Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը նախօրեին համալսարանի 2-րդ հարկի ցուցասրահում բացված «Մեր ձեռագործները» խորագիրը կրող ցուցահանդեսի առթիվ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին։ Իսկ ցուցահանդեսը կազմակերպել են համալսարանի ուսանողական խորհուրդն ու կրթության որակի ապահովման եւ զարգացման կենտրոնը՝ նվիրված ՃՇՀԱՀ-ի 100-ամյակին։
Ցուցասրահում ներկայացված են համալսարանի դասախոսների եւ ուսանողների ձեռագործ աշխատանքները՝ արծաթե զարդեր, տիկնիկներ, կերամիկական անոթներ, ասեղնագործ իրեր, նկարներ եւ այլն։ Ընթացքում համերգային մասով ելույթ ունեցավ ՃՇՀԱՀ երաժշտական բենդը։ Ցուցադրության հանդիսավոր մասի վերջում կայացավ հեղինակային ինտերիերային տիկնիկների վիճակահանություն, որի ընթացքում մասնակիցները, այդ թվում նաեւ ռեկտորը, ստացան իրենց շահումները։ Ցուցահանդեսի համակազմակերպիչ, համալսարանի տեղեկատվության եւ տեխնիկական հաղորդակցության վարչության ղեկավար Տաթեւ Բարխոյանը նշեց, որ այս ձեռնարկն իրականացրել են՝ նպատակ ունենալով բացահայտել իրենց դասախոսների եւ ուսանողների հնարավորություններն արվեստի այս ճյուղում։ Ուսխորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը, ով ուսանում է քաղաքային տնտեսության եւ էկոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսում, ողջունելի համարեց նման ցուցահանդես կազմակերպելու միտքը եւ ասաց. «Մենք ուսանում ենք այնպիսի բուհում, որ նման միջոցառումներ հաճախակի պետք է կազմակերպենք. սա նաեւ լավ առիթ էր՝ բացահայտելու մեր բուհի շնորհաշատ դասախոսներին, ուսանողներին, տարբեր բաժինների աշխատակիցներին, ովքեր իրենց հիմնական մասնագիտությունից բացի ունեն այլ նախասիրություններ»։ Որախալի համարեց, որ շատերը ցանկություն հայտնեցին ու մեծ սիրով մասնակից եղան։ Ս. Հակոբյանն ստացված է համարում ցուցահանդեսը, որն առաջին փորձն է, բայց հաջողված։ Հավելեց նաեւ, որ այս ձեռնարկը լինելու է շարունակական, կցուցադրվեն գեղանկարներ, գունանկարներ, գծանկարներ, եւ նախկինում մշակած նման ձեռնարկները պարբերական են լինելու։
Ներկայացնելով ՃՇՀԱՀ երաժշտական բենդը, որի ղեկավարն ինքն է, ասաց, որ համալսարանում նորաստեղծ խումբ է՝ հիմնականում ուսանողների կազմով։ Ցուցահանդեսում խմբի ելույթը նույնպես առաջին քայլերից է, բայց սիրով ու ծափողջյուններով ընդունվեց ներկաների կողմից։ Ս. Հակոբյանը, ով ունի նաեւ երաժշտական կրթություն, երգում է, հավատում է, որ երաժշտական այս խումբն ապագայում էլ շատ ելույթներ կունենա տարբեր առիթներով։ Համալսարանի ռեկտորի խոսքով՝ հաճելի է ցուցահանդեսի կայացման փաստը. «Մեր կողքին են մարդիկ, որոնց հետ շփվում ենք, ճանաչում ենք իրար, սակայն չգիտեինք, որ նրանք ունեն նաեւ նման գեղեցիկ գործեր ստեղծելու շնորհք ու ընդունակություն։ Այսօր բավականին հետաքրքիր բացահայտումներ ունեցանք թե մեր գործընկերների եւ թե ուսանողների շրջանակներում»։ Ե. Վարդանյանը եւս նշեց, որ նման ձեռնարկները լինելու են պարբերական, եւ նոր ու անսպասելի բացահայտումներ կլինեն։ Ցուցադրության ընթացքում համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ճարտարապետական նախագծման եւ ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դոցենտ Գագիկ Փխրիկյան-Սարգսյանը ներկայացրեց իր ստեղծած՝ երկրի ձվաձեւ մանրակերտը, որի վրա «տարբեր կերպարներ քաշում են մի պարան, որը պոչն էր։ Եթե չքաշեն պարան-պոչը եւ չզսպեն վիշապին, ապա վերջինս բոլորին կուլ է տալու»։ Ըստ հեղինակի, ով նաեւ «Հայոց դիցուհիներ» վերնագրով գեղանկար էր ներկայացրել, երկիրն ու երկինքն առաջացել են մեծ ձվի պայթյունից։ Ասաց նաեւ, որ 12-հատորյա գիրք է գրում, որից 4 հատորը մի ամբողջական աշխատություն է՝ «Հայոց հեթանոսական դիցարանը» վերնագրով։ Առայժմ այս աշխատության 1-ին հատորն է տպագրվել։ Համալսարանի գեոէկոլոգիայի եւ կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, Հայաստանի անձավագիտական կենտրոնի նախագահ, ճարտարապետության դոկտոր, երկրաբնապահպանության դոցենտ Սամվել Շահինյանը ներկայացրել էր արծաթե զարդեր, որոնք ստեղծել է 1978-1990 թթ.։ Ասաց, որ որոշեց զբաղվել նաեւ այդ արհեստով եւ ստացավ արվեստի գործեր։