Չարենցի ձեռագրերը կարդալը եւ՛ հեշտ է, եւ՛ դժվար: Հեշտ է, երբ պարզ ու հանգիստ է գրել: Դժվար է, երբ հոգեկան խռովքն ու լարվածությունն անցել են ձեռագրերին կամ գրածի վրա, գրածի կողքերին, թղթի պատառիկի դարձերեսին նորից գրել ջնջել ու խմբագրել է: Եղել է, որ ձեռագրերի վերծանման դժվարություններ եմ ունեցել անգամ խոշորացույցով տառերը մեկիկ-մեկիկ կարդալիս: Չճշգրտված բառեր էին մնում հետագա վերծանման համար. մի տառը երբեմն փոխում էր շարադրանքի իմաստը կամ ենթիմաստը: Եվ կատարվեց հրաշքը: Այնքան էի տարված իմ աշխատանքով, որ գիշերն այդ էջերը տեսնում էի երազում՝ ասես էկրանի վրա խոշորացված գալիս էր բառը, եւ հստակ երեւում էր տառի գծագիրը՝ տ է թե դ, բ է, թե գ, բառը հստակ ընթերցվում էր. առավոտյան գնում էի գրականության եւ արվեստի թանգարան, բացում երեկվա թղթերը եւ վայելում երազում տեսածի համապատասխանությունը բնագրին: Այդ հրաշքը այդ օրերին հաճախակի է ինձ ուղեկցել…
Այդպիսի մի բան էլ եղավ «Եղիշե Չարենցը եւ 1920-ական թվականների սովետահայ պոեզիան» գիրքը գրելիս: Պլանային աշխատանք էր, հատկացված էր երեք տարի: Երկու տարին նվիրեցի նյութերի հավաքմանը: Ամեն օր գրադարաններում էի, արխիվներում, թանգարաններում, տարբեր ֆոնդերում: Հավաքեցի մի քանի թղթապանակ արժեքավոր նյութ: Հիմա պետք է շարադրեմ, բայց շարադրանքի ձեւը, այսինքն՝ գրքի կառուցվածքը չեմ գտնում: Ժամանակն անցնում է: Մանր հոդվածներ եմ գրում, բայց միտքս զբաղված է դրանով: Անցավ վեց ամիս: Տագնապի մեջ եմ: Եվ հանկարծ մի գեղեցիկ օր հրաշքը կատարվեց: Բազմոցին պառկած՝ այդ գրքի նյութերի հետ էի: Մեկ էլ միտքս պայծառացավ՝ շատ հստակ տեսա շարադրանքի՝ ապագա գրքի կառուցվածքը՝ ներածությունը, գլուխների դասավորությունը… Այդքան պարզ ու միանգամից: Այդ էր ու այդ: Վեց ամսում շարադրեցի: Միջանկյալ ասեմ՝ ինձ համար աշխատանքի դժվար մասը նյութերը հավաքելն է: Շարադրելն անհամեմատ հաճելի պահ է, եթե բավականություն ես զգում քո արած գործից: Ասածս ինչ է՝ որ հրաշքները անպակաս են ստեղծագործական աշխատանքից՝ լինի գիտական, թե գրական:
Այցելում էի Ռեգինա Ղազարյանին: Պատմում էր ու պատմում: Խմբագրեցի նրա «Հուշեր Չարենցի մասին» գիրքը, գրեցի առաջաբան, առանձին գրքով լույս տեսավ 1995-ին: Գրքում տպագրվեց այն, ինչ ընդունված չափով կարելի էր տպագրել, շատ կարեւոր բաներ մնացին բանավոր: Հերթը հասնում էր Չարենցի ձեռագրերով լի ճամպրուկին: Իր հետ ապրող կնոջն ասում էր՝ «Սեդա՛, բե՛ր ճամպրուկը»: Սեդան բերում էր: Մեջը Ռեգինայի փրկած ձեռագրերի մնացորդներն էին: Ամեն մի շարժումից, ամեն մի հպումից հողի տակ ածխացած թղթի նուրբ թերթերից միշտ կտորներ էին պոկվում ընկնում, ասես թուղթը կոտրվում-ջարդվում էր: Ծրարներ տարա, էջ առ էջ դասավորեցինք ծրարներում: Պահպանվել էր Չարենցի «Հիմնականից հիմնականը» անտիպ գրառումը, որը իր գիտությամբ ուսումնասիրեցի ու հրապարակեցի: Վերջին հանդիպումների ժամանակ մտորում էր՝ ում նվիրել ճամպրուկի ձեռագրերը՝ ԳԱԹ-ի՞ն, թե՞ տուն-թանգարանին: Ամենավերջում որոշեց նվիրել տուն-թանգարանին, այն տանը, որտեղ գրվել են այդ էջերը:
Կար Հեղինե Մուրադյան անունով մի տիկին՝ Գեւորգ Էմինի քույրը: Ինձ զանգահարեց, հրավիրեց հանդիպման: Գնացի: Ապրում էր գրողների տան դիմացի շենքում: Հսկայական բնակարանում ինքն ու ամուսինն էին՝ տարիքն առած մարդիկ: Ամուսինը երերուն ստվերի պես անցնում էր դեպի խոհանոց տանող միջանցքներով: Հեղինե Մուրադյանն ուներ իր սենյակն ու իր նիստուկացը: Պատմեց, որ երբ Ռեգինա Ղազարյանը հողի տակից հանել է Չարենցի ձեռագրերը եւ նվիրել բանաստեղծի դուստրերին, նրանք այդ ձեռագրերը բերել են իր տուն, հավաքվել են, կարդացել, ուսումնասիրել եւ մեկիկ-մեկիկ արտագրել տետրերի մեջ: Ցույց տվեց այդ տետրերի որոշ էջեր, որոնցում դեռեւս կային անտիպ պատառիկներ, անգամ Չարենցի ինքնագրեր: Այդ անտիպ պատառիկներից մի քանիսն իր գիտությամբ զետեղել եմ «Նորահայտ էջեր» (1996) գրքում: Չուզեց իր անունը հնչեր. պայմանավորվեցինք՝ կգրեմ, որ բնագրերը պահվում են չարենցասերներից մեկի մոտ:
Չարենցի հետ կապված կարեւոր էր հանդիպումը Եղիշե Հովհաննիսյանի հետ: Կազմում էի Չարենցի մասին հուշերի գիրք: Այդ մասին հայտարարություն էր տպագրվել «Գրական թերթ»-ում: Զանգահարեց, հրավիրեց հանդիպման: Գնացի: Ապրում էր ակադեմիայի վերեւի փողոցում: Հիվանդ էր: Դողացնում էր: 20 էջանոց մեքենագրած գրությունը կողքի սեղանից վերցրեց, որ ինձ տա, կարծես տալիս էր, երբ ուզում էի վերցնել, ետ էր քաշում, չէր տալիս: Այդպես մի քանի անգամ: Խոսեց նաեւ Չարենցի գերեզմանի տեղի մասին: Ասացի՝ տեղը գիտենք, եւ իր խոսքին զուգահեռ պատմեցի ներքին գործերի պանսիոնատի տարածքում մեր իմացած տեղի ու որոնումների մասին: Ասում էր՝ հա՛, հա՛ եւ մի այնպիսի հնչերանգով, որ կարծես ամբողջ կյանքում մի գաղտնիք է պահել, կարծել է՝ այդ գաղտնիքը միայն ինքը գիտի եւ հիմա, իրենից բացի, իմացող կա: Ի վերջո, գրածը տվեց: Մեր հանդիպումից չորս օր անց մահացավ: Գրությունը տպագրեցի «Չարենցի հետ: Հուշեր» գրքի առաջին մասում (1997): Հովհաննիսյանի մահից հետո ինձ դիմեցին նրա կինը՝ Ցողիկը եւ որդին՝ Տիգրանը, թե՝ թղթերի մեջ հայտնաբերել են չարենցյան ձեռագրեր: Ոչ թե Չարենցի ինքնագրեր էին, այլ Չարենցի անտիպ, բայց արդեն հայտնի գործերի արտագրություններ: Եղիշե Հովհաննիսյանն իր հետ շատ գաղտնիքներ տարավ, ինչի վկայությունն է նաեւ նրա հիշյալ գրությունը:
Շատ կարեւորում եմ Չարենցի նշանակության գիտակցումը, որովհետեւ առ այսօր, անգամ լուրջ թվացող շրջանակներում, Չարենցը հիշվում է դպրոցական դասագրքերի նյութերի շրջանակում՝ «Ամբոխները խելագարված», «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում» եւ եւս մի քանի գործ «Տաղարան»-ից ու վաղ շրջանի գործերից: Անգամ չեն հասնում «Էպիքական լուսաբաց»-ին ու «Գիրք ճանապարհի»-ին, էլ ո՞ւր մնաց հասնեին անտիպ ժառանգությանը: Իհարկե, Չարենցը յուրաքանչյուր գործում Չարենց է, բայց նրան պետք է համեմատաբար ամբողջական ճանաչել:
Հասկանալի է, որ կա չարենցասիրություն, եւ կա չարենցագիտություն: Բայց բոլորն անխտիր պետք է ունենան մի բարձր գիտակցություն, որ գործ ունեն ոչ միայն հայ դասական գրականության եզակի մեծություններից մեկի հետ, այլեւ 20-րդ դարի համաշխարհային գրականության առաջնակարգ անուններից մեկի: Չարենցին պետք է մոտենալ ազատ, անկաշկանդ, նրա առջեւ նրա նման պետք է բաց ու անկեղծ լինել: Անկեղծություն կա, որ տանում է դեպի վեր, դեպի իմաստություն, եւ կա պարզունակ անկեղծություն, որը, ի վերջո, հասնում է հիմարության: Չարենցինը իմաստուն խոր անկեղծությունն է, մի բարձրագույն արժեք, ինչի համար նա պայքարել է: Ուստի նրան պետք է մոտենալ հասուն զգացողություններով, առանց քաղքենիական սահմանափակումների՝ սա կարելի՛ է, սա՝ չէ՛: Չարենցի դեպքում մարդու բարդ ու բազմաշերտ կերպարն է, ինչով էլ պայմանավորված է նրա գրական հերոսի կերպարի հարստությունը: Այդ գրական հերոսն ինքն է՝ իր մարդկային ճակատագրով:
Նա այն Գերմարդն է, այն Homo Sapiens-ը, որ, հատկապես 1930-ականներին սաստկացած քաղաքական բռնությունների ժամանակ, հակադրվեց արդեն ձեւավորված եւ կերպավորվող մարդու նոր ու վտանգավոր տեսակին՝ Homo Sovetikus-ին. նրա՛ն, ով պետք է ուրանար մոտիկ անցյալը՝ պատմական հայրենիք ու ծննդավայր, եւ մատներ ծնողին, ով պետք է լրտեսեր եւ լուրը տեղ հասցներ ուր որ հարկն է, ով պետք է բազմազեղուն կյանքին հակադրեր կուսակցական սխեմատիզմը եւ հայտարարեր՝ «Նախ՝ կուսակցական, ապա՝ բանաստեղծ» ու համառեր՝ «Թեկուզ երեք փսլնքոտ, բայց մերը»:
Այո՛, Չարենցը, իրոք, Գերմարդ էր հունից սայթաքած իր ժամանակի մեջ, եւ այդ կերպարն ինչպես կյանքում, այնպես էլ գրականության մեջ պահպանելու համար հատուցեց կյանքով, նահատակվեց հանուն մարդկային ու գրական բարձր արժեքների եւ իր լուսավոր ճակատին կրեց նահատակի սուրբ պսակը:
1980-ական թվականներին ԳԱԹ-ում Չարենցի ֆոնդի նյութերն ուսումնասիրելիս 126 համարանիշով հանդիպեցի մի փոքր տոպրակի, որի մեջ Չարենցի ձեռագրերի փշրանքներ էին, ինչպես աճյունափոշի… Զգացական մի պահի ինձ թվաց, թե դա ոչ թե ձեռագիր թղթերի մնացորդ է, այլ իր՝ Չարենցի աճյունն է: Մի ուրիշ աշխարհում հայտնվածի պես երկար նայում էի այդ տոպրակի պարունակությանը: Եվ միտք հղացավ, որ ձեռագրերի այդ աճյունափոշին՝ որպես Չարենցի աճյուն, պետք է պանթեոնում հանձնել հողին, Կոմիտասի կողքին տեղ տալ Եղիշե Չարենցի գերեզմանին: …Եվ մի բուռ հող բերել ու շաղ տալ գերեզմանափոսի մեջ՝ ենթադրվող թաղման տեղից:
Օրենբուրգի գերեզմանից բերած մի բուռ հողով այդպես Երեւանի պանթեոնում իր տեղն ու հիշատակի անկյունն ունեցավ Վահան Տերյանը: Կոմիտաս, Տերյան, Չարենց, նաեւ Արամ Խաչատրյան, Վիլյամ Սարոյան, նաեւ մյուսները… Այդպե՛ս, միմիայն այդպե՛ս՝
Քանզի մեռյալների մոխի՛րն է ամենապինդ կիրը,
Ամենապինդ կիրը եւ առհավատչյան,-
Եվ դրանով է դառնում երկիրը-երկիր
Եվ ժողովուրդը-ժողովուրդ, եւ գալիքը-գալիք անհողդողդ ու անճառ (ԵԺ, IV, էջ 391):
Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր