«Ինչպես մեծ կարսեցին մի օր գրազարդեց եւ նկարազարդեց իր կորած ծննդավայրը եւ ինչպես նրանից հետո մեծ գորիսեցին բեմ հանեց իր գտնված Կեորեսը, իմ մեծ նախնիների (որոնք միաժամանակ անարժանիս ժամանակակիցները եղան) օրինակով, ես էլ մի վերջին անգամ գրեցի իմ Վանը:
Կուզենայի, որ եթե այս գործում կա գեթ դույզն ինչ կրակ, հասներ այն ընթերցողի սրտին, իսկ իմ չնաշխարհիկ ծննդավայրի այրված այգեստանների ծուխը՝ Աստծո եւ նրա բազում ստեղծածների անզգա միրուքին…»:
Գուրգեն ՄԱՀԱՐԻ
Իսկ քսաներորդ դարասկզբի ո՞ր մի հայ գրողին էր ժպտացել երջանկության աստղը, որ նրան ժպտար՝ Տերյանի՞ն, Չարենցի՞ն, Բակունցի՞ն: Էլ չխոսենք եղեռնազարկ արեւմտահայ մտավորականների՝ Զոհրապի, Վարուժանի, Սիամանթոյի, Սեւակի, մյուս երեւելի դեմքերի ողբերգական ճակատագրերի մասին: Նրանց համեմատ, Գուրգեն Մահարու ճակատագիրը՝ թեեւ դառն ու աննախանձելի, ամեն դեպքում, գլխակեր չի եղել, ինչպես մի քանիսի պարագայում եւս…
Հայոց հնօրյա մայրաքաղաքում է ծնվել բանաստեղծ-վիպասանը, սովորել տեղի «Նորաշեն» եւ «Երեմյան» դպրոցներում: 1915-ի կոտորածների ժամանակ, երբ բորենիները հարձակվում են Վանի վրա, եւ սկսվում է քաղաքի հերոսական ինքնապաշտպանությունը, նրանց ընտանիքը նույնպես ստիպված է լինում հեռանալ: Այդ օրերի մասին է գրողի ինքնակենսագրականի այս հատվածը. «Փոքր էի, երբ կորցրի հորս, մի քիչ ավելի մեծ՝ երբ կորցրի ծննդավայրս: Ծննդավայրիս հետ առմիշտ կորցրի տատիս եւ մորս՝ ժամանակավորապես: Չքացավ քարտեզի վրայից այն, ինչ կոչվում էր Արեւմտյան Հայաստան, եւ մեկուկես միլիոն հայերի արյունից մի անգամ էլ ծաղիկները կարմրեցին, եւ վերջալույսերը արյուն հագան: 1915 թվականին ես Էջմիածին ընկա, հետո Դիլիջան, հետո Երեւան, քաղաքից քաղաք, փողոցից փողոց, մայթից մայթ, որբանոցից որբանոց, մահճակալից մահճակալ…»:
Ութ տարեկան էր, երբ քեռու՝ իբր պատահական արձակված կրակոցից սպանվում է հայրը: Դեպի Արեւելյան Հայաստան գաղթի ճանապարհին այս նույն անիծյալ քեռին լքում է իր ստնտու մորը, քրոջն ու քրոջ ընտանիքին՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին: Իսկ բախտը պատանի Գուրգենին տանելու էր որբանոցից որբանոց, կորցնելու էր մորն ու մյուս հարազատներին, բայց տարիներ անց գտնելու էր նրանց, երբ արդեն ստացել էր բուհական կրթություն:
Տասնհինգ տարեկանում, երբ դեռ որբանոցի սան էր, գրում է առաջին բանաստեղծությունը: Այն տպագրվում է «Աշխատանք» թերթում. «Դիլիջանի երրորդ որբանոց, շատ մեծ պատճառներ ունեմ քեզ չմոռանալու եւ չեմ մոռանա: Ես քեզ չեմ մոռանա թեկուզ այն պատճառով, որ մի գիշեր, երբ բոլոր որբերն օրորվում էին Մորփեոսի գրկում, ես վեր կացա անկողնիցս, հագնվեցի եւ գողի պես դուրս սողացի ննջարանից: Ես զգուշությամբ սերտարան մտա, վառեցի լույսը եւ սեղանի վրա դրի իմ տետրակները: Քիմիական թանաքի բուրմունքը շոյեց իմ ռունգերը, եւ ես, ասես այդ բուրմունքով էլ հարբած, գրեցի իմ առաջին բանաստեղծությունը «Հայրենիք» վերնագրով: Երբ առավոտը բացվեց, որբերից ոչ մեկը տեղյակ չէր, որ գիշերը կատարվել է մի մեծ, շատ մեծ իրադարձություն: Երբ բացվեց առավոտը, ես նայեցի իմ ընկերների վրա, եւ ինձ թվաց, որ ես, եթե ոչ երկու, գոնե մի գլխով բարձր եմ իմ ընկերներից: Եվ այդ հրաշքը կատարվեց ընդամենը մի գիշերվա ընթացքում…»:
Անցնելու էր երկու տարի. «1920 թվականին ես տասնյոթ տարեկան էի, «ապագա խոստացող» բանաստեղծ, արդեն արժանացած մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի բարի ուշադրությանը…»:
Իր տաղանդը որբանոցում հայտնաբերած բանաստեղծը՝ սկսած 1924-ից, հաջորդաբար հրատարակում է «Տիտանիկ», «Երեք ագիտ օպերետ», «Շիրակի ջրանցքը», «Բարդիներ» չափածո եւ արձակ այլ գրքեր: Նրա գրական գործունեությունը, սակայն, ընդհատվում է 1936-ին, երբ անհիմն մեղադրանքով դատապարտվում է 11 տարվա բանտարկության եւ հայտնվում հեռավոր Սիբիրի կալանավայրերում: Հայրենիք է վերադառնում 1947-ին, երբ արդեն մահացել էր մայրը, իսկ կինը հրաժարվել գրողից: Աքսորից վերադառնալուց ուղիղ 444 օր հետո՝ 1949-ին կրկին աքսորվում է Սիբիր՝ որպես անբարեհույս տարր, բայց այս անգամ իբրեւ ազատ աքսորյալ: Այս անգամ թույլատրվում էր կարդալ, գրել, ստեղծագործել: Աշխատում է որպես խոզապահ՝ ժամանակ գտնելով ստեղծելու «Երիտասարդության սեմին» վիպակը: Այս աքսորի ժամանակ էլ ծանոթանում է իր երկրորդ կնոջ՝ լիտվուհի Անտոնինա Պովիլայտիտեի հետ: 1953 թ.՝ հրեշի մահից հետո, Վահրամ Ալազանի, Վաղարշակ Նորենցի, իր կնոջ, ուրիշ շատերի նման արդարացվում է եւ վերադառնում հայրենիք: Եվ հետագա տարիներին ընթերցողին են հասնում Մահարու լավագույն գործերը՝ «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը, «Այրվող այգեստաններ» վեպը, «Հնձաններ» բանաստեղծությունների,«Լռության ձայնը» պատմվածքների ժողովածուները: Գրում է նաեւ «Մարդը՝ մարդուն», Կոմիտասին նվիրված «Երգ մահու եւ անմահության» թատերգությունները, «Չարենց նամե», «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին», «Վիլյամ Սարոյանի հետ», «Արծիվ Նաիրի», «Վարդան Աճեմյանի հետ», «Ակսելյան քանդակներ» դիմանկարային-հուշագրական գրքերը:
Խաղաղ չեն անցել Մահարու կյանքի վերջին տարիները. «Այրվող այգեստաններ» վեպը լույս տեսնելուց հետո՝ 1966 թ., հեղինակը հակադրվում է վեպը կարդացած վանեցիներին, որոնք նրան մեղադրում են Վանն ու վանեցիներին ծաղրելու մեջ: Նրան սուր քննադատության են ենթարկում նաեւ գրչակից ընկերները: Հոգեկան ծանր ապրումներն ու բանտային տարիներին քայքայված առողջությունը անում են իրենց սեւ գործը: Բուժման նպատակով տեղափոխվում է կնոջ հայրենիք՝ Պալանգա առողջարանային քաղաք, բայց՝ անօգուտ: Գրողի տառապյալ հոգին խաղաղվում է 66 տարեկան հասակում, 1969 թվականին:
«Եթե այս րոպեին ներս մտներ ահեղ եւ ամենակարող Տերը, նստեր իմ դիմաց, մի ծխախոտ վառեր եւ ասեր. -Տալիս եմ քեզ երկրորդ կյանք, գծիր քո երկրորդ կյանքի ուղին օրորոցից մինչեւ գերեզման, ինչպես որ ցանկանաս, եւ կկատարվի քո կամքը… Ինչպե՞ս կուզեիր ապրել:
Ես նրան կպատասխանեի.
-Ճիշտ այնպես, ինչպես ապրեցի»:
Ապրեց Գուրգեն Մահարի տառապած գրողն իր այվող այգեստանների կսկիծն ու ցավը սրտում, կեղեքվեց հոգին սիբիրյան դաժանավայրերում, տարավ իր հանճարեղ գրքի «պարգեւած» դավադիր խռովքն ու մորմոքը՝ սերունդներին ժառանգելով իր գրի լույսն ու անմահությունը:
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ