկի, որն իրենց հարազատն է, եւ այդպես շարունակ։ Բայց… Յուրաքանչյուր ոք մի երգ կամ մի պար գիտի, որ ապուպապերից է ժառանգել։ Գուցե, նա այդ երգը ամբողջությամբ գիտի։ Հնարավոր է՝ մի տուն միայն։ Հավանական է՝ բարձրաձայն է երգում։ Չի բացառվում, որ միայն իր քթի տակ։ Դա ամենեւին կարեւոր չէ։ Էականն այն է, որ նման պահերին նա իրեն մեր՝ հայերիս հետ է զգում։ Պատկերացնենք մի պահ, որ նրա ականջին Հայրիկ Մուրադյան է հասնում, ու դա ոչ թե մեկ անգամ, այլ՝ բազում։ Քայլ առ քայլ մարդը սկսում է մոտենալ իր ակունքներին, հարազատ իր միջավայրին, մայրենի լեզվին, արվեստին, ինքն… իրեն, վերջապես։ Ցանկացա այս կողմից գալ, որպեսզի հասկանանք ահռելի նշանակությունն այն ամենի, ինչ թողեց մեզ Հայրիկ Մուրադյան անունով մեծ անհատականությունը։
Մյուս կողմից, չկարծենք, թե օրինակների մեջբերումը լոկ սփյուռքով է բավարարվում։ Պակաս կարեւոր չէ Հայաստանի պարագայում, որտեղ զարմանալի մի երեւույթ է զգացնել տալիս. անհատը ավելի շուտ նախընտրում է խորանալ անգլիականի կամ ֆրանսիականի մեջ, քան ազգայինի։ Դա՝ լավագույն դեպքում։ Վատագույնն էլ կա. հարեւանների միջավայրից մեր իրականություն բերված մուղամ-ամաններն ու այլեւայլ ինչերը, որոնք երբ լսողությանն են հասնում, այնպիսի տպավորություն է, թե զավթումը դեռ շարունակվում է։ Երբեմն այլ մտքեր էլ են առաջանում. մենք չկարողացանք հարեւաններին մեր մակարդակին բարձրացնել, իսկ նրանք, ահա, հաջողում են, կարծես, իրենց ցածրաճաշակությունները մեզ պարտադրել։ Թող հնչի հիմա՝ հենց ա՛յս պահին, ցանկացած երգ Հայրիկի կատարմամբ՝ ես եմ, դուք եք, այս տողերի ընթերցողն է։
Դա է նաեւ մեր հերոսի թողած գլխավոր ավանդներից մեկը. դու՝ բնական քո կեցվածքով, դու՝ քո սեփական կերպարով, դու՝ քո հոգեւոր աշխարհով։ Նա, ուրեմն, երգիչ չէ լոկ, ոչ էլ՝ բանահավաք միայն, ու այն ամենը, ինչի մասին ասացի արդեն։ Նա ստեղծագործող է, զգացմունքներ արթնացնողն է, քեզ քո մասին պատմողն է, տրամադրություն առաջացնող է, Շատախից դեպի Յոթերորդ երկինք տանող ճանապարհ գծողն է, Առնոս լեռան մի քարանձավից տիեզերքի համար նոր յոթ երկինք նետած այրն է, մեր Հայկական լեռնաշխարհն է։
Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ