Բյուզանդական կայսրությունը աշխարհի քարտեզից վերացավ, երբ թուրքերը 1453 թ. մայիսի 29–ին գրավեցին մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը ու այն դարձրին Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլ… Այնուհետեւ կայսրության մյուս հատվածները գրավելը խնդիր չէր, մանավանդ որ մարտում սպանվեց վերջին կայսր Կոստանդին 11-րդ Պալեոլոգոսը, իսկ պապականությունն ու արեւմտաեվրոպական երկրներն էլ Բյուզանդիային մենակ թողեցին թուրքական վայրագության դեմ…
Բյուզանդական կայսրությունը վերացավ, բայց նրա պատմությունն ու մշակույթը շարունակում են ուսումնասիրության նյութ լինել, քանզի ոչ միայն հարուստ ու արժեքավոր ճանաչողական բնույթ ունեն ընդհանրապես, այլեւ սերտորեն կապված են ժամանակի հարեւան երկրների՝ այդ թվում՝ Հայաստանի, պատմությանն ու մշակույթին… Իր ողջ գոյության ընթացքում Բյուզանդիան տարբեր մակարդակի ու կտրվածքի քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային փոխհարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ՝ նվաճելով ու հարստահարելով, շահագործելով, ինչպես նաեւ հաշվի նստել, բարեկամացել՝ նայած հանգամանքների ու պատմական իրադարձությունների։ Իր վերելքի տարիներին Բյուզանդիան վարել է հակահայկական քաղաքականություն, իսկ արաբական հարձակումների ժամանակ սիրաշահել հայերին, փորձել իր կողմը գրավել։ Ինչպես Բյուզանդիան Հայաստանում ունեցել է տեղապահներ, նշանակել իշխան ու թագավոր, այնպես էլ Բյուզանդիայում գահ են բարձրացել հայազգի թագավորներ, ու վերնախավերում ծառայել հայ նախարարական տոհմի ներկայացուցիչներ, մնացյալ հարցերում եւս, ինչպես տնտեսական, մշակութային եւ այլն, եղել են փոխազդեցություններ։ Բյուզանդական նվաճողական քաղաքականության հետեւանքով էր, որ Կոստանդին 9-րդ Մոնոմաքոս կայսեր՝ Անիի գրավումով (1045 թ.) վերացավ Բագրատունիների թագավորությունը: Սակայն երբ հիմնադրվեց Կիլիկիայի հայկական պետությունը (1080-375 թթ.) եւ երկիրը ուժեղացավ, Բյուզանդիան հարկադրված էր ճանաչել նրա ինքնուրույնությունը, եւ երկու տերությունների միջեւ հաստատվեցին քաղաքական, տնտեսական, մշակութային բազմաշերտ կապեր: Սա ընդամենը թռուցիկ ակնարկ է այն հսկայական նյութի, որ պարունակում են հայ-բյուզանդական հարաբերությունները, եւ որոնք բազմակողմանի ու մանրակրկիտ ուսումնասիրման կարիք են զգում՝ ճանաչելու սեփական պատմության ուժեղ ու թույլ կողմերը, քանզի քարտեզի վրայից որեւէ երկրի կամ կայսրության վերանալով՝ չեն վերանում այն բոլոր խնդիրները, որոնք գոյապայքարի ընթացքում հառնում են այս կամ այն ժողովրդի առջեւ։
Հայ պատմաբաններից բյուզանդագիտությամբ հրապուրվել են Նիկողայոս Ադոնցը, Ազատ Բոզոյանը, Նինա Գարսոյանը, Կիմ Մուրադյանը, Կարեն Յուզբաշյանը, Մանե-Էռնա Շիրինյանը, Կարապետ Տեր-Սահակյանը, Սիրարփի Տեր-Ներսեսյանը, իսկ սույն հոդվածի անդրադարձը նվիրված է Հրաչ Բարթիկյանի կյանքին ու գործունեությանը՝ նրա ծննդյան առիթով։ Պատմաբան, բյուզանդագետ, հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Աթենքի ակադեմիայի եւ Հռոմի «Տիբերինա» արվեստի, գրականության եւ գիտության ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտի միջնադարյան պատմության բաժնի վարիչ Հրաչ Միքայելի Բարթիկյանը ծնվել է 1927 թ. հուլիսի 7-ին Աթենքում։ Ավարտելով հունական գիմնազիան՝ 1946 թ. Հրաչը ծնողների հետ հայրենադարձվում է Հայաստան, ուսումը շարունակում Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, այնուհետեւ՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրա՝ Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ։ 1958 թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Պավլիկյան շարժման պատմության ուսումնասիրության աղբյուրները» թեմայով, իսկ 1972 թ. էլ՝ դոկտորական ատենախոսություն՝ «Բյուզանդական էպոսը Դիգենիս Ակրիտասի մասին եւ նրա նշանակությունը հայագիտության համար» թեմայով։ Հեղինակել է ավելի քան 150 գիտական հոդված, 17 գիրք, կատարել արժեքավոր թարգմանություններ։ Գիտնականի աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի եւ Բյուզանդիայի միջնադարյան պատմությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին, հայ եւ բյուզանդական աղբյուրագիտությանը, իսկ թարգմանությունները, ինչպես միջնադարյան հայ՝ գրաբարից աշխարհաբար, այնպես էլ հունարենից հայերեն բյուզանդական հեղինակների երկերից են։
Բարթիկյանի ուսումնասիրությունների առարկան բազմազան ու բազմաբնույթ է. այն ներառում է Պավլիկյանների եւ Թոնդրակյանների շարժումը, հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերությունները 10-12-րդ դարերում, Կիլիկյան Հայաստանի եւ Բյուզանդիայի հարաբերությունները, Բյուզանդիայի կողմից Հայաստանի գրավումը, հայերի գաղթը, Բյուզանդիա տեղափոխված ազնվական ընտանիքների ճակատագրերը, բյուզանդական եւ հայկական հուշարձանների սկզբնաղբյուրների խնդիրներն ու դրանց հեղինակներին։
Բյուզանդագիտության մեջ կարեւոր ներդրում է «Օտար աղբյուրները Հայաստանի եւ հայերի մասին, բյուզանդական աղբյուրներ» մատենաշարով հրատարակված բյուզանդական հեղինակների (Պրոկոպիոս Կեսարացի, Կոնստադին Ծիրանածին, Հովհաննես Սկիլիցես, Թեոփանես Խոստովանող, Թեոփանեսի Շարունակող, Պարթենիոս Աթենացի) երկերի թարգմանությունները՝ ուսումնասիրություններով ու մեկնաբանություններով։ Բարթիկյանը զբաղվել է նաեւ նախախորհրդային շրջանի հայ-հունական հարաբերությունների քննությամբ, ինչը ներկայացրել է «Հունական արխիվային փաստաթղթեր հայ-հունական հարաբերությունների մասին Առաջին Հանրապետության շրջանում (1918-1920)» աշխատության մեջ։ Ուշադրության արժանի է նաեւ Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության» աշխարհաբար թարգմանությունը։ Մի շարք ակադեմիաների անդամ, ակադեմիկոս Հրաչ Միքայելի Բարթիկյանը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, Սալոնիկի համալսարանի «Արիստոտել» մեդալով, դարձել «Պատվո մեդալի» դափնեկիր, արժանացել ՀՀ նախագահի մրցանակի, ինչը վկայում է ոչ միայն նրա աշխատությունների թեմայի, նյութի հանդեպ հետաքրքրության, այլեւ այն ներկայացնելու գիտնականի բարձրարժեք աշխատանքի կարեւորության մասին։ Ընթերցողին մնում է համապատասխան եզրակացություններ անել հայրենիքը պահել-պաշտպանելու սեփական, յուրաքանչյուրիս պարտականության մասին՝ մեր հայրենիքը չարժանացնելու քարտեզի վրայից անհետացած երբեմնի հզոր կայսրության ճակատագրին։