Ինքնամոռաց նվիրումի, մարդկային կարողությունների մասին մտորելիս երբեմն ապշում ես՝ մի՞թե հնարավոր է… Բայց երբ մոտիկից ես շփվում նմանների հետ, ծանոթանում նրանց սխրալից գործունեությանը, վաստակին համոզվում ես, որ, այո, հենց այսօր կողքիդ ապրում են մարդիկ, ովքեր համընդհանուր երախտագիտության են արժանի, անսակարկ մեծարման ու հիացումի: Նրանցից է բանահավաք, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Սվազլյանը, ով վեց լեզվով աշխարհի ու մարդկության դատին է ներկայացրել ցեղասպանության ականատես-վկաների պատմությունները, որոնք անհերքելի փաստական ապացույցներ են եւ մեծ դերակատարություն ունեցան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: ,Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ գրքում ոչ միայն ամփոփված են ցեղասպանության ականատեսների հուշ-վկայությունները, այլեւ, նրա շնորհիվ, կորստից փրկված Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի, Անատոլիայի հայության բանահյուսությունը, ավանդություններն ու ավանդույթները, երգերը, բառուբանը: Նշյալ տարածաշրջանների 150 տեղավայրերից 700 վկայություններ են ընդգրկված. զարմանահարույց աշխատանք, որին, թերեւս, քչերն են ունակ…
Եվ ահա օրերս «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի, «Հյուրասրահ» նախագծի շրջանակներում կայացավ հանդիպում մեծավաստակ հայուհու հետ: Հանդիպասրահը, սակայն, խմբագրությունում չէր, այլ՝ իր իսկ համեստ բնակարանում, իր իսկ հոգեզավակ-գրքերի ,ընկերակցությամբե:
Որպես երախտագետ ժառանգ՝ Վերժինե Սվազլյանն իր ասելիքն սկսեց հոր՝ գրող, ծաղրանկարիչ, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանին անդրադառնալով. ,Մեծ է հորս դերակատարումն իմ հոգեգիտակցական աշխարհի ձեւավորման գործում: Տակավին մանուկ հասակից ես միշտ ներկա եմ եղել, մասնակցել եմ նրա կազմակերպած բոլոր միջոցառումներին, հասարակական-քաղաքական ձեռնարկումներին, ինչպես մայր հայրենիքում Հովհաննես Թումանյանի հիմնադրած Հայաստանի օգնության կոմիտեին աջակցելը՝ հայրս ՀՕԿ-ի մասնաճյուղի նախագահն էր Ալեքսանդրիայում. նա դրամահավաքներ էր կատարում եւ ուղարկում հայրենիք՝ նպաստելով երկրի վերաշինությանը: Նույնիսկ Լենինականի տեքստիլ տրիկոտաժի ֆաբրիկայի առաջին դազգահները 1930-ականներին հայրս է ուղարկել Եգիպտոսից: Իսկ երկրորդ աշխարհամարտի ժամանակ հիմնադրել է մշակութային ,Սեւանե միությունը, որը նպատակ ուներ նպաստելու նոր սերնդի աշխարհայացքի ձեւավորմանը՝ նոր՝ խորհրդային հասարակարգում: Միության ուժերով կազմակերպվում էին մշակութային տարբեր միջոցառումներ: Հիշում եմ՝ բեմականացվեց հորս գրած գործը՝ ,Ներգաղթըե, որից ստացված ողջ հասույթը նույնպես ուղարկեց ՀՕԿ-ինե:
1934-ին Ալեքսանդրիայում ծնված հայուհին վերհիշեց իրենց հայրենադարձությունը, ուսումնառության տարիները մանկավարժական ինստիտուտում, երբ ուսմանը զուգահեռ ակտիվորեն թղթակցում էր պարբերականներին, հանդես գալիս ռադիոյով, ավելի ուշ՝ նաեւ հեռուստատեսությամբ՝ առավելապես ներկայացնելով հայրենադարձ մտավորականներին, նրանց կյանքն ու կենցաղը, մտորումները, ադապտացիան հայրենի հողի վրա: Իսկ 1955-ից արդեն վճռում է իր բուն անելիքը՝ գրի առնել մեր զավթված երկրի՝ Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի, Անատոլիայի հայության բանավոր ողջ մշակույթը: Բայց երկիրն ամայացած էր, ո՞վ էր անելու այդ գործը, ումի՞ց էր լսելու: Եվ դիմեց եղեռնից մազապուրծ հայրենադարձներին՝ նրանցից գրի առնելով տարբեր բնույթի ժողովրդական ստեղծագործություններ՝ իրենց բարբառներով, նաեւ ցեղասպանությունը վերապրածների հուշեր, հիշողություններ, նաեւ դերզորյան թուրքալեզու երգեր, որոնք իրենց մեջ պարունակում են շատ կարեւոր փաստական իրողություններ: Եվ՝ երգեր, քառատողեր թուրքերենով: Հետո մեկնաբանում է. ,Անապատում հայերն են մորթվում, իսկ թուրք սպաները մսագործ են դարձել, հայերն են զոհվում հավատքի համար…ե:
Երբ դրան ծանոթանում են գործընկերները, զարմանում են՝ ի՞նչ գործ ունես թուրքերենի հետ: Բայց չէ՞ որ դրանք արժեքներ էին, մասունքված արժեքներ, որոնց գինը ինքը լավ գիտեր: ,Դրանց մեկ քառատողն անգամ շառաչուն ապտակ է հայակերներինե,- ասում է ցեղասպանագետը եւ հիշում Երեւան եկած այն թուրք ամուսիններին, ովքեր տեղյակ էին իր առաքելությանը եւ դերզորյան երգերից մեկ քառատող լսելուց հետո փշաքաղվում, հետո գրկում են իրեն՝ ասես ամաչելով ու ներողություն հայցելով իրենից:
Թուրքերը, համացանցում ծանոթանալով այդ երգերի տողերին, անպարկեշտ խոսքեր, հայհոյախառը գրություններ են թողնում, չարանում են, սպառնում,- ասում է գիտնականը եւ շարունակում.- բայց երբ գրքերս հրատարակվեցին, շատ թուրքեր ներողություն խնդրեցին…ե: Այնուհետեւ վերհիշում է իր ասպիրանտուրական տարիները, երբ մի անգամ մեծավաստակ Կարապետ Մելիք-Օհանջանյանը, տեսնելով իր գրառումները, Մուսալեռան խրթին բարբառով եւ երեք ենթաբարբառներով, զարմանքով հարցնում է, թե ով է իրեն սովորեցրել այդ ամենը: Իսկ այդ բոլորը նրան սովորեցրել էին ինքը՝ հարցնողը, եւ Մանուկ Աբեղյանը, ովքեր հենց այդ բարբառներով էին գրառել մեր սքանչելի էպոսը: Այդուհետ Մելիք-Օհանջանյանի՝ Պարույր Սեւակից հետո վերջին ասպիրանտն ինքն էր դառնալու՝ լիարժեքորեն արդարացնելով իր դասախոսի ակնկալիքները:
Հետագայում Վերժինե Սվազլյանը համագործակցելու էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ, որտեղ նրան տրամադրելու էին տեսանկարահանման սարքավորումներ, ապահովելու օպերատորով՝ հեշտացնելով իր առաքելության շարունակական գործը: Հնագիտության ինստիտուտում աշխատելու ընթացքում պաշտպանում է թեկնածուական թեզ՝ նվիրված Սարգիս Հայկունու կյանքին ու գործին: 19-րդ դարի այս գործիչը գրառել է Արեւմտյան Հայաստանի հայ ժողովրդական եւ քրդական բանահյուսության մեծարժեք նմուշները եւ Կոմիտասի հետ հրատարակել դրանք:
Հետո զբաղվելու էր Արցախ-Ուտիքի, Տարոն-Տուրուբերանի, Վան-Վասպուրականի հեքիաթների գրառմամբ, կազմմամբ ու խմբագրմամբ: Դրանք երեք հատորյակով տեղ էին գտնելու հայ ժողովրդական հեքիաթների բազմահատորյակներում: Հեքիաթներին հաջորդելու էին Մուսալեռան բանավոր ավանդույթների գրառման 30-ամյա տքնաջան աշխատանքը, պատմաբանասիրական ուսումնասիրությունները՝ նվիրված նրանց բարբառներին: Այդ աշխատանքը հրատարակելուց հետո ծնունդով մուսալեռցի պատմաբանը համբուրելու էր հեղինակի ճակատը, նրան արժանացնելու էին Ոսկե մեդալի եւ Պատվավոր մուսալեռցու կոչման…
Հյուրասրահի վաստակաշատ հայագետն անդրադարձավ իր հերթական՝ Կիլիկիայի արեւմտահայոց բանավոր ավանդույթները ներակայացնող գրքին. ,Ես նրանց, ինչպես մուսալեռցիներին, գտա այստեղ՝ հայրենիքում: Գտա դժվարությամբ, որովհետեւ չէին ապրում համահավաք, ցիրուցան էինե: Իսկ գրքում ամփոփված են ազգագրական նյութեր, աղոթքներ, տարաբնույթ երգեր, հուշ-վկայություններ ցեղասպանության վերաբերյալ: Այս գիրքը նաեւ բարբառագիտական արժեք ունի, աշխատություն, որի համար հեղինակն արժանանալու էր դոկտորի կոչման:
1996-ին Վերժինե Սվազլյանը հրավերով մեկնում է Պոլիս՝ պատրիարքարանի 535-ամյակի տոնակատարության շրջանակներում կազմակերպված գիտական նստաշրջանին, որտեղ հանդես է գալիս զեկույցով: Եվ այդ հրավերը արգասաբեր էր լինելու. թեեւ դժվարությամբ, հիվանդ ձեւանալու, անգամ վիրահատվելու գնով կարողանում է մուտք գործել հայկական ծերանոց՝ հանդիպել-զրուցելու, գրառելու եղեռնից մազապուրծ արյունակիցների պատմությունները: Այդ նյութերը, երգերը հրատարակվում են առանձին գրքով, հետագայում թարգմանվում նաեւ թուրքերենով: Ապա հրատարակվում է նաեւ Պոլսի հայոց բանահյուսությունը՝ գրի առնված շատ սուղ ժամանակամիջոցում: Անքուն գիշերների, 20-օրյա տառապագին աշխատանքի արդյունք:
,2000 թվականին լույս տեսավ իմ ,Հայոց ցեղասպանություն. ականատես ապրողների վկայություններե գիրքը: Վեց հարյուր վկայություններ են այստեղ, երգեր, նաեւ զրույցներ: Սա կարեւոր գիրք է, որովհետեւ առաջին փորձն է իր բնույթով, դեռ ոչ մեկը չէր գրել այս թեմայովե,- ասում է հյուրընկալը եւ անցնում հաջորդ գրքին՝ 2000-ին հրատարակված ,Հայոց ցեղասպանությունը եւ ժողովրդի պատմական հիշողությունըե ստվարածավալ աշխատությանը՝ վեց լեզվով, նաեւ՝ թուրքերեն: Դրա համար հեղինակը դիմել էր նախադեպը չունեցող քայլի՝ վաճառել էր հարսանեկան մասունք ոսկեղենը, հայրական թանկարժեք նվիրատվությունները՝ խալիներ, գորգեր, այլ պարագաներ, եւ ծնվել էր վեցլեզվյա գիրքը: Բարեբախտաբար, այն գնահատվելու էր՝ արժանանալով նախագահական եւ այլ մրցանակների, մեդալների, պարգեւների, մեծարման:
Վերժինե Սվազլյանը երախտագիտությամբ է տալիս իր դստեր՝ Քնարիկի անունը, ով մշտապես եղել է իր կողքին, կիսել իր աշխատանքային դժվարությունները՝ որպես պատմաբան:
Երեսուն գրքերի հեղինակը խոստովանում է, որ յուրաքանչյուր գրքից հետո առողջական վիճակը վատանում է, սթրեսներ է տանում, երբեմն էլ ընկնում հիվանդանոց: Մեղվաջան աշխատանքի, ապրումների հետեւանք է: Բայց դա չի կարեւորում, որովհետեւ քաջ գիտի իր տառապանքների գինը: Հիշում է թուրք գրող Կարաքօղլուին, որը թուրքերենով հրատարակել է ցեղասպանությանը վերաբերող իր գիրքը, մասնակցել երեւանյան շնորհանդեսին, խոսք ասել, ողջունել, որ վերջապես իր հայրենակիցները կկարողանան տեղեկանալ ճշմարտությանը, ամաչել իրենց նախորդների գազանաբարո արարքներից: Ամաչել եւ մեղանչել:
,2015 թվականին, Մուսա լեռան հարյուրամյակի օրերին լույս ընծայեցի ,Մուսա լեռան հերոսամարտը ականատես վերապրողների վկայություններովե գիրքը: Այն նույնպես թարգմանվել է անգլերեն, որպեսզի աշխարհին ասենք, որ 1915-ին ոչ միայն հլու-հնազանդ զոհվել ենք, այլեւ հերոսաբար պայքարել՝ պաշտպանելով ապրելու մեր իրավունքը: Դրա ապացույցն էր նաեւ Արցախյան առաջին պատերազմում մեր տարած հաղթանակը, որը, համոզված եմ, դարձյալ է արձանագրվելու…ե,- լավատեսությամբ ասում է ժողովրդագետ մտավորականը:
Վերջերս էր լույս տեսել հեղինակի ,Ռուսահայոց բանահյուսությունըե աշխատանքը՝ նվիրված Նոր Նախիջեւանի հիմնադրման 240-ամյակին: Պատմվում է, թե ինչպես Եկատերինա թագուհու օրոք, Սուվորովի ջանքերի շնորհիվ Ղրիմից մեծաքանակ հայեր տեղափոխվեցին Ռուսաստան եւ հիմնադրեցին Նոր Նախիջեւան քաղաքը՝ իր շրջակա վեց գյուղերով: Գրքում նրանց բանահյուսությունն է՝ Ղրիմի բարբառով: Գրքի կես մասն էլ նվիրված է Պյատիգորսկի հայությանը, որը գաղթել է 1905 թ. Արցախից՝ խույս տալով թուրք-ադրբեջանական գազանություններից:
Խոսելով առայժմ իր վերջին՝ ,Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթումե ստվարածավալ հատորյակի մասին, որն ամփոփում է քառասուն տարվա աշխատանք, Վերժինե Սվազլյանը հիշեց. ,Ամերիկայում առաջին անգամ եղել եմ դստերս՝ այն ժամանակ տասը տարեկան Քնարիկի հետ, 1979 թվականին: Դա ճանաչողական ճամփորդություն էր, որը, սակայն, հետեւանք ունեցավ. պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանն ինձ հրավիրեց գիտաժողովի, որպեսզի խոսեմ պոլսահայոց եւ Մուսա լեռան բանահյուսության մասին: Հետագա տարիներին ունեցանք հինգ ուղեւորություն եւս, որոնց արդյունքում կաթիլ առ կաթիլ հավաքվեցին եւ՛ այս գրքի, եւ՛ Քնարիկի գրքի նյութերը: Իմ գրքում ոչ միայն ցեղասպանությունը վերապրողների հուշերն են: Այստեղ նաեւ Գրիգոր Զոհրապի դստեր հուշերը կան այն մասին, թե ինչպես է հայրը գիշերը վերջին հրաժեշտը տվել իր զավակներինե:
Այս գիրքը նույնպես, թեեւ կիսով չափ, թարգմանված է անգլերեն, քանի որ Ամերիկայում ապրող հայության նոր սերնդի մեծ մասը չի կարողանում կարդալ մայրենի լեզվով. ,Այստեղ կարեւորն այն է, որ կարողացել եմ ներկայացնել ոչ միայն ամերիկահայոց բանահյուսությունը, այլեւ պատմությունը, երաժշտական նյութերը: Ներկայացնում եմ, թե ինչպես է գոյացել ամերիկահայ գաղթօջախը ի սկզբանե՝ ցեղասպանություն, Կիլիկիայի հայաթափում, երկրորդ աշխարհամարտ, կայացման դժվարություններ, նիստուկաց: Այս ամենը մատուցում եմ իրենց խոսքերով, իրենց փաստարկումներով, վկայություններով: Խոսեցրել եմ նաեւ վերջին տասնամյակներում մայր հայրենիքից մեկնածներին, անդրադարձել նրանց կենսակերպին, երազանքներինե:
Հանդիպման ավարտին հայրենաշունչ գիտնականը ցավով խոսեց այն մասին, որ օտարության մեջ ապրող հայության զանգվածները քիչ-քիչ հեռանում են իրենց արմատներից, լեզուն մոռացվում, օտարանում է նրանց շուրթերին, տագնապալի քանակի են հասել խառն ամուսնությունները, ահագնացել է ուծացման վտանգը: Բայց անկախ տխրախոս այս վերջաբանից, չմերժելով ,ՀՀե-ի գլխավոր խմբագրի խնդրանքը՝ Վերժինե Սվազլյանը երգեց իր հոր սիրած հայրենաշունչ երգերից մեկը ու նաեւ Բարսեղ Կանաչյանի՝ ամենասիրված ու տարածված «Օրորը»: «Դուք գիտե՞ք, թե ինչ է գրված այս մեծ երգահանի շիրմաքարին. «Օրոր» իմ բալա…»:
Վերջում հավելենք, որ անկախ առաջացած տարիքից, հանրահայտ ցեղասպանագետը վայր չի դրել մեղվաջանի իր գրիչը: Մաղթենք, որ լրումին հասցնի այն ամենը, ինչի առաքելությունն ստանձնել է իր ու Աստծո կամոք…