Ֆեյք Ադրբեջանն ազգային ինքնություն ստեղծելու գործունեության շրջանակներում ջանք ու եռանդ չի խնայում, այդ թվում՝ հարեւան երկրների մշակութային ժառանգությունները յուրացնելու ուղղությամբ, եւ առաջին հերթին՝ Իրանի ու Հայաստանի։
Այս ուղղությամբ Բաքուն առավել մեծ ջանքեր է գործադրում իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամիին (Ջամալըդդին աբու Մոհամմեդ Էլիյաս բեն Յուսեֆ բեն Զաքի, 1140-1215 թթ.) ադրբեջանցի ներկայացնելու ուղղությամբ, լոկ այն պատճառով, որ նա ապրել, ստեղծագործել եւ մահկանացում կնքել է Գանձակում, երբ գոյություն չուներ Ադրբեջան անունով ֆեյք պետություն: Բացի այդ, մի տող անգամ ադրբեջաներենով չի ստեղծագործել: Ավելին նրա ստեղծագործություններում կան վկայություններ, որ ծնվել է Թեհրանից դեպի հարավ գտնվող Թաֆրեշում: Նշենք նաեւ, որ Նիզամիի գլուխգործոց համարվող «Հնգամատյան» կամ «Հինգ գանձ» հանրահայտ ստեղծագործությունը Թեհրանը 2009 թ. ներկայացրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում զետեղելու համար, ինչը 2013 թ. իրականություն դարձավ։ Նույն թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանի ակադեմիայի Նիզամիագիտության կենտրոնի տնօրեն Խալիլ Յուսեֆլին հայտարարեց, թե անհրաժեշտ է Գանձակում Նիզամիի դամբարանի վրա պարսկերեն փորագրությունները փոխարինել ադրբեջաներեն քանդակներով։ Դա պատճառաբանեց նրանով, թե դամբարան այցելողների մեջ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես Նիզամին ադրբեջանցի չէ: Քայլ, որն արժանացավ իրանցի մտավորականների, քաղաքական գործիչների ու դիվանագետների խիստ քննադատությանը, բայց՝ ոչ ավելին։ Հետեւաբար, դամբարանի վրայից ջնջվեցին փորագրված պարսկերեն բանաստեղծությունները եւ փոխարենը փորագրվեցին ստեղծագործություններ ադրբեջաներեն թարգմանություններից։ Բաքուն, շարունակելով Նիզամիի «յուրացման» գործընթացը, ձեռնամուխ եղավ որոշ երկրներում, այդ թվում Իտալիայում՝ Հռոմի խոշորագույն զբոսայգիներից մեկում, տեղադրելու Նիզամիի արձանը՝ որպես ֆեյք Ադրբեջանի հայտնի բանաստեղծ։ Այժմ Բաքուն արդեն իրանցիներին է «ապացուցում», որ Նիզամին ադրբեջանցի բանաստեղծ է։
Մայիսի 10-20-ը տեղի է ունեցել Թեհրանյան գրքի միջազգային 33-րդ ցուցահանդեսը, որին մասնակցում էին 1700 իրանցի եւ 170 օտարերկրացի հրատարակիչներ՝ 30 երկրից, բնականաբար, նաեւ ֆեյք Ադրբեջանից, որը յուրաքանչյուր տարի, մասնակցելով ցուցահանդեսին, առ այսօր այդ առիթը գլխավորապես օգտագործել է քարոզչական նպատակներով՝ նախկինում երկրի 20 տոկոսի բռնազավթման ու Խոջալուի «ցեղասպանության» թեմաներով, ինչն արել է անարգել։ Այժմ Բաքուն հանդես է գալիս «հաղթողի» դիրքերից, ըստ երեւույթին, անգամ իրանցիների հանդեպ։ Թերեւս, դա է ապացուցում «եղբայրական» Ադրբեջանի տաղավարի ղեկավար Աքիֆ Մարիֆլիի՝ Իրանի խոշորագույն ISNA լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցը, ինչը խիստ վրդովեցրել է նրան, որն արտացոլվել է իրանական որոշ ԶԼՄ-ներում՝ «Տգիտությունն ապացույց չէ, բայց անպատկառության պատճառ է» վերնագրով։ Ինչպես նշվեց, ֆեյք Ադրբեջանի «կողոպուտի» սուբյեկտ են գլխավորապես Իրանն ու Հայաստանը, որոնք այս ոլորտում պետք է սերտորեն համագործակցեն, որպեսզի պայքարն արդյունավետ լինի։ Ահավասիկ, եթե թղթակիցը Հայաստանի պատմությանը, գրականությանը փոքրիշատե ծանոթ լիներ, կարող էր սպառիչ պատասխան տալ ֆեյքադրբեջանցուն։
Աքիֆը նշել է, թե իրանական գրականությունն Ադրբեջանում ճանաչված եւ սիրված է, ինչպեսեւ իրանցիներն են մեծ սիրով ընթերցում ադրբեջանցի մեծ բանաստեղծներ Նիզամիին եւ Ֆիզուլիին։ Անդրադառնալով վերջինիս՝ նշենք, որ Մոլա Մոհամեդ բին Սոլեյմանը (1483-1556 թթ.), որ հայտնի է գրական Ֆիզուլի (արաբերեն՝ ֆոզուլի՝ քիթն ամեն տեղ մտցնող) անվամբ, եռալեզու բանաստեղծ է եւ գլխավորապես ստեղծագործել է պարսկերենով ու արաբերենով, ինչպեսեւ իր մայրենիով՝ ույղուրական այն ցեղի լեզվով, որը տարածված է նաեւ Իրանի Ադրբեջան երկրամասում ու Հարավային Կովկասի ֆեյք Ադրբեջան պետությունում։ Նա ծնվել եւ մեծացել է այսօրվա Իրաքի տարածքում՝ Բաղդադում, նրա ցեղակիցներն Իրաքում ու Սիրիայում կոչվում են թուրքմեններ։ Ամենայն հավանականությամբ, նա երազում էլ չի պատկերացրել, որ կարող է դառնալ ինչ-որ ֆեյք երկրի սիրելի բանաստեղծ։ Լրագրողն առարկում է՝ ասելով, թե Նիզամին իրանցի բանաստեղծ է, եւ ընդգծում. «Սատանի մայլում քյանդրբազությունն» անիմաստ է։ Աքիֆը, ի պատասխան, շեշտում է, որ նա ծնվել, մեծացել է «Գյանջայում», ուրեմն ադրբեջանցի է, մանավանդ որ հայտնի է Նիզամի Գյանջավի՝ գանձակեցի անունով։ Նշենք, որ Գանձակը, պարսկերեն՝ Գյանջե (Գյանջ՝ գանձ), հենց գանձակ իմաստն ունի, որն այսօր Ադրբեջանի մաս է կազմում։ Իսկ ինչ վերաբերում է այն նրան, որ Նիզամին ստեղծագործել է բացառապես պարսկերենով, Աքիֆը պատճառաբանել է, թե միջնադարում Հարավային Կովկասի պաշտոնական լեզուն եղել է պարսկերենը, եւ բոլոր գրագրություններն այդ լեզվով են արվել, ստեղծվել է յուրօրինակ բանաստեղծական ոճ, որով ստեղծագործել է նաեւ Խաքանի Շիրվանին (1120-1190 թթ.)։ ISNA-ի թղթակիցը, քննադատելով Բաքվի քարոզչությունը մշակութային յուրացումների ոլորտում, շեշտում է, որ եթե Մարիֆլին ու Բաքվի իշխանության անդամները մի փոքր ուշադիր ընթերցեն Նիզամիի ստեղծագործությունները, ապա կզգան, որ ոչ միայն լեզուն է պարսկերեն, այլեւ բովանդակությունն է իրանական.
Աշխարհը մի մարմին է, Իրանը սիրտն է նրա,
Սա ասողը չի ամաչում այդ ասելու համար։
Քանզի Իրանն է սիրտը մոլորակի,
Որ բարձր է սիրտը հոգուց՝ ոչ ոք չի առարկի։
Եթե ISNA-ի թղթակիցը ծանոթ լիներ մեր գրականությանն ու պատմությանը, ապա ի պատասխան, կարող էր թվարկել Նիզամիի ու Խաքանիի ժամանակակից բազմաթիվ հայ մատենագիրներից, բանաստեղծներից ու պատմաբաններից մի քանիսի անունը, որոնք ստեղծագործել են մայրենի լեզվով եւ հաճախ ապրել են նաեւ հայկական այն տարածքներում՝ Արցախում, որն այսօր գրավել է ֆեյք Ադրբեջանը։ Այսպես, օրինակ, Մխիթար Գոշը (1130-1213 թթ.) ծնվել է Արցախ աշխարհի տարածքում, հայ մտածող-գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգեւորական, մանկավարժ ու հասարակական գործիչ է։ Կիրակոս Գանձակեցին (1200-1271, Գանձակ) հայ պատմիչ եւ եկեղեցական գործիչ է, «Պատություն հայոց» գրքի հեղինակը։ Ավելին, ըստ որոշ աղբյուրների, նա նույնիսկ ծագումով եղել է աղվանցի։ Խաչատուր Կեչառեցի (մոտ 1260-1331, Կեչառիս, Ծաղկաձոր)՝ բանաստեղծ, մշակութային գործիչ։ Եղել է Կեչառույքի միաբանության վանահայր, հեղինակ է քնարական բանաստեղծությունների, նշանավոր պատմաքաղաքական «Վասն աւերման տանս արեւելյան» ողբի, հոգեւոր մի շարք երգերի, ինչպես նաեւ «Վասն գալստեան մոգուցն» պարականոն զրույցի։
Այլ կերպ ասած՝ Հայաստանում լավ ծանոթ են Իրանի պատմությանն ու գրականությանը, իսկ կողոպտիչների դեմ արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է, որ իրանցիները եւս ուշադրության արժանացնեն մեր պատմությունը, գրականությունն ու մշակույթը։